Մակարավանք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ագռավավանք (այլ կիրառումներ)
Մակարավանք[2], Ագռավավանք, 13-րդ դարի հայկական վանական համալիր Հայաստանի Տավուշի մարզում, Աչաջուր գյուղից 3 կմ հարավ-արևմուտք, Պայտաթափ լեռան լանջին։ Մակարավանքի համալիրն իր զարդաքանդակների ինքնատիպությամբ, հարստությամբ և բազմազանությամբ դասվում է Աղթամարի, Բղենո-Նորավանքի, Գանձասարի շարքին և կարևոր տեղ գրավում հայ ճարտարապետության մեջ։
Մակարավանք | |
---|---|
Մակարավանք | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | վանք |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Տավուշի մարզ, Աչաջուր |
Տարածաշրջան | Պայտաթափ |
Դավանանք | Հայ Առաքելական եկեղեցի |
Թեմ | Տավուշի թեմ |
Հիմնական ամսաթվերը | 12-րդ դար |
Ներկա վիճակ | կանգուն |
Մասն է | Գյուղատեղի «Աչաջուր» |
Կազմված է | Խաչքար Վարդանի, Խաչքար, Խաչքար, Եկեղեցի, Եկեղեցի, Սուրբ Աստվածածին եկեղեցի (Աչաջուր), Խաչքար, Խաչքար, Խաչքար և Խաչքար |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[1] |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Կառուցման սկիզբ | 7-րդ դար |
Կառուցման ավարտ | 13-րդ դար |
Հիմնադրված | 12-րդ դար |
Makaravank Վիքիպահեստում |
Վանքը երբեմն կոչվել է նաև Ագռավավանք[3]։
Պատմություն
խմբագրելՄիակ պատմական հիշատակությունը այս վանքի մասին հանդիպում է Կիրակոս Գանձակեցու մոտ։ Նա ասում Է, որ Հաթերքի իշխան Վախթանգի կինը՝ Արզու Խաթունը իր դստեր հետ վարագույր է գործել նաև Մակարավանքի համար։
Մակարավանքի հուշարձանախումբը գտնվում է Իջևան քաղաքից 24 կմ հեռավորության վրա, Աչաջուր գյուղից 6 կմ հարավ-արևմուտք, Պայտաթափ լեռան ստորոտում։ Բարձրահայաց իշխող դիրքից դիտողի առջև փռվում են Աղստևի հովիտը, Կուր գետի հովտի լայնատարած տափաստանները, Աղստևի աջափնյա հանդիպակաց լեռնաշղթայի համայնապատկերը։
Պատմական Մահկանաբերդի հոգևոր ու մշակութային կենտրոն Մակարավանքը միջնադարյան ճարտարապետական նշանավոր համալիրներից է, հարդարանքի և հատկապես քանդկազարդերի նրբությամբ ու կատարելությամբ հայ մշակույթի անկրկնելի նմուշներից մեկը։ Այդ նաև ճարտարապետական կառուցվածքների ու բնության ներդաշնակության մի հոյակապ օրինակ է։
Մակարավանքի մասին պահպանվել է մի ավանդություն, որ վանքը կառուցել են Մակար անունով վարպետն ու իր միակ որդին։ Որդին քար էր տաշում, նախշում, իսկ հայրը շարում էր։ Վանքի պատերն աստիճանաբար բարձրանում էին, իսկ Մակար վարպետը՝ կտրվում հողից։ Նա գիշերում էր վանքի կիսավարտ պատերի վրա, քանի դեռ չէր ավարտել շինությունը։ Օրերից մի օր, վարպետ Մակարը նկատում է, որ քարերը իրար չեն բռնում, զարդաքանդակներն էլ նույնը չեն։ Վերևից հարցնում է որդուն, թե ինչ է պատահել։ Պատասխանում են, որ նա հիվանդ է։ Մակարը հասկանում է, որ որդին այլևս չկա։ Վարպետը, սակայն, ըստ ավանդույթի, սուրբ տաճարի շինարարությունը կիսատ չի թողնում։ Կառուցումից հետո արդեն, վանքի գագաթից ցած է նետվում ու մահանում։ Վարպետին թաղում են վանքի պատի տակ և վանքն էլ անվանում Մակարավանք։
