1946-1980-ական թվականների հայկական կինո

1946-1980-ական թվականների կինոն։ Հետպատերազմյան առաջին տարիներին հայկական կինոյում առաջընթաց չի նկատվել։

1945-1959 թվականներ խմբագրել

1945-1954 թվականներին Երևանի կինոստուդիայում նկարահանվել են 3 գեղարվեստական ֆիլմեր՝ «Անահիտ» (1947), «Արարատյան դաշտի աղջիկը» (1949, երկուսն էլ՝ ռեժիսոր՝ Հ. Բեկնազարյան), «Լեռնային լճի գաղտնիքը» (1954, ռեժիսոր.՝ Ա. Ռոու)։ 1950-ական թվական հայկական կինոյի պրոֆեսիոնալիզմի վերականգնման և գեղարվեստական որոնումների սկզբնավորման ժամանակաշրջանն է։ Կինոյի փորձված վարպետների շարքը համալրել են երիտասարդ սերնդի ներկայացուցիչները՝ Արտաշես Հայ-Արտյան, Ստեփան Կևորկով, Էրազմ Քարամյան, Լևոն Իսահակյան, Լաերտ Վաղարշյան, Գրիգոր Մելիք-Ավագյան, Յուրի Երզնկյան, ավելի ուշ՝ Հենրիկ Մալյան, Արման Մանարյան, Ֆրունզե Դովլաթյան, Արկադի Հայրապետյան, Հենրիկ Մարգարյան և ուրիշներ։ Այդ շրջանում են ստեղծվել «Ոսկե ցլիկ» (1955, ռեժիսոր՝ Մոկո Հակոբյան), «Պատվի համար» (1956, ռեժիսոր՝ Ա. Հայ-Արտյան), «Անձամբ ճանաչում եմ» (1957, ռեժիսոր՝ Ս. Կևորկով), «01-99» (1959, ռեժ.՝ Ա. Մարտիրոսյան) և այլ կինոնկարներ։ Արդի կյանքի կարևորագույն առանձնահատկություններն առավել արտահայտված են դրամայի և երաժշտական մելոդրամայի ժանրերի ֆիլմերում՝ «Սիրտն է երգում» (1956, ռեժիսորներ՝ Գ. Մելիք-Ավագյան, Յ. Երզնկյան), «Մոր սիրտը» (1958, ռեժ.՝ Գ. Մելիք-Ավագյան), «Առաջին սիրո երգը» (1958, ռեժիսորներ՝ Յ. Երզնկյան, Լ. Վաղարշյան)։ 1960-ական թվականներին կինոն նոր արտահայտչամիջոցներով է արտացոլել ազգային խառնվածքի և ինքնագիտակցության ժամանակակից մակարդակը։

1960-ական թվականներ խմբագրել

 
Նռան գույնը

«Նվագախմբի տղաները» (1960, ռեժիսորներ՝ Հ. Մալյան, Հ. Մարգարյան), «Տժվժիկ» (1961, ռեժիսոր՝ Ա. Մանարյան), «Տերտերին ուխտը» (1966, ռեժիսոր՝ Հ. Մարգարյան) և այլ ֆիլմերում ստեղծվել են մի շարք տպավորիչ կերպարներ, ավանդական ժանրերը հարստացվել են նոր գեղարվեստական արտահայտչամիջոցներով։ Այդ շրջանում վերահաստատվել և ամրապնդվել է հայկական կինոյի և թատրոնի կապը։ Կինոյում շարունակել են նկարահանվել թատրոնի անվանի դերասաններ Հրաչյա Ներսիսյանը, Ավետ Ավետիսյանը, Վաղարշ Վաղարշյանը, Գուրգեն Ջանիբեկյանը, Դավիթ Մալյանը, աստիճանաբար կինոյի առանձնահատկությունները յուրացրել են Մետաքսյա Սիմոնյանը, Մհեր Մկրտչյանը, Խորեն Աբրահամյանը, Արմեն Ջիգարխանյանը, Սոս Սարգսյանը, Վարդուհի Վարդերեսյանը և ուրիշներ։ Այդ տարիներին են ստեղծագործել կինոօպերատորներ Գարուշ Բեկնազարյանը, Սարգիս Գևորգյանը, Դմիտրի Ֆելդմանը, Իվան Դիլդարյանը, Ժիրայր Վարդանյանը, Արտաշես Ջալալյանը, նկարիչներ Սերգեյ Արուտչյանը, Սուրեն Սաֆարյանը, Ստեփան Անդրանիկյանը, կինոերաժշտություն են գրել Արտեմի Այվազյանը, Առնո Բաբաջանյանը, Էդգար Հովհաննիսյանը, Էդվարդ Միրզոյանը, Ալեքսանդր Հարությունյանը և ուրիշներ։ Հայկական կինոյի նոր փուլն սկզբնավորվել է Ֆ. Դովլաթյանի «Բարև, ես եմ» (1965) ֆիլմով, որտեղ ռեժիսորը հետևել է համաշխարհային առաջադեմ կինոարվեստի ոճաբանական ուղղություններին։ Այնուհետև էկրան են բարձրացել «Եռանկյունի» (1967), «Մենք ենք, մեր սարերը» (1969, երկուսն էլ՝ ռեժիսոր՝ Հ. Մալյան), «Սարոյան եղբայրներ» (1968, ռեժիսորներ՝ Խորեն Աբրահամյան, Արկադի Հայրապետյան), «Նռան գույնը» (1969, ռեժիսոր՝ Սերգեյ Փարաջանով) կինոնկարները, որոնք արժանացել են միության և միջագգային կինոփառատոների մրցույթների և ներկայացնում են հայկական կինոյի «նոր ալիքը»։ «Նոր ալիքի» ձևավորմանը նպաստել են դրամատուրգներ Առնոլդ Աղաբաբովի, Աղասի Այվազյանի, Հրանտ Մաթևոսյանի, Մանուկ Մնացականյանի, օպերատորներ Սերգեյ Իսրայելյանի, Ալբերտ Յավուրյանի, կոմպոզիտորներ Մարտին Վարդազարյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Տիգրան Մանսուրյանի և ուրիշների ստեղծագործությունները։

