Էդգար Շահին

հայ նկարիչ-փորագրող, նկարիչ

Էդգար Պետրոսի Շահին (ֆր.՝ Edgar Chahine, հոկտեմբերի 31, 1874(1874-10-31)[1][2], Վիեննա, Ավստրո-Հունգարիա - մարտի 18, 1947(1947-03-18)[1][2], Փարիզ), հայ նկարիչ, ֆրանսիական Պատվո լեգեոնի ասպետ և շքանշանակիր, Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամ 1928 թ, Վենետիկի պատվավոր քաղաքացի։ Շահինը փորագրանկարչության խոշորագույն վարպետ է, նրա ստեղծագործությունը հայ մշակույթի և 20-րդ դարի սկզբի եվրոպական կերպարվեստի նշանակալի երևույթներից է։

Էդգար Շահին
ֆր.՝ Edgar Chahine
Ծնվել էհոկտեմբերի 31, 1874(1874-10-31)[1][2]
ԾննդավայրՎիեննա, Ավստրո-Հունգարիա
Վախճանվել էմարտի 18, 1947(1947-03-18)[1][2] (72 տարեկան)
Մահվան վայրՓարիզ
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունԺյուլիանի ակադեմիա, Մուրադ-Ռափայելյան վարժարան և Վենետիկի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ, նկարիչ-փորագրող, գծանկարիչ և նկարազարդող
ՈւսուցիչAntonio Dal Zotto?
 Edgar Chahine Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Վիեննայում 1874 թվականին։ Սովորել է Վենետիկի Մուրադ-Ռափայելյան վարժարանում։ 1896 թվականին մեկնել է Փարիզ։ Հաճախել է Ժյուլիանի ակադեմիան Ժ. Պ. Լորանսի ու Բ. Կոստանի մոտ[3]։

  • 1896 թվականից «Մարդկային թշվառություն» ընդհանուր խորագիրը կրող գեղանկարչական աշխատանքներով՝ «Մուրացկանը», 1896, «Փողոցի մի անկյուն», 1897, «Շնչահեղձը», 1898, «Անապաստանը», 1899, «Փողոց Մոնմարտրում», մասնակցել է ցուցահանդեսների
  • 1899 նկարիչն ստեղծագործել է փորագրության բնագավառում. առաջին իսկ գործերով արժանացել է ճանաչման
  • 1900 թվականին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում Շահինը արժանացել է ոսկե մեդալի, ընտրվել Լոնդոնի գեղարվեստի թագավորական ընկերության, փորագրողների միության, Հռոմի իտալական գեղարվեստի ազգային ընկերության անդամ։ 1900-ական թվականների փորագրությունները («Աղբահաններ», «Պետրոս Շահին», «Անատոլ Ֆրանս», երեքն էլ՝ 1900, «Լաթահավաք կինը», 1901, «Զբոսանք», «Հայկական երեկոյի ծրագիր», երկուսն էլ՝ 1902, «Ջեմմա», «Լիլի», «Լուիզ Ֆրանս», «Բեռնակառք», «Գործազուրկը», հինգն էլ՝ 1903, «Թխահերն ու շիկահերը», 1907, «Ընկած ձին», 1910) առանձնանում են գոյության պայքարի, թշվառության ու պերճանքի հավաստի պատկերմամբ
  • 1901 թվականին մասնակցել է Վենետիկի բիենալեին
  • 1903 թվականին Վենետիկի համաշխարհային ցուցահանդեսում Շահինի 20 փորագրություններն արժանացել են ոսկե Մեծ մրցանակի, ֆրանսիական կառավարությունը նրան շնորհել է Պատվո լեգեոնի ասպետի աստիճան և շքանշան
  • 1905 թվականին, նաև հետագայում, Շահինը ճանապարհորդել է Իտալիայում, ստեղծել «Իտալական տպավորություններ» շարքը («Կուլոնի աբբայարանը», 1915, «Սուրբ Պետրոսի ջրանցքը», «Ոգիների տունը», «Սուրբ Մարկոսի հրապարակը», «Ի՛նչ գեղեցիկ հայկական քիթ», 1921, «Հմայիչ կինը», «Հրաշալի երեխան», «Ֆրանչեսկոնի», երեքն էլ՝ 1922-1925 թթ.)

