Լիբանանի թեմ

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն

Լիբանանի թեմ[1] կամ Լիբանանի հայոց թեմ, Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ Մերձավոր Արևելքի տարածքում գտնվող, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությանը պատկանող թեմերից մեկը, որը ներկայացնում է առաքելական լիբանանահայության հոգևոր կյանքը։ Առաջնորդանիստը՝ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի Սուրբ Նշան եկեղեցի։ Թեմի առաջնորդն է Շահե արքեպիսկոպոս Փանոսյանը (2013 թվականից՝ ընդհատումով)։

Սուրբ Նշան եկեղեցի, Բեյրութ

Պատմություն խմբագրել

 
Սուրբ Աստվածածին եկեղեցի (Բիքֆայա)

Կազմավորվել է 1929 թվականին՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ենթակայության ներքո։ Մինչ այդ՝ 19-րդ դարի կեսից սկսած Լիբանանի հայ առաքելական եկեղեցիները գործել են Երուսաղեմի հայոց պատրիարքության ենթակայությամբ` որպես «Բեյրութի թեմ»։ Հայոց ցեղասպանությունից, Կիլիկիայի հայերի վտարումից և 1923 թվականի Լոզանի պայմանագրի կնքումից հետո Կիլիկիո կաթողիկոսությունը վերջնականապես զրկվել է իր բոլոր թեմերից՝ ունենալով միայն նորաստեղծ Թուրքայից դուրս գտնվող Հալեպի թեմը։ Երուսաղեմում վերահաստատելով ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Սուրենյանցի գերագահությունը՝ Կիլիկիո կաթողիկոս Սահակ Խապայանը խնդրել է վերաձևակերպել թեմական կառուցվածքը, որից հետո 1929 թվականին կաթողիկոսությանն են անցել Սիրիայի, Լիբանանի և Կիպրոսի հայկական եկեղեցիները։ Հետագայում Սիրիայի տարածքում Հալեպի թեմից զատ ձևավորվել են նաև Ջեզիրեի և Դամասկոսի թեմերը, վերջինս 1956 թվականից վերադարձել է Էջմիածնի ենթակայությանը։

Թեմն իր գործերը վարում է 1860 թվականի ազգային սահմանադրության բարեփոխված տարբերակի հիման վրա։ Համայնքի գավառական ժողովն ընտրվում է ժողովրդի կողմից և լիազորված է ընտրելու համայնքի թեմակալ առաջնորդին և քաղաքական ու կրոնական ժողովների անդամներին։ Քաղաքական ժողովը համայնքի գործադիր մարմինն է և նշանակում է առաջնորդարանի ուսումնական, տնտեսական, դատաստանային, կալվածքների և այլ խորհուրդների անդամներին։ Կրոնական ժողովն զբաղվում է համայնքի հոգևոր ու կրոնական հարցերով։

Լիբանանի համայնքի ներկայացուցիչը թեմական առաջնորդն է, որը նախագահում է գավառային, քաղաքական ու կրոնական ժողովների նիստերը և քաղաքական ժողովի կողմից նշանակված խորհուրդների հետ վարում համայնքի ընթացիկ գործերը։ Շահե աՓանոսյանը 2018-2020 թվականին ընդհատել է թեմական առաջնորդի ծառայությունը և վարել այլ պաշտոններ։

Եկեղեցիներ խմբագրել

 
սուրբ Պողոս եկեղեցի, Անջար

Լիբանանի տարածքում հայ առաքելական հնագույն սուրբ Նշան եկեղեցին կառուցվել է Բեյրութում, 1851 թվականին Երուսաղեմի հայոց պատրիարքության կողմից սուրբ Երկիր գնացող հայազգի ուխտավորների համար։ 1920-ական թվականների սկզբին Լիբանանի հայկական գաղթակայաններում կառուցվել են փայտաշեն ու թիթեղաշեն եկեղեցիներ, որոնցից սուրբ Խաչ եկեղեցին՝ Բեյրութի վրանաքաղաքում։ Հետագայում Բեյրութի հայաբնակ տարբեր թաղամասերում և Լիբանանի նկատելի հայ բնակչություն ունեցող այլ քաղաքներում ու գյուղերում կառուցվել են մի շարք քարաշեն եկեղեցիներ, որոնցից Բեյրութում ցայսօր գործում են սուրբ Հարություն, սուրբ Գևորգ, սուրբ Հակոբ, սուրբ Հովհաննես Կարապետ, սուրբ Սարգիս, սուրբ Աստվածածին, սուրբ Վարդանանց և սուրբ Քառասուն մանկանց եկեղեցիները։

