Արղության-Երկայնաբազուկներ

Արղության-Երկայնաբազուկներ, հայ իշխանական տոհմ։ Սերել են Զաքարյաններից։

Պատմություն խմբագրել

Ամիրսպասալար Սարգիս Զաքարյան-Երկայնաբազուկը(մահացել է 1187 թվականին) վրաց Գեորգի III թագավորից ստացել է «Մխարգրձելի» (Երկայնաբազուկ) անունը։ Զաքարյանների ժառանգորդները 13-րդ դարի վերջում, որպես վասալ, մոնղոլների Արդունխանից (1284-1391 թվականին) ստացել են «Արղութ» կամ «Արդուն» անունը, որը չաղաթայերեն նշանակում է «թիկունք», «կռնակ» և համապատասխանում է վրաց․ «Մխարգրձելի» անվանը։ Այսպիսով Զաքարյանների ժառանգորդները կոչվել են Արղության-Երկայնաբազուկներ։

Վրաց Հերակլ 2-րդ թագավորի 1783 թվականի երկլեզվյան (հայերեն, վրացերեն) հրովարտակի մեջ Արղության-Երկայնաբազուկների մասին նշված է․

  ․․․ Արղութեանցն, որք են Երկայնաբազուկք․ զի են ի միջոյ Սօմխէթու, այսինքն Հայաստանու, և Իվերիայու, այսինքն Վրաստանու, ազգ մեծ և երևելիք որպէս վկայեն պատմագիրքն մեր․․․»:  

Արղության-Երկայնաբազուկների ժառանգական սեփականությունն է եղել Լոռիի նախկին թագավորության տարածքը, սակայն 18-րդ դարից նրանց մնացել էր միայն Սանահին գյուղը՝ շրջակայքով։ 1800 թվականին, Պավել I կայսեր հրամանով, Արղության-Երկայնաբազուկների տոհմը ընդունվել է ռուսական ազնվականության շարքը՝ ստանալով սրբազան իշխանական տիտղոս։ Հաստատվել է նրանց հին իշխանական զինանշանը, որը վահան է՝ վրան Արղության-Երկայնաբազուկների ժառանգական սպարապետությունը խորհրդանշող դրոշով և այլ նշաններով։

Արղության-Երկայնաբազուկների տոհմից են սերվել 18-րդ դարի վերջին քառորդի հայ-ռուսական հարաբերությունների և հայ ազատագրական շարժման նշանավոր գործիչ Հովսեփ կաթողիկոս Արղությանը, վերջինիս եղբոր թոռ, ռուսական գեներալ Մովսես Արղության-Երկայնաբազուկը և իշխան Հովսեփ Արղության-Երկայնաբազուկը, իշխան Աբգար Օրբելիի կին՝ իշխանուհի Վարվառա Արղության-Երկայնաբազուկը, Թիֆլիսի քաղաքագուխներ՝ իշխան Նիկողայոս Արղության-Երկայնաբազուկ և Ալեքսանդր Արղության-Երկայնաբազուկը, դիվանագետ՝ իշխան Վարդան Արղության-Երկայնաբազուկը։

Նախահեղափոխական շրջանում Արղության-Երկայնաբազուկները ապրել են Թիֆլիսում, Մոսկվայում, Սանահինում և այլուր։

Արղության-Երկայնաբազուկների տոհմական դամբարանը գտնվում է Սանահինի վանքում, Զաքարյան-Երկայնաբազուկների դամբարանների կողքին։

Զինանշան խմբագրել

 
Արղության-Երկայնաբազուկներ տոհմի զինանշանը (1798-1862)

Ըստ Ռուսական կայսրության «Ընդհանուր զինանշանային համացուցակի», Արղության-Երկայնաբազուկների զինանշանի վահանն ուղղաձիգ է, բաժանված երկու մասի։ Ձախ մասում Արղության-Երկայնաբազուկների նախկին զինանշանն է։ Վերին կարմիր դաշտում պատկերված է ամպերից դուրս եկող սպառազեն ձեռք` թրով։ Ստորին մասում` երկնագույն ֆոնի վրա հետևի թաթերի վրա կանգնած առյուծն աջ թաթով բռնել է ոսկյա գավազան, իսկ ձախով` ոսկե վահան։ Մեծ վահանի ձախ հատվածի ոսկե դաշտում Ռուսական Կասրության երկգլխանի արծվի կեսն է, ի նշանավորումն ռուսական կայսր Պավել Առաջինի կողմից Արղության-Երկայնաբազուկներին տրված իշխանական տիտղոսի։ Արծվի կրծքին Հովհանես Երուսաղեմցու շքանշանն է, որի կենտրոնում կայսեր անվան սկզբնատառն է։ Վահանը ծածկված է մանթիայով և թագով, որը համապատասխանում է իշխանական արժանքներին։

Արղության-Երկայնաբազուկների զինանշանը պատկերված է Սանահինի վանքային համալիրի տարածքում գտնվող Արղության-Երկայնաբազուկների տոհմական դամբարանի մուտքին[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայկ Դեմոյան Հայկական ազգային խորհրդանշաններ, Երևան 2012, էջ 211

Գրականություն խմբագրել

  • Աղանյանց Գ․, Դիվան հայոց պատմության, հ․ 9, Թ․, 1911
  • Լեո, Հովսեփ կաթողիկոս Արղության, Թ․, 1902
  • Меликсет-Беков Л․, Сигель грузинского царя Ираклия II о князьях Аргутинских, «Христианский Восток», 1922, т․ 6․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 87