Մահկանաբերդ, բերդ Մեծ Հայքի Գուգարք նահանգի Ձորոփոր (Կայան) գավառում, Աղստև գետի միջին հոսանքի ավագանում, Ոսկեպարի վտակ աջակողմյան օժանդակ Կիրանցի (Քարհան) ձորի Սամսոն գետակի աջ ափին[1], Դեղձուտի վանքի դիմաց, հարավ-արևելյան կողմում, Աճարկուտ գյուղից 10 կմ հարավ-արևմուտք։

Մահկանաբերդ
Բերդախոր
Նկարագրություն
ՏեղագրությունՏավուշի մարզ, Աճարկուտ գյուղից 10 կմ հվ-ամ
ԵրկիրՀայաստան
Կառուցված12-րդ դար
 Mahkanaberd Վիքիպահեստում

Անվան ստուգաբանություն

խմբագրել

«Մահկանաբերդ» անվանումը բանասիրության մեջ ստուգաբանվում է երկու իմաստով

  1. «մահկան+ացու» և «բերդ»
  2. «մական+ա» և «բերդ»

Նկարագրություն

խմբագրել

Անհայտ է Մահկանաբերդի կառուցման ստույգ ժամանաը, նաև ում կողմից կառուցված լինելը։ 12-13-րդ դարերում այն պատկանել է վրաց թագավորությունում բարձր դիրքի և շնորհների արժանացած Արծրունիներին, որոնք իրենց գավառի և բերդի անունով կոչվում էին Մահկանաբերդի Արծրունիներ։ Նրանց տիրապետության տակ տարբեր ժամանակներում եղել են նաև Աղստև գետի միջին հոսքը զբաղեցնող Կայան գավառը, Հաղպատն ու Սանահինը։ Իսկ Մահկանաբերդը գտնվում է այդ տարածաշրջանի կենտրոնում, Քարհանի ձորում, նրա աջայողմյան Սամսոնի վտակի ստեղծած ակնահաճո գոգահովտի գրեթե կենտրոնում, Մթնասարի լեռնաշղթայի արևմտյան հիմքից սկզբնավորվող խիտ անտառապատ, երկու կողմերից խիստ զառիթափ լանջերով ժայռապարի ծայրին, ճիշտ անդունդի եզրին։ Մահկանաբերդը հանդիսացել է նաև դիտակետ, այստեղից տեսանելի է Մթնասարի լեռնաշղթայի լեռնալանջերով և Սամսոնի ձորով ձեռնարկված յուրաքանչյուր շարժում։

Տեղանքի զառիթափության շնորհիվ այստեղ ի սպառ բացառված է եղել հակառակորդի կողմից պարսպակործան մեքենաների կիրառումը։ Բլորովին դյուրին չեն եղել նաև հակառակորդի զորքերի քարագնաց և անձավամուտ ստորաբաժանումների բերդին գեթ հասնելու փորձերը։ Մահկանաբերդի գրավել ձգվող հակառակորդի հիմնական կռվանը մնաել է տևական պաշարումը։

Ճարտարապետություն

խմբագրել

Մահկանաբերդն ունեցել է ոչ ուղղանկյունհատակագծով, սակայն չորս որմնահեցերով միջնաբերդ, նաև դրսի բակ՝ նորից պարիսպներով, զույգ զորանոցներ, ջրամբար և օժանդակ սենյակներ։ Դրանք կառուցված են մանր քարերից, կապակցված կրաշաղախով։ Պարիսպների և մյուս շինությունների վերնամասերն ավերված են երկրաշարժերից, տեղումներից, քամուց և արևից։ Գանձախույցերն էլ իրենց սև գործը կատարել են պայթեցումներով։

Համալիրի առանցքային կետը 1-ին որմնահեցն է, որը մյուս 3 որմնահեցերից չափերով մեծ է գրեթե 3 անգամ։ Դրանից դեպի հյուսիս-արևմուտք և հարավ-արևմուտք 120° անկյան տակ բացվում են «Մական» լեռնաբազկի վերձնակետից ճառագայթվող մեծ ու փոքր սանրանման սրակատար ժայռերը։ Կարճ ճառագայթի մեծ մասը մնացել է միջնաբերդի տակ։ Դժվարին տեղանքի փոքր ինչ հարմար յուրաքանչյուր մակերես արդյունավետ օգտագործելու նպատակով ճարտարապետը երկար ճառագայթի երկու կողմերին ավելացրել է մի քանի օժանդակ շինություններ՝ երկու զորանոցներ, արոնց չափերը 4 մx 12 մ են։ Վանքի խոցելի տեղը ջրաղբյուրի բացակայությունն էր, այդ իսկ պատճառով ճարտարապետը ժայռի արևմտյան լանջին, միջնաբերդի մուտքը մոտ, կառուցել է նաև 2.5 մ x 4 մ չափերով ջրմբար, որի տարողունակությունը գրեթե 25 մ3 է։ Ջրամբարը պահպանվել է 2 մետր խորությամբ և ունեցել է ծածկ։ Ոչ ուղղանկյուն հատակագծով միջնաբերդի հարավարևմտյան 17 մետր երկարությամբ և 6-8 մետր բարձրությամբ պահպանված պարսպապատը միացնում է 2-րդ և կարժ ճառագայթի վրա կառուցված 3-րդ որմնահեցերը։ 1-ին և 2-րդ որմնահեցերը միացնող պատի մեջ, միջնաբերդի հյուսիսային կողմում, գտնվում է 1.45 մետր լայնքով և 1.5 մետր բարձրությամբ միակ մուտքը, որի բարավորը պահելիս են եղել կենի կամ կաղնի չորս հաստ կլորկոճերը, որոնց վրա կախվել է դուռը։ Բերդի տարողությունը մեծացնելու, ավելի շատ խաղաղ բնակիչ ընդունելու նպատակով միջնաբերդի հարավային և արևելյան կողմերը վերածվել են արտաքին բակի, որը միջնաբերդից ցածր է եղել 8-10 մետրով։ Կան ավերված բազմաթիվ սենյակների, կացարանների հետքեր։ Բակը պաշտպանված է անկյուններից ելնող հաճախ ուղղահայաց ժայռերի շարունակությունը կազմող արտաքին պարսպով, որը սկսվում է մեծ որմնահեցի հյուսիսային հիմքից, ուղիղ գծով 35 մետր ձգվում դեպի հարավ-արևելք, ապա սուր անկյան տակ թեքվում րևմուտք և, ուղղությունը մի քանի անգամ ժայռերի կատարով փոխելով, 3-րդ որմնահեցի հիմքին միանում արևելյան կողմից։ Այս որմնահեցի բարձրության միջնամասից սկիզբէ առնում միջնաբերդի հարավային ոչ ուղիղ, մեջտեղում անկյունավոր պարսպապատը, որը միանում է արտաքին բակի մեջ բարձրացող 4-րդ որմնահեցին։ Վերջինս իր հերթին ձգվելով հարավ-արևելքից հյուսիս-արևմուտք ուղղությամբ՝ միանում է 1-ին որմնահեցին։ պարիսպների մեջ շարված են մեծաքանակ գետաքարեր։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2, Երևան, 1988 թվական, էջ 935
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 185