Բացել գլխավոր ցանկը

Հովհաննես Զարդարյան

հայ նկարիչ
(Վերահղված է Հ. Զարդարյանից)

Հովհաննես Մկրտչի Զարդարյան (հունվարի 8, 1918(1918-01-08), Կարս, Կարսի նահանգ, Թուրքիա - հուլիսի 21, 1992(1992-07-21), Երևան, Հայաստան), հայ գեղանկարիչ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1963), ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս (1988), պրոֆեսոր։

Հովհաննես Զարդարյան
Hovhannes Zardaryan 2018 stamp of Armenia.jpg
Ծնվել էհունվարի 8, 1918(1918-01-08)
ԾննդավայրԿարս, Կարսի նահանգ, Թուրքիա
Վախճանվել էհուլիսի 21, 1992(1992-07-21) (74 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
ՊարգևներՀայկական ԽՍՀ ժողովրդական նկարիչ Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և Ժողովուրդների բարեկամության շքանշան
ԶավակներԱնահիտ Զարդարյան
Hovhannes Zardaryan Վիքիպահեստում

Նկարչուհի Անահիտ Զարդարյանի հայրն է։

ԿենսագրությունԽմբագրել

Հովհաննես Զարդարյանը ծնվել է Կարսում, 1918 թվականի հունվարի 8-ին, արհեստավորի ընտանիքում: Եղեռնից մազապուրծ` Զարդարյանների ընտանիքը որոշ ժամանակ ապաստանել է Ռուսաստանում` Կրասնոդար քաղաքում, այնուհետև ապրել են Արմավիրում, իսկ հետո` հաստատվել Թիֆլիսում, որտեղ ապագա նկարիչն ավարտել է յոթնամյա դպրոցը, ապա ընդունվել տեղի Գեղարվեստի ակադեմիան: Այնուհետև նա տեղափոխվել է Երևան և 1933 թվականին ընդունվում Երևանի Գեղարվեստի ուսումնարանը` սովորելով Սեդրակ Առաքելյանի և Վահրամ Գայֆեճյանի ուսումնական արվեստանոցներում, որից հետո էլ 1937-1941 թվականներին սովորում Համառուսաստանյան Գեղարվեստական ակադեմիայում (ավելի ուշ` Լենինգրադի Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ): Նրա ստեղծագործությունները գտնվում են այնպիսի թանգարաններում, ինչպիսիք են`  Հայաստանի ազգային պատկերասրահը, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահը, Սանկտ Պետերբուրգի ռուսական արվեստի թանգարանը, ինչպես նաև Կիևի, Վոլգոգրադի թանգարաններում, մասնավոր հավաքածուներում: Զարդարյանը շրջագայել է ողջ Հայաստանում: Նա կյանքի վերջին տասնամյակներում հեռացել է Երևանից, ապրել և ստեղծագործել Բյուրականում, ուր աստղադիտարանի կողքին գտնվում է իր տուն-արվեստանոցը: Նա երկար տարիներ զբաղվել է նաև մանկավարժական գործունեությամբ, դաստիարակել գեղանկարիչների շնորհալի մի քանի սերունդներ. 1951-1959 թվականներին դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, այնուհետև գնացել է Բյուրական և որոշ ընդմիջումից հետո կրկին վերադարձել մանկավարժական գործունեությանը: 1969-1982 թվականներին ղեկավարել է ՀՀ Մանկավարժական ինստիտուտի գեղանկարի և կոմպոզիցիայի ամբիոնը: Հովհաննես Զարդարյանը մահացել է Երևանում, 1992 թվականի հուլիսի 21-ին:

