Ասորիներն Իրանում
Ասորիներն Իրանում (պարս.՝ آشوریان ایران), ասորական սփյուռքի՝ առավել հինավուրց գաղթօջախներից մեկը, իրենց պատմական հայրենիք հանդիսացող մի քանի այլ գավառներում (Թուրքիայի, Սիրիայի, Իրաքի տարածքներ)։ Խոսում են նոր արամեական բարբառներով, գործածում են արամեական գիրը։ Ունեն ընդհանուր լեզվական, մշակութային և կրոնական ավանդույթներ[1]։ ԻԻՀ սահմանադրությամբ նրանք ճանաչվում են որպես կրոնական և ազգային փոքրամասնություն, և նրանց համար մեկ տեղ է պահվում Իրանի խորհրդարանում[2]։
Իրանի ասորիներ آشوریان ایران | |||
---|---|---|---|
Ընդհանուր քանակ | |||
մինչև 50 000 | |||
Բնակեցում | |||
| |||
Լեզու(ներ) | |||
ասորերեն | |||
Հավատք(ներ) | |||
Քրիստոնեություն (նեստորականներ, հակոբիկներ, քաղդեացիներ) |
Իրանում ասորիներն ապրել են հինավուրց ժամանակներից։ 19-րդ դարում՝ Թուրքմենչայի պայմանագրի կնքումից հետո, նրանց մի մասը հայերի հետ արտագաղթում է։ Նախքան իսլամական հեղափոխությունը նրանց թվաքանակը հասնում էր 200,000-ի, իսկ 1996 թվականի մարդահամարի տվյալներով Իրանում բնակվում էր ընդամենը 32 հազար ասորի։ Իրանի մայրաքաղաք Թեհրանը իրանցի ասորիների մեծամասնության բնակավայրն է։ Եվս 15,000 ասորիներ ապրում են Արևմտյան Ադրբեջանի ու Քուրդիստանի բնիկ ասորական գյուղերում։
Պատմություն
խմբագրելԱսորիներն Իրանի ժամանակակից տարածքում բնակվում են մոտ 4000 տարի։ Դա կապված էր Ասորեստանի նվաճողական քաղաքականության հետ։ Իրանի հյուսիս-արևմուտքը՝ Ատրպատական-Մեդիան, նվաճվել էր դեռ հին (մ.թ.ա. 2025-1750) և միջին (մ.թ.ա. 1365-1020) դարաշրջաններում։ Առավել զորեղ էր Ասորեստանի ներկայությունը վերջին՝ նոր շրջանում (մ.թ.ա. 911-605): Ասորիները բնակություն են հաստատել Ուրուատրի ցեղի տարածքներից (Վան-Խոյ) հարավ՝ Սալմաստից Ուրմիա՝ համանուն լճի ափին[3]։ Այս տերության անկումից հետո ինչպես ասորիները, այնպես էլ Մերձավոր արևելքի բոլոր ժողովուրդները՝ մարերը, պարսիկները, բաբելոնացիները, քաղդեացիները, սկյութները և կիմերները նվաճվեցին Աքեմենյան կայսրության զորքերի կողմից։ Դարեր շարունակ աքեմենյան ճարտարապետությունն իր ազդեցությունն ունեցավ ասորականի վրա։ Զարգացան նաև արվեստներն ու արհեստները։
Ասորիները շարունակեցին այստեղ բնակվել նաև հետագայում, երբ այդ տարածքները միավորվեցին Մեծ Հայքի պետության կազմում։ Երբեմն Ուրմիո լճի արևմտյան ափերը միացվում էին Ատրպատականին կամ Իրանին։ Ասորիները մեծ դեր են խաղացել հայերի և իրանցիների միջև տնտեսական ու մշակութային կապեր հաստատելու գործում, թե՛ Պարթևական (մ.թ.ա. 160 - մ.թ. 223), թե՛ Սասանյան պարսկական (226-642) տիրապետության շրջանում։ 1-ին դարից սկսած ասորիների շրջանում տարածում գտավ քրիստոնեությունը։ Ուրմիա քաղաքում կառուցվեց առաջին մատուռը՝ սուրբ Մարիամը, որը 7-րդ դարում ձևափոխվեց եկեղեցու։ Այն դարձավ ասորիների գլխավոր ուխտատեղիներից մեկը[4]։ 7-րդ դարից սկսած, երբ արաբներն արշավել են Պարսկաստան, ապա՝ Հայաստան, Սալմաստի և Ուրմիայի շրջանները մեկընդմիշտ դուրս են մնացել հայկական պետության սահմաններից։
Ասորական համայնքն աշխուժացել է ուշ միջնադարում՝ կապված շահ Աբբաս I Սեֆիի կազմակերպած հայ բնակչության գաղթի հետ։ 1828 թվականին Թուրքմենչայի պայմանագրի կնքումից հետո ավելի քան 40 հազար հայեր, և մասամբ նաև՝ ասորիներ, անցնում են Արաքս գետը և հաստատվում Արևելյան Հայաստանում։ Ասորիները մինչ այժմ ապրում են Արզնիում, Դիմիտրովում, Վերին Դվինում։ 1900 թվականի դրությամբ ավելի քան 76,000 ասորիներ բնակվում էին Իրանի հյուսիսարևմտյան հատվածում։ Ուրմիայի շուրջ 300 գյուղերից 60-ը բացառապես ասորական էին, իսկ 60-ը՝ խառը գյուղեր՝ ասորի, հայ և ազարի բնակչությամբ։ Ուրմիա լճից արևմուտք (այդ թվում՝ Սալմաստը) մինչև 1918 թվականը փաստաթղթերով ամրագրված են եղել ավելի քան 115 ասորական գյուղեր[5]։
Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում օսմանյան բանակը ներխուժում է Իրանական Ադրբեջան։ Թուրքերը կազմակերպում են ինչպես հայերի, այնպես էլ ասորիների ցեղասպանություն։ Վերջինս շարունակվում է նաև ժամանակակից Թուրքիայի, Սիրիայի և Իրաքի տարածքներում՝ ռուսական բանակի տեղաշարժը կասեցնելու նպատակով։ Բռնագաղթի ու ջարդի հետևանքով առնվազն 300 հազար ասորիներ են զոհվել[6]։ Ասորիների համար ժամանակավոր փրկություն էր ռուսական զորքերի կողմից Ատրպատականի, ապա նաև՝ Արևմտյան Հայաստանի գրավումը։ 1918 թվականի ամռանը, երբ ռուսական զորքերը ետ էին քաշվել տարածաշրջանից, ասորիների մեծ մասը փախել էին Թեհրան կամ անցել էին անգլիական տիրապետության տակ գտնվող Իրաք։ Քրդերն ու ազարիները եկան բնակություն հաստատելու ասորիների ու հայերի տներում[3]։
1976 թվականի մարդահամարի ժամանակ Իրանում գրանցվել էր մոտ 200 հազար ասորի կա։ Շատերը արտագաղթեցին 1979 թվականի իսլամական հեղափոխությունից հետո։ Տարբեր տվյալներով՝ 21-րդ դարի սկզբին Իրանում բնակվում էր 32-50 հազար ասորի։
Կրոն
խմբագրելԱսորիները բաժանված են չորս հիմնական եկեղեցական խմբերի՝ նեստորականներ, հակոբիկներ, քաղդեացիներ, ուղղափառներ։ Իրանում ասորիների մեծամասնությունն արևելքի ասորական եկեղեցու հետևորդներ են (նեստորականներ), իսկ քաղդեական կաթոլիկ եկեղեցու հետևորդների թիվը չի անցնում 3000-ից[7]։ Որոշ ասորիներ բողոքական են (օրինակ՝ Ասորական ավետարանական եկեղեցի), մի մաս էլ հարում է ռուս ուղղափառ եկեղեցուն, ինչը հետևանք է Ուրմիայում ռուսական առաքելության, նախքան առաջին աշխարհամարտը։
Իրանի իսլամական հանրապետության խորհրդարանն ունի մեկ ասորի պատգամավոր՝ Յոնաթան Բիթքոլիա (2004 թվականից), որն ընտրվել է համաշխարհային ասորական համագումարի գլխավոր քարտուղար։ Պետությունը ասորական սփյուռքի հետ համատեղ աջակցում է նրանց սրբատեղիների վերականգնմանը[8]։ Իսլամական հեղափոխությունից հետո Իրանի ասորիները առանց խոչընդոտների իրականացնում են իրենց ծեսերը[9]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Hooglund, Eric (2008). "The Society and Its Environment". In Curtis, Glenn E.; Hooglund, Eric (eds.). Iran: A Country Study (PDF). Area Handbook Series. United States Library of Congress, Federal Research Division (5th ed.). Washington, D.C.: United States Government Printing Office. pp. 81–142. ISBN 978-0-8444-1187-3. Retrieved 13 October 2013.
- ↑ BetBasoo, Peter (1 April 2007). "Brief History of Assyrians". Assyrian International News Agency. Archived from the original on 13 October 2013. Retrieved 12 October 2013.
- ↑ 3,0 3,1 Iran A Country Study By Federal Research Division - Page 128
- ↑ Saint Mary Church Urmia
- ↑ «A History of Urmia Assyrians in the United States» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 7-ին.
- ↑ David Gaunt, "The Assyrian Genocide of 1915", Assyrian Genocide Research Center, 2009
- ↑ As of 2014, when combining the populations of all the Iranian diocese together, there are 3,900 followers http://www.catholic-hierarchy.org/rite/dch2.html
- ↑ Քրիստոնեությունը Իրանում
- ↑ Իրանում ասորիներն ապահով կյանք են վարում