Աղակալած հողեր

(Վերահղված է Աղուտներից)

Աղակալած հողեր, ջրալույծ աղեր (գլխավորապես քլորիդներ, սուլֆատներ և կարբոնատներ) պարունակող հողեր։

Աղակալած հողեր Բոլիվիայում

Հատկություններ

խմբագրել

0,7-1,0 % աղերով հողերը համարվում են ուժեղ, 0,5-0,7% միջին և 0,3-0,5% թույլ աղակալած հողեր։ 1%-ից ավելի աղերով հողերը կոչվում են աղուտներ։

Աղակալած հողերը առաջանում են, երբ աղեր պարունակող ստորգետնյա ջրերը մոտ են հողի մակերևույթին, միջավայրի ջերմաստիճանը բարձր է, մթնոլորտային տեղումները սակավ։ Հողակլիմայական այդպիսի պայմաններում ստորգետնյա ջրերը բարձրանում են վեր, գոլորշիանում, իսկ աղերը կուտակվում են հողի վերին շերտերում։

Դասակարգում

խմբագրել
 
Աղակալած հողեր (Ավստրիայում)

Կան նաև երկրորդային աղակալած հողեր, որոնք առաջանում են ագրոտեխնիկական միջոցառումների սխալ կիրառման և ստորգետնյա ջրերի մակարդակի բարձրացման հետևանքով։ Աղակալած հողերում աճում են միայն աղասեր բույսեր, որոնք իրենց տերևներում, ցողուններում և այլ օրգաններում կուտակում են մեծ քանակությամբ աղեր։ Այս հանգամանքը երբեմն օգտագործվում է որպես աղակալած հողերի բարելավման կենսաբանական մեթոդ, ցանում են աղասեր բույսեր, վեգետացիայի վերջում հավաքում և այրում։

Աղազերծման հիմնական մեթոդներ

խմբագրել

Աղակալած հողերի աղազերծման հիմնական մեթոդը հողերի լվացազատումն է։ Ցամաքուրդային ցանցի անցկացման միջոցով (2,5-3 վայրկյան խորությամբ) իջեցվում է ստորգետնյա ջրերի մակարդակը, որպեսզի լվացազատած և հողի շերտերից հեռացված աղերը նորից վեր չբարձրանան։ Այնուհետև հողը վարում են, աշնանը մի քանի անգամ ոռոգում, ապա պարարտացնելուց հետո, սկզբում մշակում բրինձ, առվույտ, շաքարի ճակնդեղ, բամբակենի, իսկ հետագայում՝ բանջարաբոստանային և պտղատու կուլտուրաներ։

Թույլ աղակալած հողեր կարելի է բարելավել նաև ագրոտեխնիկական միջոցառումներով (խոր վար, հաճախակի ոռոգում, պարարտացում գոմաղբով, բրնձի, առվույտի մշակում են)։ Ուժեղ սոդային աղակալած հողերի մելիորացումը շատ դժվար է, և չնայած աշխարհում այդպիսի հողերը գրավում են մեծ տարածություններ, այնուամենայնիվ դրանք գրեթե չեն իրացվում։ Լավագույն դեպքում օգտագործվում են որպես արոտավայրեր։

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղակալած հողեր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 240