ԵՊՀ հրատարակչություն, հիմնվել է 1927 թվականի մարտի 31-ին (1964-1968 թվականներին կոչվել է «Միտք», մինչև 2007 թվականը՝ Երևանի համալսարանի հրատարակչություն)։ Մինչ այդ, 1922 թվականից համալսարանը խմորատիպ եղանակով հրատարակվել է մայրենի լեզվով ուսումնական ձեռնարկներ, առանձին աշխատություններ։

Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենք։

Հրատարակություններ խմբագրել

Հրատարակչության հիմնադրումից հետո լույս են տեսել գիտական ախատություններ, բուհական դասագրքեր, բառարաններ, մեթոդական նյութեր Հրաչյա Աճառյանի, Մանուկ Աբեղյանի, Լեոյի, Արսեն Տերտերյանի, Գրիգոր Ղափանցյանի, Մկրտիչ Մկրյանի, Էդուարդ Աղայանի, Գևորգ Ջահուկյանի, Էդվարդ Ջրբաշյանը, Գուրգեն Սևակի, Լյուբա Միրզոյանի, Վահան Սաղաթելյանի և ուրիշների աշխատությունները։

Հրատարակչությունը տարեկան թողարկում է ավելի քան 100 անուն գիրք՝ շուրջ 1000 հրատ․ մամուլ ընդհանուր ծավալով (1987)։ Մինչև 1987 թվականը հրատարակվել է 2500 անուն գիրք՝ 30 հազար հրատ․ մամուլ ծավալով, 1.5 մլն ընդհանուր տպաքանակով։

1970-ական թվականներին հիմք է դրվել մատենաշարային հրատարակությունների («Հայագիտական հետազոտություններ», «Ուսանողական գրադարան», քրեստոմատիաներ, «Չարենցյան ընթերցանումներ և այլն)։ Հիշարժան են նաև «Նոր բառագիրք Հայկազեան լեզուի» երկհատորյակի, Ա․ Մեյնի «Հայագիտական ուսումնասիրությունների», Ա․ Խուդաբաշխյանի «Ռուս-հայերեն բառարանի», Հրաչյա Աճառյանի «Արմատական բառարանի», հայ մատենագիրների ու պատմիչների երկերի հրատարակությունները։

Երևանի համալսարանի հրատարակչությունը հրատարակում է նաև «Բանբեր Երևանի համալսարանի», «Գիտական տեղեկագիր», «Երևանի համալսարան» հանդեսները, «Հայոց լեզու և գրականություն», «Ռուսաց լեզու և գրականության հարցեր», «Օտար լեզուներ և արտասահմանյան գրականություն», «Կիրառական մաթեմատիկա», «Մեխանիկա» և միջբուհական գիտական ժողովածուներ[1]։

ԵՊՀ հրատարակչությունը ղեկավարել են Հանրապետության մտավորականներ Վսևոլոդ Սկաբյոլկինը (1957), Արմեն Հակոբյանը (1957-1964), Արամայիս Ասրյանը (1964-1976), Գառնիկ Անանյանը (1976-1985), Բաբկեն Հարությունյանը (1986-1988), Սարգիս Փանոսյանը (1988-1994), Դավիթ Գասպարյանը (1994-1998), Պերճ Ստեփանյանը (1998-2014)։

Այժմ «ԵՊՀ հրատարկչությունը» ղեկավարում է բանասիրական գիտությունների թեկնածու Կարեն Գրիգորյանը[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ՀՀ խմբ․ հանձնաժողով՝ Կ․ Ս․ Խուդավերդյան (գլխ․ խմբ) և ուրիշ, Հայկական համառոտ հանրագիտարան, հ. 2 (ՀՀ գլխ․ խմբ․), Երևան, «Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրություն», 1995, էջ 139 — 768 էջ. — 10000 հատ, ISBN 5-89700-003-5։
  2. «Մեր մասին». publishing.ysu.am. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 1-ին.

Տես նաև խմբագրել