Բացել գլխավոր ցանկը

Կիսաանապատային հողեր, առաջանում են չոր տափաստանային և անապատային գոտիների փոխանցման տարածքում, չոր կլիմայի (200-350 մմ տեղումներ) և չորասեր կիսաթփուտային նոսր բուսածածկի ներգործության պայմաններում։ Տարածված են Արևելյան և Հարավ-Արևմտյան Ասիայում, Կենտրոնական Ղազախստանում, Անդրկովկասում։

Հայաստանում գորշ կիսաանապատային հողերը զբաղեցնում են Արարատյան գոգահովտի նախալեռների տարածքը և զանգվածներով հանդիպում են Արմավիրի, Արագածոտնի և Արարատի մարզերում։

Կիսաանապատային հողերը բնութագրվում են վերին հորիզոնների մոխրագորշ կամ հարդագորշ գույնով, հումուսի սակավությամբ (1-2%), հումուսային հորիզոնների մեծ (20-35 սմ) հզորությամբ, փոշեթեփուկային ստրուկտուրայով, մեծ մասամբ պրոֆիլի ուժեղ քարքարոտությամբ և կարբոնատացմամբ, փոխանցման հորիզոնում ցեմենտի առկայությամբ։ Ստորին հորիզոնները հաճախ հարուստ են գիպսով և ջրալույծ աղերով, աղքատ՝ ազոտով և ֆոսֆորով։ Վերին հորիզոններն ունեն կավավազային, իսկ ստորինները՝ ավազային մեխանիկական կազմ։ Բարելավումից հետո, ոռոգման և պարարտացմանպայմաններում, կարող են դառնալ բերքատու։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 443 CC-BY-SA-icon-80x15.png