Կեչառիսի վանական համալիր

վանք
(Վերահղված է Կեչառիսից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կեչառիս (այլ կիրառումներ)

Կեչառիսի վանական համալիր, Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդանիստ եկեղեցի Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի հյուսիս-արևմուտքում՝ կառուցված 11-13-րդ դարերում, միջնադարյան Հայաստանի նշանավոր կրոնական ու մշակութային կենտրոն։ Ընդգրկված է Ծաղկաձորի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Կեչառիսի վանական համալիր
Հիմնական տվյալներ
Տեսակմշակութային արժեք և վանք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԾաղկաձոր[1]
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԿոտայքի թեմ
Հիմնական ամսաթվերը11-րդ դար և 13-րդ դար
Կազմված էԵկեղեցի Սբ. Գրիգոր Լուսավորիչ, Եկեղեցի Սբ. Նշան, Եկեղեցի Սբ. Կաթողիկե, Գավիթ Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու, Եկեղեցի, Մատուռ, Մատուռ և Գերեզմանոց
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Հիմնադրված11-րդ դար և 13-րդ դար
Քարտեզ
Քարտեզ
 Kecharis Վիքիպահեստում

Կեչառիսում ապրել և գործել են ժամանակի խոշոր գիտնականներ ու քաղաքական գործիչներ՝ Գրիգոր Մագիստրոսը, Վասակ Խաղբակյանը, բանաստեղծ Խաչատուր Կեչառեցին և ուրիշներ։ Համալիրը գտնվում է Հրազդանի շրջանի Ծաղկաձոր ավանի հյուսիսարևմտյան մասում։

  • Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
  • Սուրբ Նշան եկեղեցի
  • Սուրբ Կաթողիկե եկեղեցի
  • Սուրբ Հարություն եկեղեցի

Պատմություն

խմբագրել

Բաղկացած է չորս եկեղեցիներից, գավթից և երկու մատուռից, որից գլխավորը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, կառուցվել է 1033 թվականին Գրիգոր Մագիստրոսի կողմից, որի մասին վկայում է հարավային մուտքի վերևի արձանագրությունը։

Կեչառիսի վանքում են թաղված նաև սելջուկների դեմ մղված ճակատամարտում զոհված Ապիրատյան Գրիգոր իշխանը (1099), Մեծ իշխան Պռոշը (1284)։

Վանքը դարերի ընթացքում բազմիցս ավերվել ու վերանորոգվել է։ 1223 թվականին Պատրոն Վաչեն նորոգել է Սուրբ Նշան եկեղեցին, 1248 թվականին Խաչենի Խոյախան բերդի տեր Վախթանգի որդի Հասան իշխանը իր կնոջ՝ Բաղաց թագավորի դուստր Մամքանի հետ վերանորոգել է թաթար–մոնղոլների ավերած Կեչառիսի շենքերը։ 1947-1949 թվականներին վանքի տարածքը բարեկարգվել է ու պարսպապատվել, շենքերի տանիքները ծածկվել են քարե սալիկներով։

1998-2001 թվականներին ավստրիահայ բարերար Վլադիմիր Հարությունյանի միջոցներով Կեչառիսի վանքն ամբողջովին վերականգնվել է։

Ճարտարապետություն

խմբագրել
 
Սուրբ Նշան եկեղեցին

Հորինվածքով գմբեթավոր դահլիճ է՝ բեմի երկու կողմերին երկհարկանի ավանդատներով։ 1828 թվականի երկրաշարժից քանդված գմբեթից պահպանվել է թմբուկի մի մասը, որը, սակայն, նախնականը (12-նիստանի, դեկորատիվ կամարաշարով) չէ։

 
Սուրբ Նշան եկեղեցի

Արտաքին հարդարանքը զուսպ է, արևելյան ճակատը մշակված է երկու «հայկական խորշերով», որոնցից լուսամուտներ են բացված դեպի բեմ։ Ողջ հորինվածքում իշխողը եղել է 10,4 մ տրամագծով գմբեթը։ Խորանի երկու կողմերում երկհարկանի ավանդատներ են։ Եկեղեցուն արևմուտքից կից է ուղղանկյուն հատակագծով (14,8 մ X 16,5 մ), չորս սյուներով կենտրոնակազմ գավիթը (XII դարի վերջ), որի կենտրոնական մասը ծածկված է երդիկավոր ութնիստ գմբեթով, անկյունային մասերը՝ քարե հարթ սալերով, իսկ մյուսները՝ թաղով։ Ի տարբերություն ճակատների պարզության, ինտերիերը հարուստ է ձևավորված։

Կաթողիկե եկեղեցին ուղղանկյուն, ներքուստ խաչաձև գմբեթավոր շենք է՝ չորս անկյուններում երկհարկանի ավանդատներով։ Կաթողիկեն իր հարդարանքով Կեչառիսի վանքի եկեղեցիներից ամենաշքեղն է։