Տարիներ առաջ Մակարավանք գնալը դժվար էր։ Իսկ այժմ, Աչաջուր գյուղից նորակառույց ու ասֆալտապատ ճանապարհով կարճ ժամանակում կարելի է հասնել այնտեղ։
Հայկական ՍՍՀ, Գիտությունների ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտը և պետշինի համապատասխան մասնագետները ուսումնասիրել, պեղել և բարեկարգել են հուշարձանախմբի տարածքը։ Հայտնաբերվել և հաշվառման են ենթարկվել շրջակայքում ցրված ու հողի շերտով ծածկված սրբատաշ քարերը, զարդաքանդակները, վիմագիր արձանագրություններն ու խաչքարերը։ Դրանց մեծ մասն արդեն վերջնական հանգրվանել են իրենց նախկին տեղերում։
Աչաջուր գյուղի շրջակայքում Մակարավանքի համալիրից բացի կան նյութական մշակույթի նաև ուրիշ հուշարձաններ։ Հին Աչաջուր և Պիպիս գյուղատեղերում պահպանվել են Սբ. Հովհաննես և Նահատակ եկեղեցիները, օժանդակ կառույցների ավերակները, խոյակները, խաչքարերը և ընդարձակ գերեզմանոցները։ Ուշագրավ է Սբ. Հովհաննես եկեղեցու մոտ գտնվող բուսական և երկրաչափական հոյակապ զարդանախշերով կերտված խաչքարը։
Ավանդություն
խմբագրելԳտնվում է Աչաջուր գյուղի արևմտյան կողմում։ Մակարավանքի մասին պահպանվել է մի ավանդություն, որ վանքը կառուցել են Մակար անունով վարպետն ու իր միակ որդին։ Որդին քար էր տաշում, նախշում, իսկ հայրը շարում էր։ Վանքի պատերն աստիճանաբար բարձրանում էին, իսկ Մակար վարպետը՝ կտրվում հողից։ Նա գիշերում էր վանքի կիսավարտ պատերի վրա, քանի դեռ չէր ավարտել շինությունը։ Օրերից մի օր վարպետ Մակարը նկատում է, որ քարերը իրար չեն բռնում, զարդաքանդակներն էլ նույնը չեն։ Վերևից հարցնում է որդուն, թե ինչ է պատահել։ Պատասխանում են, որ նա հիվանդ է։ Մակարը հասկանում է, որ որդին այլևս չկա։ Վարպետը, սակայն, ըստ ավանդույթի, սուրբ տաճարի շինարարությունը կիսատ չի թողնում։ Կառուցումից հետո նա վանքի գագաթից ցած է նետվում ու մահանում։ Վարպետին թաղում են վանքի պատի տակ և վանքն էլ անվանում Մակարավանք։
Ճարտարապետություն
խմբագրելՄակարավանքը բաղկացած է հին եկեղեցուց, գլխավոր եկեղեցուց, գավթից, Աստվածածին եկեղեցուց, նշխարատնից, մատուռից, աղբյուրից, պարիսպներից, գերեզմանոցից, բնակելի և օժանդակ շինություններից։
Գլխավոր եկեղեցին և գավիթը
