Գյուրջիստանի վիլայեթ
Գյուրջիստանի վիլայեթ, վարչա–տնտեսական միավոր մոնղոլ–թաթարական պետության մեջ։ Ստեղծվել է 1245–ից հետո։ Ընդգրկել է Վրաստանը և Զաքարյանների հայկական իշխանությունը՝ Այրարատ, Արցախ, Սյունիք, Գուգարք նահանգները ու Վանանդ գավառի զգալի մասը։ Գյուրջիստանի վիլայեթը կառավարել են իլխանի կողմից նշանակված նախկին Վրաց թագավորության շառավիղները, որոնք կոչվել են Վալի և նրանց վերահսկողությունը իրականացրել են մոնղոլ ամիրաները։ Այն կազմված էր ռազմա–վարչական տաս միավորից (թումանից), որից հինգը Զաքարյանների հայկական իշխանությանն էր (նրանցից երեքը ղեկավարվում էր Զաքարյան տոհմի կողմից, իսկ մյուս երկուսը՝ Սյունիքը Օրբելյանների և Արցախը Ջալալյանների կողմից)։ Հայկական թումաններում սյուզեներական իրավունքով տիրություն էին անում հիմնականում Զաքարյան տոհմի տարբեր ճյուղավորումները (ժամանակ առ՝ Օրբելյանները կամ Մահկանաբերդի Արծրունիները)։ 1250–ական թթ. Սյունիքն անջատվել է Գյուրջիստանի վիլայեթից և դարձել անմիջապես մոնղոլական մեծ խանին ենթակա թուման, բայց 1256–ին վերստին մտցվել է Գյուրջիստանի վիլայեթի մեջ։ Հայաստանի մյուս գավառները կազմում էին Մեծ Հայքի վիլայեթը։ Հետագայում, օսմանյան Թուրքիայի տիրապետության ժամանակ, Գյուրջիստանի վիլայեթ էր կոչվում նախկին վրացական իշխանություն՝ Սամցխե աթաբեկությունը, որի իշխանները ընդունել էին իսլամ։
Գյուրջիստանի վալիներ /վիլայեթի կառավարիչներ/
խմբագրել- ՈՒլու Դավիթ VII - (1247—1270)
- Դեմետրե II - (1270—1289)
- Վաղթանգ II - (1289—1293)
- Դավիթ VIII - (1293—1298)
- Գեորգի V Պայծառ - (/1299—1302/ - /1318—1346/)
- Վաղթանգ III - (1302—1308)
- Գեորգի VI Կրտսեր - (1308—1318)
- Դավիթ IX - (1346—1360)
- Բագարատ V - (1360—1386) /Լենկ-Թեմուրի կողմից Գյուրջիստանը գրավելուց հետո, 1386թ-ի նոյեմբերի 22-ին գերեվարվել է Սամարկանդ, 1387-ին վերադարձել է Վրաստան և 1389-ին հռչակվել թագավոր՝ գահակալելով մինչև 1393թ./
Գյուրջիստանի վիլայեթում Զաքարյան Հայաստանի իշխանաց-իշխաններ (պարոններ)
խմբագրել- Զաքարե Զաքարյան (կրտսեր) (1250-1261)
- Սմբատ Օրբելյան (1263-1271)
- Սադուն Արծրունի (կրտսեր) (1271-1282)
- Տարսայիճ Օրբելյան (1284-1290)
- Խութլու Բուղա Արծրունի (1290-1293)
- Շահնշահ Զաքարյան (կրտսեր) (1293-1320)
- Զաքարե Զաքարյան (Խոշաքի) (1320-1333)
- Բուրթել Երկարակյաց Օրբելյան (1333-1349) –/ Հուլավյան իլխանության մայրաքաղաքներ Սուլթանիայի և Թավրիզի քաղաքագլուխ-ամիրա, որը իր ձեռքը վերցրեց իշխանաց-իշխանի գործակալությունը/
- Շահնշահ Զաքարյան (1349-1358)
- Զազան Զաքարյան (1358-1386)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 136)։ |