Վասպուրականի լեռնաշղթա

(Վերահղված է Վասպուրականի լեռներից)
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վասպուրական (այլ կիրառումներ)

Վասպուրականի լեռներ, Կոտուրի լեռնաշղթա, Հայկական լեռնաշխարհում, Վանա լճից արևելք։ Ձգվում են մերձմիջօրեականի ուղղությամբ Իրանի և Թուրքիայի սահմանում, ջրբաժան են Վանա լճի և Արաքս գետի ավազանների միջև։ Սկսվում են Թոնդրակ հրաբխի նախալեռնային սարավանդի Գառնիձոր (Թափարիզ) լեռնանցքից, ձգվում մինչև Զագրոսի լեռնաշղթան։

Վասպուրականի լեռնաշղթա

Երկարությունը մոտ 120 կմ է, միջին բարձրությունը՝ 2800-2900 մ, առանձին գագաթներ անցնում են 3200 մ-ից (Հաջի բեյ, 3292 մ, Ավրին, 3623 մ)։ Լանջերը խիստ մասնատված են, նշանավոր է Կոտուր գետի միջանցիկ խոր հովիտը, որով անցնում է Վան-Թավրիզ երկաթուղին։ Վասպուրականի լեռները կազմված են կավճի ժամանակաշրջանի կրաքարերի և մերգելների ծալքավոր և խզումներով բեկորազատված շերտախմբերից, որոնց մեջ նեդրված են գերհիմքային ապարների զանգվածներ։ Նախալեռնային գրաբենային իջվածքները (Բերկրիի, Արճիշակի) լցված են նեոգենի ծովային և չորրորդականի լճագետային հզոր նստվածքներով։ Վասպուրականի լեռների տեկտոնական կառուցվածքը պայմանավորում է նրա ասիմետրիկ մորֆոստրուկտուրան՝ արևմուտքում՝ խզումնային զառիթափ աստիճանավոր, արևելքում՝ միաթեք լանջերով։

Կլիման ցամաքային է, ցուրտ ձմեռներով և շոգ ամառներով։ Տարեկան տեղումները՝ 100-500 մմ։ Տեղումների առավելագույնը լինում է գարնանը։ Վասպուրականի լեռներին բնորոշ է լանդշաֆտների բարձունքային գոտիականությունը, տարածված են տափաստանները, մերձալպյան և ալպյան մարգագետինները։ Գետահովիտներում հանդիպում են պուրակային տիպի անտառներ և ֆրիգանա։ Օգտակար հանածոները չեն ուսումնասիրված։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 297 CC-BY-SA-icon-80x15.png
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png