խմբագրելԳլխավոր եկեղեցին գմբեթավոր դահլիճների տիպի, 13,5 X 9 մ միջին չափերի շինություն է, արտաքինից երկարավուն, ներսից խաչաձև հատակագծով, 4 անկյուններում տեղադրված կրկնահարկ խորաններով քառանկյուն։ Կառուցվել է բաց վարդագույն և պղնձագույն ֆելզիտի սրբատաշ քարերով և կրաշաղախով։ Հարավային պատի լուսամուտի տակ աչքի է ընկնում մագիլներում ցուլ բռնած արծվի բարձրաքանդակը։ Արևմուտքից հիմնական մուտքը եզերված է նրբահյուս երեսակալով, իսկ վերնամասը ծածկված է գույնզգույն քարերի դրվագազարդով։ Ընդարձակ, լուսավոր ու տպավորիչ է եկեղեցու ներսը, չորս հուժկու հնգանիստ որմնամույթերը միանում են բարձր կամարներով, տանիքի կենտրոնում առաջացնելով քառակուսի բացվածք, որի վրա կառուցված է գմբեթը։ Հայկական միջնադարյան արվեստի գլուխգործոցների թվին են դասվում բեմի ճակատի անկրկնելի քանդակազարդերը, մարդու գլխով առասպելական կենդանիները, գալարվող ձկները, գործիքները ձեռքին մարդու կերպարանքը՝ «Երիտասարդ» մակագրությամբ։ Երիտասարդը հավանաբար այս եկեղեցին քանդակազարդող վարպետ-ճարտարապետի անունն է, քանի որ նրա ձեռքին պատկերված են աշխատանքային գործիքներ։ Գեղաքանդակ մի խաչքարի ծավալուն արձանագրությունից իմացվում է., որ գլխավոր եկեղեցին 1205 թվականին կառուցել է Բազազ իշխանի որդի Վարդանը, Հովհաննես Ա-ի վանահայրության տարիներին։ Մուտքի ճակատակալ քարի արձանագրության մեջ հիշատակված է Մակարավանք անունը։
Գլխավոր եկեղեցին, ըստ նրանից հարավ կանգնեցված խաչքարի արձանագրության, կառուցվել է 1205 թվականին։ Արտաքինից ուղղանկյուն, ներսից խաչաձև, խորանի երկու կողմերում երկհարկ ավանդատներով գմբեթավոր հորինվածք ունի՝ կառուցված վարդագույն անդեզիտի սրբատաշ քարերով (հյուսիսարևմտյան խորշը հետագայում վերակառուցվել է ավանդատան)։ Հարավային և արևելյան ճակատները մշակված են եռանկյունաձև զույգ խորշերով (հյուսիսային պատի խորշերը ծածկվել են ավելի ուշ կառուցված գավթի ծավալով), գմբեթի (ծածկը քանդված է) կլոր թմբուկը զարդարված է զույգ կիսասյուների դեկորատիվ կամարաշարով։ Արևմտյան դուռն ունի ճոխ զարդաձևերով շքամուտք, որի ճակտոնապատը բազմագույն քարերի շախմատաձև շարվածքով է։ Գրեթե նույն ձևավորումն ունի գավթի մեջ բացվող հյուսիսային շքամուտքը։ Եկեղեցու հարավային պատի լուսամուտի տակ՝ ճանկերում հորթ բռնած արծվի բարձրաքանդակ է, որն ուշագրավ է կատարման մեծ վարպետությամբ։ Եկեղեցու լուսավոր և ընդարձակ ներսակողմում խիստ տպավորիչ է ու լուծումով ինքնատիպ խորանի հարդարանքը։ Աբսիդի կիսաշրջանաձև պատը զարդարված է 13 գոգավոր խորշերով՝ միմյանցից բաժանված կամարակապ զույգ որմնասյուներով։ Բեմի ճակատի ողջ մակերեսը ծածկված է միջնադարյան հայ արվեստի գլուխգործոցների թվին դասվող ութանկյուն աստղերի և ութանիստ բազմանկյունիների մեջ ներառված հարթաքանդակներով՝ երիզված հյուսկեն զարդերով կիսագլանաձև լայն շրջանակով։ Ուշագրավ է ութանկյուն աստղերի մշակումը։ Այստեղ հանդիպում են հուշկապարիկների, կենդանական և բուսական չկրկնվող զարդամոտիվներով հյուսկեն քանդակներ, աստվածաշնչյան թեմայով (Հովհանը կետի երախում) հարթաքանդակ և այլն։ Այստեղ առկա է նաև գավթի կառուցող Արարատյան կողմնակալության կողմնակալ-հրամանատար, իշխանաց-իշխան Վաչե Ա Վաչուտյանի զինանշանը՝ զույգ արծիվների պատկերով։ Մակարավանքի ձկան քանդակներն իրենց պլաստիկայով և կատարման ռեալիստական ոճով զուգահեռներ չունեն միջնադարյան հայ արվեստում։ Աստղերից մեկի վրա կերտված է գործիքները ձեռքին եկեղեցու ճարտարապետի (և, անշուշտ, քանդակագործի) դիմաքանդակը և նրա անունը՝ Երիտասարդ։ Մակարավանքի գավիթը 1207 թ-ին կառուցել է իշխանաց-իշխան Վաչե Ա Վաչուտյանը։ Այն արևելքից կից է հնագույն եկեղեցուն, իսկ հարավից՝ գլխավորին, գրեթե քառակուսի հատակագծով, չորս սյուներով կենտրոնակազմ հորինվածք ունի, կառուցված է վարդագույն անդեզիտի սրբատաշ քարերով։ Արևմտյան շքամուտքի վրա կան հուշկապարիկի, առյուծի և ցուլի մենամարտ պատկերող դինամիկ բարձրաքանդակներ։ Առանձնապես հարուստ է գավթի ներսի հարդարանքը։ Գմբեթի հիմքի սալերին կան գավթի շինարար վարպետների անունների սկզբնատառերը։
Գավիթը (1224 թ.) Հյուսիսային կողմից կից է գլխավոր եկեղեցուն։ Երկու եկեղեցիները դռներով հաղորդակցվում են գավթի հետ։ Պատկանում է 4 սյունանի գավիթների տիպին։ Քառակուսի դահլիճ է։ Միակտոր գլանաձև սյուների վրա հենվում է կենտրոնական երդիկավոր ծածկը, որի հիմքի գոտին ու չորս անկյունների առագաստները քանդակազարդ են։ Քանդակազարդ է նաև Արևմտյան ճակատը և շքամուտքը։ Նշխարատունը կից է հին եկեղեցուն, քառակուսի հատակագծով, թաղածածկ, 5,3 X 5 մ չափի շինություն է, արևելյան պատի հյուսիսային մասում բուխարու խորշով։
Հնագույն եկեղեցին
խմբագրելՀին եկեղեցին տեղավորված է սարահարթի հյուսիսարևելյան ծայրին, հուշարձանախմբի արևելյան մասում։ Ներսից խաչաձև է (10,1 X 8,4 մ), իսկ արտաքինից քառանկյուն հատակագծով շինություն է, շարված կարմրավուն, խոշոր քարերով, կրաշաղախով։ Ներսից պատերը սղվաղված են, գմբեթը կառուցված է սրբատաշ բաց աղյուսագույն քարերով։ Մուտքր բացվում է արևմտյան պատից՝ գավթի մեջ։ Գմբեթի թմբուկը գլանաձև է։ Բեմի ճակատը ծածկված է բուսական և երկրաչափական նուրբ քանդակազարդերով։ Եկեղեցու կառուցման ժամանակը՝ դատելով նրա ոճից, կարելի է համարել XI—XII դդ։
Մակարավանքի երկրորդ՝ հնագույն եկեղեցին (XI—XI դարեր) համալիրի հյուսիս-արևելքում է։ Արտաքինից ուղղանկյուն, ներսից շեշտված խաչաձև (բավական խոր թևերով) շինությունը հիմնականում կառուցված է կիսամշակ կարմրավուն տուֆի խոշոր քարերով, իսկ 13-րդ դարում. վերակառուցված ծածկը և գմբեթը՝ նույն տուֆի սրբատաշ քարերով։ Հարդարանքի հիմնական տարրը բեմի ճակատի բուսական և երկրաչափական նուրբ զարդաքանդակներն են, որոնք ներառված են շեղանկյուն շրջանակների մեջ՝ հավանաբար սա նախօրինակ է ծառայել գլխավոր եկեղեցու բեմի զարդաքանդակների համար։