1970-ական թվականներ խմբագրել

1970-ական թվականներին սկսվել է հայկական կինոյի կայունության շրջանը, ընդլայնվել է կինոարտադրությունը։ Կինոռեժիսորներն անդրադարձել են և՝ ժամանակակից թեմաներին («Այստեղ, այս խաչմերուկում», 1974, ռեժիսոր՝ Կարեն Գևորգյան, «Սպիտակ ափեր», 1975, ռեժիսոր՝ Արման Մանարյան), և՝ ազգային դասական երկերին («Ժայռ»՝ ըստ Վրթանես Փափագյանի, 1973, ռեժիսոր՝ Վարդան Աճեմյան, Ա. Հայրապետյան, «Քաոս»՝ ըստ Շիրվանզադեի, 1975, ռեժիսոր՝ Լ. Վաղարշյան, և այլն)։ Այդ շրջանի հաջողված կատակերգություններից են «Տղամարդիկ» (1972, ռեժիսոր՝ Էդմոնդ Քեոսայան), «Հարսնացու հյուսիսից» (1975, ռեժիսոր՝ Ներսես Հովհաննիսյան) և այլն։ Հայկական կինոյում առավել ուշագրավ են «Երկունք» (ռեժիսոր՝ Ֆ. Դովլաթյան) և «Նահապետ» (ռեժիսոր՝ Հ. Մալյան, երկուսն էլ՝ 1977) կինոնկարները, առաջինն անդրադարձել է 1920-ական թվականներին հայկական նորաստեղծ հանրապետության կայացմանը, իսկ երկրորդը՝ հայոց Մեծ եղեռնին։

1980-ական թվականներ խմբագրել

Սոցիալ-բարոյական խնդիրներ են շոշափում «Կյանքի լավագույն կեսը» (1979), «Հին օրերի երգը» (1982) և «Մեր մանկության տանգոն» (1984, երեքն էլ՝ ռեժիսոր՝ Ալբերտ Մկրտչյան) ֆիլմերը, որտեղ ձևավորվել են նոր կինոհնչերանգներ և հերոսներ։ 1970-1980-ական թվականներին ազգային վառ ինքնատիպությամբ օժտված, ճշմարտացի կերպարներ են ստեղծել Խորեն Աբրահամյանը, Արման Կոթիկյանը, Մհեր Մկրտչյանը, Սոս Սարգսյանը, Շահում Ղազարյանը, Գուժ Մանուկյանը, Գալյա Նովենցը, Ազատ Գասպարյանը, Ազատ Շերենցը և ուրիշներ։ Հայ կինոյի հասունության շրջանը 1980-ական թվականներն են, երբ ստեղծված էին բոլոր գեղարվեստական միջոցները՝ լուծելու բարդ և համապարփակ խնդիրներ. «Կտոր մը երկինք» (ըստ Վահան Թոթովենցի, 1980, ռեժիսոր՝ Հ. Մալյան), «Երջանկության մեխանիկա» (1982, ռեժիսոր՝ Ն. Հովհաննիսյան), «Խնձորի այգին» (ըստ Ստեփան Զորյանի, 1985, ռեժիսոր՝ Գ. Մելիք-Ավագյան), «Մենավոր ընկուզենի» (ըստ Վարդգես Պետրոսյանի, 1986, ռեժիսոր՝ Ֆ. Դովլաթյան), «Գաղտնի խորհրդականը» (1987, ռեժիսոր՝ Աղասի Այվազյան), «Շնչառություն» (1988, ռեժիսոր՝ Ա. Մկրտչյան), «Դեմքով դեպի պատը» (ըստ Հովհաննես Մելքոնյանի, 1989, ռեժիսոր՝ Միքայել Դովլաթյան), «Քամին ունայնության» (1989, ռեժիսոր՝ Հարություն Խաչատրյան) և այլն։

