Ծանր արդյունաբերություն

Ծանր արդյունաբերություն, գերազանցապես արտադրամիջոցներ արտադրող արդյունաբերության ճյուղերի խումբ։ Ընդգրկում է գրեթե ամբողջ հայթայթող արդյունաբերությունն ու վերամշակող արդյունաբերության մի մասը, էլեկտրաէներգետիկան, սև և գունավոր մետալուրգիան, մեքենաշինությունն ու մետաղամշակությունը, քիմիան և նավթաքիմիական, անտառային, փայտամշակման և թաղանթանյութի-թղթի, շինանյութի, վառելանյութի արդյունաբերությունը։

Hochofen.jpg

Մինչխորհրդային Հայաստանում ծանր արդյունաբերություն գրեթե չի եղել, բացառությամբ պղնձի արտադրությունից։ Խորհրդային իշխանության տարիներին ծանր արդյունաբերության զարգացման նախադրյալ հանդիսացավ առաջին հնգամյակների տարիներին մի շարք էլեկտրակայանների (Երևանի, Լենինականի, Ձորագետի, Քանաքեռի և այլն) կառուցումը։ Հետագայում շարք մտան հանրապետության ծանր արդյունաբերության առաջնեկները՝ Կիրովականի (այժմ՝ Վանաձոր) քիմիական կոմբինատը, Երևանի սինթետիկ կաուչուկի, հաստոցաշինական գործարանները, Հայ էլեկտրագործարանը, Արարատի ցեմենտի-շիֆերի կոմբինատը, հիմնովին վերակառուցվեցին պղնձի արդյունաբերության Ղափանի ու Ալավերդու կոմբինատները։ Ետպատերազմյան տարիներին արագորեն զարգացան ծանր արդյունաբերության առաջատար ճյուղերը՝ մեքենաշինությունն ու մետաղամշակությունը, էլեկտրաէներգետիկան, շինանյութերի և քիմիական արդյունաբերութունը։

Հայաստանի ծանր արդյունաբերության կառուցվածքում հատկապես բարձր տեմպերով են զարգացել մեքենաշինությունը և դրա առաջատար ճյուղերը՝ էլեկտրատեխնիկական և ռադիոտեխնիկական արդյունաբերությունը, սարքաշինությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 115 CC-BY-SA-icon-80x15.png