Անջար հայաբնակ գյուղում 1959 թվականին կառուցվել է սուրբ Պողոս եկեղեցին։ Զահլե քաղաքում հայերը սկզբնական շրջանում օգտագործել են հույն ուղղափառ համայնքի սուրբ Նիկոլա եկեղեցին։ 1929 թվականից գործում է սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։ Ջուբեյլ (Բիբլոս) քաղաքում գործում է սուրբ Գայանե եկեղեցին։ Ջունիա քաղաքում 1956 թվականին, Կյուլապի Կյուլպենկյանի բարերարությամբ, կառուցվել է սուրբ Հարություն եկեղեցին։ Տարաբլուս (Տրիպոլի) քաղաքում 1962 թվականին Գալուստ Կյուլպենկյանի նվիրատվությամբ կառուցվել է սուրբ Հոգեգալստյան եկեղեցին։ Անցյալում հայ առաքելական եկեղեցիներ են գործել նաև Սայդա (Սիդոն) և Սուր (Տյուրոս) քաղաքներում (ներկայումս հայեր գրեթե չեն բնակվում)։ Սարբա գյուղում գործում է Սուրբ Հարություն, Բշարաֆ գյուղում՝ Սուրբ Մարիամ եկեղեցիները։

Եկեղեցիներին կից գործում են ամենօրյա և կիրակնօրյա դպրոցներ։

Թեմի առաջնորդներ խմբագրել

 
Սուրբ Հակոբ եկեղեցի, Բեյրութ
  1. Եփրեմ վարդապետ Տոհմունի, Լիբանանի Հայոց թեմի առաջնորդական Տեղապահ (1925-1928)
  2. Եղիշե եպիսկոպոս Կարոյան, Կաթողիկոսական փոխանորդ (1929-1940)
  3. Ներսես վարդապետ Հարությունյան, առաջնորդական տեղապահ (1940-1942)
  4. Արտավազդ արքեպիսկոպոս Սյուրմեյան, Կաթողիկոսական փոխանորդ (1942-1946)
  5. Խադ արքեպիսկոպոս Աջապահյան, Կաթողիկոսական փոխանորդ (1946-1951)
  6. Խորեն եպիսկոպոս Բարոյան, թեմի առաջնորդ (1951-1963)
  7. Տաճատ արքեպիսկոպոս Ուրֆալյան, թեմի առաջնորդ (1963-1978)
  8. Արամ արքեպիսկոպոս Քեշիշյան, թեմի առաջնորդ (1978-1995)
  9. Գեղամ արքեպիսկոպոս Խաչերյան, թեմի առաջնորդ (1995-2013)
  10. Շահե եպիսկոպոս Փանոսյան, թեմի առաջնորդ (2013-2018)
  11. Նարեկ արքեպիսկոպոս Ալեմեզյան, թեմի առաջնորդ (2018-2019)
  12. Շահե եպիսկոպոս Փանոսյան, Կաթողիկոսական փոխանորդ (մարտ 2020 - հուլիս 2020)
  13. Շահե արքեպիսկոպոս Փանոսյան, թեմի առաջնորդ (հուլիս 2020-)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայաստանի Հանրապետության կառավարություն (2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշում). «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու կարգը սահմանելու մասին (N 4 հավելված՝ Եկեղեցական այն կառույցների ցանկ, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը (հաստատված օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից, մկրտվածի կամ նրա ծնողի ազգությամբ հայ լինելու մասին նշումով) համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ)». arlis.am.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: