Հայաստանի ազգային պատկերասրահ
Հայաստանի ազգային պատկերասրահ, Հայաստանի գլխավոր պատկերասրահը, գտնվում է Երևանի Հանրապետության հրապարակում։ Հիմնադրվել է 1921 թվականին։ Հայաստանի ազգային պատկերասրահը երկրի խոշորագույն, իսկ հայկական կերպարվեստի հավաքածուով՝ աշխարհի ամենամեծ թանգարանն է։ Պատկերասրահի 56 ցուցասրահներում ներկայացված հավաքածուն ընդհանուր պատկերացում է տալիս ազգային կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի պատմության մասին, ինչպես նաև ներկայացնում է արտասահմանյան երկրների արվեստը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։ Պատկերասրահում ցուցադրվում են այնպիսի աշխարհահռչակ արվեստագետներ, ինչպիսիք են Տինտորետտոն, Դոնատելլոն, Օգյուստ Ռոդենը, Պիտեր Պաուլ Ռուբենսը, Գուստավ Կուրբեն, Վասիլի Կանդինսկին, Մարկ Շագալը, հայ նկարիչներից Հովհաննես Այվազովսկին, Մինաս Ավետիսյանը, Մարտիրոս Սարյանը, Հարություն Կալենցը, Էդուարդ Իսաբեկյանը և այլք։
Հայաստանի ազգային պատկերասրահ | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Երևան |
Ղեկավարության նստավայր | Երևան, Հայաստան |
Հասցե | 375010, Արամի փողոց 1 (մուտքը Հանրապետության հրապարակից) |
Հիմնադրվել է | 1921 |
Այցելուներ | 80 300 մարդ (2016) |
Տնօրեն | Մարինա Հակոբյան |
Կայք | gallery.am |
Պատմություն
խմբագրելՀայաստանի ազգային պատկերասրահը հիմնադրվել է 1921 թվականին՝ Խորհրդային Հայաստանի կառավարության որոշմամբ, որպես Պետական թանգարանի հինգ բաժիններից մեկը` արվեստի բաժինը։ Այդ ժամանակ թանգարանի տնօրեն է նշանակվում Մարտիրոս Սարյանը, իսկ գեղարվեստի բաժնի վարիչ` նկարիչ Վրթանես Ախիկյանը։ Պետական թանգարանը գտնվում էր Աստաֆյան (Աբովյան) փողոցում, արական գիմնազիայի համար նախատեսված երկհարկանի տուֆակերտ շենքում (ճարտարապետ Վ. Օ. Սիմոնսոն)։ Թանգարանի շենքում գործում էին նաև հանրային գրադարանը և համերգասրահը։ Բացի այդ, այստեղ ապաստան էին գտել Արևմտյան Հայաստանից գաղթած որբ երեխաները, և դա էր պատճառը, որ առաջին չորս տարիներին թանգարանը չուներ ցուցադրատարածքներ։ 1924 թ. Հայաստան այցելած Ա. Լունաչարսկու դժգոհում է, որ թանգարանը նման է մեծ ու խայտաբղետ մի պահեստարանի:Պահպանվել է 1921 թ. օգոստոսի 14-ի Հայաստանի «Արվեստից թանգարանի» բացման արարողության այցելուների ցուցակը, համաձայն որի մասնակցել է 130 մարդ՝ նկարիչներ, դերասաններ և երաժիշտներ, պաշտոնյաներ, բանվորներ և զինվորներ, աշակերտներ և ուսանողներ։ Այցելուների թվում էին ճանաչված արվեստագետներ Կարո Հալաբյանը, Սարգիս Խաչատրյանը, Տարագրոսը, Ռոմանոս Մելիքյանը և այլք։
Թանգարանի գեղարվեստական բաժնի ցուցանմուշների առաջին խումբը` մի քանի տասնյակ աշխատանքներ, գնվել է կառավարության կողմից 1921 թ. հուլիսին Ստ. Շահումյանի անվան կենտրոնական բանվորական ակումբում կազմակերպված «Հայ նկարիչների միության» 5-րդ ցուցահանդեսից։ Դրանց հեղինակներն էին անվանի գեղանկարիչներ Եղիշե Թադևոսյանը, Սեդրակ Առաքելյանը, Հմայակ Հակոբյանը, Վրթանես Ախիկյանը, Գ. Շարբաբչյանը, գրաֆիկ Է. Շահինը և ուրիշներ։
