Կեսարիայի գրչության կենտրոն

Կեսարիայի գրչության կենտրոն, հայերեն ձեռագրերի ստեղծման կենտրոն։

Պատմություն խմբագրել

Պահպանված առաջին ձեռագիրն ընդօրինակվել է 1191 թվականին (Նոր Ջուղայի մատենադարան)։ 1244 թվականին Կեսարիայում թաթարներից գնված մի Ավետարան Խաչենի իշխան Հասանի որդին՝ Գրիգորը, այլ ձեռագրերի հետ նվիրել է Արցախի Խադարի վանքին (Մատենադարան, ձեռ. № 7347)։ Նույն ճանապարհով 1272 թվականին Կեսարիայից բերվել է «Բեգյունց Աւետարանը», որը երկար ժամանակ պահվել է Արցախի Թալիշ գյուղում (Մատենադարան, ձեռ. № 10099)։ Հովհաննես գրիչն Անտիոքում սկսել և 1275 թվականին Կեսարիայում ավարտել է մի Ոսկեփորիկի ընդօրինակություն (Վենետիկի Մխիթարյան մատենադարան)։

Կոստանդին եպիսկոպոս Կեսարացու պատվերով 1299 թվականին գրիչ Վարդանն ընդօրինակել է Գևորգ Սկևռացու մի ձեռագիր և նվիրել Գլաձորի համալսարանի րաբունապետ Եսայի Նչեցուն։

14-րդ և 15-րդ դարերից մեզ են հասել մեկական, 16-րդ դարից՝ 9, 17-18-րդ դարերից՝ բազմաթիվ ձեռագրեր՝ ժողովածուներ, մեկնություններ, քարոզներ, նաև աշխարհիկ գործեր, որոնցից առանձնանում է Հովհան Մամիկոնյանի՝ «Պատմութիւն Տարօնոյ» երկի ընդօրինակությունը (19-րդ դար)։

Կեսարիայի գրչության կենտրոնից պահպանված շուրջ 100 ձեռագրից 18-ը պահվում են Մատենադարանում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։