Ալբերտ Յավուրյան

կինոօպերատոր

Ալբերտ Գառնիկի Յավուրյան (օգոստոսի 26, 1935(1935-08-26)[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - նոյեմբերի 3, 2007(2007-11-03), Երևան, Հայաստան)[2]։

Ալբերտ Յավուրյան
Ծննդյան թիվ՝օգոստոսի 26, 1935(1935-08-26)[1]
Ծննդավայր՝Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Վախճանի թիվ՝նոյեմբերի 3, 2007(2007-11-03) (72 տարեկան)
Վախճանի վայր՝Երևան, Հայաստան
Ազգություն՝հայ
Քաղաքացիություն՝ ԽՍՀՄ
 Հայաստան
Մասնագիտություն՝կինոօպերատոր
Պարգևներ՝
IMDb։ID 0946913

Կենսագրություն

խմբագրել

Ալբերտ Յավորյանը ծնվել է 1935 թվականին Գյումրիում։ 1964 թվականին ավարտել է Մոսկվայի համամիութենական կինոինստիտուտի (ՎԳԻԿ) օպերատորական ֆակուլտետը (Լ.Կոսմատովի արվեստանոց)։ Առաջին ինքնուրույն ստեղծագործական աշխատանքները կատարել է Յալթայի կինոստուդիայում, որտեղ կինոուսումն ավարտելուց հետո ստացել է նշանակում։

Շրջադարձային էր Ալբերտ Յավուրյանի համար 1964 թ., երբ Ֆրունզե Դովլաթյանի և «Հայֆիլմ» կինոստուդիայի հրավերով վերադարձավ հայրենիքՙ «Բարև, ես եմ» ֆիլմի ստեղծմանը մասնակցելու համար։ «Բարև, ես եմ» ֆիլմը ճանաչվում է որպես հայ կինոյի նորագույն շրջանի հայտնություն։ 60-ական թվականների համաշխարհային կինոյի ոճին ու ասելիքին համապատասխանող և հայկական ընդգծված հասցե ունեցող այս կինոնկարի ստեղծմանն իր զգալի ներդրումն ուներ Ալբերտ Յավուրյանը։ Այստեղ կիրառվեցին, այսպես կոչված, «ազատագրված կինոխցիկի» լայն հնարավորությունները։ Բեմադրիչ Ֆրունզե Դովլաթյանի հետ կինոօպերատոր Ալբերտ Յավուրյանն այս ֆիլմի համար արժանացավ Հայաստանի պետական մրցանակի(1967)։

1991 և 1994 թվականներին Իրանում Ա. Յավուրյանը նկարահանել է երկու կինոնկար «Տովարիշչ» և «Զինապարտ», որը Թեհրանի միջազգային կինոփառատոնում ճանաչվել է որպես «լավագույն օպերատորական աշխատանք»։ Ալբերտ Յավուրյանը տասնյակ խաղարկային և վավերագրական ֆիլմերում հանդես եկավ որպես բեմադրող օպերատոր «Երևանյան օրերի խրոնիկա», «Երկունք», «Յոթ երգ Հայաստանի մասին», «Երջանկության մեխանիկան», «Մենավոր ընկուզենի» և այլն։

Բազմաթիվ շնորհներով էր օժտված, բայց ինչպես իսկական պրոֆեսիոնալ, երբեք չէր դավաճանում իր հիմնական մասնագիտությունը, հարգում էր այլ մասնագիտությունները՝ ռեժիսորին, դերասանին, նկարչին ու դրամատուրգին... Եվ նրա հետ միշտ երազում էին աշխատել անվանի բեմադրիչները։ Նա հաճախ ասում էր. «Մենք պետք է պատասխանատվություն կրենք մեր կենսագրության համար...իմ երազանքն է տեսնել այն Հայաստանը, որը կլինի երիտասարդների ձեռքերում...» Յավուրյանը համագործակցել է հայտնի ռեժիսորներ Ֆ. Դովլաթյանի, Գ. Մելիք-Ավագյանի, Ն. Հովհաննիսյանի, Կ. Գևորգյանի, Դ. Կեսայանցի հետ։

Սերգեյ Փարաջանովն իր վերջին ֆիլմերին հրավիրեց Ալբերտ Յավուրյանին. միասին նկարահանեցին «Աշուղ Ղարիբը», այնուհետև սկսեցին նկարահանել «Խոստովանություն» ֆիլմը, որը ռեժիսորի մահվան պատճառով մնաց անավարտ։