Հին եկեղեցին տեղավորված է սարահարթի հյուսիսարևելյան ծայրին, հուշարձանախմբի արևելյան մասում։ Ներսից խաչաձև է (10,1X 8,4 մ), իսկ արտաքինից քառանկյուն հատակագծով շինություն է, շարված կարմրավուն, խոշոր քարերով, կրաշաղախով։ Ներսից պատերը սղվաղված են, գմբեթը կառուցված է սրբատաշ բաց աղյուսագույն քարերով։ Մուտքը բացվում է արևմտյան պատից՝ գավթի մեջ։ Գմբեթի թմբուկը գլանաձև է։ Բեմի ճակատը ծածկված է բուսական և երկրաչափական նուրբ քանդակազարդերով։ Եկեղեցու կառուցման ժամանակը՝ դատելով նրա ոճից, կարելի է համարել XI—XII դդ։ Գավթի և համալիրի հնագույն եկեղեցու հյուսիսարևելյան անկյունում պահպանվել են ուղղանկյուն հատակագծով, սպիտակավուն քարով շինված նշխարատան (XIII դար) պատերը։
Սուրբ Աստվածածին եկեղեցի
խմբագրելԱստվածածին եկեղեցին 1198 թ. կառուցել է Մակարավանքի առաջին վանահայր Հովհաննես Ա-ն՝ իր ծնողների և եղբայրների հիշատակին։ Այն ներսից խաչաձև, արտաքինից ութանիստ, սրբատաշ քարերով կառուցված շինություն է։ Լուսամուտները պսակված են ճոխ ձևավորված շրջանակներով։ Եկեղեցու պատերին քանդակված են առյուծների, թռչունների և վարդյակների բարձրաքանդակներ։ Դրանցից մեկում պատկերված է արագիլ՝ պարանոցին փաթաթված օձի կոկորդը բռնած, իսկ մյուս բարձրաքանդակում իրար հետ կռվող երկու կենդանի։ Իր հատակագծային և ծավալատարածական ձևերով եկեղեցին յուրօրինակ է, մասամբ հիշեցնում է Անիի Ապուղամերենց եկեղեցուն։
Համալիրի արևելյան մասում կանգուն է վարդագույն և կարմրավուն անդեզիտի սրբատաշ խոշոր քարերով շինված, ներքուստ խաչաձև (եռաբսիդ, արևմուտքում ուղղանկյուն թևով), արտաքուստ ութանիստ (գետնախարիսխը շրջանաձև է) կենտրոնագմբեթ հորինվածքով Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը կառուցել է Մակարավանքի առաջնորդ Հովհաննեսը՝ 1198 թ-ին։ Լուսամուտների պսակներն ու խորշերի հովհարաձև մշակված կիսակոնաձև գագաթներն ընդգրկող գոտու վրա կան թռչունների, առյուծների, վարդյակների, արծվի և վիշապի մենամարտ պատկերող հարթաքանդակներ։ Եկեղեցուն հյուսիսից կից է փոքրիկ, կիսավեր, թաղածածկ մատուռ։
Մատուռ
խմբագրելՓոքրիկ կիսավեր մատուռը գտնվում է Աստվածածին եկեղեցուց հյուսիս, թաղածածկ, փոքր, բազմերանգ քարերով շարված շինություն է, կառուցվել է մյուս հուշարձանների հետ միաժամանակ։
Այլ կառույցներ
