ԱՄՆ-ի հայոց արևելյան թեմ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Ամերիկայի Միացյալ Նահանգների արևելյան հայոց թեմ[1] Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ Հյուսիսային Ամերիկայի տարածքում գտնվող, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին պատկանող երեք թեմերից (ԱՄՆ-ի հայոց արևմտյան և Կանադայի հայոց թեմերի հետ միասին) մեկը, որը ներկայացնում է ԱՄՆ-ի արևելյան նահանգներում բնակվող առաքելական հայության մի մասի հոգևոր կյանքը։ Մյուս մասը ներկայացնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը պատկանող Հյուսիսային Ամերիկայի արևելյան թեմը[2]։

սուրբ Վարդան տաճար, Նյու Յորք

Առաջնորդանիստը՝ Նյու Յորքի Սուրբ Վարդան տաճար։ Թեմի առաջնորդն է Դանիել եպիսպոկոս Ֆնտըքյանը (2018 թվականից)։

Պատմություն խմբագրել

Արևելյան թեմը կազմավորվել է 1927 թվականին, Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցի հայրապետական կոնդակով։ Մինչ այդ ԱՄՆ-ի հայ համայնքը միավորված էր մեկ թեմի մեջ՝ ստեղծված 1898 թվականին, Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Ա Վանեցու կոնդակով։ Կենտրոնն էր Ուսթըր քաղաքը (Մասսաչուսեթս նահանգ), 1923 թվականից՝ Բոստոնը, իսկ 1927 թվականից՝ Նյու Յորքը։

 
Սուրբ Փրկիչ եկեղեցի, Ուսթըր

Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցի կոնդակով (1927) ԱՄՆ-ի արևմտյան նահանգներն ընդգրկվել են նոր՝ արևմտյան թեմի մեջ, իսկ արևելյան, հարավային, հարավարևմտյան և կենտրոնական նահանգները մնացել արևելյան թեմի իրավասության ներքո։ Կենտրոնը մնացել է Նյու Յորքը։ 2001 թվականի դրությամբ ԱՄՆ Արևելյան թեմը ընդգրկում է ԱՄՆ-ի 21 նահանգների 64 եկեղեցական համայնքներ։ Թեմի տարածքում է գտնվում ԱՄՆ-ի առաջին հայկական եկեղեցին՝ Սուրբ Փրկիչը, որը կառուցվել է 1891 թվականին, Ուսթըրում։

1902 թվականին Մկրտիչ Ա Վանեցին հաստատել է ի գործադրություն հայ ժողովրդյան Ամերիկայի սահմանադրությունը, որն այժմ հայտնի է որպես Կանոնադրություն Ամերիկայի (Արևելյան թեմ) Հայաստանյայց եկեղեցու։

1898 թվականից ցայսօր թեմն ունեցել է 11 առաջնորդ։ Առաջինը Հովսեփ արքեպիսկոպոս Սարաճյանն էր, 1939-44 թվականներին՝ Գարեգին արքեպիսկոպոս Հովսեփյանը (հետագայում՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս), 1966-90 թվականներին՝ Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը, 1990-2018 թվականներին՝ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։

Եկեղեցիներ խմբագրել

Թեմի առաջնորդանիստ Մայր տաճարը՝ սուրբ Վարդանը, 1968 թվականին օծել է Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանը։ Թեմին են պատկանում շուրջ 42 եկեղեցիներ՝ Յունիոն Սիթիում՝ Սուրբ Խաչ (1907), Ուոթըրվլիթում՝ Սուրբ Պետրոս (1916), Չելթենհեմում՝ Սուրբ Երրորդություն (1917), Սաութ Միլուոքիում՝ Սուրբ Հարություն (1924), Նյու Բրիթընում՝ Սուրբ Հարություն (1925), Չիկագոյում՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ (1926), Սաութֆիլդում՝ Սուրբ Հովհաննես (1931), Վաշինգտոնում՝ Սուրբ Մարիամ (1963) և այլն։