Նույն թվականի սեպտեմբերին Մոսկվայում Համառուսաստանյան կենտրոնական գործադիր կոմիտեի դեկրետով նախկին Լազարյան ինստիտուտը վերանվանվում է Խորհրդային Հայաստանի կուլտուրայի տուն, իսկ նրա նյութական և մշակութային բոլոր արժեքները անցնում են Հայաստանի տնօրինմանը։ Այս որոշումը վճռորոշ նշանակություն ունեցավ, քանզի ռուսական և եվրոպական արվեստի ստեղծագործությունների առկայությունն այս հավաքածուում, որը փոխանցվեց Հայաստանի թանգարանին, թելադրում էր նրա հավաքչական քաղաքականությունը` ձևավորել ազգայինից զատ համաշխարհային կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի հավաքածուներ։
1924 թվականի վերջին Ալեքսանդր Թամանյանի և Մարտիրոս Սարյանի հորդորով Լենինգրադից Երևան տեղափոխվեց արվեստաբան Ռուբեն Դրամբյանը, որը մինչ այդ աշխատում էր Պետական ռուսական թանգարանում։ 1925 թվականին նա ստանձնեց գեղարվեստական բաժնի վարիչի պարտականությունները, իսկ 1935 թվականից, երբ զգալիորեն ընդլայնված բաժինը դարձավ ինքնուրույն Կերպարվեստի պետական թանգարան, նշանակվեց նրա առաջին տնօրենը (մինչ 1951 թվականը)։
1930-1950 թվականներին թանգարանը շարունակում է համալրվել, բացվում են ժամանակավոր ցուցահանդեսներ, որոնք ուղեկցվում են համառոտ կատալոգներով և բուկլետներով, գործում է հայկական, ռուսական և արևմտաեվրոպական արվեստը ներկայացնող երեք բաժիններից բաղկացած մշտական ցուցադրությունը։ Այս աշխատանքներն ապահովում են համապատասխան գիտական բաժինները։
1947 թվականին թանգարանը վերանվանվում և մինչ 1991 թվականը կոչվում է Հայաստանի պետական պատկերասրահ։ Մեկ տարի անց սկսվում է շենքի վերակառուցումը։
Հետզհետե ավելի է ընդլայնվում պատկերասրահի գործունեությունը։ 1948 թվականին, օրինակ, Հայաստանի գիտությունների ակադեմիայի արվեստի սեկտորի հետ հրատարակության են պատրաստվում «Հայկական մանրանկարչության հուշարձանները» և «19-20-րդ դարերի հայկական արվեստը» աշխատությունները։
1951 թվականին ավարտվում է Ռ. Դրամբյանի՝ որպես տնօրենի 27-ամյա գործունեությունը պատկերասրահում, սակայն նրա կապը թանգարանի հետ շարունակվում է երկար տարիներ (նա գիտխորհրդի անդամ էր, անփոխարինելի խորհրդատու, իսկ 1982 թվականին լույս է տեսնում նրա «Հայաստանի պետական պատկերասրահ» գիրքը)։ Ընդամենը մեկ տարի պատկերասրահի տնօրենն էր արվեստաբան Վարդան Հարությունյանը, իսկ 1952-1962 թվականներին՝ արվեստաբան Ռուբեն Պարսամյանը։
Ռ. Պարսամյանի` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ, 1962 թվականին տնօրեն է նշանակվում գեղանկարիչ, թատերական նկարիչ Արմեն Չիլինգարյանը։ Նրա տնօրինության տարիներին այլևայլ խնդիրների լուծմանը զուգընթաց ռուսական և արևմտաեվրոպական արվեստի բաժնի արվեստաբան Մերի Սարգսյանի նախաձեռնությամբ իրականացվում է ֆոնդերի լուրջ համալրում։ Մոսկվայում և Լենինգրադում նկարիչների արվեստանոցներից և հեղինակների ժառանգներից ձեռք են բերվում 20-րդ դարի հանրաճանաչ ռուս նկարիչներ Ռ. Ֆալկի, Պ. Ֆիլոնովի, Ի. Մաշկովի, Ա. Կարևի, Ն. Ալտմանի և այլոց բարձրարժեք կտավները։ Մոսկվայի Կրեմլի թանգարաններից ստացվում են 17-18-րդ դարերի ռուսական սրբապատկերներ։
