Արդեբիլ, Արտավետ, Արտավիլ, քաղաք Իրանի հյուսիս-արևմուտքում։ 88 հազար բնակչություն (1971)։ Խճուղային ճանապարհների հանգույց։ Ունի գորգագործական, կաշվի և տեքստիլ արդյունաբերության ձեռնարկություններ։ Հայտնաբերված են հանքային աղբյուրներ։ Արդեբիլում հայերը բնակություն են հաստատել սկսած IV դարից։ XX դարի սկզբին այստեղ կար շուրջ 20 տուն հայ, որոնք ունեին դպրոց ու եկեղեցի (կառուցված 1875 թվականին, որը պահպանվում է առ այսօր)։ Արդեբիլը հայտնի է XVI—XVII դարերի պաշտամունքային հուշարձաններով (մզկիթներ, շեյխ Սեֆիի դամբարանը և այլն, որոնց կոմպոզիցիոն արտահայտչականությունը, հախճասալե զարդարումները վկայում են Իրանի ճարտարապետական լավագույն ավանդների մասին։