 
Ալբերտ Յավուրյանը Սերգեյ Փարաջանովի հետ

Կյանքի վերջի տասը տարիներին՝ սկսած 1977 թվականից, Ալբերտ Յավուրյանը մանկավարժական գործունեություն է ծավալել Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում։ Եղել է ՀՊՄՀ-ի կուլտուրայի ֆակուլտետի «Կինոյի և հեռուստատեսության» ամբիոնի վարիչը (դասավանդել է «ֆոտոկոմպոզիցիա» և «օպերատորական վարպետություն»)։

Ա. Յավուրյանի գործունեությունը բարձր է գնահատվել թե՛ պետության և թե՛ հասարակայնության կողմից։ Նրան շնորհվել է Մովսես Խորենացու մեդալ (1999) և Թեքեյան մշակութային միության «Ադամանդակուռ Արարատը» ստեղծագործական վաստակի համար (2005)։ Հայաստանից դուրս լայնորեն ճանաչված, «Նիկա» միջազգային կինոակադեմիայի անդամ։

Ալբերտ Յավուրյանը մահացել է 2007 թվականի նոյեմբերի 3-ին։ Նրա հոգեհանգիստը տեղի է ունեցել նոյեմբերի 6-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, հուղարկավորությունը՝ Երևանի քաղաքային պանթեոնում։

Ֆիլմագրություն

խմբագրել
Ֆիլմերը
Տարի Անուն Նշումներ
1999 Ուրվանկար Ա. Մկրտչյանի հետ
1995 Լաբիրինթոս Վ. Տեր-Հակոբյանի, Վ. Պետրոսյանի հետ
1994 Զինաթափում Իրան
1993 P. S. (Հետգրություն) Ա. Միրաքյանի հետ (կարճամետրաժ)
1992 Ռադիո-Երևան
1991 Ընկեր Իրան
1991 Երեք նավազներ տոթ անապատում կարճամետրաժ
1991 Բոբո օպերատոր և սցենարիստ
1988 Աշուղ Ղարիբը «Նիկա» մրցանակ
1988 Արշակ Երկրորդ Գ. Հայրապետովի հետ
1986 Օտար խաղեր
1986 Մենավոր ընկուզենի
1983 Վարսավիրը, որի քեռու գլուխը կծել-պոկել էր վարժեցրած վագրը կարճամետրաժ
1983 Հրդեհ
1982 Ինքնադիմանկար Վավերագրական
1982 Երջանկության մեխանիկան Շնորհվել է պետական մրցանակ
1982 Մխիթարյանները վավերագրական
1981 Հրաժեշտ սահմանագծից անդին
1980 Թռիչքն սկսվում է երկրից
1979 Ապրեցեք երկար
1987 Սգավոր ձյունը Գ. Հայրապետյանի հետ
1978 Չեզոք իրավիճակ կարճամետրաժ
1976 Երկունք
1974 Այստեղ, այս խաչմերուկում հանդիպում է նաև «Խաչմերուկ» անունով
1973 Կամոյի վերջին սխրանքը
1972 Երևանյան օրերի խրոնիկա
1970 Անցյալի արձագանքները
1976 Գարուն ա, ձուն ա արել
1973 Ժամանակի և իմ մասին Վավերագրական
1968 Մի ղողանջիր, զանգ, մի ղողանջիր վավերագրական
1968 Հանդիպում ցուցահանդեսում կարճամետրաժ
1967 Յոթ երգ Հայաստանի մասին վավերագրական
1966 Իմ երգը ձեզ Կարճ վավերագրական
1965 Եթե գաք մեզ մոտ՝ Հաղպատ վավերագրական
1965 Բարև, ես եմ Շնորհվել է պետական մրցանակ
1964 Քաղաք. մի փողոց

Նվաճումները

խմբագրել
Տարի Նշում
1977 Արվեստի վաստակավոր գործիչ
1985 ՀՍՍՀ պատվոգիր (Գերագույն խորհրդի)
1987 ՀՍՍՀ-ի ժողովրդական արտիստ
1988 Դոցենտի գիտական աստիճան (ՀՊՄՀ)
1993 Պրոֆեսորի գիտական աստիճան (ՀՊՄՀ)
1998 «Կինոյի և հեռուստատեսության» ամբիոնի վարիչ (ՀՊՄՀ)
2001 «Նիկա» կինեմաոգրաֆիական արվեստների ակադեմիայի ակադեմիկոս
2005 Կրթության և գիտության հուշամեդալ (հետմահու)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 121.
  2. studio, 5165m. «Anunner.com - ԱԼԲԵՐՏ ՅԱՎՈՒՐՅԱՆ ԳԱՌՆԻԿԻ». www.anunner.com. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբերտ Յավուրյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 121