Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալբանիա (այլ կիրառումներ)

Ալբանիա[4] (ալբ․՝ Shqipëria), պաշտոնական անվանումը՝ Ալբանիայի Հանրապետություն (ալբ․՝ Republika e Shqipërisë [ɾɛpuˈblika ɛ ʃcipəˈɾiːs]), պետություն Բալկանյան թերակղզու արևմտյան մասում՝ Ադրիատիկ և Հոնիական ծովերի ափին։ Հյուսիս-արևմուտքում սահմանակցում է Չեռնոգորիային, հյուսիս-արևելքում՝ մասամբ ճանաչված Կոսովոյին, արևելքում՝ Հյուսիսային Մակեդոնիային, իսկ հարավում՝ Հունաստանին։ Մայրաքաղաքն ու խոշորագույն քաղաքը Տիրանան է։ Մյուս խոշոր քաղաքներն են Դուրեսը, Վլորան և Շկոդերը։

Ալբանիայի Հանրապետություն
Republika e Shqipërisë
Ալբանիա դրոշ
Դրոշ
Ալբանիա զինանշանը
Զինանշան
Նշանաբան՝
Ti Shqipëri, më jep nder,
më jep emrin Shqipëta
«Դո՛ւ, Ալբանիա, ինձ պատիվ ես տվել,
ինձ տվել ես ալբանացի անունը»)
Ալբանիա դիրքը
Ալբանիա դիրքը
Մայրաքաղաք
և ամենամեծ քաղաք
Տիրանա
Պետական լեզուներ ալբաներեն
Կառավարում ունիտար խորհրդարանական հանրապետություն
 -  Ալբանիայի նախագահ Իլիր Մետա
 -  Ալբանիայի վարչապետ Էդի Ռամա
 -  խորհրդարանի խոսնակ Լինդիտա Նիկոլա
Ժամանակագրություն
 -  Արբանոնի իշխանություն 1190 
 -  Ալբանիայի թագավորություն փետրվար, 1272 
 -  Ալբանիայի իշխանություն 1368 
 -  Լեժայի լիգա մարտի 2, 1444 
 -  Միրդիտայի իշխանություն 1515 
 -  Շկոդերի պաշալիկություն 1757/1787 
 -  Օսմանյան կայսրությունից անկախացում նոյեմբերի 28, 1912 
 -  Ալբանիայի իշխանություն հուլիսի 29, 1913 
 -  Առաջին հանրապետություն հունվարի 31, 1925 
 -  Ջրային (%) 4.7
Բնակչություն
 -  հունվար, 2020 նախահաշիվը 2,845,955[1] 
 -  2011 մարդահամարը 2,821,977[2] 
ՀՆԱ (ԳՀ) 2020 գնահատում
 -  Ընդհանուր $42.594 մլրդ[3] 
 -  Մեկ շնչի հաշվով $14,866[3] 
ՀՆԱ (անվանական) 2020 գնահատում
 -  Ընդհանուր $16.753 մլրդ[3] 
 -  Մեկ շնչի հաշվով $5,847[3] 
Ջինի (2019) 34.3 
ՄՆԶԻ (2019) 0.795 (69-րդ)
Արժույթ Ալբանական լեկ (ALL)
Ժամային գոտի CET (ՀԿԺ+1)
 -  Ամռանը (DST) CEST (ՀԿԺ+2)
Ազգային դոմեն .al
Հեռախոսային կոդ ++355

Աշխարհագրորեն, Ալբանիայի 28 748 կմ² տարածքը ցուցադրում է զանազան կլիմայական, երկրաբանական, հիդրոլոգիական և մորֆոլոգիական պայմաններ։ Այստեղ մեկտեղվում են Ալբանական Ալպերի ձյունածածկ լեռնագագաթներն ու Միջերկրական ծովի երկայնքով սփռված Ադրիատիկ և Հոնիական ծովերի տաք և արևոտ ափերը։

Տարբեր պատմական ժամանակահատվածներում Ալբանիայի ներկայիս տարածքը բնակեցրել են իլլիրիացիները, թրակիացիները, հույները, հռոմեացիները, բյուզանդացիները, վենետիկցիները և օսմանյան թուրքերը։ Ալբանացիները 12-րդ դարում ստեղծել են Արբանոնի իշխանությունը, իսկ 13-14-րդ դարերում ալբանական պետականությունը շարունակվել է ի դեմս ինքնիշխան թագավորության, ապա՝ իշխանապետության։ 15-րդ դարում Ալբանիայի տարածքը նվաճվել է Եվրոպա ներխուժած օսմանյան թուրքերի կողմից, որոնք այստեղ իշխում են շուրջ հինգ դար։ Օսմանյան տիրապետության օրոք բազմաթիվ ալբանացիներ զբաղեցրել են բարձրաստիճան պաշտոններ, հատկապես՝ Բալկանների հարավում և Եգիպտոսում։ 18-19-րդ դարերի միջակայքը հայտնի է որպես Ալբանիայի վերածննդի ժամանակաշրջան, քանի որ այս տարիներին աննախադեպ զարթոնք է ապրել ալբանական մշակույթը։