1967-1989 թվականներին պատկերասրահի տնօրենն էր ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանը։ Նրա գործունեության առաջին տարիները համընկնում են 1965 թվականից սկսված թանգարանի ցուցադրության նոր մասնաշենքի շինարարության հետ (ճարտարապետներ՝ Մարկ Գրիգորյան, Ա. Ղազարյան)։
1977 թվականին թանգարանը վերաբացվում է նորովի ներկայացված իր հավաքածուներով։ Մի քանի տարի անց շահագործման է հանձնվում Նալբանդյան փողոցի մասնաշենքը, որի 4 հարկերում տեղակայվում են ֆոնդապահոցները, վերականգնման արվեստանոցը, գիտական բաժինները, հաշվառման և պահպանության բաժինը։ Բացվում են քանդակի և դեկորատիվ-կիրառական արվեստի գիտական բաժինները, մասնաճյուղերի բաժինը, որը կոորդինացնում էր հանրապետության տարբեր շրջաններում ստեղծվող մասնաճյուղերը։
1986 թվականի մայիսին պատկերասրահի տնօրենի պաշտոնից հեռանում է Էդուարդ Իսաբեկյանը, ավարտելով 19-ամյա իր անխոնջ ծառայությունը մշակութային այս օջախում։ 1986 թվականի հուլիսից պատկերասրահի տնօրեն է դառնում Ալեքսանդր Տեր-Գաբրիելյանը, որը մինչև այդ երկար տարիներ աշխատելով ՀԽՍՀ մշակույթի նախարարության արվեստի վարչության պետի պաշտոնում, լավատեղյակ էր պատկերասրահի գործունեությանը։
1991 թվականին Հայաստանի Հանրապետությունը թևակոխեց պատմա-քաղաքական նոր փուլ. երկիրը անկախություն հռչակեց։ Երևույթն անշուշտ, նշանակալի էր. տեղի էր ունեցել կարևոր մի իրադարձություն, որին հայ ժողովուրդը սպասում էր դարեր։ Սակայն այս բախտորոշ հաղթանակը ուղեկցվեց նորաստեղծ հանրապետության բազմաթիվ խնդիրներով, որոնք չէին կարող իրենց անդրադարձը չունենալ մշակութային կյանքի վրա։ Երկիրը մտավ քաղաքական, սոցիալ-տնտեսական և մշակութային ծանր ճգնաժամի մեջ։
1991 թվականին պատկերասրահի տնօրեն նշանակվեց արվեստաբան Շահեն Խաչատրյանը. հայ մշակույթի երախտավոր, ով տարիներ առաջ աշխատակցել էր ՀՊՊ հայկական կերպարվեստի բաժնին, իսկ 1967 թվականից ի վեր, Մարտիրոս Սարյանի թանգարանի հիմնադրման օրվանից ղեկավարել էր այն։ 1991-ին Հայաստանի գեղարվեստական խոշորագույն օջախը վերանվանվեց Հայաստանի ազգային պատկերասրահ։
2002 թվականին Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն նշանակվեց գեղանկարիչ, պրոֆեսոր Փարավոն Միրզոյանը, որի եռանդուն աշխատանքի շնորհիվ պատկերասրահի գիտա-ֆոնդային, գիտա-կրթական, հանրահռչակման գործունեությունը ստացավ նոր թափ, թարմ շնչառություն։ Նույն թվականին Հայաստանի մշակույթի նախարարությունը արձակեց «Հայաստանի ազգային պատկերասրահ» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով պետական ոչ առևտրային կազմակերպություն հիմնելու մասին» հրամանը։
