Ձորագետ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ձորագետ (այլ կիրառումներ)
Ձորագետ, գետ Հայաստանի Լոռու մարզում, Դեբեդի ձախ օժանդակը[1]։
Ձորագետ | |
---|---|
Գետն ու հին կամուրջ Ստեփանավանի նոր կամրջից | |
Բնութագիր | |
Երկարություն | 67 կմ |
Ավազանի մակերես | 1460 կմ² |
Ավազան | Լոռվա սարահարթ |
Ջրի ծախս | 42,9 մ³/վ |
Ջրահոսք | |
Ակունք | Ջավախքի և Բազումի լեռնաշղթաների միացման վայրը |
Գետաբերանի տեղակայում | Դեբեդ |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Արջիձոր, Մեծառու, Տաշիր, Չքնաղ, Լոռիգետ, Պաղգետ, Սևջուր, Գարգառ, Լեջանջուր, Ծառվան, Հովանաձոր, Ուռուտ և Մենձոր |
Երկիր | Հայաստան |
Երկրամաս | Լոռու մարզ |
Երկարությունը 67 կմ է։ Սկիզբ է առնում Ջավախքի լեռնաշղթայի լանջերից։ Լեռնահարթավայրային տիպի գետ է։ Վերին հոսանքում՝ Լոռվա սարահարթում, ունի հարթավայրային բնույթ՝ դանդաղահոս է, ցածրադիր, երբեմն ճահճապատ ափերով և հաճախ առաջացնում է գալարներ։ Միջին հոսանքում՝ Ստեփանավան քաղաքից ներքև, գետը, ընդունելով Տաշիր խոշոր վտակը, մտնում է խոր, մինչև 100-120 մ խորությամբ կիրճերի մեջ։ Գետահովիտը նեղանում է՝ վերածվելով կիրճի, այնուհետև նեղ ու խորը կանիոնի։ Ձորագետի ջրահավաք ավազանի մակերեսը 1460 կմ2 է[2]։
Առավել խոշոր վտակը Տաշիր գետն է, որը սկիզբ է առնում Վիրահայոց լեռնաշղթայի լանջերից, հոսում Լոռվա սարահարթով, թափվելով Ձորագետ՝ գետաբերանից 28 կմ հեռավորության վրա։ Վերին հոսանքում Գարգառ վտակն ընդունելուց հետո հովիտը լայնանում է, Ձորագետը միանում է Փամբակ գետին և սկզբնավորում Դեբեդ գետը։
Գետն ունի արևելք-հարավ-արևելք ուղղություն և մոտիկ է Բազումի լեռնաշղթայի ստորոտին, հետևաբար ավելի երկար վտակները միանում են ձախից, ինչպես օր.՝ Սևաբերդը, Տաշիրը, Ուռուտը, Հովանաձորը, որոնցից առաջին երկուսն ավելի ջրառատ են։ Աջակողմյան վտակներից են Չքնաղը և Գարգառը։
Գետի սնումը խառն է. 53.2%-ը կազմում են ձնաանձրևային, իսկ 46.8%-ը՝ ստորերկրյա ջրերը։ Վերջին ցուցանիշը Դեբեդի ավազանում ամենամեծն է։
Ձորագետի ջրերն օգտագործվում են ոռոգման և էլեկտրաէներգիա ստանալու նպատակներով։ Նրա գետաբերանում 1932 թվականին կառուցվել և գործում է Ձորագետի ջրաէլեկտրակայանը՝ 22,2 հազար կվտ ընդհանուր հզորությամբ, իսկ Ստեփանավան քաղաքի մոտ՝ Ստեփանավանի փոքր ջրէկ-ը։ Ձորագետի վտակ Տաշիրից սկիզբ է առնում Լոռվա ջրանցքը (50 կմ), որը ձգվում է մինչև Դեբեդ գետ և ոռոգում ավելի քան 4000 հա հողատարածություն։
Անվանում
խմբագրելՀին աղբյուրներում հիշատակվում է Տաշրաջուր անունով։ Նախահեղափոխական շրջանի ռուսական քարտեզների վրա նշված է «Կամենկա» անունով[3]։
Պատկերասրահ
խմբագրել-
Ձորագետի կիրճը
-
Ձորագետի կանիոնը
-
11-րդ դարի կամուրջ Ուռուտ վտակի վրա
-
Ձորագետի կիրճ
-
Գետի ստորին հոսանքի բարձրադիր ձախափնյակից, Արևածագ գյուղի մոտ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 76 — 150 էջ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 482 — 992 էջ։
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձորագետ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 711)։ |