 
Սուրբ Նշան եկեղեցի

Հիմնական հուշարձանախմբից արևմուտք, 120 մ հեռու, կանգուն է վանքի չորրորդ՝ Ս. Հարություն փոքրիկ եկեղեցին, որը, ըստ շինարարական արձանագրության, կառուցվել է 1220 թվականին։ Նրա գլանաձև թմբուկով գմբեթը նստած է երկայնական պատերին կից որմնամույթերը բեմի անկյուններին և միմյանց կապող կամարների վրա։ Արևմտյան ճակատին կից գավիթը եկեղեցու հորինվածքի հետ արտաքինից մի ամբողջություն է կազմում։ Կեչառիս վանքի վանահայրերից մի քանիսը թաղված են բարձրագմբեթ այս փոքրիկ ուղղանկյուն եկեղեցում։

 
Վանքի հատակագիծը

Գլխավոր եկեղեցուց հարավ գտնվում է սլացիկ համաչափություններով գմբեթավոր Ս. Նշան ոչ մեծ եկեղեցին, որը գլխավոր եկեղեցուց բաժանվում է մի քանի խաչքարներով։ Այն որոշակի թվագրված չէ, սակայն, ելնելով XI դարի ճարտարապետության բնորոշ ձևերից և այն պատմական տեղեկությունից, որ Գրիգոր Մագիստրոսը Կեչառիսում 1051 թվականին ևս մեկ եկեղեցի է կառուցել, ենթադրվում է, որ վերջինս Ս. Նշանն է։

Երրորդ՝ Կաթողիկե եկեղեցին տեղադրված է համալիրի հարավային մասում՝ Ս. Նշանի կողքին, որը կառուցել է իշխան Վասակ Խաղբակյանը 1203-1214 թվականներին։ Մի խաչքար էլ պահպանվել է վանական համալիրի հարավային մասում գտնվող Կաթողիկե եկեղեցում, որը եկեղեցիներից ամենաշքեղն է։ Փորագիր արձանագրության համաձայն՝ այս եկեղեցին կառուցվել է Վեցիկ ճարտարապետի կողմից՝ Վասակ Խաղբակյան իշխանի հրամանով։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Սուրբ Նշան եկեղեցիների միջև պահպանվել է վանական համալիրի առաջին եկեղեցու հիմնադրի՝ Գրիգոր Մագիստրոսի գերեզմանի ավերակները։

Անսամբլի արտահայտչականությունը ստացվել է կառույցների բազմապիսի ու տարբեր չափերի ծավալների փոխադարձ ներդաշնակ համաչափությունների շնորհիվ։ Այս ամբողջը խմբավորում և կազմավորում է Ս. Գրիգոր եկեղեցին՝ համալիրի դոմինանտը։ Միաժամանակ Կեչառիսի վանքը ողջ կերպարով համահնչուն է բնապատկերին։

Խաչքարեր

խմբագրել

Կեչառիսի տարածքում կան 12-13-րդ դարերի բազմաթիվ խաչքարեր, որոնցից աչքի է ընկնում Վեցիկ ճարտարապետի մահարձան-խաչքարը (XIII դար), որը կանգնեցրել են նրա ճարտարապետ եղբայրները։

Գրչություն

խմբագրել

Կեչառիսը եղել է գրչության կենտրոն։ Պահպանվել և մեզ են հասել այնտեղ գրված և ընդօրինակված հայերեն ձեռագրեր[2]։

Ավանդություն

խմբագրել

Ասում են, թե Պահլավունյաց տոհմի իշխանազն օրիորդներից մեկի ցանկությամբ այս գեղեցիկ ձորահովտում մի մեծ ամրոց է կառուցվում, ամրոցի կողքին էլ մի շքեղ ծաղկանոց։ Օրիորդը պահանջում է, որ հայոց աշխարհի ամենագեղեցիկ ծաղիկներն աճեն իր ծաղկանոցում։ Այդպես էլ արվում է։ Բայց մի գարնան կատաղի քամին ավերում է նրա ծաղկանոցը և ծաղիկները ցրում ձորով մեկ։ Ձորահովիտը լցվում է ծաղիկներով, և ձորն սկսում է կոչվել Ծաղկաձոր։ Իշխանազն օրիորդը պահանջում է հորից, որ նա իր ամրոցի մոտ մի վանք կառուցել տա, որպեսզի վանահայրերը գիշեր ու ցերեկ աղոթեն և ցրված ծաղիկները հետ վերադարձնեն։ Կառուցվում է Կեչառիսի վանքը։ Սակայն Աստված չի լսում վանականների աղոթքը, և բուրավետ ծաղիկները տարածվում են ամբողջ գավառում[3][4]։

Պատկերասրահ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 91
  3. Արամ Ղանալանյան (1969). Ավանդապատում. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ.
  4. Մանուկ Աբեղյան (1899). Հայ ժողովրդական առասպելները Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ. Վաղարշապատ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 382