Սարգիս Զաքարյան

քաղաքական գործիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Զաքարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սարգիս Զաքարյան (Սարգիս Մեծ) (անհայտ - 1187), իշխան, ռազմական և քաղաքական գործիչ։ Զաքարյանների իշխանապետության հիմնադիր։ Դավիթ Շինարարի և Թամար թագուհու ժամանակաշրջանում եղել է վրաց արքունիքի ամիրսպասալար, և հենց վրաց օժանդակությամբ սկսել է զբաղվել Հայաստանի ազատագրության դժվարագույն հարցերով[1]։ Հայրենասիրական մեծ աշխատանք է կատարել ոչ միայն հայերի և Հայաստանի համար, այլև՝ Վրաստանի։ Մինչ նրա՝ վրաց արքունիքում զորքերի գլխավոր հրամանատարի պաշտոնը ստանալը, նա զորավիգ է եղել վրաց Գեորգի Երրորդ արքային, ում դեմ ապստամբություն էր բարձրացվել Օրբելիների տան ներկայացուցիչ Իվանե Օրբելիի գլխավորությամբ։ 1177 թվականին բարձրացված այս ապստամբությունը ճնշվել է վրաց թագավորի կողմից։ Ապստամբ Օրբելիների դեմ հաղթանակից հետո, նրանց տոհմին բնաջնջելուց և խաղաղություն հաստատելուց հետո՝ 1185 թվականին Սարգիս Զաքարյանը նշանակվել է վրաց գլխավոր զորքերի հրամանատար՝ ամիրսպասալար, և սկսել հայ ազտագրական պայքարը։ Սարգիսը հեշտությամբ տիրացել է հայոց հյուսիս-արևելյան տիրույթներին, իսկ գրաված Լոռին դարձրել է Զաքարյանների նստավայր, որն էլ հետագայում ճանաչվել է տոհմի ժառանգական տիրույթ։ Սարգիս Զաքարյանը թաղված է Սանահինի վանքի Զաքարյանների տոհմական դամբարանում։ Նրա գործունեության մասին տեղեկություններ են պահպանվել հիմնականում վրացական աղբյուրներում (հատկապես «Թամարի առաջին պատմիչ» կոչվող երկում)[2]։

Սարգիս Զաքարյան
Թագավոր Հայոց/Շահնշահ
Իշխանություն11601187
Լրիվ անունՍարգիս Զաքարյան Երկայնաբազուկ
ՏիտղոսներՀայոց և Վրաց ամիրսպասալար
Ծնվել է՝անհայտ
Մահացել է՝1187
Թաղվել է՝Սանահինի վանքի տոհմական դամբարան
Սանահինի վանական համալիր
Երկիր Վրաց թագավորություն
ԱզգությունՀայ
ՀաջորդողԶաքարե Բ
ՈւղեկիցՍահակադուխտ Արծրունի
ՏոհմԶաքարյաններ
քաղաքական գործիչ
ՀայրԶաքարիա Զաքարյան
ԵրեխաներԶաքարե Բ, Իվանե Ա, Դոփ, Նանա Զաքարյան

Կենսագրական տվյալներ խմբագրել

Սարգիս Զաքարյանը ծնվել է Զաքարիա Զաքարյանի ընտանիքում։ Նրա հայրը նույնպես եղել է ռազմական և քաղաքական գործիչ։ Սարգիսի հայրը՝ Զաքարիան, 1118 թվականին Լոռին միացրել է Վրաստանին, և, շահելով վրաց արքայի՝ Դավիթ Շինարարի վստահությունը, նշանակվել է վրաց արքունիքի վասալ։ Սարգիս Զաքարյանը ամուսնացել է Մահկանաբերդի և Հաղպատի տեր Վահրամ Արծրունու դստեր՝ Սահակադուխտի հետ։ Ունեցել են երեք երեխա՝ Իվանեն, Զաքարեն և Նանան։ Ժառանգելով հոր փայլուն ռազմական գործիչի կարողությունները՝ Սարգիս Զաքարյանը միանգամից աչքի է ընկել և ճանաչվել որպես լավ ու հմուտ զորավար։ 1177 թվականին Վրաստանում ապրող ապստամբ Օրբելիների վառ ներկայացուցչի՝ Իվանե Օրբելիի գլխավորությումաբ հզոր ապստամբություն բռնկվեց Գեորգի Երրորդ արքայի դեմ։ Ապստամբության պատճառը Գեորգի Երրորդի գահին անօրինաբար տիրանալն էր. Իվանե Օրբելին պնդում էր, որ գահի օրինական իրավահաջորդը իր փեսան է՝ Դեմետեն[[3]: Դեմետրե Ա արքայի մահից հետո՝ 1156 թվականին, գահ է բարձրանում Գեորգի Երրորդը՝ մահացած արքայի եղեբայրը, քանզի թագաժառանգը դեռևս անչափահաս էր։ Գեորգիի հետ համաձայանագիր է կնքվել, ըստ որի նա դառնում է Վրաստանի թագավոր մինչև Դեմնայի չափահաս դառնալը. հետո նա պետք է հրաժարվեր գահից հօգուտ օրինական թագաժառանգի՝ Դեմնայի։ Երբ Դեմետրեն դարձավ չափահաս, հանդես եկավ գահի նկատմամբ հավակնություններով։ Նրա կողքին կանգնեցին հիմնականում հայ իշխանները՝ Օրբելիների առաջնորդությամբ։ Իվանե Օրբելին հայ իշխաններից ամենազադեցիկն էր, որ օժանդակում էր Դեմնային, սակայն նա ուներ իր սեփական շահերը կատարվելիք գործողություններում։ Նա մեծ հույսեր ուներ, որ ապստամբությունը հաղթելուց հետո, հայոց գահի միակ հավակնորդը կլինի ինքը, իսկ վրաց արքան, բնականաբար, կաջակցի իրեն[4]։ Իվանեն նույնիսկ օգնություն խնդրեց Տաշիր-Ձորագետում հաստատված հայազգի Կյուրիկեներից, որոնք նույնպես դեմ էին վրաց Բագրատունի արքաների կենտրոնաձիգ քաղաքականությանը։ Եվ թվում էր՝ ապստամբները շատ մոտ էին հաղթանակին, սակայն ապստամբության վճռական պահին Դեմնայի և ապստամբների՝ Սարգիս Զաքարյանի գլխավորությամբ հայոց հեծելագունդը լքեց դիրքերը և անցավ վրաց թագավոր՝ Գեորգի Երրորդի կողմը։ Վրաց արքան ոչ միայն ճնշեց ապստամբութունը, այլև դաժանորեն պատժեց Օրբելիներին՝ որձակոտոր անելով նրանց տոհմը։ Փրկվել են միայն երկու պատանի, որոնք հաստատվեցին Հայաստանում և շարունակեցին տոհմի գործունեությունը որպես Սյունաց Օրբելյաններ[5]։ Գեորգի Գ արքան առատորեն վարձահատույց է եղել Սարգիս Զաքարյանին։ Նա բարձրացրել է Զաքարյան իշխանի դիրքը վրաց արքունիքում՝ դարձնելով առաջին կարգի ազնվական, ապա նրան է հանձնել Օրբելիների բոլոր տիրույթները՝ Լոռին իր շրջակայքով, սամթավրո և սաթավադո բերդերը։ Սա վրաց պետության կազմում լիակատար ներքին ինքնավարության և բարձրաստիճան ազնվականի կարգավիճակ էր։ Ապա՝ 1185 թվականին, Սարգիս Զաքարյանը նշանակվել է նաև վրաց և հայոց զորքերի ընդհանուր ամիրսպասալար-սպարապետ[6]։

Զաքարյան անվան ծագումնաբանական տեղեկություններ խմբագրել

 
Վրաց Գեորգի արքան, ում Սարգիս Զաքարյանը օգնել է հաղթել գահակալական կռիվներում

XII-XIV դարերի կեսերն ընկած ժամանակահատվածում հյուսիսային Հայաստանի և վրացական թագավորության պատմության մեջ ակնառու և ազդեցիկ դեր ունեցած Զաքարյան իշխանական տոհմի ծագումնաբանության հարցը վաղուց ի վեր հետազատողների ուշադրության կենտրոնում գտնվելով հանդերձ, այսօր էլ տարակարծության առարկա է[7]։ Գիտական շրջանառության մեջ եղած աղբյուրները Զաքարյան տոհմի ծագման երկու հիմնական տարբերակ են առաջարկում։ Նրանցից մեկի համաձայն Զաքարյաններն ունեն հայկական արմատներ, սերում են Արծրունյաց կամ Բագրատունյաց տոհմերից, իսկ ըստ մյուսի՝ օտար ծագում (քրդական ու պարսկական)՝ սերելով համապատասխանաբար քրդական ցեղերից։ Եթե Զաքարյաններին հայկական արմատներ վերագրող աղբյուրներից երկուսը հնագույն են ու վիմագիր և հեղինակված են այդ տոհմի առավել նշանավոր ներկայացուցիչներ Զաքարե ամիրսպասալարի ու նրա եղբայր Իվանե աթաբեկի կողմից, ապա նրանց օտար ծագումը պնդող բոլոր աղբյուրները գրչագիր են, ավելի ուշ շրջանի և պատկանում ժամանակի վրաց հեղինակների գրչին։ Զաքարյանների՝ Արծրունի համարող աղբյուրը 1196 թվականի Անբերդն ազատագրելուց հետո այնտեղ Զաքարեի ու Իվանեի թողած և, թերևս, մեզ վնասված վիճակով հասած արաբատառ արձանագրությունն է։ Որտեղ Զաքարյան եղբայրները հիշատակում են իրենց՝ որպես Արծրունի «Ամիրսպասալար Զաքարիա Ւվանա Արծրունի»[8]։ Զաքարյաններին՝ Բագրատունի հռչակող միակ վկայությունը հաղարծնում Իվանեի թողած արձանագրությունն է՝

  ...Այս գիր մեր յիշատակի է եւ արձան մչտընջենաւոր որդեաց Մեծին Աարգսի, յազգէ Բագրատունեան՝ Իւանէի եւ Զաքարէի, յորժամ նախախնամութիւնն Աստուծո՝յ Էհաս յարարածս և ետ...տիրել սէփական ժառանգութեանն նախնեաց մերոց, ետ ի ձեռս մեր յառաջ զանառիկ դղեակն Անբերդ...
- Իվանե (թիվը հայտնի չէ, ենթադրվում է՝ 1212 թվական[9]:)
 

Որոշ հետազոտողներ՝ Բագրատունիներից Զաքարյանների սերված լինելը ապացուցող վկայություն են դիտել նաև Մեծ Սարգիս Զաքարյանի դստեր՝ Վանենիի (Նանա)՝ Զաքարեի ու Իվանեի քրոջ թողած արձանագրություններից մեկը։ Այն արվել է ի հիշատակ 1192 թվականի իր անժամանակ մահացած կողակից Կյուրիկյան Աբաս II թագավորի՝ Սանահինի կամրջի խաչքարի վրա։ Սկզբնամասում վնասված այս արձանագրությունը մեզ է հասել հետևյալ տեսքով՝

  ...(ա)զգին բագրատունեաց։ Ես՝ Վանենի, դուստր իշխանաց իշխան Աարգսի, որդո Զաքարեի, կին Աբասա թագաւորի... շինեցի զկամուրջս եւ կանգնեցի զխաչս յիշատակ նրա եւ մխիթար ինձ եւ ի կեանս ծնողաց եւ եղբարց իմոց...՝
- Նանա Զաքարյան
 

Սարգիս Զաքարյանի դուստր Նանայից մեզ է հասել նաև Հովհանավանքի գերեզմանոցում կանգնեցրած խաչքարի վիմագիր՝ «...ես Նանայս, դուստր մեծ Աարգսի» արձանագրությունը[10]։

Կան վարկածներ Զաքարյանների քրդական ծագման վերաբերյալ։ Նրանց՝ որպես քրդական ծագման տոհմի ներկայացուցիչներ անվանել են ժամանակի հայտնի պատմիչներ Կիրակոս Գանձակեցին և Վարդան Արևելցին։ Նրանք ստեղծագործել են 1250-1260 ական թվականներին և հատուկ ուշադրությամբ անդրադարձել հայոց պետականությունը պատպանող վրաց Զաքարյաններին։ Զաքարեի ու Իվանեի հերոսական հաղթանակների մասին պատմիչ Կիրակոս Գանձակեցին իր աշխատության հատուկ գլուխում անդրադարձել է, որի սկզբնամասում ներկայացրել է Զաքարյանների տոհմածառն ու հավանական ծագումնաբանությունը՝

  ...էին յԱրևելես երկու եղբարք, որդիք Սարգսի բարեպաշտ իշխանի, որդւոյ Վահրամայ, որդւոյ Զաքարիայ, որ հատուածեալ ի քրդաց, ի Բաբիրական խելէն, անուն առաջնոյն Զաքարէ, և երկրորդին՝ Իւանէ
- Կիրակոս Գանձակեցին Զաքարյանների մասին
 

Նույն կերպ արձանագրել է նաև Վարդան Արևելցին՝ մեկնաբանելով

  Ցաւուրս ժամանակացս այսոցիկ էին փառաւոր իշխանքն Զաքարէ եւ Իւանէ որդիք Սարգսի, որդւոյ Վարհամայ, որդւոյ Զաքար ի յորդւոյ Սարգսի, ի Քուրդ ազդէ՛
- Վարդան Արևելցին Զաքարյանների
 

Ռազմական գործունեություն խմբագրել

 
Վրաց Դավիթ Շինարար արքան, ով մեծ դեր է ունեցել հայերի ազատագրության հարցում

Սարգիս Զաքարյանը, լինելով քաջ և հմուտ դիվանագետ, կարողանում է ամրապնդել իր դիրքերը վրաց արքունիքում[11]։ Պակաս կարևոր հանգամանք չէր այն, որ հզորացող վրաց պետությունը, պայքար մղելով սելջուկյան իշխանությունների դեմ, հայկական զինուժի աջակցության կարիքն ուներ, իսկ հայոց բանակն այդ պատերազմներում առաջնորդում էր հենց Սարգիս Զաքարյանը։ Բագրատունյաց թագավորության անկումից հետո Միջնադարյան Հայաստանի հինավուրց մայրաքաղաք Անին ընկել էր սելջուկ-թուրքերի սուլթանական պետության տիրապետության տակ։ Անիի հայ բնակչությունը յուրաքանչյուր հարմար առիթ օգտագործել է, իրենց քաղաքը ազատագրելու, սակայն մինչև 1199 թվականը, այդ ազատագրական մղումները անարդյունք են եղել։ Սելջուկյան պետության մասնատման հետևանքով Հայաստանում սելջուկ-թուրքական իշխանություններ են հաստատվել։ 1064 թվականին գրավված Անին հանձնվել է Շադդադյաններին, իսկ Խլաթը՝ Շահ Արմեններին։ Վրաստանի հզորացումը մեծ հույսեր է ներշնչել Էմիրությունների լծի տակ տառապող հայ ժողովրդին։ 1124 թվականին Անիի հայ բնակչությունը սկսել է իր ապստամբությունը՝ խնդրելով վրաց արքային օգնել իրենց՝ քաղաքը վրաց թագավորին հանձնելու նախապայմանով։ Քաղաքը ազատագրվել է, սակայն 1126 թվականին քաղաքում առաջացած լուրջ սովի պատճառով այն նորից հետ է հանձնվել սելջուկ Շադդադյաններին։ Վրաստանում Զաքարյանների հեղինակության բարձրացումը արթնացրել է Անիի ազատագրման հայերի բոլոր պատկերացումները։

 
Վրաց թագավորությունը Դավիթ Շինարար թագավորի օրոք (1089-1125)

Անին հայերի համար եղել է ստրատեգիական կարևոր նշանակության քաղաք։ Անիի ազատագրմամբ զբաղված էր ոչ միայն քաղաքի բնակչությունը, այլև Վրաստանում հաստատված Զաքարյանները։ Անիի ազատագրության համար Վրացական բանակը, որի կազմում էր նաև հայկական հեծելազորը, հայտնվել է Անիի պարիսպների տակ և գրավել այն։ Հայկական հեծելազորի հրամանատարը Սարգիս Զաքարյանն էր։ Վրաց արքան Իվանե Օրբելիին նշանակել է Անիի կառավարիչ։ Անիից հետո Սարգիս Զաքարյանը հայոց բանակով մասնակցել է նաև Դվինի գրավմանը[12]։ Սարգիս Զաքարյանի և նրա որդիների՝ Զաքարե ու Իվանե հեղինակությունը վրաց արքունիքում շատ է բարձրացել, 1177-78 թվականների Իվան Օրբելու բարձրացրած ապստամբության շնորհիվ. Սարգիսը իր հեծելազորի հետ միասին անցել է Գեորգի Երրորդի կողմը և օգնել նրան ճնշել հաջողությամբ պսակվող թվացող այդ ապստամբությունը։ Վրաց արքան խռովության մասնակից իշխանների հողերի զգալի մասը հատկացրել է Զաքարյաններին։ Այս իրադարձություններից հետո Զաքարյանները դարձել են ժամանակի ամենահզոր հայկական իշխանական տոհմը։ Թամար թագուհու (1184-1212) կառավարման ժամանակաշրջանում վրաց արքունիքում բարձր պաշտոններ զբաղեցնող վրացի ազնվականներն ստիպված էին իրենց դիրքերը զիջել հայերին[13]:Դավիթ Շինարարը Վրաստանի գահին բազմելուն պես իր գահակալության առաջին տարիերին սելջուկներից հալածված հայկական ֆեոդալական և զինվորական տարրերը, ինչպես վկայում է Մատթեոս Ուռհայեցին, անցել են Վրաստան և մտել վրացական բանակի շարքերը։ Սելջուկներից հոգնած հայ բնակչությունը իրենց ապաստանը գտել է Վրաստանում, որոնց հանդեպ Դավիթ Շինարարը ցուցաբերել է բարյացակամ վերաբերմունք։ Վրաստանում հայերի թիվը զգալիորեն աճել է, որն էլ օժանդակել է Վրաստաում հայկական ջոկատների ստեղծմանը։ Հայ փորձառու հրամանատարները սկսել են ղեկավարել այդ ջոկատները։ Այդ հրամանատարներից էր հայկական աղբյուրներում հիշատակվող Սարգիս Զաքարյանը։ Գեորգի Երրորդը, իր ուժերը համալրելով հայկական ջոկատներով, անցել է սելջուկների դեմ հակահարձակման։ Նրա բանակը, որը կարելի է անվանել նաև հայ-վրացական, 1161 թվականին երկրորդ անգամ ազատարգել է Անին և Շիրակի գավառը, իսկ հաջորդ տարում՝ 1162 թվականի աշնանը արշավել Արարատյան դաշտ և վերցրել Դվինը։ Նորից է սկսվել պայքարը Անիի և Դվինի համար, սակայն Գեորգի Երրորդը 1165 թվականին ստիպված է եղել Անին և Շիրակը ետ վերադարձնել Շադդադյաններին՝ առաջիկայում արշավելու նպատակով։ 1170 ական թվականների առաջին կեսից հայ-վրացական զորքերը վերսկսել են իրենց հարձակումները և 1174 թվականին երրորդ անգամ ազատագրել Շիրակն ու Անին[14]։ Անիի երրորդ ազատագրումից հետո՝ 1177-78 թվականներին, Վրաստանում գահակալական կռիվների արդյունքում Անիի կառավարիչ Իվանե Օրբելին սրի է քաշվել և կառավարչի պաշտոնը անցել է Սարգիս Զաքարյանին, վերջինս վրաց արքա Գեորգի Երրորդից ստացավ Շիրակը որպես կալվածք։ Սելջուկների դեմ պայքարում մեծ դեր են ունեցել Զաքարյան տոհմի ներկայացուցիչները[15]։ Հայկական այդ ֆեոդալական տան առաջացման մասին կան տարբեր երնթադրություններ։ Վերջին ուսումնասիրություններից պարզվում է, որ Զաքարյանները դեռևս 11-րդ դարից հաստատված են եղել Գուգարքում և ազգակցական կապեր են ունեցել Լոռու Բագրատունիների հետ։ Վրացական արքունիքում, այս ամենը ևս հաշվի առնելով, Զաքարյաններին բարձր պաշտոններ էին տալիս։ Սարգիս Զաքարյանը, որը երբեմն անվանվել է «Մեծ», բացի Անիի կառավարիչ լինելուց, եղել է նաև Վրաստանի ամիրսպասալար՝ զորքերի գլխավոր հրամանատար։ Թամար թագուհու օրոք այդ պաշտոնը տրվում է Սարգիսի որդուն՝ Զաքարեին, իսկ նրա մյուս որդին՝ Իվանեն, ստանում է աթաբեկի՝ խնամակալի պաշտոնը[16]։ Զաքարեն 1199 թվականին չորրորդ անգամ արշավում է Անի, և վերջանականպես ազատագրում Հայաստանի համար ստրատեգիական կարևորություն ունեցող այդ քաղաքը[17]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Cyril Toumanoff. Armenia and Georgia // The Cambridge Medieval History. — Cambridge, 1966. — vol. IV: The Byzantine Empire, part I chapter XIV. — p. 593—637 "Later, in the twelfth and thirteenth centuries, the Armenian house of the Zachariads (Mkhargrdzeli) ruled in northern Armenia at Ani, Lor'i, Kars, and Dvin under the Georgian aegis."
  2. Փոքրիկ կենսագրական տվյալներ Սարգիս Զաքարյանի մասին(չաշխատող հղում)
  3. «Ի՞նչ կապ կար Իվանե Օրբելիի և Դեմետրեի միջև». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14-ին.
  4. Օրբելիների բարձրացրած ապստամբությունը վրաց Գեորգի Երրորդ արքային դեմ
  5. Գեորգի Երրորդ արքայի՝ Օրբելիներին պատժելուց հետո տոհմի երկու փրկված անձինք
  6. Սարգիս Զաքարյանը՝ որպես վրաց արքունիքի ամիրսպասալար
  7. «Զաքարյան իշխանատոհմի անվան ծագումնաբանություն» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 15-ին.
  8. «Զաքարե և Իվանե եղբայրների թողած արձանագրությունները՝ Զաքարյանների՝ Արծրունյաց տոհմից սերելու մասին» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 15-ին.
  9. «Իվանե Զաքարյանի թողած արձանագրությունները՝ Զաքարյանների՝ Բագրատունյաց տոհմից սերելու մասին» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 15-ին.
  10. «Նանա Զաքարյանի թողած որոշ արձանագրություններ՝ Զաքարյանների՝ Բագրատունյած տոհմից սերելու մասին» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 15-ին.
  11. «Սարգիս Զաքարյանի ռազմական կարողությունները». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 4-ին.
  12. Սարգիս Զաքարյանի ռազմական պայքարը Անիում և Դվինում
  13. Զաքարյանների հեղինակության բարձրացումը Վրաստանի արքունիքում
  14. Անիի և Շիրակի գավառի երրորդ ազատագրումը
  15. Զաքարյանների նշանակությունը վրացական արքունիքում
  16. Սարգիս Զաքարյանի զորքերի գլխավոր հրամանատար նշանակվելը
  17. Անիի վերջնական ազատագրումը