1rightarrow blue.svgԱյս հոդվածը ամրոցի մասին մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Ամբերդ (այլ կիրառումներ)։

Ամբերդ, Ամպիր, Անբերդ, Համբերդ, Հանբերդ, Ղըզղալա[2], միջնադարյան նախկին բերդաքաղաք և ամրոց։ Կառուցվել է 11-13-րդ դարերում, Արագած լեռան հարավային լանջին՝ Բյուրական գյուղից 7 կմ հյուսիս: Տեղադրված է եռանկյունաձև հրվանդանին, ծովի մակերևույթից 2300 մետր բարձրության վրա՝ Արքաշեն և Ամբերդ գետերի միացման տեղում:

Coa Illustration Elements Building Castle.svg
Ամբերդ
DSCF2563-2.jpg
Տեսակամրոց, ավերակներ և մշակութային արժեք
ՏեղագրությունՀայաստան Արագած լեռան լանջին, Հայաստան
Հասցե10 կմ հս-ամ[1]
Վարչական միավորԱրագածոտնի մարզ և Բյուրական[1]
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան[1]
Կազմված է մասերիցԱմրոց, Վահրամաշեն եկեղեցի, Պալատ, Մատուռ, Բաղնիք, Գերեզմանոց, Ջրամատակարարման համակարգ և Պարիսպ
ԿառուցողԿամսարականներ
ՊատվիրողԿամսարականներ
Օգտագործվան մեջՈրպես վայր՝ քարե դարից
Որպես ամրոց՝ 11-13-րդ դդ.
Ընթացիկ վիճակԲերդապարիսպների, բաղնիքի և եկեղեցու մեծամասնությունը ձեռք չեն տված
Amberd Վիքիպահեստում

Գտնվել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արագածոտն գավառում, իսկ ներկա վարչական բաժանման համաձայն՝ Արագածոտնի մարզում՝ մայրաքաղաք Երևանից 55 կիլոմետր դեպի հյուսիս:

ԱնվանումԽմբագրել

Ամբերդ անունը ծագել է աղավաղման հետևանքով, նախնական անունը եղել է Անբերդ[3]։ Ամբերդ անունը բացատրվում է որպես ամպի բարձրության բերդ, կից-բերդ: Հանդիպում է նաև Անբերդ տարբերակը՝ անառիկ, անմատչելի բերդ: Կոչվել է նաև Հանբերդ, Համբերդ, Ղըզղալա անուններով:

ՊատմությունԽմբագրել

Ամբերդում ամրոց է եղել դեռևս վաղնջական ժամանակներից: Ամբերդի տարածքում կան կիկլոպյան շինությունների մնացորդներ, իսկ մոտակայքում՝ վիշապաձկների քարակոթողներ: Բրոնզի դարում կառուցվել է ուրարտական բերդաքաղաք, հավանաբար տեղանքի բնական ամրության պատճառով։ Որպես բերդ-ամրոց այն հատկապես հայտնի էր հելլենիստական ժամանակաշրջանում և Քրիստոսի ծնունդից հետո, երբ այն կառուցվել է` հետագայում ընդարձակվելով և պարբերաբար վերանորոգվելով[4]։

Դղյակը և պարսպի որոշ հատվածներ կառուցվել են Կամսարական իշխանների կողմից, հավանաբար 7-րդ դարում: Դա կապվում է ինչ-որ եկեղեցուց պեղումների ժամանակ գտնված ճարտարապետական դետալի հետ, որի թվագրման հետ կապված խնդիրներ կան։ Դժվարամատրելի տեղերում ամրոցներ սկսեցին կառուցել 10-րդ դարից, երբ փոփոխվում էր երկրի պաշտպանական համակարգը։ Ինչ վերաբերում է Ամբերդին, ապա ներկայիս ամրությունը 11-13-րդ դարի կառույց է:

 
Ամրոցի ընդհանուր տեսք

Ամբերդ ամրոցն 8-րդ դարում անցել է Բագրատունիներին՝ հետագայում դառնալով Բագրատունիների թագավորության կարևորագույն ռազմական պատվարներից մեկը: 10-րդ դարում Բագրատունի արքաներն այն հանձնել են հայոց զորքերի սպարապետներ Պահլավունի իշխաններին: Դրա մասին վկայում է Անիի վարդապետ Գրիգոր Մագիստրոս Պահլավունու մոտ 1050 թվականին գրված նամակը, որում նշվում է, որ 10-րդ դարի սկզբին բերդը և մերձակա շինությունները պատկանում էին հզոր Պահլավունի իշխաններին։ 1045 թվականին Անիի Բագրատունիների թագավորության կործանումից երկու տարի անց՝ 1047 թվականին, բյուզանդական զորքերը գրավեցին Ամբերդը: 11-րդ դարի 70-ական թվականներին Ամբերդը գրավեցին սելջուկ-թուրքերը և այն դարձրեցին զորակայան:

1196 թվականին Զաքարե և Իվանե Զաքարյանները, ջախջախելով Գանձակի ամիրայության ռազմական ուժերը, ազատագրում են Ամբերդը և այն հանձնում իրենց զորավարներից մեկին՝ Վաչե Վաչուտյանին, որն այն դարձնում է իր իշխանանիստը: Զաքարյանները Ամբերդի՝ սելջուկներից ազատագրելու կապակցությամբ մի խաչքար են կանգնեցրել, իսկ ամրոցում թողել արաբերեն արձանագրություն։ Վաչե Վաչուտյանն ու նրա կին Մամախաթունը մեծ գործունեություն ծավալեցին ի նպաստ ամրոցի մերձակայքում գտնվող Տեղերի վանքի, Սաղմոսավանքի և Հովհանավանքի։

1236 թվականին Ամբերդը գրավվել և ավերվել է մոնղոլների կողմից: 13-րդ դարի վերջին Վաչուտյանները վերակառուցել են ամրոցը: Ամբերդը վերջնականապես կործանվել է Լենկթեմուրի արշավանքների ժամանակ՝ 14-րդ դարի վերջին և այլևս չի վերականգնվել:

ՃարտարապետությունԽմբագրել

 
Վահրամաշեն եկեղեցի

Հուշարձանը բաղկացած է իշխանական եռահարկ դղյակից, բերդապարիսպներից, բաղնիքից, փոքր մատուռից, եկեղեցուց, գետնուղիներից: Ամրոցի անառիկ դիրքը էլ ավելի է ամրացվել պարիսպներով և բուրգերով: Հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված մեծ քանակությամբ գորգի կտորները վկայում են, որ դղյակի պատերը ծածկված են եղել գորգով:

Բերդապարիսպների բուրգերը կառուցվել են տեղանքի առանձնահատկություններից ելնելով, որոնք ճանապարհների նկատմամբ մուտքերի հաշվենկատ դիրքավորման հետ ստեղծել են պաշտպանական անառիկ մի համակարգ։ 13-րդ դարի վերջին Վաչուտյանները դղյակի հյուսիս-արևմտյան մասում ավելացրել են մի նոր մուտք և թշնամու առաջխաղացումը արգելակելու նպատակով Արխաշանի դարպասից հյուսիս կառուցել պարիսպ, որը կտրում անցնում է բերդն ամբողջ լայնությամբ։

Եռահարկ դղյակը տեղադրվել է բերդաքաղաքի հյուսիս-արևմտյան, ամենաբարձր և միակ մատչելի մասում և ընդգրկել մոտ 1500 քառ. մ. մակերես։ 12-13-րդ դարերում հյուսիսային կողմը լրացուցիչ ամրացվել է կիսաբոլոր բուրգերով հագեցված հզոր պարսպով։ Բերդամեջ նայող դղյակի հարավային ճակատի վրա պահպանվել են վերին հարկերի լուսամուտների բացվածքները։ Ապահովության համար ստորին հարկը լուսամուտներ չի ունեցել, այլ փոքրիկ մի մուտք, որը փակվել է սողնակավոր քարե դռնով։ Դղյակի հարկերը միմյանցից բաժանվել են գերանների վրա գամած տախտակներով։ Յուրաքանչյուր հարկ ունեցել է հատակագծում սեղանաձև սենյակ։

Այստեղ գործել են արհեստագործական կենտրոններ, որոնց նպատակը հայկական բանակի սպառազինության և հանդերձավորման ապահովումն է եղել: Ամբերդի պեղումների արդյունքում հայտնաբերվել են նաև մետաղյա իրեր, զենքեր, զարդեր, խեցեղեն, ապակի, դրամներ և այլն, որոնք խիստ արժեքավոր են միջնադարյան Հայաստանի տնտեսական, ռազմական և մշակութային կյանքի հարցերի ուսումնասիրման համար։

Ամբերդի բաղնիք
Արտաքին տեսք
Ներքին հարդարանք

Պարսպի մոտ, բերդաքաղաքի կենտրոնական ցածրադիր մասում է գտնվում 1026 թվականին իշխան, սպարապետ Վահրամ Պահլավունու հովանավորությամբ և Մարմաշենին շատ նման նախագծով կառուցված Վահրամաշեն եկեղեցին: Այն դրսից՝ ուղղանկյուն, ներսից՝ խաչաձև հատակագծով կենտրոնագմբեթ կառուցվածք է։ Առաջին եկեղեցիներից է, որոնք խաչ-թևերի չորս անկյուններում ունեն կրկնահարկ ավանդատներ։ Հովհարաձև վեղարով ավարտվող, 12 նիստանի թմբուկը հենվում է ավանդատների անկյուններից բարձրացող կամարներին։ Ծածկի ծանրությունը թեթևացնելու նպատակով տանիքի տարբեր մասերում, լիցքի մեջ տեղադրվել են կավե թրծված կարասներ։ Եկեղեցու արտաքին մասի ճարտարապետական լուծումը զուսպ է, համաչափությունները՝ ներդաշնակ։ Արևելյան ճակատի վրա կան ուղղաձիգ զույգ խորշեր, մյուս ճակատները հարթ են։ Սյունափնջերով զարդարված կամարակապ մուտքը բացվում է հարավային ճակատից: Եկեղեցին ունի մի քանի արձանագրություններ, որոնցից մեկը՝ կառուցման վերաբերյալ արձանագրությունը արված է եկեղեցու ներսի հյուսիսային պատի վրա։

Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում Ամբերդի լավ պահպանված բաղնիքը՝ իր օժանդակ հարմարություններով, ջրամբարներով և կաթսայատնով: Այն թաղածածկ քարե շենք է՝ փոքրիկ հանդերձարանով, համեմատաբար ընդարձակ լողասրահով, արևմտյան ծայրի կրկնահարկ բաժանմունքներով, որոնցում տեղակայված են եղել ջուր տաքացնելու կաթսան ու ջրամբարը։ Բաղնիքը կառուցվել է 10-11-րդ դարերում սրբատաշ քարերով և ընդհատակյա ջեռուցման համակարգով: Գտնվում է իշխանական դղյակի դարպասի մոտ: Բաղնիքն ունի ուղղանկյուն հատակագիծ` հաջորդաբար տեղավորված հանդերձարանով, լողասրահով և ջեռուցման համակարգով: Սենյակներից մեկի պատին նշմարվում են որմնանկարչության հետքեր: Ուշագրավ է այն, որ Ամբերդում լավ է պահպանվել նաև դղյակի ջրահեռացման համակարգը:

Սառը ջուրը 4-5 կմ հեռավորությունից բաղնիք է բերվել կավե խողովակներով, իսկ տաք ջուրը լողասրահ` երկաթե խողովակներով։ Հնոցի ծուխը, անցնելով հատակի տակով, դուրս է եկել պատերի ծխնելույզներով` տաքացնելով լողասրահի հատակն ու պատերը։ Դղյակում և բերդամիջում պահպանվել են ջրամբարներ։ Բերդաքաղաքի հարավ-արևմտյան կողմից բացվել է սալածածկ գաղտնուղի (գետնուղի)՝ պաշարման ժամանակ ջուր վերցնելու համար։ Բաղնիքի մոտ պահպանվել են փոքրիկ մատուռի ավերակներ։

Բաղնիքի ներսի խողովակները մետաղյա են: Ամբերդի առաջին պեղումները կատարել է ՀԽՍՀ Պատմության և գրականության ինստիտուտի և Լենինգրադի պետական Էրմիտաժի միացյալ ուժերով, ականավոր արևելագետ, հնագետ, ակադեմիկոս Հովսեփ Օրբելու ղեկավարությամբ 1936 թվականին: 1963 թվականից պեղումները շարունակել է ՀԽՍՀ ԳԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը:

Դղյակի հարավային մասում է գտնվում լավ պահպանված մատուռը: Փոքրիկ այս շինությունը գտնվում է բաղնիքից մոտ 10 մետր հեռավորության վրա: Մատուռը կառուցվել է 10-րդ դարում:

ԳրականությունԽմբագրել

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://tools.wmflabs.org/heritage/api/api.php?action=search&format=json&srcountry=am&srlang=hy&srid=2.28/5 — 2017.
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 213 — 992 էջ։
  3. Ս. Վ. Հարությունյան, Անբերդ, Երևան, «Հայկական ՍՍՀ ԳԱ», 1978 — 11-12, էջեր 11-12 — 109 էջ։
  4. Ամբերդ 1: Ամբերդի պատմությունը. Հղում

Արտաքին հղումներԽմբագրել

  ՀՀ պատմության և մշակույթի
անշարժ հուշարձան , օբյեկտ № 2.28/5