2004 թվականի մայիսի 18-ին Լինսի հիմնադրամի օժանդակությամբ իրականացված վերանորոգումից հետո Հայաստանի ազգային պատկերասրահը նոր մշտական ցուցադրությամբ իր դռները բացեց այցելուների առջև։ Վերաբացումից ի վեր շուրջ ութ տարիների ընթացքում պատկերասրահն ապրում է բեղուն աշխատանքային կյանքով. անշուշտ նախևառաջ առաջադրվում է ակադեմիական թանգարանային գործունեության սկզբունքներով, այն է` հավաքել, պահպանել, ուսումնասիրել, ցուցահանդեսների և կատալոգների միջոցով հանրահռչակել գեղարվեստական արժեքները, սակայն սրա հետ մեկտեղ, Ազգային պատկերասրահն ընդլայնել է իր գործունեության շրջանակները։
2015 թվականին Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն նշանակվեց արվեստաբան, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Արման Ծատուրյանը, ով ձեռնամուխ եղավ պատկերասրահի գիտական ու ցուցահանդեսային գործունեության ակտիվացմանը և միջազգային չափանիշներին համապատասխանեցմանը։
Հայկական հավաքածու
խմբագրելՀայկական արվեստը ներկայացնում է 6-20-րդ դարերի հայկական գեղանկարի զարգացումը, նրա ոճական ողջ բազմազանությունը, ինչպես նաև առանձին վարպետների գործեր։
Հայկական դասական արվեստի ցուցադրումը սկսվում է միջնադարյան որմնանկարի և մանրանկարչության նմուշների վավերագրական պատճեններից, որ 1936-1951 թթ. կատարել են հայ արվեստի նշանավոր հետազոտող Լիդիա Դուռնովոյի (1885-1963) ղեկավարությամբ մի խումբ հայ նկարիչներ։ Հայկական եկեղեցիները զարդարող որմնանկարների՝ ժամանակի ընթացքում կրած կորուստներն ու վնասները թանգարանում պահվող պատճեններին հաղորդում են բնօրինակի արժեք։ Գեղանկարչական մեծ ավանդույթի վկայությունն են նաև ձեռագրերը, որոնց թվում` անցյալի մեծագույն մանրանկարիչներ Թորոս Ռոսլինի, Սարգիս Պիծակի և այլոց գործերը։
8-20-րդ դարերի հայկական արվեստը դժվար է գնահատել Ռուսաստանի, Արևմտյան Եվրոպայի և արևելյան երկրների հետ մշակութային կապերի կոնտեքստից դուրս։ Ժամանակի ընթացքում ընդհատվող թելը վերականգնվում է ոչ միայն կրոնական թեմաներով գործերի, այլև Հովնաթանյանների գեղարվեստական դինաստիայի թողած ժառանգության շնորհիվ։ Ամենից ամբողջական է ներկայացված ընտանիքի ամենավառ ներկայացուցիչ Հակոբ Հովնաթանյանի (1806-1881) արվեստը, որն աշխատել է Թիֆլիսում 1830-1880 թվականներին։ Նրա դիմանկարների շարքը իր ժամանակի ոգու և մթնոլորտի լավագույն վկայությունն է։ Դրանք ընդգծում են պատկերվածների անհատականությունը, նրանց սոցիալական դիրքը. դրանցում արտահայտվել է նկարչի եզակի գեղանկարչական ձիրքը, դրանք աչքի են ընկնում դետալների մանրակրկիտ ու նրբաճաշակ մշակումով։ Այդ ամենն ապահովել է հայկական գեղանկարի պատմության մեջ Հովնաթանյանի տեղը որպես դիմանկարի ժանրի հիմնադրի։
