Կանադայի հայոց թեմ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Կանադայի հայոց թեմ[1] Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ Հյուսիսային Ամերիկայի տարածքում գտնվող, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին պատկանող երեք թեմերից (ԱՄՆ-ի հայոց արևելյան և ԱՄՆ-ի հայոց արևմտյան թեմերի հետ միասին) մեկը, որը ներկայացնում է Կանադայում բնակվող առաքելական հայության մի մասի հոգևոր կյանքը։ Մյուս մասը ներկայացնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը պատկանող Կանադայի թեմը[2]։

սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, Մոնրեալ

Առաջնորդանիստը՝ Մոնրեալի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի։ Թեմի առաջնորդն է Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը (2014 թվականից)։

Պատմություն խմբագրել

Թեմը կազմավորվել է 1984 թվականին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանի կոնդակով։ Թեմի կազմավորումից առաջ Կանադայի հայ համայնքի հոգևոր կարիքները հոգացել է Ամերիկայի Միացյալ Նահանգների հայոց արևելյան թեմի առաջնորդարանը։ Սկզբնական շրջանում կրոնական արարողությունները կատարել են այցելու հովիվները բնակարաններում կամ վարձված տաճարներում։ Առաջին ազգական հոգաբարձությունը կազմակերպվել է 1918 թվականին, Սենտ Քեթրինզում։

Եկեղեցիներ խմբագրել

 
սուրբ Երրորդություն եկեղեցի, Տորոնտո

1930 թվականին կառուցվել է Կանադայի առաջին հայկական եկեղեցին՝ սուրբ Գրիգոր Լուսավորիչը (Սենթ Քեթրինզում)։ Մոնրեալի հայ համայնքի եկեղեցական կյանքը պաշտոնապես կազմակերպվել է 1948 թվականին, երբ ԱՄՆ-ի հայոց արևելյան թեմի առաջնորդ Տիրան եպեսկոպոս Ներսոյանի ներկայությամբ կազմվել է եկեղեցական հանձնախումբ (6 հոգուց բաղկացած)։ Այդ ժամանակաշրջանում եկեղեցական արարողությունները կատարվել են սուրբ Հովհաննես Մկրտիչ անգլիկան եկեղեցում։ 1957 թվականին Կանադայի իշխանությունները ստորագրել են երկրում Հայաստանյայց առաքելական եկեղեցու պաշտոնական ճանաչման դիմումը։ 1967 թվականին ԱՄՆ-ի Արևելյան թեմի առաջնորդ Թորգոմ արքա Մանուկյանի և թեմական խորհրդի որոշմամբ ստեղծվել է Կանադայի Հայ եկեղեցու փոխանորդություն։ Առաջնորդական փոխանորդ է նշանակվել Վաչե եպեսկոպոս Հովսեփյանը։ 1970 թվականին ծխական խորհրդի որոշմամբ գնվել է եկեղեցի, որը նույն թվականին Կոստանդնուպոլսի պատրիարք Շնորհք Գալուստյանը օծել է որպես առաջնորդանիստ՝ սուրբ Գրիգոր Լուսավորիչ անունով։ Առաջնորդարանի ենթակայությամբ գործում են 10 ծուխ, 5 ծխական վիճակներ։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն կից գործում է շաբաթօրյա դպրոց (1957 թվականից), մշակութական միություններ, տարեցների, տիկնանց, երիտասարդական կազմակերպություններ։ 1964 թվականից եկեղեցու նախաձեռնությամբ հրատարակվում է «Բուրաստան» երկամսյա հանդեսը։

Տորոնտոյի հայ համայնքը սկսել է կազմավորվել 1920-ական թվականներ, առաջին եկեղեցական հոգաբարձությունը ստեղծվել է 1948 թվականին։ Կրոնական արարողությունները կատարվել են սուրբ Ստեփանոս, 1930-1953 թվականներին՝ սուրբ Երրորդություն անգլիկան եկեղեցիներում։ 1953 թվականին կատարվել է Տորոնտոյի հայկական առաջին՝ սուրբ Երրորդություն եկեղեցու օծումը։ Եկեղեցուն կից 1956 թվականից գործում է սուրբ Սահակ-սուրբ Մեսրոպ դպրոցը, 1978 թվականից՝ սուրբ Խաչ ամենօրյա ազգական վարժարանը, մշակութային հանձնախմբեր, տիկնանց, երիտասարդական կազմակերպություններ։ 1987 թվականին Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանը օծել է հայկական ճարտարապետական ոճով կառուցված (ճարտարապետ Թագվոր Հակոբյան) սուրբ Երրորդություն եկեղեցին, որին կից գործում են ամենօրյա վարժարան, մշակութային հանձնախմբեր («Կամար», գործում է 1992 թվականից), տիկնանց, երիտասարդական կազմակերպություններ։ 1987 թվականից եկեղեցու վարչությունը հրատարակում է «Նոր սերունդ» պարբերաթերթը։

Առաջնորդարանի ենթակայությամբ են գործում նաև Վանկուվերում՝ սուրբ Վարդան (կառուցվել է 1964 թվականին), Համիլտոնում՝ սուրբ Աստվածածին (1976), Օտտավայում՝ սուրբ Մեսրոպ (1979), Միսիսոգայում՝ սուրբ Վարդան (1990), Լավալի սուրբ Խաչ (1993), Վինձորի սուրբ Հարություն (1995) եկեղեցիները։ Վանկուվերի, Սենթ Քեթրինզի, Համիլտոնի, Լավալի եկեղեցիներն ունեն մշտական հովիվներ։ Մյուս եկեղեցիները, թեև օժտված են ծխական մարմիններով, սակայն ունեն միայն այցելու հովիվ։

21-րդ դարի սկզբից կազմվել են Նոր Շոտլանդիայի, Վիննիպեգի (Մանիտոբա), Քինգստոնի (Օնտարիո), Էդմոնտոնի և Կալգարիի (Ալբերտա), Ելոունայֆի (Հյուսիսարևմտյան տարածքներ) ծխական վիճակները։ Այդ քաղաքներում բնակվող սակավաթիվ հայ ընտանիքների հոգևոր կարիքները հոգում են այցելու հովիվները։

Կանադայի հայոց թեմը ներկայացնում է Հայ եկեղեցին Եկեղեցիների կանադական խորհրդում (խորհրդի փոխնախագահ՝ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայաստանի Հանրապետության կառավարություն (2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշում). «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու կարգը սահմանելու մասին (N 4 հավելված՝ Եկեղեցական այն կառույցների ցանկ, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը (հաստատված օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից, մկրտվածի կամ նրա ծնողի ազգությամբ հայ լինելու մասին նշումով) համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ)». arlis.am.
  2. «Համայնքի մասին». canada.mfa.am. ԿանադայումՀայաստանի Հանրապետության դեսպանություն.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո:  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։