խմբագրելԱղբյուրի շենքը պեղումներից հայտնաբերվել է վանքի պարսպից դուրս, մոտ 100 մ հյուսիս-արևելք։ Պատերը արտաքինից և ներսից երեսապատված են սրբատաշ քարերով։ Ջուրը կավե խողովակներով բերվել է Պայտաթափ սարալանջից, որը այժմ էլ հոսում է, բայց գտնվում է կիսավեր վիճակում։ Դարպասը փորված է մի ժայռաբեկորի մեջ՝ 3,5 մ լայնության բացվածքով։ Մինչև հիմա էլ պահպանվել է կամարաձև թաղը, որը հենվում է երկու կողմերում կանգնած ժայռերի վրա։ Ճակատային մասում ունեցել է սրբատաշ քարեր։ Օժանդակ տնտեսական շենքերից պահպանվել և ամբողջական են մնացել հուշարձանախմբի հարավարևմտյան մասում գտնվող երկու մեծ սենյակների 2—3 մ բարձրությամբ պատերը և բուխարու խորշը։ Գլխավոր եկեղեցուց հարավ հիմնապատեր են, որտեղ պահպանվել են Բազազ իշխանի որդի Վարդանի շինարարական արձանագրություն ունեցող խաչքարի երկու բեկորները։ Գերեզմանոցներց հինը գտնում է վանքի հարավարևմտյան կողմում, պարսպից դուրս, ընդարձակ սարալանջին, մյուսը՝ վանքի դարպասից փոքր-ինչ արևմուտք։ Գերեզմանոցներում կան տապանագրեր և մի քանի խաչքար՝ ճոխ զարդաքանդակներով։
Արձանագրություն 1
խմբագրելՈՂ ԹՈՒԻՍ,
ԵՍ` ԹԱՐԵԼՍ ՄԵԾ ՅՈՒՍՈՎ
ՄԻԱՅՆԲԱՆԵՑԱՑ ԱԾԱԾՆԻՍ ԵՒ ԵՏՈՒ
ՅՈՒՍՈՎՆ ԱՅ ԵՍ՝ ՍԵՐՈԲ ԵՒ ԹՈՄԱ ՔԱՀԱՆԱ|Յ|Ք
ԵՒ ԶՄԵՐ ՄՀՈԳՈՅ ԱՐԴԻՒՆՍ ՏՈՒԱՔ Ի
ՍԲ ԱԾԱԾԻՆՍ։ ՀԱՅՐՍ ՅՈՎԱՆՆԷՍ ԵՒ ՄԻԱԲԱՆՔՍ Ե
ՏՈՒՆ ՄԵԶ Գ ԹՈՄԱԻՆ :Բ: ՊԱՏԱՐԱԳ Ի ՏԱՒՆԻ ԱՆՏՈՆԻ։ ՈՐ ԽԱ
ՓԱՆԷ, ՄԵՐ ՄԵՂԱՅՆ ՊԱՐՏԱԿԱՆ Է ԵՒ ԴԱՏԻ ՅԱՅ ԹՎ :ՉԲ
Արձանագրություն 2
խմբագրելԵՍ ԳԱԶԱՆՍ ՄԵԾ ՅՈՒՍՈ
Վ ՄԻԱԲԱՆԵՑԱ ԱԾԱԾՆ
ԻՍ ԵՒ ԵՏՈՒ :Ի: ԴԱՀԵԿԱՆ:
ՀԱՅՐ ՅՈՎԱՆԷՍ ԵՒ ՄԻ
ԱԲԱՆՔՍ ԵՏՈՒՆ ԻՆՁ :Ա: ԺԱՄ Ի ՏԱԻՆԻ ՎԱՐԱԳԱՅ
ՍԲ ԽԱՉԻՆ։ ԿԱՏԱՐԻՉՔՆ
ԱՒՐՀՆԻՆ ՅԱՅ:
Արձանագրություն 3
խմբագրելՅՈՒՍՈՎՆ ԱՅ, ԵՍ՝
ԳԺՈՒՌ Ի ԺԱՄ ՄԱՀ
ՈՒ ԶԻՄ ՀՈԳՈ ԱՐԴԻ
ԻՆՍ ՏՎԻ ԷԿԵՂԷՑ
ԻՍ։ ՅՈՎԱՆԷՍ, ՄԻ
ԱՅԲԱՆՔՍ ԷՏՈՒՆ ՅԱ
ԿՈԲԱՅ ՏԱԻՆԻՆ :Ա:
ԺԱՄ։ ԿԱՏԱՐԻՉՆ ԱՒՐՀ
ՆԻՆ ՅԱՅ:
Արձանագրություն 4
խմբագրելԵՍ ԳԵՐՔ ՀԵԶՀ[ԱՆ Ց]
ՄԻԱՅԲԱՆԵՑԱՑ ԱԾ
ԱԾՆԻՍ ԵՒ ԵՏՈՒ :ԻԿ: ԴԱ
ՀԵԿԱՆ։ ԴԱՒԻԹ ԵՒ ՄԻ
ԱՅԲԱՆՔՍ ԷՏՈՒՆ :Գ: ԺԱՄ
Ի ՏԱՒՆԻ ՍՐԲՈՅՆ ԳԷ
ՈՐԳԱՑ։ ՈՎ ԽԱՓԱՆԷ
ԴԱՏԻ ՏԷ:
Առաջին շարքում նվիրատուի անունը պարզ չի կարդացվում, տողի վերևի մասից մի շերտ պոկվելու հետևանքով։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ «Ֆոտոշարք Մակարավանք». Պատմական Հետք. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 15-ին.
{{cite web}}
: Text "Պատմական Հետք" ignored (օգնություն) - ↑ Ստեփան Մելիք-Բախշյան, Հայոց պաշտամունքային վայրեր, Երևան, «ԵՊՀ հրատարակչություն», 2009 — 5, էջեր 5 — 432 + 10 էջ ներդիր էջ. — 500 հատ։
- ↑ http://serials.flib.sci.am/openreader/vimagrutyun_6/book/index.html#page/182/mode/2up
Գրականություն
խմբագրել- Ի.Բ. Էլլարյան, Աղստևի հովտի պատմության և կուլտուրայի հուշարձաններ, Երևան, «Հայաստան», 1980 — 56-62, էջեր 56-62 — 154 էջ։
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մակարավանք կատեգորիայում։ |