Թանգարանի էքսպոզիցիան լուսաբանում է թե´ արտասահմանում բնակվող, թե´ հայրենիք վերադարձած հայ վարպետների տարբեր սերունդների արվեստը, բացահայտելով նրանց համար ընդհանուր գծեր։ Նրանում կարևոր տեղ են զբաղեցնում աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու (1817-1900) գործերը։ Պատկերասրահում է պահվում Թեոդոսիայի թանգարանից հետո նրա աշխատանքների ամենապատկառելի հավաքածուն` 62 նկար, որոնց թվում են նաև Այվազովսկու հայկական թեմաներով կոմպոզիցիաները («Բայրոնը Սուրբ Ղազար կղզում», «Նոյն իջնում է Արարատից»)։ Դրանցում նրա նախասիրած ծովային տեսարանները ներդաշնակվում են հայկական մոտիվների հետ, ինչն ավելի հասկանալի է դարձնում Այվազովսկու հոգատարությունը կոտորածներ վերապրած հայրենակիցների հանդեպ, շատ հայ նկարիչների ստեղծագործական կայացման հանդեպ նրա հետաքրքրությունը։
Թանգարանի հայ գեղանկարչության ցուցադրության զգալի մասը նվիրված է հայ գեղանկարչության մեծանուն վարպետների աշխատանքների ցուցադրությանը (Հ. Հովնաթանյան, Հ. Այվազովսկի, Գ. Բաշինջաղյան, Փ. Թերլեմեզյան, Վ. Սուրենյանց, Ե. Նազարյանց, Վարդան Մախոխյան և այլք) և 20-րդ դարի (Մ. Սարյան, Գ. Յակուլով, Վ. Գայֆեջյան, Ե. Թադևոսյան, Հ. Կոջոյան, Հ. Գյուրջյան, Է. Շահին, Հ. Զարդարյան, Է. Իսաբեկյան, Գ. Խանջյան, Մ. Ավետիսյան և այլք)։
Այս մշակույթի անկապտելի մասն է կազմում մի շարք նկարիչների, ի թիվս որոնց` Պետրոս Կոնտուրաջյանի, Բարթուղ Վարդանյանի, Արարատ Ղարիբյանի, Հարություն Կալենցի, Հովհաննես Ասատրյանի, Հակոբ Հակոբյանի արվեստը, որոնց գործունեությունը մասամբ ծավալվել է արտասահմանում և որոնք յուրացրել են ֆրանսիական դպրոցի գեղարվեստական փորձը։ Չնայած նրանք ներկայացնում են տարբեր սերունդներ և ստեղծագործական ուղղություններ, նրանց միավորողը բարձր մասնագիտական չափանիշներն են։ Փարիզը միշտ գրավել է շատ հայ վարպետների, ինչպես Գեորգի Յակուլովին, Մարտիրոս Սարյանին, Վահրամ Գայֆեճյանին, Երվանդ Քոչարին, որոնք կարողացան պահպանել իրենց անհատականությունը գեղարվեստական հոսանքների հորձանուտում։ Լինելով 20-րդ դարի ավանգարդում, նրանք մեծապես կանխորոշեցին ժամանակակից հայկական գեղանկարչության զարգացումը։
Բացառիկ նշանակալից է հայկական գեղանկարչության ձևավորման մեջ Մարտիրոս Սարյանի ազդեցությունն ու դերը։ Նրա արվեստը դարձավ Հայաստանի խորհրդանիշը։ Սարյանը ցայտուն ու պատկերավոր կերպով արտահայտեց մեր հոգևոր էությունն ու աշխարհընկալումը։ Միևնույն ժամանակ նա նորարար է, 20-րդ դարի մի շարք խոշոր արվեստագետների թվում արվեստում նոր ուղիներ ու նոր գեղարվեստական արտահայտչամիջոցներ հայտնագործողներից մեկը։ Սարյանն օժտված է գույնի, կոմպոզիցիայի և գծանկարի բնատուր վարպետությամբ։ Նրա ընդհանրացման տաղանդը հնարավորություն է տալիս իր հայրենիքի պատկերները փոխակերպելու աշխարհի սինթետիկ պատկերի, աշխարհի արարչության, նրա փոփոխականության, նրա մեջ մարդու դերի մասին մտորումների։ Միևնույն ժամանակ դա Հայաստանն է՝ իր բնությամբ ու մարդկանցով, լեռներով ու արևով։ Սարյանի արվեստը նաև միավորում է հայկական աշխարհընկալման երկու հակադարձ բևեռները` Արևելքն ու Արևմուտքը։ Հայերի համար Արևելքը ոչ միայն բնական միջավայր է, մտածելակերպ և ավանդական ապրելակերպ, այն մշակույթի մաս է, որ վառ արտահայտված է Սայաթ-Նովայի և Ավետիք Իսահակյանի պոեզիայում, Վարդգես Սուրենյանցի նկարչության մեջ, Սերգեյ Փարաջանովի ֆիլմերում։
Արևելքի ոգով ու շնչով է տոգորված Թիֆլիսի հայ նկարիչների խոհուն ու նրբագեղ աշխարհը։ Այս քաղաքը հայկական մտավոր ու մշակութային կյանքի կենտրոնն է եղել 17-20-րդ դարերում։ Հովնաթանյանների դինաստիա, Գևորգ Բաշինջաղյան, Գեորգի Յակուլով, Հովսեփ Կարալյան, Վանո Խոջաբեկյան, Գևորգ Գրիգորյան (Ջոտտո), Հակոբջան Ղարիբջանյան, Վեհիկ Տեր- Գրիգորյան, Վաղարշակ Էլիբեկյան,- ահա Պատկերասրահում ցուցադրված նկարիչների այս ճյուղի ոչ լրիվ ցանկը։ Ինքնատիպ արվեստագետներից մեկին` Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանին (1891-1966) հատուկ վառ երևակայությունը, գեղեցիկի սուր զգացումը արտահայտվել են կանացի կերպարների` նրբագեղ զգացմունքայնությամբ լի աշխարհում։ Սա էքսպոզիցիայի ուշագրավ մասերից մեկն է։
Սարյանի գեղարվեստական հայտնագործությունները, նրա գեղանկարչական- պլաստիկական լեզվի թարմությունը տարբեր փոխակերպումների ենթարկվեցին վարպետների մի ողջ համաստեղության` Մարիամ և Երանուհի Ասլամազյանների, Լավինյա Բաժբեուկ-Մելիքյանի, Սարգիս Մուրադյանի, Նիկոլայ Քոթանջյանի, Մինաս Ավետիսյանի , Աշոտ Հովհաննիսյանի, Հենրիկ Սիրավյանի, Ալեքսանդր Գրիգորյանի, Ռուբեն Ադալյանի, Վարոս Շահմուրադյանի, Սեյրան Խաթլամաջյանի արվեստում։ Ստեղծագործական խառնվածքի բազմազանությամբ հանդերձ, նշված արվեստագետների համար ընդհանուր է ազգային ավանդույթների և ժամանակակից գեղանկարչության նվաճումների իմաստավորված յուրացումը. այս երևույթն ընդհանրապես հատկանշական է հայկական արվեստի համար։
Հայ վարպետների (ընդհանրացումների և փոխաբերականության հանդեպ իրենց հակումներով հանդերձ) գեղարվեստական մտածելակերպը, գունանկարչական լեզուն շատ համահունչ են ժամանակակից արվեստին հատուկ գունային ու պլաստիկական սինթեզի որոնումներին։ Դրա վառ օրինակն են Մինաս Ավետսիյանի աշխատանքները։ Օժտված լինելով գույնի զգացմունքային բնույթի ընկալումով՝ նա իր արվեստում միավորեց միջնադարյան հայկական նկարչության ավանդույթները և պոստիմպրեսիոնիստների ու ֆովիստների փորձը։ Ձևի և գույնի սինթեզին ձգտելը հատուկ է այլ հայ նկարիչների` Աշոտ Հովհաննիսյանի, Լավինյա Բաժբեուկ-Մելիքյանի, Սարգիս Մուրադյանի, Գրիգոր Խանջյանի, Հրաչյա Հակոբյանի, Անատոլի Պապյանի և ուրիշների գեղարվեստական մտածողությանը։ Պատկերասրահի հավաքածուն ներառում է նաև մի շարք ժամանակակից նկարիչների՝ Էդուարդ Արծրունյանի, Ալեքսանդր Գրիգորյանի, Ալբերտ Պարսամյանի, Ռուբեն Ադալյանի, Կարեն Սմբատյանի, Էդուարդ Խարազյանի, Հենրի Էլիբեկյանի, Վարուժան Վարդանյանի, Ռոբերտ Էլիբեկյանի, Ռուբեն Աբովյանի, Աշոտ Բայանդուրի, Փարավոն Միրզոյանի, Կարո Մկրտչյանի, Արամ Իսաբեկյանի և այլոց գործերը։ Ծանոթացնելով հայ գեղանկարիչների մի քանի սերունդների հոգևոր որոնումներին, թանգարանի էքսպոզիցիան բացահայտում է աշխարհընկալման այն նոր կողմերը, որոնք աստիճանաբար փոփոխվելով՝ ձևավորում են ժամանակակից գեղարվեստական մշակույթի պատկերը։
Ռուսական հավաքածու
խմբագրելՌուսական գեղանկարի հավաքածուն Հայաստանի ազգային պատկերասրահի բնահատուկ և ամբողջական մասն է կազմում։ Սկսել է ձևավորվել թանգարանի կյանքի առաջին իսկ տարիներից։ Պատկերասրահում ներկայացված են 18-20-րդ դարերի ռուս վարպետների փայլուն համաստեղության` Ֆյոդոր Ռոկոտովի (1730-1808), Օրեստ Կիպրենսկու (1782-1836), Կարլ Բրյուլլովի (1799-1852), Իլյա Ռեպինի (1844-1930), Վասիլի Սուրիկովի (1848-1916), Վալենտին Սերովի (1865-1911), Վասիլի Կանդինսկու (1866-1944), Մարկ Շագալի (1887-1985) և այլոց ստեղծագործությունները` լուսաբանելով ռուսական մշակույթի զարգացման ու կայացման կարևորագույն փուլերը, հաղորդակից է դարձնում մեզ նրա գեղարվեստական նվաճումների բարձունքներին։ Ռուս նկարիչների գրաֆիկական ժառանգությունը Ազգային պատկերասրահում բավական ընդգրկուն ձևով ներկայացված է 19-րդ դարի երկրորդ և 20-րդ դարի առաջին կեսի ստեղծագործություններով։ Հավաքածուն ներառում է շուրջ 150 հեղինակների ավելի քան 500 գծանկար, ջրանկար և կավճանկար։
Այլ հավաքածուներ
խմբագրելԱրտասահմանյան արվեստի սրահներում ցուցադրությունը սկսվում է հին աշխարհի Եգիպտոսի և Հունաստանի մշակույթից։ Այստեղ ներկայացված են 14-20-րդ դարերի իտալական, հոլանդական, ֆլամանդական, ֆրանսիական դպրոցների հայտնի արվեստագետների (Ֆ. Գվերչինո, Յան վան Գոյեն, Պ. Կլաս, Էթիեն Մորիս Ֆալկոնե, Ժ.-Բ. Գրյոզ, Թ. Ռուսսո, Ա. Մոնտիչելլի և այլն) ստեղծագործություններ։ Արևելքի արվեստը ներկայացված է իրանական, չինական, ճապոնական դեկորատիվ-կիրառական արվեստի բարձրարվեստ նմուշներով (նախշազարդ ճենապակյա և հախճապակյա սպասք, քարե, ոսկյա, մետաղյա առարկաներ, քանդակազարդ կահույք), հայ նկարիչ Սարգիս Խաչատուրյանի կողմից արված հնդկական միջնարդարյան որմնանկարների բարձրարժեք պատճեններով և 19-րդ դարի իրանական գեղանկարչական աշխատանքներով։
Հայաստանի ազգային պատկերասրահն իր հավաքածուների առանձին գործերով մասնակցում է միջազգային ցուցահանդեսների, կազմակերպում է հայ արվեստի պատկերահանդեսներ աշխարհի տարբեր երկրներում՝ մեծապես նպաստելով ազգային կերպարվեստի ճանաչմանը, իր դահլիճներում ընդունում է միջազգային ցուցահանդեսներ։ Պատկերասրահն ակտիվորեն մասնակցում է «Թանգարանների գիշեր» և «Եվրոպական ժառանգություն» ակցիաներին, որոնց շրջանակներում անցկացվող բազմաբովանդակ և նպատակային միջոցառումները պատկերասրահ են բերում բազմաթիվ այցելուներ։ Պատկերասրահում գործում են գիտական բաժիններ, հաշվառման և պահպանության բաժին, վերականգնման և կոնսերվացման արվեստանոց, ցուցահանդեսային, հրատարակչական, հանրային կապեր, կրթական ծրագրեր, հուշաձեռագրային բաժիններ, գրադարան, կինոդահլիճ, հուշանվերների և գրքերի վաճառասրահ, սրճարան, գործում է նաև պատկերասրահի պաշտոնական կայքը, սոցիալական ցանցերը։ Հայաստանի ազգային պատկերասրահը մասնաճյուղեր ունի Երևանում (Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան, Գևորգ Գրիգորյանի (Ջիոտտո) արվեստանոց-թանգարան), Էջմիածնում (Էջմիածնի պատկերասրահ՝ Խորեն Տեր-Հարությանի անվան և Մհեր Աբեղյանի անվան թանգարան), Հրազդանում (Հրազդանի պատկերասրահ), Ջերմուկում (Ջերմուկի պատկերարսահ), Սիսիանում (Սիսիանի պատկերասրահ, Զաքար Խաչատրյանի և Արտաշես Հովսեփյանի տուն-թանգարան), Ալավերդիում (Ալավերդու պատկերասրահ), Եղեգնաձորում (Եղեգնաձորի պատկերասրահ), Գավառում (ակադեմիկոս Հ. Բունիաթյանի անվան Գավառի պատկերարսահ), Մարտունիում (Մարտունու պատկերասրահ) և Ջաջուռում (Մինաս Ավետիսյանի թանգարան)։ Տարբեր տարիներին պատկերասրահը ղեկավարել են Ռուբեն Դրամբյանը (1925-1951), Ռուբեն Պարսամյանը (1952-1962), Արմեն Չիլինգարյանը (1962-1967), Էդուարդ Իսաբեկյանը (1967-1986), Ալեքսանդր Տեր-Գաբրիելյանը (1986-1990), Շահեն Խաչատրյանը (1991-2002), Փարավոն Միրզոյանը (2002-2015), Արման Ծատուրյանը (2015-2020), Մարինա Հակոբյան (2020-)։
Արևմտաեվրոպական գեղանկարչություն
խմբագրելՀին Եգիպտոս
խմբագրելՀին Եգիպտոսի շրջանից պատկերասրահում ներկայացված են բազմաթիվ դիմակներ, փոքրիկ արձանիկներ։ Հատկապես հետաքրքրական են դիմակները, լայն բացված աչքերով, որոնք խորհրդանշում են հոգու դռները։ Ներկայացված են նաև աստվածների արձանիկների օրինակներ, սարկոֆագի մասունքներ և այլն։
Հին Չինաստան
խմբագրել- Գրաֆիկա
- Փորագրություն
- Քանդակ
- Հոգևոր արվեստ
Այցելություն
խմբագրելՀայաստանի ազգային պատկերասրահը ունի 12 մասնաճյուղ Երևանում և Հայաստանի մարզերում[1]։
Պատկերասրահի տնօրեններ
խմբագրել- Ռուբեն Դրամբյան (1925-1951)
- Ռուբեն Պարսամյան (1952-1962)
- Արմեն Չիլինգարյան (1962-1967)
- Էդուարդ Իսաբեկյան (1967-1986)
- Ալեքսանդր Տեր-Գաբրիելյան (1986-1990)
- Շահեն Խաչատրյան (1991-2002)
- Փարավոն Միրզոյան (2002 - 2015[2])
- Արման Ծատուրյան (2015-2020)[3]
- Մարինա Հակոբյան (2020 թվականից)
Պատկերասրահ
խմբագրել-
Տինտորետտո Յակոբո Ռոբուստի «Ապոլոնը և Պանը»
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հայաստանի ազգային պատկերասրահի պաշտոնական կայք». Հայաստանի ազգային պատկերասրահ.
- ↑ «Փարավոն Միրզոյանն ազատվել է պատկերասրահի տնօրենի պաշտոնից». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ Հայաստանի ազգային պատկերասրահի նոր տնօրեն է ընտրվել Արման Ծատուրյանը
Արտաքին հղումներ
խմբագրել- Հայաստանի ազգային պատկերասրահի պաշտոնական կայքը
- Հայաստանի ազգային պատկերասրահի առցանց խանութ Արխիվացված 2020-02-15 Wayback Machine
- Հայաստանի ազգային պատկերասրահը դասարան․ամ կայքում Արխիվացված 2016-09-05 Wayback Machine
- Հայաստանի ազգային պատկերասրահի ֆեյսբուքյան էջ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայաստանի ազգային պատկերասրահ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 149)։ |