Էդուարդ Արծրունյան
Էդուարդ Սիմոնի Արծրունյան (դեկտեմբերի 28, 1929, Լենինական, ԽՍՀՄ - մայիսի 5, 2010, Երևան, Հայաստան), հայ գեղանկարիչ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ։
Էդուարդ Արծրունյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 28, 1929 |
Ծննդավայր | Լենինական, ԽՍՀՄ |
Վախճանվել է | մայիսի 5, 2010 (80 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Գյումրու նկարչական դպրոց (1944), Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1946) և Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1951) |
Մասնագիտություն | նկարիչ |
Ներշնչվել է | Վարդգես Սուրենյանց, Սեդրակ Առաքելյան, Ստեփան Աղաջանյան, Ռեմբրանդտ վան Ռեյն, Պոլ Սեզան, Անրի Մատիս և Պոլ Գոգեն |
Պարգևներ | |
Անդամակցություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Կենսագրություն
խմբագրել1938-1944 թթ. սովորել է հայրենի քաղաքի՝ Լենինականի Մերկուրովի անվան գեղարվեստի դպրոցում, 1944-1946 թթ.՝ Երևանի Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։ Այնուհետև պատանի նկարիչը տեղափոխվել է Լենինգրադ` ուսանելու։ Սկզբում սովորել է ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի Լենինգրադի Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտին կից արվեստի դպրոցում` 1947-1951 թթ., այնուհետև՝ 1951-1957 թթ., նույն ինստիտուտում, որն ավարտել է գերազանցության դիպլոմով։ 1963-1974 թթ. Արծրունյանն աշխատել է Մոսկվայի «Պլակատ» հրատարակչությունում, որպես պաստառի առաջատար մասնագետ։ 1974 թ. Արծրունյանը մշտական բնակության է վերադարձել հայրենիք։ 1984 թ. նկարիչն արժանացել է վաստակավոր, իսկ 1990 թ.` ժողովրդական նկարչի կոչման։ Էդուարդ Արծրունյանը կյանքից հեռացել է 2010 թ. մայիսի 5-ին։
Ոճերը
խմբագրելԷդուարդ Արծրունյան անունը հայ ժամանակակից կերպարվեստում շրջանառվել է դեռևս անցած դարի 60-ականներից, երբ երևան եկան այնպիսի նկարիչներ, ինչպիսիք են Մինաս Ավետիսյանը, Հակոբ Հակոբյանը, Հենրիկ Սիրավյանը, Աշոտ Հովհաննիսյանը, Օնիկ Մինասյանը, Աշոտ Մելքոնյանը և այլք։ Այդ տարիներին արևմտյան կերպարվեստի ձեռքբերումները մեզնում տեղայնացնելու փորձերի շնորհիվ հայկական ժամանակակից գեղանկարչությունն աննախադեպ վերելք ապրեց, մինչդեռ Արծրունյանը, հրաժարվելով գայթակղությունից, շարունակեց հայ դասականների` Վարդգես Սուրենյանցի, Եղիշե Թադևոսյանի, Փանոս Թերլեմեզյանի, Ստեփան Աղաջանյանի, Սեդրակ Առաքելյանի գործը։
Նա, կատարելագործելով թեմատիկ կոմպոզիցիայի ժանրը, հարստացրեց հայ կերպարվեստի գունապնակը արծրունյանական գունամտածողությամբ։ Էդուարդ Արծրունյանը ստեղծագործական երկար ճանապարհ է անցել՝ շուրջ 60 տարի, և այդ ընթացքում շարունակական պրպտումների մեջ է եղել. իրեն փորձել է տարբեր ոճերում և «իզմերում», ինչի արդյունքում մենք տեսնում ենք մի անուն, ով մեծ վարպետությամբ հանդես է եկել ակադեմիական, ռեալիստական, սոցռեալիստական, ռոմանտիկ, իմպրեսիոնիստական, պոստիմպրեսիոնիստական, ֆով, կուբո-վերացական ուղղություններում։ Նկարչի արվեստին առանձնահատկություն են հաղորդում նրա թեմատիկ հետաքրքրությունները, որոնք նրա ողջ ստեղծագործական կյանքի ընթացքում անփոփոխ մնացին՝ ազգային-պատմական, ազգագրական-կենցաղային և ծիսական։
Էդուարդ Արծրունյանը ստեղծագործել է նաև գրաֆիկայի ժանրում՝ պաստառ, բեմանկարչություն։
Գեղանկարչություն
խմբագրելԷդուարդ Արծրունյանը ստեղծել է 1000-ից ավելի գեղանկարչական աշխատանքներ, հիմնականում թեմատիկ կոմպոզիցիայի ժանրում, ինչպես նաև դիմանկարներ և բնանկարներ, որոնք պահպանվում են նկարչի ընտանիքի հավաքածուի մեջ, Հայաստանի ազգային պատկերասրահի, Մոսկվայի Տրետյակովյան, Պուշկինի և Արևելյան ժողովուրդների թանգարանների մշտական ցուցադրությունում, ինչպես նաև մասնավոր հավաքածուներում։
Որմնանկարչություն
խմբագրելՈրմնանկարի ժանրին Արծրունյանն իր ստեղծագործական կյանքի ընթացքում մեկ անգամ է անդրադարձել։ Եվ այդ ժանրի նրա միակ ստեղծագործությունը, որն իրականացվել է Խաչիկ Հարությունյանի հետ համատեղ, վերջերս է գտնվել, քանի որ երկար տարիներ շարունակ նկարիչն այն ոչնչացված էր համարում։ «Հայաստան» որմնանկարը տեղակայված է ՀՀ Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի զինվորական զորամասում։ Շնորհիվ Անահիտ Կորյունի ջանքերի, այն ընդգրկվել է ՀՀ մշակութային հուշարձանների ցանկում[փա՞ստ]։ Որմնանկարը ոչ միայն ամրակայման և վերականգնման կարիք ունի, այլև հանրահռչակման[1]։
Անհատական ցուցահանդեսներ
խմբագրելԱրվեստագետն ունեցել է բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ հայրենիքում և նրա սահմաններից դուրս՝ Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Կիպրոս, Իրան և այլուր։ Նրա ստեղծագործությունները ներկայացված են մշտական ցուցադրության Մոսկվայի Տրետեկովյան, Պուշկինի, Արևելյան ժողովուրդների թանգարաններում, Հայաստանի ազգային պատկերասրահում և նրա մասնաճյուղերում, մասնավոր հավաքածուներում։
- 2009 Ասլամազյան քույրերի պատկերասրահ, Գյումրի
- 2009 Հայաստանի նկարիչների միություն, Երևան
- 2004 Էդուարդ Արծրունյան-75, Նիկոսիա, Կիպրոս
- 2001 Լոնդոն
- 2000 Լոնդոն
- 1999 Էդուարդ Արծրունյան-70, Երևան
- 1991 Լոնդոն
- 1990 Մոսկվա
- 1989 Էդուարդ Արծրունյան-60, Մոսկվա
- 1988 Երևան
- 1988 Մոսկվա
- 1987 Էջմիածին
- 1987 Լենինական
- 1987 Երևան
Գրականություն
խմբագրել- Էդուարդ Արծրունյան. Ցուցահանդեսի կատալոգ, առաջաբանը՝ Մարինա Ստեփանյան, 1986, Երևան
- Эдуард Арцрунян. Каталог выставки, Авт. вступ. ст. М.Г. Степанян, 1989, Москва
- Ամենանկարիչ նկարիչը. քառալեզու ակնարկաշար, հեղինակ՝ Անահիտ Կորյուն / Մանուկյան/, 2011, Երևան
- Արծրունյանական գլուխգործոցներ. ալբոմ, կազմեց և առաջաբանը գրեց՝ Անահիտ Կորյուն / Մանուկյան/, 2013
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Էդ. Արծրունյանի «Հայաստան» որմնանկարը նորահայտ օբյեկտների ցանկում է | Asparez». www.asparez.am. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 28-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- https://www.youtube.com/watch?v=V58IkbxLFjE
- https://www.youtube.com/watch?v=xwjOv40yvlU
- https://www.youtube.com/watch?v=t9mnjQyPlAA
- https://www.youtube.com/watch?v=zds1NqtjXIo
- https://www.youtube.com/watch?v=-he_-6DR-xA
- https://www.youtube.com/watch?v=ngs1J1830nA
- http://artrepriza.ru/isk/662-hudozhnik-iz-hudozhnikov.html Արխիվացված 2016-04-06 Wayback Machine
- http://anahitkoryun.blogspot.com/2014/04/blog-post.html
- http://anahitkoryun.blogspot.com/2013/02/blog-post_2.html
- http://mygyumri.com/norutyunner/142-eduard-arcrunyan-skizb-gyumri.html(չաշխատող հղում)