Հունաստանի հայոց թեմ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Հունաստանի հայոց թեմ[1], Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ Եվրոպայի տարածքում գտնվող, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին պատկանող թեմերից մեկը, որը ներկայացնում է առաքելական հունահայության մի մասի հոգևոր կյանքը։ Առաքելական հայության մյուս մասի հոգևոր կյանքը ներկայացնում է Հունաստանի թեմը, որը պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությանը։ Ժամանակին կոչվել է Հունահայոց թեմ[2]։ Առաջնորդանիստն Աթենքի սուրբ Աստվածածին եկեղեցին է։

Պատմություն խմբագրել

1923 թվականին Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքությունը Հունաստանի հայոց թեմի առաջնորդ և հայրապետական պատվիրակ է նշանակել՝ Կարապետ արքեպիսկոպոս Մազլեմյանին (1923-51)։

1951 թվականին Մայր Աթոռի կարգադրությամբ Եգիպտոսի թեմի առաջնորդ՝ Մամբրե արքեպիսկոպոս Սիրունյանը (1951-53 թվականներին այցելու թեմական առաջնորդ) նշանակվել է թեմի առաջնորդ։

1956 թվականին Աթենքի հայոց ազգային վարչության հրավերով թեմի առաջնորդական տեղապահի պաշտոնը ստանձնել է Երուսաղեմի Սբ. Հակոբյանց միաբանության անդամ Տ. Իսահակ վրդ. Ղազարյանը։ Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ն 1957 թվականի կոնդակով Տ. Իսահակ վրդ. Ղազարյանին նշանակել է թեմի առաջնորդ և հայրապետական պատվիրակ։ Թեմը մինչև 1958 թվականին ղեկավարվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գերակայությամբ գործող ազգային վարչության և առաջնորդարանի կողմից։

1958 թվականին թեմում եղել է պառակտում և թեմի եկեղեցիներն անցել են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ենթակայության տակ։ Այդուհանդերձ թեմի բնակչության մեկ մասը հավատարիմ մնալով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, մեծ ջանքերի գնով պահպանել է նաև գոյություն ունեցող Էջմիածնական թեմը՝ դիմագրավելով բազմաթիվ դժվարություններ։ 1992 թվականին հունահայոց անթիլիսական թեմը դիմել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ին Սբ. Էջմիածնի ենթակայությանը վերադառնալու խնդրանքով, սակայն շատ արագ անհասկանալի պատճառով դիմումը ետ է կանչվել և այդ խնդիրը մինչ օրս չի լուծվել։ Այժմ Հունաստանում գործում են հայկական 2 առաջնորդարաններ՝ իրենց առաջնորդներով և եկեղեցիներով։

1982-2010 թվականներին թեմի առաջնորդն է եղել Տ. Ոսկան արք. Գալփակյանը։ 2010 թվականից Առաջնորդական տեղապահն է Տ. Խորեն վարդապետ Առաքելյանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայաստանի Հանրապետության կառավարություն (2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշում). «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու կարգը սահմանելու մասին (N 4 հավելված՝ Եկեղեցական այն կառույցների ցանկ, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը (հաստատված օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից, մկրտվածի կամ նրա ծնողի ազգությամբ հայ լինելու մասին նշումով) համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ)». arlis.am.
  2. «Գլխավոր». www.armchurch.gr. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 8-ին.