Ստեղծագործական գործունեությունԽմբագրել

Պատերազմից հետո հայկական գեղանկարչության մեջ ի հայտ եկած նոր որակները մեծ չափով կապված էին Հովհաննես Զարդարյանի անվան հետ: Մեծ հայրենականն իր հետքը թողեց նկարչի ամբողջ արվեստի վրա: Պատերազմի տարիների լարված աշխատանքը նպաստեց նկարչի գաղափարագեղարվեստական սկզբունքների վաղ ձևավորմանը և նրա բազմաժանր ստեղծագործության անհատական առանձնահատկությունների երևան գալուն: Զարդարյանի կրակոտ, բայց ներքնապես միշտ էլ նպատակաուղղված արվեստը, ճիշտ է, ձևավորվել է դժվար տասնամյակներում, բայց ինչպես և ամեն մի նշանավոր արվեստագետի, այնպես էլ Հովհաննես Զարդարյանի տաղանդը կապված է եղել ազգային մշակույթի ավանդույթների հետ: Զարդարյանն իր արվեստում չէր սահմանափակվում միայն մեկ ասպարեզով: Նա իրեն դրսևորել է բնանկարի, դիմանկարի, նատյուրմորտի և սիմվոլիկ-այլաբանական կոմպոզիցիայի ժանրերում: Սակայն նկարչի ստեղծագործության առանցքն իրավամբ պետք է համարել սիմվոլիկ-այլաբանական կոմպոզիցիայի ժանրը: Այս ժանրի նրա բոլոր կտավները որոշակի գաղափարներ են հաստատում, նպատակային են ու օժտված են ազգային վառ նկարագրով[1]:

1940-ականների երկրորդ կեսին ստեղծված` հարազատ ժողովրդի պատմությանը և այդ օրերի կյանքին նվիրված կոմպոզիցիոն կտավները հաստատեցին նրա մուտքն իբրև թեմատիկ նկարների վարպետի, որի նշանակությունը դուրս է գալիս ազգային արվեստի շրջանակներից: Այս ժանրում նրան մեծ ճանաչում բերեցին «Սևանգէսի շինարարների հաղթանակը» (1947 թ.) և

«Նախաշավիղ» (1948 թ.) յուղաներկ կտավները: Այս աշխատանքներում նա դրսևորվել է որպես մի նկարիչ, ով իր առջև դրել է գաղափարական և գեղագիտական բնույթի դժվարին հարցեր:

Զարդարյանի մյուս լավագույն աշխատանքը «Նախաշավիղ» կտավն է: Այս աշխատանքում Խաչատուր Աբովյանի կերպարն ստեղծելիս նկարիչն օգտագործել է ռոմանտիկ դիմանկարի միջոցները: Իր ստեղծագործություններում նա Աբովյանին պատկերել է ոչ միայն որպես գրող, այլև որպես ուսուցիչ: Եվ պատահական չէ, որ «Նախաշավիղ»-ում Աբովյանի կողքին կարծես Հայաստանի լուսավոր ապագան խորհրդանշող հայ գեղջուկ պատանուն է պատկերել` հեռվում երևացող Արարատ լեռան և քարքարոտ բնության ֆոնի վրա:

Նրա մյուս լավագույն աշխատանքը քնարական շնչով ստեղծված «Ձգտում» (1960 թ.) կտավն է: Այն բնության ու մարդու մտերմության, սիրո և գեղեցկության խորհրդանիշ է, նրա մեջ արտահայտված է երազանքներին հասնելու անսահման ձգտում, վերսլացումի, առեղծվածայինը բացահայտելու անհագ տենչ ու կարոտ: Այս աշխատանքը բանականության ու խոհափիլիսոփայության փայլուն մարմնավորում է:

Զարդարյանի գլուխգործոցն է համարվում «Գարուն» (1956 թ.) սիմվոլիկ-այլաբանական հայտնի կտավը, որը «ձնհալքի» խորհրդանիշն էր և որը նկարչին միութենական համբավ բերեց և դարձավ ողջ խորհրդային կերպարվեստի լավագույն նմուշներից մեկը: Այստեղ նկարիչը չի բավարարվել զուտ բնանկարային լուծումով: Որպես գարնան ու վերածննդի, Արագածի կենարար ուժի խորհրդանիշ, նա կտավում պատկերել է կուժը ձեռքին մի գեղջկուհու: Ջրով լի կուժը Արագածի բարիքների խորհրդանիշն է: Այստեղ հավատի մեծ ուժ, ապագայի հանդեպ մեծ ձգտում, նաև կյանք ու շարժում կա:

Հովհաննես Զարդարյանի` «Սևանգէսի շինարարների հաղթանակը» (1947 թ.), «Նախաշավիղ» (1948 թ.), «Գարուն» (1956 թ.), «Գաղթ» (1956-1960 թթ.), «Ձգտում» (1960 թ.), «Աղբյուր» (1965-1975 թթ.), «Պլեադներ» (1965-1975 թթ.), և այլ հայտնի կտավներն իրական ուղեցույցներ դարձան սիմվոլիկ-այլաբանական կոմպոզիցիայի ժանրի զարգացման համար:

Հովհաննես Զարդարյանն եղել է նաև դիմանկարի հրաշալի վարպետ: Նա իր դիմանկարներում երբեմն հրաժարվում է մարդու արտաքին լիարժեք բնութագրումից, որպեսզի դիմանկարում հաղորդի միայն բնորդի էությունը: Զարդարյանն ստեղծել է իր ժամանակակիցների դիմանկարներ, որոնց կերպարները, առհասարակ, դիպուկ են և ոչ միայն արտացոլում են մարդու ներաշխարհը, այլև ձգտում բացահայտելու դարաշրջանի ոգին: Նա մեծ հետաքրքրությամբ ստեղծել է գիտության մարդկանց դիմանկարներ:  Դրանց  թվին են   պատկանում   աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի,  հնագետ Բաբկեն Առաքելյանի,  պատմաբան Սուրեն Երեմյանի,  բանաստեղծներ  Եղիշե Չարենցի, Գևորգ Էմինի և  ուրիշների դիմանկարները:

Նկարիչն առանձնակի սիրով ու ջերմությամբ է անդրադարձել Կոմիտասի կերպարին: 1947-1951 թվականների ընթացքում Կոմիտասի երեք պատկեր է ստեղծել: Խորապես ներշնչվելով Կոմիտաս մարդու, ստեղծագործողի, նահատակի կերպարով` Զարդարյանը մարմնավորել է հայ ժողովրդի ապրած մեծ ողբերգությունը, նրա պատմական ճակատագիրը:

Գեղանկարչությունից զատ, Հովհաննես Զարդարյանին հրապուրել են նաև այլ ժանրերը: Նա գորգերի ու նկարազարդ առաստաղների տասնյակ էսքիզների հեղինակ է, բալետների ու ներկայացումների գեղարվեստական ձևավորող:    Նկարիչն առանձնակի սիրով է վերաբերվել ժողովրդական արվեստի ստեղծագործություններին: Ավելին, նրա ողջ ստեղծագործությունը սնվում է ազգային արվեստի ակունքներից: 1950-ականների առաջին կեսերին Հ. Քեշիշյանի հետ միասին աշխատել է մի գորգի ձևավորման վրա, ուր պատկերվել է Բոգդան Խմելնիցկին, և այն նվիրվել է Ուկրաինային: 1970 թվականին Զարդարյանն իր դստեր` Ա. Զարդարյանի և Ռ. Այվազյանի հետ համատեղ ձևավորում է Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը (որի բեմադրություններն ընթացել են Երևանի Օպերայի և բալետի պետական թատրոնում և Վորոնեժի Օպերայի և բալետի պետական թատրոնում):

Զարդարյանի մոնումենտալ, սիմվոլիկ հնչեղությամբ ստեղծված գործերն իրենց հետ բերեցին նոր որակ. նպաստեցին կերպարվեստի և ժամամանակակից ճարտարապետության միաձուլման խնդրի լուծմանը: Զարդարյանը Հայաստանում առաջիններից մեկն է եղել, որ ստեղծել է որմնանկարային բնապատկերներ: Առհասարակ 1950-ականների երկրորդ կեսին է, որ ձևավորվում է խորհրդային շրջանի հայ մոնումենտալ-դեկորատիվ` ճարտարապետության հետ համադրված նկարչությունը: Եվ այդ ասպարեզում ձեռք բերած գեղարվեստական առաջին լուրջ նվաճումները կապված են Հովհաննես Զարդարյանի և Վան Խաչատուրի ստեղծագործության հետ: Խոսքը վերաբերում է 1958-1959 թվականներին մայրաքաղաքի «Արարատ» ռեստորանում և «Արմենիա» հյուրանոցում Զարդարյանի, ինչպես նաև մի շարք այլ նկարիչների մասնակցությամբ կատարված դեկորատիվ որմնանկարին ու առաստաղային պատկերներին:

Հովհաննես Զարդարյանի բնանկարները 1940-1950-ականներինԽմբագրել

1940-ականներին արված «իմպրեսիոնիստական» աշխատանքների շնորհիվ Զարդարյանն ազատվում է մոխրագույն, շագանակագույն կամ, ինչպես ընդունված է ասել, «թանգարանային» գունաշարից: Սկզբնապես դրանք եղել են բնանկարային էտյուդներ: Այս շրջանի նրա աշխատանքները կտրուկ տարբերվում են մինչ այդ վրձնած իր բոլոր կտավներից վառ, լուսավոր կոլորիտով և ազատ, թեթև քսվածքներով: Դրանք գրեթե էտյուդներ են, որոնք գրավում են առաջին հերթին իրենց անմիջականությամբ:

Հովհաննես Զարդարյանի վաղ շրջանի աշխատանքներից են «Փշատենի» (1944 թ.), «Գարնանային էտյուդ» (1944 թ.), «Վաղ գարուն» (1945 թ.), «Ձմեռային բնանկար» (1946 թ.), «Տեսարան   Սևանա   կղզուց»  (1947 թ.) բնանկարները, Զարդարյանի 1950-ականներին արված բնանկարներից է «Աշունը  Այղրգյոլում» (1951 թ.), «Լուսաբացը Արագածի վրա» (1953 թ.), «Արագած» (1953 թ.), «Արագածի լանջերին» (1953 թ.), «Արա լեռան ստորոտում» (1953 թ.),  «Մթնշաղը Արագածի վրա» (1954 թ.), «Արագածի լանջերին» (1953 թ.), «Գառնիի կիրճը» (1954 թ.) և այլն:

Հովհաննես Զարդարյանի  բնանկարները 1960-1980-ականներինԽմբագրել

Այս տարիներին Զարդարյանի արվեստում բանստեղծորեն փոխակերպված, երազկոտ ու, միաժամանակ, հուզական կրքոտ տրամադրություններով լի բնապատկերները հանդես են գալիս ընդհանրացվածությամբ, գունային վառ հնչեղությամբ և կոմպոզիցիայի դինամիկ կառուցմամբ: Ներքին մեծ էներգիայի, ուժի, հերոսության զգացումն է հատուկ 1960-1980-ական թվականներին ստեղծված բնանկարներին: 1960-ական և հետագա տարիների աշխատանքներում նկարիչը հանդես է գալիս որպես իր սերնդի այն եզակիներից մեկը, ում կտավներն իրենց ներդաշնակ գույներով հակադրվում են ակադեմիական «մոխրագույն» արվեստին: Այս շրջանի բնապատկերները ձեռք են բերում դեկորատիվ հնչեղություն և պայծառ լուսեղենություն:

Այս շրջանի սկիզբը նշանավորում է Զարդարյանի լավագույն աշխատանքներից մեկը` «Ձգտում» (1960 թ.) ստեղծագործությունը, նրա լավագույն աշխատանքներից են նաև «Գարնան շունչը» (1961 թ.), «Պարզ օր Բյուրականի աստղադիտարանում» (1963 թ.),  «Ուշ աշուն» (1963 թ.), «Աշունը Եղեգնաձորի լեռներում» (1966 թ.), «Արարատ» (1968 թ.),  «Աշուն» (1968 թ.), «Գարունը  Արարատի վրա» (1970 թ.), «Արծաթագույն Արարատ» (1973 թ.), «Ձմեռը Բյուրականում» (1980 թ.), «Իմ այգին ամռանը» (1982 թ.) և այլն:

Մասնակցությունը ցուցահանդեսներինԽմբագրել

1941 թվականի Հայրենական մեծ պատերազմը ընդհատում է նրա ուսումը: Հովհաննես Զարդարյանը շուտով վերադառնում է Երևան և այդ ժամանակվանից էլ սկսվում է նրա բուռն ստեղծագործական գործունեությունը: Մասնակցում է հանրապետական և համամիութենական գեղանկարչական ցուցահանդեսներին, իսկ 1950-ականներից արդեն միջազգային ցուցահանդեսներին: 1944 թվականին մասնակցում է Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում կազմակերպված ցուցահանդեսին: Հետագա տարիներին մասնակցել է նաև Երիտասարդ նկարիչների  համամիութենական ցուցահանդեսին (1948 թ.), Հնդկաստանում կազմակերպված Խորհրդային արվեստի ցուցանադեսին (1951 թ.), Բրյուսելի Համաշխարհային ցուցահանդեսին (1958 թ.), ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի անդամների ցուցահանդեսներին (1961-1991 թթ.), Տոկիոյում կազմակերպված` «Խորհրդային արվեստի հիսուն տարին» ցուցահանդեսին (1967 թ.), «Հայաստանի արվեստը. Ուրարտուից մինչև մեր օրերը» ցուցահանդեսին` կազմակերպված Փարիզի Լուվրում (1971 թ.), Փարիզում բացված` «Ֆրանսիա-ԽՍՀՄ» ցուցահանդեսին (1974 թ.), ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի հայաստանյան անդամների գործերի ցուցահանդեսին (Ղուկաս Չուբարյանի և Գրիգոր Խանջյանի հետ համատեղ), որն ընթացավ ԽՍՀՄ-ի և Լեհաստանի մի շարք քաղաքներում (Մոսկվա, Ռիգա, Վիլնյուս, Պեդրոզավոդսկ, Վարշավա, Կրակով, 1976-1977 թթ.), Լիսաբոնում կազմակերպված հայ գեղանկարիչների ցուցահանդեսին (1977 թ.), Մոսկվայում և Լենինգրադում ընթացած «Հայ կերպարվեստը» ցուցահանդեսին (1984-1985 թթ.), 1987 թ.-ին մասնակցում է երկու ցուցահանդեսների. «Իտալիա. Երկիրը հայ նկարիչների աչքերով» (Վենետիկ, Իտալիա), «Կենտրոնական Ասիայի և Անդրկովկասի գեղանկարչությունը» (Քաբուլ, Աֆղանստան): Հովհաննես Զարդարյանի կտավները բազմիցս ցուցադրվել են նաև Նյու-Յորքի, Հռոմի, Վենետիկի, Տոկիոյի, Մոնրեալի, Բեռլինի, Փարիզի առավել ճանաչված ցուցահանդեսներում:

2015 թվականի սեպտեմբերի 24-ին Հայաստանի ազգային պատկերասրահում «Հայոց Մեծ Ցեղասպանության 100-ամյա տարելից»-ի շրջանակներում տեղի է ունեցել Հովհաննես Զարդարյանի «Գաղթ» խորագիրը կրող ցուցահանդեսի հանդիսավոր բացման արարողությունը[2]:

Հովհաննես Զարդարյանի ծննդյան 100-ամյակԽմբագրել

 
70 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն նկարիչ Հովհաննես Զարդարյանի «Գարուն» կտավը, իսկ 230 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը ներկայացնում է Հովհաննես Զարդարյանի լուսանկարը՝ իր «Ձմեռային բնանկար» կտավի խորապատկերին[3]

2018 թվականին Հայաստանի նկարիչների միությունում բացվել է Հովհաննես Զարդարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական «Ակունք» ցուցահանդեսը[4]: 2018 թվականի նոյեմբերի 6-ին Հայաստանի ազգային պատկերասրահում՝ Հովհաննես Զարդարյանի «Ակունք» ցուցահանդեսի սրահում, մարվել և շրջանառության մեջ դրվեց երկու նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հովհաննես Զարդարյանի ծննդյան 100-ամյակը» թեմային[5]:

ԱնդամակցությունԽմբագրել

Պարգևներ, կոչումներԽմբագրել

  • ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1956 թ.)
  • ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1963 թ.)
  • Պրոֆեսոր (1969 թ.)
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1956 թ.)
  • Ժողովուրդների բարեկամության շքանշան (1978 թ.)

Մեջբերումներ Զարդարյանի մասինԽմբագրել

  Հովհաննես Զարդարյանը մի նկարիչ է, ով մեր կերպարվեստի ամենախոշոր վարպետներից մեկն է, որովհետև նա է, որ ժամանակին իր սերնդակիցների հետ հիմք դրեց կոմպոզիցիոն նկարչությանը: Ես նրան չեմ աշակերտել, բայց ինձ համարում եմ նրա աշակերտը, որովհետև միայն Հովհաննես Զարդարյանի ստեղծած կոմպոզիցիաներն էին, որ մեզ մղում էին այդ ուղղությամբ աշխատելու: Հովհաննես Զարդարյանը կա և կմնա մեր կերպարվեստի մեծ վարպետը:  


  Մեր օրերի խորհրդային մյուս վարպետների նման Հովհաննես Զարդարյանը ձգտում է ստեղծել աշխարհի գեղեցիկ պատկերն ու գեղագիտական, բարոյական վեհ իդեալները:
- Ա. Կամենսկի, 1970
 


ԳրականությունԽմբագրել

  • И. И. Цырлин. Оганес Мкртичевич Зардарян. Советский Художник. Москва, 1960. 44 стр., 1 цв. илл., 1 фотогр. С. 1, I. 1961. А 09471.
  • А. Каменский. О. Зардарян. Альбом. Советский Художник. Москва, 1970. 12 стр., 11 цв. илл. А09017 17-239. Т. 3700. 3. 899 8-2-3. 70-7544 стр, . 17 цв. илл., 1 фотогр.
  • Айвазян М., Искусство Армянской Советской Социалистической Республики – История искусства народов СССР. Том 9, книга вторая, Москва, Изобразительное искусство, 1984, стр. 123-154.
  • Boris Zurabov. Hovhannes Zardarian. Moscow, 1993. 64 pages, 62 colour illustrations, 8 photographs. ISBN 5-269-00381-3. Copyright. Galart Publishers, Moscow, 1993.
  • Hovhannes Zardarian. Calendar 2008. “Seasons”. Yerevan. 2007. Printinfo Art Books - L’Association Zart. 30 pages, 14 colour illustrations, 1 photograph. ISBN 9993048429. (Stroke code) 9789993048428. Copyright 2007, Anahit Zardaryan, Mkrtich Zardaryan
  • Martin Mikaelyan. Hovhannes Zardarian. “4 Themes”. Yerevan, 2008.88 pages, 56 colour illustrations, 7 photographs.Printinfo Art Books. ISBN 9939531222. (Stroke code)9789939531229. Copyright 2008, Anahit Zardaryan, Mkrtich Zardaryan
  • Պարսամյան Ռ., Դզնունի Դ., Նախաշավիղ, Երևան, 1955, բուկլետ № 6:

ԾանոթագրություններԽմբագրել