Ստեղծագործական գործունեություն խմբագրել

Շահինն իր գործերում կիրառել է փորագրության գրեթե բոլոր եղանակները (օֆորտ, փափուկ լաք, աքվատինտա), սակայն նախընտրել է չոր ասեղի տեխնիկան, որը հասցրել է կատարելության։ Նա Վենետիկի մեծ նկարիչներից էր և պատվավոր քաղաքացի։ 1930 թվականին ուղևորվել է Բրետանի և Լա Մանշի ափեր, ստեղծել բացառիկ գեղեցկության բնանկարների շարք («Կրաուզիկ», «Ձկնորսական նավակներ», «Փոքրիկ լողափ» և այլն)։ Շահինի՝ հայ իրականությանը նվիրված տասնյակ գործերից ուշագրավ են «Ալևոր հայը», Պողոս Նուբարի, Տիկին Զարմիկյանի, օրիորդ Երամի և ուրիշների դիմանկարները։ Գրիգոր Զոհրապի առաջարկությամբ ստեղծել է մի օֆորտ, որտեղ պատկերել է սպանդից փրկված հայ որբերի. երկրորդ պլանում Անիի Հովվի եկեղեցին է։

Շահինն ստեղծագործել է նաև գրքի նկարազարդման բնագավառում. ձևավորել է Անատոլ Ֆրանսի «Կատակերգական պատմություն», Գուստավ Ֆլոբերի «Նոյեմբեր», Գաբրիել Մուրեի «Փարիզի տոնավաճառի մարդիկ» (140 օֆորտ), Մորիս Բարեսի «Վենետիկի մահը», Վերգիլիոսի «Մշակականք» (Տիգրան Պոլատի ու 15 այլ նկարիչների հետ) և այլ գրքեր։ Շահինը բազմաթիվ ընկերությունների (Հռոմի իտալական գեղարվեստի ազգային, Լոնդոնի գեղարվեստի թագավորական և այլն) և միությունների (Փորագրողների և այլն) անդամ էր։ 1928 թվականին հեռակա ընտրվել է Հայաստանի կերպարվեստագետների միության պատվավոր անդամ։ 1936 թվականին՝ Երևանում, Թիֆլիսում, 1940 թվականին՝ Լենինգրադի Էրմիտաժ թանգարանում բացվել են նրա փորագրությունների ցուցահանդեսները. շուրջ 160 գործ նվիրել է Հայաստանին։ 1974, 1994 և 2004 թթ. Երևանում կազմակերպել են Շահինի ծննդյան 100, 120 և 130-ամյակներին նվիրված ցուցահանդեսներ։

Գործերը պահվում են Փարիզի ազգային գրադարանում, Վենետիկի քաղաքային թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում (300-ից ավելի), Էրմիտաժում, Մոսկվայի Պուշկինի անվան կերպարվեստի և եվրոպական երկրների այլ թանգարաններում։

1995 թվականին Ֆրանսիայի Ժիզյո քաղաքից (Նորմանդիա) ոչ հեռու, Սեն Միշելում, բացվել է Շահինի թանգարանը։

Պարգևներ խմբագրել

Շահինն արժանացել է Ոսկե մեդալի (1900 թ., Փարիզ) և Ոսկե մեծ մրցանակի (1903 թ., Վենետիկ), Ֆրանսիայի Պատվո լեգեոնի ասպետի աստիճանի և շքանշանի։

Մեջբերումներ Էդգար Շահինի մասին խմբագրել

«Շահինը ոչ միայն նրբաճաշակ արվեստագետ է, այլև նրբազգաց հոգեբան, պատմագետ»։
Պ. Օքքինի
Իտալացի արվեստաբան

«Այն հարստությունը, որ պարգևում է մեզ Շահինը, պարտավորեցնում է ավելի գնահատել նրա տաղանդի հզորությունն ու հմայքը»։
Մաքս Ռոժե
Ֆրանսիացի արվեստաբան

«Էդգար Շահին. ահա մեր կերպարվեստի նորահայտ փառքերից։ Դիտեցեք նրա օֆորտները. մի օր «Պառավն» եք նախընտրելու, հաջորդ օրը՝ «Շատո Ռուժը», և այսպես շարունակ։ Այս ամենի համար միայն մեկ բառ կա՝ «ապշեցուցիչ»»։
Շառլ Շենյոլ
Ֆրանսիացի արվեստաբան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.