Հայկական հայտնի ֆիլմեր խմբագրել

Ստեղծման տարեթիվ Ֆիլմի անվանում Ռեժիսոր Դերակատարներ
1947 Անահիտ Ամասիյ Մարտիրոսյան Հրաչյա Ներսիսյան, Ավետ Ավետիսյան, Մետաքսյա Սիմոնյան, Ֆրունզե Դովլաթյան
1949 Արարատյան դաշտի աղջիկը Ստեփան Կևորկով, Էրազմ Քարամյան Ավետ Ավետիսյան, Ստեփան Կևորկով, Թադևոս Սարյան, Մետաքսյա Սիմոնյան
1955 Ոսկե ցլիկ Մոկո Հակոբյան Գուրգեն Գաբրիելյան, Արմեն Խոստիկյան, Վաղինակ Մարգունի
1956 Պատվի համար Արտաշես Հայ-Արտյան Հրաչյա Ներսիսյան, Ավետ Ավետիսյան, Վարդուհի Վարդերեսյան, Կարպ Խաչվանքյան
1959 01-99 Ամասի Մարտիրոսյան Մհեր Մկրտչյան, Մուրադ Կոստանյան, Արման Կոթիկյան, Մայիս Կարագյոզյան
1957 Մոր սիրտը Գ. Մելիք-Ավագյան Վարդուհի Վարդերեսյան, Ցոլակ Ամերիկյան, Խորեն Աբրահամյան, Արմեն Խոստիկյան
1960 Նվագախմբի տղաները Հենրիկ Մալյան, Հենրիկ Մարգարյան Մհեր Մկրտչյան, Արմեն Խոստիկյան, Լևոն Թուխիկյան, Ռոբերտ Մկրտչյան
1961 Տժվժիկ Արման Մանարյան Հրաչյա Ներսիսյան, Ցոլակ Ամերիկյան, Արման Կոթիկյան
1965 Բարև, ես եմ Ֆրունզե Դովլաթյան Արմեն Ջիգարխանյան, Գալյա Նովենց, Ռոլան Բիկով, Նատալյա Ֆատեևա
1967 Եռանկյունի Հենրիկ Մալյան Արմեն Ջիգարխանյան, Մհեր Մկրտչյան, Սոս Սարգսյան, Պավել Արսենով
1957 Սարոյան եղբայրներ Խորեն Աբրահամյան Արկադի Հայրապետյան Ֆրունզե Դովլաթյան, Խորեն Աբրահամյան, Գուրգեն Ջանիբեկյան, Անահիտ Մասչյան
1968 Նռան գույնը Սերգեյ Փարաջանով Սոֆիկո Ճիաուրելի, Մելքոն Ալեքսանյան, Վիլեն Գալստյան
1973 Քաոս Լաերտ Վաղարշյան, Ա. Սամվելյան, Հ. Եղիազարյան Սոս Սարգսյան, Բաբկեն Ներսիսյան, Ալլա Թումանյան, Ազատ Շերենց
1972 Տղամարդիկ Էդմոնդ Քեոսայան Արմեն Ջիգարխանյան, Մհեր Մկրտչյան, Ազատ Շերենց
1975 Հարսնացու հյուսիսից Ներսես Հովհաննիսյան Վերջալույս Միրիջանյան, Մուրադ Կոստանյան, Արա Բաբաջանյան
1982 Հին օրերի երգը Ալբերտ Մկրտչյան Մհեր Մկրտչյան, Վերջալույս Միրիջանյան, Գուժ Մանուկյան, Ազատ Գասպարյան
1984 Մեր մանկության տանգոն Ալբերտ Մկրտչյան Մհեր Մկրտչյան, Գալյա Նովենց, Ազատ Գասպարյան
1980 Կտոր մը երկինք Հենրիկ Մալյան Մհեր Մկրտչյան, Սոֆիկո Ճիաուրելի, Աշոտ Ադամյան, Գալյա Նովենց
1982 Երջանկության մեխանիկա Ներսիկ Հովհաննիսյան, Գոռ Սահակյան Ազատ Գասպարյան, Ալլա Թումանյան, Վերջալույս Միրիջանյան
1985 Խնձորի այգին Գ. Մելիք-Ավագյան Սոս Սարգսյան, Ալլա Թումանյան, Ազատ Շերենց, Գալյա Նովենց
1986 Մենավոր ընկուզենի Լ. Դավթյան Արմեն Ջիգարխանյան, Ֆրունզե Դովլաթյան, Միքայել Դովլաթյան
1988 Շնչառություն Ալբերտ Մկրտչյան Խորեն Աբրահամյան, Գալյա Նովենց, Մհեր Մկրտչյան, Ալլա Թումանյան
1969 Մենք ենք, մեր սարերը Հենրիկ Մալյան Սոս Սարգսյան, Մհեր Մկրտչյան, Խորեն Աբրահամյան, Ազատ Շերենց
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։