Փիլարտոս Վարաժնունի
Փիլարտոս Վարաժնունի (հուն․՝ Φιλάρετος Βραχάμιος, 11-րդ դար - 1092 կամ 1086, Մարաշ, Փիլարտոս Վարաժնունու պետություն), հայ իշխան, բյուզանդական զորավար, սեբաստոս, դոմեստիկոս, իր սեփական իշխանապետության միապետ, Վասպուրականում հաստատված Վարաժնունիների նախարարական տոհմից: Հունական աղբյուրները նրան անվանում են Ֆիլարետոս Վրախամիոս, իսկ տոհմը՝ Վահրամյան: Ըստ Նիկողայոս Ադոնցի, նա եղել է Վարդաս Սկլերոսի ապստամբությանը մասնակցած Սահակ-Վահրամ զորավարի սերնդից:
Փիլարտոս Վարաժնունի հունարեն՝ Φιλάρετος Βραχάμιος | |||
| |||
---|---|---|---|
1071 - 1086 | |||
| |||
1068 - 1078 | |||
| |||
1078 - 1086 | |||
Մասնագիտություն՝ | ռազմական գործիչ | ||
Ծննդյան օր | 11-րդ դար | ||
Վախճանի օր | 1092 կամ 1086 | ||
Վախճանի վայր | Մարաշ, Փիլարտոս Վարաժնունու պետություն | ||
Դինաստիա | Վարաժնունիներ | ||
Քաղաքացիություն | ![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Փիլարտոս Վարաժնունին ըստ Մատթեոս Ուռհայեցու վկայության մեծացել է հորեղբոր խնամակալությամբ, Զովրի Կոզեռն վանքում (Եփրատի ափին, Սամոսատից արևմուտք): Ծառայության անցնելով բյուզանդական բանակում՝ հասել է «դոմեստիկոս»-ի տիտղոսի: 1068 թվականին Ռոմանոս IV Դիոգենես կայսեր կողմից նշանակվել է Եփրատի առափնյա շրջանների սահմանապահ զորքերի հրամանատար:
Փիլարտոս Վարաժնունու պետությունԽմբագրել
1070 թվականին Ռոմանոս Դիոգենեսը Խլաթ կատարած արշավանքի ժամանակ Փիլարտոս Վարաժնունուն է վստահել իր բանակի գլխավոր հրամանատարությունը: Ձեռք բերելով մեծ ազդեցություն և հեղինակություն, 1071 թվականին, Ռոմանոսի սելջուկների դեմ Մանազկերտի ճակատամարտում պարտվելուց և գահընկեց արվելուց հետո՝ դուրս է եկել բյուզանդական կենտրոնական իշխանությունների հպատակությունից և աստիճանաբար տիրապետություն հաստատելով Հարավային Կապադովկիայի և Հյուսիսային Ասորիքի նշանավոր քաղաքների վրա (Անտիոք, Մելիտենե, Սամոսատ, Եդեսիա և այլն), հիմնել անկախ հայկական իշխանապետություն՝ Մարաշ կենտրոնով՝ հաջողությամբ լեզու գտնելով սելջուկների հետ: Զինված ուժերը համալրելով հայազգի զինվորներով, Փիլարտոս Վարաժնունին կարողացել է առժամանակ կասեցնել սելջուկ թուրքերի առաջխաղացումը դեպի Միջերկրական ծով: Բյուզանդական կայսրությունը ստիպված ճամաչել է Փիլարտոս Վարաժնունու իշխանապետությունը, նրան շնորհելով «սեբաստոս»-ի տիտղոս: Փոխարենը Փիլարտոս Վարաժնունին ընդունել է քաղկեդոնականություն: 1073 թվականին Փիլարտոս Վարաժնունին փորձել է գրավել նաև Սասունը, բայց Ալելուա դաշտի (Անձիտ գավառ) ճակատամարտում պարտություն է կրել Թոռնիկ իշխանի զորքերից: 1077 թվականին նրան հաջողվել է բյուզանդացիներից նվաճել Ուռհան (Եդեսիա): 1076 թվականին իր իշխանությանը հայկական պետականության տեսք տալու նպատակով Փիլարտոս Վարաժնունին Ջհան գավառի Հոնի քաղաքում կաթողիկոս է ձեռնադրել Պետրոս Ա Գետադարձ կաթողիկոսի քեռորդուն՝ Սարգսին: Անտիոքի դուքս Վասակ Պահլվունու սպանությունից (1078) հետո տիրել է նաև Անտիոքին: Ըստ պատմիչ Միքայել Ասորու, Փիլարտոս Վարաժնունու ձեռքն են անցել Կիլիկիայի գրեթե բոլոր ամուր բերդերը, հավանաբար նաև Տարսոնը, որտեղ մինչև 1080 թվականը իշխում էր Աբլղարիբ Արծրունին: 1083 թվականից Փիլարտոս Վարաժնունու իշխանապետությունն սկսել է թուլանալ, սելջուկյան թուրքերը շուտով զավթել են Ադանան, Տարսոնը, Մսիսը, Անարզաբան, Անտիոքը: Չնայած Փիլարտոս Վարաժնունու իշխանապետության կործանմանը, Կիլիկիայում պահպանվեցին հայկական մանր իշխանությունները, որոնք հիմք դարձան Կիլիկիայի հայկական պետության ստեղծման համար: 1086 թվականին Փիլարտոս Վարաժնունու իշխանապետությունը նվաճվում է սելջուկյան սուլթան Մելիքշահ Ա-ի կողմից:
Ժամանակակից պատմիչները հակասական կարջիքներ են հայտնել Փիլարտոս Վարաժնունու վերաբերյալ: Հակառակ Հովհաննես Սկիլիցեսի և Մատթեոս Ուռհայեցու, բյուզանդական արքայադուստր Աննա Կոմնենան նրան բնութագրում է որպես արիությամբ և խոհեմությամբ աչքի ընկնող անձնավորություն:
Պահպանվել են Փիլարտոս Վարաժնունու արճճե կնիքները:
ԱղբյուրներԽմբագրել
- «Ժամանակագրություն», Անանուն Եդեսացի, Երևան, 1982
- «Ժամանակագրություն», Մատթեոս Ուռհայեցի, Երևան, 1973
- «Համառոտություն պատմությանց», Հովհաննես Սկիլիցես, Երևան, 1979 (Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին 10, Բյուգանդական աղբյուրներ 3), էջ 230, 270
- «Ժամանակագրություն», Միքայել Ասորի, Երուսաղեմ, 1871
- «Алексиада», Աննա Կոմնենա, Մոսկվա, 1965
- «История Киликийского Армянского государства», Գ. Միքայելյան, Երևան, 1952
- «Эрмитажные печати Филарета Врахамия (Варажнуни)», Վ. Շանդրովսկայա, «ԼՀԳ», 1975, թիվ 3․