Վարդգես Սուրենյանց
Վարդգես Հակոբի Սուրենյանց (փետրվարի 27 (մարտի 10), 1860, Ախալցխա, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - ապրիլի 6, 1921, Յալթա, Տավրիկյան նահանգ, Խորհրդային Ռուսաստան), ականավոր հայազգի նկարիչ, հայ ազգային պատմանկարչության հիմնադիր։
Վարդգես Սուրենյանց | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 27 (մարտի 10), 1860 |
Ծննդավայր | Ախալցխա |
Վախճանվել է | ապրիլի 6, 1921 (61 տարեկան) |
Մահվան վայր | Յալթա |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Վրաստան |
Կրթություն | Մյունխենի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | լեզվաբան, նկարիչ, նկարազարդող, արվեստների գործիչ, թարգմանիչ և քանդակագործ |
Ժանր | դիմապատկեր |
Աշակերտներ | Գարեգին Երիցյան |
Vardges Surenyants Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Վարդգես Սուրենյանցը ծնվել է 1860 թվականին Ախալցխայում, հոգևորականի ընտանիքում։ Նախնական կրթություն ստացել է Լազարյան ճեմարանում, այնուհետ շարունակել ուսումը Մոսկվայի մեծ հեղինակություն ունեցող գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի ճարտարապետության բաժնում։ Իբրև նկարիչ ձևավորվել է Մյունխենի կայսերական ակադեմիայում։
Տիրապետելով տասը լեզուների՝ Սուրենյանցը ուսումնասիրել է տարբեր ազգերի արվեստն ու գրականությունը։ Ժամանակակիցների վկայությամբ նա պարսկերեն Հաֆեզ ու Խայամ էր արտասանում, անգլերենից Վիլյամ Շեքսպիր ու Օսկար Ուայլդ թարգմանում, իտալերեներով զեկուցումներ կարդում, գրում գերմաներեն գրքերի առաջաբաններ, հայոց լեզվի բոլոր բարբառներով զրուցում թուրքական ջարդերից փախած գաղթականների հետ, ռուսերենով կատակում իր բարեկամ Իլյա Ռեպինի հետ։ Մյունխենից վերադառնալուց հետո Սուրենյանցը մասնակցել է դեպի Պարսկաստան կազմակերպված գիտարշավին։
Սուրենյանցը ապրել և ստեղծագործել է օտար երկնքի տակ, բայց իր ամբողջ էությամբ և հոգու ամեն մի թելով կապված է եղել հարազատ ժողովրդին, եղել նրա բախտակիցը, հույզերի ու խոհերի թարգմանը։ «Աշխարհիս ամեն կողմը ցրված են զորեղ նկարիչներ, որոնցից ամեն մեկն իր գտնված երկրում անուն է հանել և հռչակվել հայրենիքից դուրս, զորօրինակ Շահին, որ գտնվում է Փարիզում, Մախոխյան՝ Բեռլինում և շատ ուրիշներ։ Եվ ամեն անգամ, երբ իրար պատահում էինք միշտ լուրջ կերպով ցավակցում էինք, որ այդ կերպ անջատված ենք իրարուց և չենք կազմում մի ամփոփ ընկերություն. այդ գանգատը ես անձամբ հանգուցյալ Հովհաննես աղա Այվազովսկուց ևս լսել եմ»։ Մյունխենում ուսումնասիրել է գծանկարչություն և գրաֆիկա, տպագրել է ծաղրանկարներ «Թռչող թերթիկներ» երգիծական թերթում։
ԳործերըԽմբագրել
Իր կտավներում նա ցույց է տվել հայ ժողովրդի հերոսական անցյալը, ներկան ու գալիքը, նրա ընդվզումն ու հույսը, տառապանքն ու հավատը, նրա անմահությունը։ Հայ ժողովրդի ողբերգությունն իր գեղարվեստական արտացոլումն է գտել նկարչի «Ոտնահարված սրբություն» կտավում, որը ցասկոտ բողոք է ընդդեմ հնադարյան հայկական մշակույթի բարբարոսական ոչնչացման։ Օտարերկրյա զավթիչների դեմ բողոքի մեկ այլ դրսևորում է «Շամիրամը Արա Գեղեցիկի դիակի մոտ» ստեղծագործությունը։ Գոյատևելու հավատն է արտահայտված «Հռիփսիմե» կտավում, որը իբրև պատմական բնանկարչության լավագույն օրինակ, միաժամանակ բանաստեղծական խոր ապրումների արդյունք է։ Գրաֆիկական արվեստի բարձր մակարդակով է արված Օսկար Ուայլդի «Արքայադստեր ծննդյան տունը» հեքիաթի, հայկական ժողովրդական «Օձամանուկ և Արևահատ», «Մոխրոտ», «Գառնուկ ախպեր», «Իմաստուն օձը» հեքիաթների պատկերազարդումները։ Նկարազարդել է Մետեռլինգի «Կույրեր», «Այնտեղ ներսում», «Անկոչը» պիեսները։
Պարսկաստան կատարած գիտարշավի տպավորությունների տակ նկարել է արևելյան թեմաներով կտավներ։ Այդ թեմայով կտավներից ուշագրավ են Հայաստանի ազգային պատկերասրահում ցուցադրվող «Հարեմում», «Ֆիրդուսին կարդում է իր «Շահնամե» պոեմը», «Սալոմե» գեղանկարները։ «Սուրենյանցի կտավներում գերազանց ներկայացված է արևելյան ճարտարապետությունը անթիվ զարդանախշերի հետ, որոնք քանդակված են քարի վրա ինչպես ժանյակը» ― այսպես է բնութագրել նրա ստեղծագործությունները անվանի քննադատ Վ. Ստասովը։
Դժվար է կերպարվեստում գտնել մի ոլորտ, ուր Սուրենյանցը մուտք գործած չլինի։ Նա ոչ միայն խոշոր գեղանկարիչ, այլև գրքի տաղանդավոր ձևավորող, հայտնի թատերական նկարիչ, արվեստի հմուտ տեսաբան, թարգմանիչ, ճարտարապետ, քանդակագործ և հասարակական գործիչ է։ Նկարել է նաև բնանկարներ և դիմանկաներ։ Սուրենյանցը նկարազարդել է բազմաթիվ հայկական ժողովրդական հեքիաթներ, Ալեքսանդր Պուշկինի «Բախչիսարայի շատրվան» պոեմը, Օսկար Ուայլդի հեքիաթները, Մետեռլինգի ստեղծագործությունները։ Յալթայի հայոց եկեղեցու որմնանկարների հեղինակը նույնպես Սուրենյանցն է։
ՊատկերասրահԽմբագրել
Ներքինին Հարեմում Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահում
Խրիմյան Հայրիկ կաթողիկոսի դիմանկարը
ԱղբյուրներԽմբագրել
- Սուրենյանց Վարդգես - Հայկական Հանրագիտարան
- Ռիմա Հայրապետյան, Սուրենյանցի անզուգական աշխարհը, Հոգևոր հայրենիք ամսաթերթ, հմ․ 12, 2005 թ.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Վարդգես Սուրենյանց կատեգորիայում։ |