Բացել գլխավոր ցանկը

Վարդան Արիստակեսի Մախոխյան (մայիսի 31, 1869(1869-05-31), Տրապիզոն, Օսմանյան կայսրություն - փետրվարի 10, 1937(1937-02-10), Նիս), հայ ծովանկարիչ։

Վարդան Մախոխյան
Vartan Mahokian.jpg
Ի ծնեՎարդան Արիստակեսի Մախոխյան
Ծնվել էմայիսի 31, 1869(1869-05-31)
ԾննդավայրՏրապիզոն, Թուրքիա
Վախճանվել էփետրվարի 10, 1937(1937-02-10) (67 տարեկանում)
Մահվան վայրԲեռլին
Ազգությունհայ
ԿրթությունԲեռլինի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Ժանրծովանկար
Ուշագրավ աշխատանքներԾովի տեսարան և Օվկիանոս
ՈւսուցիչԷուժեն Բրախտ և Հանս Գուդե
Vardan Makhokhyan Վիքիպահեստում

Բովանդակություն

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է Տրապիզոնում, հայ առևտրականի ընտանիքում[1]։ Այստեղ նա ստացել է նախնական կրթությունը, ապա սովորել է Կարնո Սանասարյան վարժարանում 1882-1887 թվականներին, այստեղ էլ բացահայտվել ` նրա սերը դեպի նկարչությունը։ Դասընկերների վկայությամբ այստեղ նա անընդհատ զբաղվել է նկարչությամբ` աշխատելով մատիտով, տուշով` հորինելով ծովանկարներ։ Հավանաբար ծովի քնարական-ռոմանտիկական տարերքն էլ ազդակ է հանդիսացել պատանու մեջ ուժեղացնել նաև երաժշտական հակումները, քանի որ Սանասարյան վարժարանում նա միաժամանակ նաև ջութակ նվագել և այնքան լավ է տիրապետել, որ հետագայում դժվարացել է երաժշտության և նկարչության նեջ ընտրություն կատարել։ Վարժարանում նրա ընդունակություններն ակնառու են դառնում, և ուսուցիչները նրան փայլուն ապագա են գուշակում։ 1887 թվականին, հաջողությամբ ավարտելով Սանասարյան վարժարանը, նա վերադառնում է ծնողների մոտ` նրանց հայտնելով նկարիչ դառնալու իր վերջնական որոշումը։ Ծնողներն ստիպված համակերպվում են։ Մի քանի տարի մնալով Տրապիզոնում` նա ջանասիրությամբ զբաղվում է թե' նկարչությամբ, թե' երաժշտությամբ` պատրաստվելով արտասահման նեկնել` բարձրագույն կրթություն ստանալու։ Նկարում է քաղաքի, ծովի տեսարաններ թե' բնությունից, թե' երևակայությամբ` կուտակելով բավական թվով էտյուդներ, գրչանկարներ, մատիտանկարներ, ջրաներկով կատարված բնանկարներ։ Նա միաժամանակ համերգներ է տալիս Տրապիզոնում` հանդես գալով տեղի ակումբում։ Օգտվելով այն առիթից, որ Բեռլինի համալսարանի բժշկական ֆակուլտետում սովորում է իր եղբայրը, Մախոխյանը մեկնում է Բեռլին[1]։ 1891-1894 թթ. սովորել է Բեռլինի գեղարվեստի ակադեմիայում՝ աշակերտելով ժամանակի հայտնի նկարիչներից Էուժեն Բրախտին և նորվեգացի ծովանկարիչ Հանս Գուդեին։ 1894 թվականին Ղրիմում կատարելագործվել է Հովհաննես Այվազովսկու արվեստանոցում, ուսումնասիրել ծովի պատկերման նրա մեթոդը։ 1900 թվականին մեկնել է Բեռլին, 1904 թվականին դարձել Բեռլինի արվեստագետների միության անդամ։ 1908-1914 թթ. նորից ստեղծագործել է ծննդավայրում։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո վերջնականապես հաստատվել է Նիցցայում։

Ճանապարհորդել է բազմաթիվ երկրներ՝ Եգիպտոս, Ֆրանսիա, Բելգիա, Կովկաս և այլն, ամենուր գտնելով առատ նյութ իր վրձնի համար։ Մասնակցել է մի շարք ցուցահանդեսների։ Նրա նկարները գնվել են աշխարհի շատ թանգարանների կողմից, տպագրվել եվրոպական, մասնավորապես գերմանական մամուլում, արժանացել ջերմ գնահատման։ Ընտրվել է անդամ Verein Berliner Künstler-ի միության, որից և կազմվում էին Բեռլինի տարեկան ցուցահանդեսների ժյուրիները։ Բեռլինի, Մյունխենի, Համբուրգի, հետագայում Փարիզի և այլ քաղաքների տարեկան ցուցահանդեսներում միշտ գրավել է պատվավոր տեղ, քանիցս արժանացել մրցանակների։ 1925 թվականին Լատինական Ամերիկայի երկրների միջազգային ցուցահանդեսում ստացել է ոսկե մեդալ։ Նույն տարում Փարիզում կազմակերպել է ճոխ ցուցահանդեսը, որտեղ ցուցադրվել են նաև տարբեր թանգարանների սեփականությունը եղող նկարները։ Փարիզյան թերթերը մեծ հիացմունքով են խոսել այդ ցուցահանդեսի մասին։

Մախոխյանի աշխատանքներից պահվում Են Հայաստանի ազգային պատկերասրահում[2], Ս. էջմիածնի վանքի Վեհարանում, Նիսի գեղարվեստի, Կաունասի Մ. Չյոռլյոնիսի անվան, Վենետիկի Մխիթարյան միաբանության թանգարաններում և մասնավոր հավաքածուներում[3]։

ՍտեղծագործություններԽմբագրել

Մախոխյանը ստեղծել է ծովային տեսարաններ և բնանկարներ («Տրապիզոնի վանքը», «Փոթորիկ Սևաստոպոլի առաջ», «Հուզված ծովը վերջալույսին», «Բրետանի ափերը», «Ալիք», «Դանիական ափերը», «Ռուսական ստեպները», «Լուսնի ցոլքը ծովի վրա», «Փոթորիկ Սևաստոպոլի մոտ», «Մատուռ ծովափին», «Սորենտոյի ափերը» և այլն), որոնք աչքի են ընկնում գունալուսային նուրբ հարաբերումներով, ծովի անեզրության, կենսալիության և իրականության ու նյութականի խոր զգացողությամբ, բնանկարներ՝ Հյուսիսային Գերմանիայի, Սկանդինավիայի, Միջերկրական ծովի ափերից։ Բնանկարներում արձագանքել է իր ժողովրդի պատմության ողբերական իրադարձություններին։ Հովհաննես Այվազովսկուց հետո Մախոխյանը ամենանշանավոր ծովանկարիչն է հայ նոր կերպարվեստում։

Բարձր են գնահատել «Մայրամուտը Սև ծովի վրա», «Ձմեռը Կովկասում», «Ալիքը», «Սարակինոսների աշտարակը», «Դանիական ափերը», «Նավաբեկության մնացորդները», «Ոսկեզօծ ծովը», «Ամպրոպը», «Ձկնորսները լուսնկա գիշերով», «Լեռնային եղևներիներ» և այլ գործեր։ Օտար և հայ մամուլում հաճախ են տպագրվել նրա ծովանակարները[4]։

ՑուցահանդեսներԽմբագրել

Անհատատական ցուցահանդեսներ՝ Կահիրեում (1902, 1904), Ալեքսանդրիայում (1904), Մյունխենում, Դյուսելդորֆում, Բեռլինում (1907), Լոնդոնում (1914), Նիսում (1918, 1932, 1936), Մարսելում (1923), Փարիզում (1925)։

ԳրականությունԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել

  1. 1,0 1,1 Եղիշե Մարտիկյան, Հայկական կերպարվեստի պատմություն, Երևան, 1987
  2. Վարդան Մախոխյանի աշխատանքները ՀԱՊ-ում
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007 
  4. Գառնիկ Ստեփանյան (1981)։ Կենսագրական բառարան, հատոր Բ։ Երևան: «Սովետական գրող»։ էջ էջ 271