Կիլիկիայի հայկական հանրապետություն
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կիլիկիա (այլ կիրառումներ)
Կիլիկիայի հայկական հանրապետություն, Ֆրանսիայի պրոտեկտորատի ներքո իրականացվող հայկական պետության նախագիծ Կիլիկիայում, որի նախաձեռնողն էր հանդիսանում հայ քաղաքական, ռազմական և հասարակական գործիչ, գրող, Հնչակյան կուսակցության անդամ Միհրան Տամատյանը։
| ||||
Քարտեզ | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Ադանա | |||
Լեզու | Հայերեն | |||
Ազգություն | Հայեր, թուրքեր, քրդեր, հույներ, արաբներ | |||
Կրոն | Հայ առաքելական եկեղեցի | |||
Տոն | Օգոստոսի 4 | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | ինքնավար հանրապետություն | |||
Պետության գլուխ | վարչապետ | |||
Պատմություն | ||||
- Կիլիկիայի ինքնավար հանրապետության հռչակումը | Օգոստոսի 4, 1920 |
Պատմություն
խմբագրելՖրանսիական կառավարության հետ կնքած համաձայնագրով Հայկական լեգեոնը (Արևելյան լեգեոն) պետք է կռվեր Թուրքիայի դեմ միայն Կիլիկիայում և հաղթական ավարտից հետո կարող էր դառնալ ապագա Կիլիկիայի Ինքնավար Հանրապետության բանակի կորիզը։ Արարայի ճակատամարտում (1918) հայկական լեգեոնը կռվեց հերոսաբար և վճռեց մարտի ելքը հօգուտ Ֆրանսիայի։
Պատերազմում Թուրքիայի պարտությունից և 1918 թվականին Մուդրոսի զինադադարի կնքումից հետո, նոյեմբեր-դեկտեմբերին հայկական լեգեոնը (մոտ 6 հազար մարտիկ) ֆրանսիացիները տեղափոխեցին Կիլիկիա։ Եղեռնից մազապուրծ և տեղահանված հայերը սկսեցին վերադառնալ հայրենիք։ Ֆրանսիայի Գերագույն կոմիսարիատի տվյալներով, 1919 թվականին Կիլիկիայում ապրում էր 120 հազար հայ (Փարիզում Հայ ազգային պատվիրակության տվյալներով 130 հազար), իսկ 1920 թվականին ամբողջ Կիլիկիայում (ներառյալ Մարաշը) ապրում էր արդեն 160 հազար հայ։ Քանի որ հայկական ռազմական ուժերը բավարար չէին Կիլիկիայում ռազմական և վարչական հսկողություն սահմանելու համար, ապա Ֆրանսիան համաձայնեց այնտեղ տեղավորել անգլիական զորք։
1919 թվականի փետրվարի կեսին զինվորական իշխանությունը Կիլիկիայում կենտրոնացվեց անգլիական հրամանատարության ձեռքում։ Նոյեմբերին անգլիական զորքերը փոխարինվեցին ֆրանսիական զորամասերով։ Բայց ֆրանսիական վարչությունը ոչ մի միջոց չէր ձեռնարկում հայերի անվտանգությունն ապահովելու համար։ Տեղերում իշխանության գլուխ մնացել էին թուրքական պետական պաշտոնյաներ, մուսուլմանները զինաթափված չէին։ Օգտվելով ֆրանսիական վարչության անորոշությունից՝ քեմալական զորքերը և տեղացիները սկսեցին հաշվեհարդար տեսնել հայ բնակչության հետ։ 1920 թվականի հունվարի 20-օրյա մարտերի ընթացքում զոհվեցին 11000 մարաշցիներ, մնացած 8000-ը ստիպված էր տեղափոխվել Սիրիա։ Այնուհետև թուրքերը պաշարեցին Հաճընը, որտեղ 30-35 հազար հայ բնակչությունից (1914) փրկվել էր 6000-ը։ 8-ամսյա հերոսական դիմադրությունից հետո Հաճընի հայերը 1920 թվականի հոկտեմբերին պարտվեցին, միայն քաղաքի 380 պաշտպանների հաջողվեց ճեղքել պաշարման օղակը և հեռանալ։ 1920 թվականի ապրիլի 1-ին քեմալական զորքերը պաշարեցին Այնթապը։
1891-1894 թվականներին Սասունի հերոսական ինքնապաշտպանությունը ղեկավարած[1]՝ հասարակական և ռազմական գործիչ Միհրան Տամատյանի (1863-1945) գլխավորությամբ[2]՝ 1920 թվականի օգոստոսի 4-ին Ադանայում ազգային գերագույն խորհուրդը, Տամատյանի նախագահությամբ, Կիլիկիան հռչակում է որպես անկախ հանրապետություն՝ Ֆրանսիայի հովանավորության ներքո։ Սակայն, անգլո-ֆրանսիական հակասությունների սրման պայմաններում դեպի Թուրքիա հակված ֆրանսիական զինվորական իշխանությունները ցրում են Տամատյանի գլխավորած կառավարությունը։