Կազմակերպություններ խմբագրել

 
Սուրբ Խաչ եկեղեցի, Նյու Յորք

Թեմի հովանու ներքո հիմնվել են մի շարք կրթական հաստատություններ։ Նյու Յորքում 1961 թվականից գործում է Տիրան արքեպիսկոպոս Ներսոյանի նախաձեռնությամբ ստեղծված Սուրբ Ներսես ընծայարանը (ճեմարանը), որը պատրաստում է հոգևոր սպասավորներ (դաստիարակ, ծխատեր քահանա և այլն)։ Ընծայարանն ունի ԱՄՆ-ի արևելյան, արևմտյան և Կանադայի թեմերի կողմից ընտրված խնամակալ մարմին, որի նախագահն է արևելյան թեմի առաջնորդը։

Կրոնական դաստիարակության բաժանմունքը և Հայ դպրոցների կրթական կենտրոնը ստեղծում են դասագրքեր և պատրաստում ուսուցիչներ թեմի դպրոցների համար։ Կրտսերների և պատանիների համար կրոնական դաստիարակության բաժանմունքն ունի ամառային ճամբար (սուրբ Վարդան ճամբար)։

Գրիգոր և Կլարա Զոհրապ տեղեկատվական կենտրոնն ունի արխիվային նյութեր, մամուլի հավաքածուներ, գրքեր, քարտեզներ և այլն։ Կազմակերպում է դասախոսություններ և գիտաժողովներ՝ նվիրված հայոց պատմության և մշակույթի խնդիրներին։ Միջեկեղեցական հարաբերության բաժանմունքի միջոցով կապեր են պահպանվում Առաջնորդարանի և ԱՄՆ-ի կրոնական այլ հարանվանությունների միջև։ Հայ եկեղեցու երիտասարդական կազմակերպությունը մասնաճյուղեր ունի ծխերում, կազմակերպում է տարեկան մարզական մրցախաղեր և համագումարներ։

Տիկնանց միության կենտրոնական խորհուրդը ևս մասնաճյուղեր ունի ծխերում, աշխատանք է կատարում հայ հավատքի պահպանման համար։

ԱՄՆ Արևելյան թեմի Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) 1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո, գործակցելով բարեգործական, հայրենակցական և այլ կազմակերպությունների հետ, զգալի օգնություն է ցուցաբերել աղետյալ բնակչությանը։ Միջոցներ է տրամադրել Ստեփանավան քաղաքի վերականգնման համար, բազմաթիվ ծրագրեր իրականացրել մշակույթի, կրթության, առողջապահության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում, մարդասիր․ օգնություն կազմակերպել նաև Արցախի բնակչությանը։ Հայաստանում և Արցախում գործում են ՀՕՖ-ի մասնաճյուղերը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայաստանի Հանրապետության կառավարություն (2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշում). "Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու կարգը սահմանելու մասին (N 4 հավելված՝ Եկեղեցական այն կառույցների ցանկ, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը (հաստատված օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից, մկրտվածի կամ նրա ծնողի ազգությամբ հայ լինելու մասին նշումով) համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ)". arlis.am.
  2. "Համայնքի մասին". https://usa.mfa.am/. Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպանություն. {{cite web}}: External link in |website= (help)

Գրականություն խմբագրել

  • Ավագյան Ք., Ամերիկայի Միացյալ Նահանգների հայ գաղութի պատմությունը (սկզբնավորումից մինչև 1924 թ), Ե, 2000։
  • The Torch was Passed The Centennial History of the Armenian Church of America, N. Y., 1998
  • Արտեն ավ. քհն. Աշճյան (ԱՄՆ)
  • , Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, «Հայկական Հանրագիտարան հրատարակչություն ՊՈԱԿ», 2002, էջ 40-41 — 1076 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: