Տեղեր
- Այս հոդվածը գյուղի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Տեղեր (այլ կիրառումներ)։
Տեղեր, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում[2]։
Գյուղ | |||
---|---|---|---|
Տեղեր | |||
Տեղերի վանական համալիր | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Արագածոտնի մարզ | ||
Համայնք | Արագածոտնի մարզ և Հայկական մարզ | ||
Հիմնադրված է | 1831 թ. | ||
Այլ անվանումներ | Դգիր, Դըղըր, Դըղր,Դըղրի, Դիղիր, Դղեր,Դղըր, Դղըրի, Դղիր,Տեխեր | ||
ԲԾՄ | 1700 մ | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | 57[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Փոստային ինդեքս | 378437 | ||
Փոստային դասիչ | 02106029 | ||
|
Անվանում
խմբագրելՀայտնի է նաև Դգիր, Դըղըր, Դըղր, Դըղրի, Դիղիր, Դղեր, Դղըր, Դղըրի, Դղիր, Տեխեր անուններով[3]։
Աշխարհագրություն
խմբագրելՏեղեր գյուղը գտնվում է Արագած լեռան հարավային բարձրադիր լանջին՝ Տեղեր գետի աջ ափին, ծովի մակարդակից 1700 մ բարձրության վրա։ Մարզկենտրոն Աշտարակ քաղաքից հեռու է 19 կմ դեպի հյուսիս-արևմուտք։
Պատմություն
խմբագրելՏեղեր գյուղից հյուսիս, Պահլավունիների Ամբերդ ամրոցում 10-րդ դարում մշտապես կայազոր է պահվել։ Զինվորների ընտանիքները, Ամբերդի շրջակայքի խիստ կլիմայի պատճառով, բնակատեղի փնտրելու նպատակով իջել են հարավ։ Տեղեր գյուղի տարածքը համարելով հարմար, ասել են. «Լավ տեղեր են»։ Այդտեղից էլ բնակավայրը կոչվել է Տեղեր։ Մեկ այլ ավանդազրույցի համաձայն Տեղեր գյուղի անունը կապվում է իր շրջակայքում աճող դեղաբույսերի հետ։ Այդ պատճառով գյուղը անվանել են Դեղեր-Դղր։ Գյուղի տարածքում առկա են Սուրբ Վրթանես սրբավայրի ավերակները, որի հարավարևմտյան պատի քարերից մեկի վրա հայերեն արձանագրությունը թվագրված է 7-րդ դար։ Հետևաբար, մինչ 7-րդ դարը արդեն Տեղերը հայկական գյուղ է եղել։ Ամբերդը նվաճվել է թուրք սելջուկների, ազատագրվել Զաքարյանների, հետո կրկին նվաճվել մոնղոլների, թուրքերի կողմից, ինչի հետևանքով Տեղերը մի քանի անգամ լքվել ու վերաբնակեցվել է։ Ինչ-որ ժամանակ գյուղը բնակեցվել է նաև քրդերով։ Այդ մասին են վկայում գյուղի արևմտյան մասում քրդական գերեզմանոցը, գյուղի հարավարևմտյան մասում գոմերի և տեղանքների քրդերեն անվանումները (Բկո գեղ)։ Գյուղը հայերով վերաբնակեցվել է 1828-1829 թթ. Ռուս-թուրքական պատերազմից հետո 1830-1831 թթ. Արևմտյան Հայաստանից գաղթածներով։20-րդ դարի սկզբին գյուղում բնակվում էր 42 հայ ընտանիք։ 1962 թ. Խորհրդային բռնատիրության կամայական որոշմամբ տեղերցիները տեղահանվել են և բնակեցվել Պռոշյան ավանում։ 1989 թ. Տեղեր գյուղը կրկին վերաբնակեցվել է։
Պատմամշակութային հուշարձաններ
խմբագրելՏեղերի վանք
խմբագրելԳյուղի կենտրոնական բարձրադիր վայրում է գտնվում Տեղերի վանքը։ Կառուցել է Արարատյան կողմնակալության կողմնակալ իշխանաց-իշխան Վաչե Ա Վաչուտյանի կինը՝ Մամախաթունը, իսկ ճարտարապետը եղել է Աղբայրիկ վարդպետը։ Բաղկացած է Սուրբ Աստվածածին եկեղեցուց, գավթից և պաշտպանական աշտարակավոր պարսպից։ Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1213 թվականին մուգ մոխրագույն բազալտից։ Գավթի շինարարությունը տևել է 11 տարի և ավարտվել 1232 թվականին։ Վանական համալիրը շրջապատված է բարձր աշտարակավոր պարիսպներով։ Ընդգրկված է Տեղերի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում[4]։ Վանքի տարածքում պահպանվել են խաչքարերի բեկորներ, որոնք ավելի հին են, քան եկեղեցին[5]։
Բնակչություն
խմբագրելՏեղերի ազգաբնակչության փոփոխությունը[6].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1922 | 1926 | 1931 | 1939 | 1959 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 35 | 364 | 459 | 506 | 408 | 367 | 655 | 554 | 90 | 57[1] |
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, մեղվաբուծությամբ և երկրագործությամբ։
Գրականություն
խմբագրելՏիգրան Պետրոսյանց, Վաչուտյաններ։ Երևան, 2001 թ.։
Տիգրան Պետրոսյանց, Վաչուտյաններ, Ե., 2023:
Աղբյուրներ
խմբագրել- ↑ 1,0 1,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Աշտարակ համայնքի մասին տեղեկություններ Արագածոտնի մարզպետարանի կայքում, (արխիվացված 26․03․2023 թվականին)։
- ↑ Ս.Հ. Հարությունյան (2003). Հայաստանի Հանրապետության Վարչատարածքային բաժանումը (01.01.2003). Երևան: «Տիգրան Մեծ» հրատարակչություն. ISBN 9994100009.
- ↑ Տեղերի վանական համալիրի մասին տեղեկություններ hushardzan.am կայքում, (արխիվացված 25․03․2023 թվականին)։
- ↑ Սամվել, Կարապետյան (2013, 10, էջ 1-31). «Տեղերի Վանքը». Վարձք.
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 14-ին.