Ալբանիան Օսմանյան կայսրությունից անկախացել է 1912 թվականին՝ Բալկանյան պատերազմներում թուրքերի կրած պարտությունից հետո։ 20-րդ դարում Ալբանիայի թագավորություն են ներխուժել իտալական զավթիչները՝ ձևավորելով, այսպես կոչված, «Մեծ Ալբանիան»՝ նախքան Ալբանիայի՝ նացիստական պրոտեկտորատի վերածվելը։ Ալբանացի կոմունիստ հեղափոխական Էնվեր Խոջան Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո հիմնադրել է Ալբանիայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետությունը։ Սոցիալիստական կարգերն իշխել այս երկրում մինչև 1991 թվականի հեղափոխությունը, երբ տապալվել են կոմունիստական իշխանությունները և հիմնադրվել է Ալբանիայի ժամանակակից հանրապետությունը։

Ալբանիան ունիտար խորհրդարանական սահմանադրական հանրապետություն է։ Զարգացող երկիր է՝ միջինից բարձր եկամուտ ունեցող տնտեսությամբ, որտեղ գերակշռում է ծառայությունների ոլորտը (դրան հաջորդում է արտադրությունը)։ Պատմականորեն, Ալբանիայի տնտեսությունը 1990 թվականից ի վեր գտնվում է կենտրոնացված պլանավորումից շուկայական տնտեսության անցման փուլում։ Ալբանիան իր քաղաքացիներին տրամադրում է անվճար առողջապահություն, ինչպես նաև նախնական և միջնակարգ կրթություն։ Ալբանիան ՄԱԿ-ի, Համաշխարհային բանկի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՆԱՏՕ-ի, ԱՀԿ-ի, ԵԽ-ի, ԵԱՀԿ-ի և ԻՀԿ-ի անդամ է։ 2014 թվականից հանդիսանում է Եվրամիությանն անդամակցության պաշտոնական թեկնածու։ Ալբանիան էներգետիկ համայնքի հիմնադիրներից է, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպություն և Միջերկրական ծովի միություն անդամ։

Անվան ստուգաբանություն խմբագրել

Անվանումը ծագում է իլլիրիական olba բառից, որը նշանակում է լեռ կամ լեռնային երկիր։ Մյուս մեկնաբանումը լատիներեն է ալբիս-ը նշանակում է սպիտակ, 12-13-րդ դարերում, երբ վենետիկցիները ափ դուրս եկան այս երկրում բնակիչները նրանց դիմավորեցին իրենց սպիտակ ազգային տարազով։ Shqipëria ինքնանվանումը նշանակում է «արծվի երկիր» (ալբաներեն արծիվ՝ shqiponjë)։ Ըստ այլ վարկածի` այդ անվանումը ծագում է ալբաներեն shqip՝ «խոսել հասկանալի» բառից[5]։

Պատմություն խմբագրել

Ալբանիան բնակեցված է եղել արդեն ուշ հին քարի դարում։ Նորքարեդարյան բնակչության ուշ հետնորդները ձուլվել են հնդեվրոպական լեզուներով խոսողների կողմից, ինչի արդյունքում առաջացել է իլլիրիացի ժողովուրդը։

Անտիկ շրջանում ժամանակակից Ալբանիայի տարածքը բնակեցված է եղել ժամանակակից ալբանացիների նախնիներով՝ իլլիրիական ցեղերով։ Նրա հարավային մասը մտել է Էպիրոսի կազմի մեջ։ Կենտրոնական մասը Ֆիլիպ II-ի և Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակվանից մտել է Մակեդոնիա պետության կազմի մեջ, իսկ վերջինիս մ.թվականա. 146 թվական Հռոմեական Կայսրության մեջ մտնելուց հետո ընդգրկվել է նույնանուն պրովինցիայի կազմի մեջ։ Հյուսիսային մասը՝ սկսած մ.թ․ա. 2-րդ դարից, մտել է հռոմեական Դալմաթիա պրովինցիայի կազմի մեջ։

Հռոմեական կայսրության բաժանման ժամանակ երկրի տարածքի հիմնական մասն անցավ Բյուզանդիային, Դալմաթիան՝ Արևմտյան Հռոմեական կայսրությանը։ Ենթարկվել է գոթերի և հոների (4-րդ դարի վերջ-5-րդ դար), 6-րդ դարի վերջից սլավոնական ցեղերի արշավանքներին։ Տարածքի մի մասը մոտ մեկ դարի ընթացքում մտել է Բուլղարական Առաջին թագավորության կազմի մեջ։ Խաչակիրների կողմից Կոստանդնուպոլսի գրավումից հետո ժամանակակից Ալբանիայի տարածքի մի մասը փոփոխաբար գտնվել է վենետիկցիների, Էպիրոսի թագավորության, Նեապոլիտանական թագավորության, Սերբական թագավորության իշխանության ներքո։ 14-րդ դարի կեսին Ալբանիայի ողջ տարածքը նվաճվել է սերբական թագավոր Ստեֆան Դուշանի կողմից։

1381 թվական թուրքերը թափանցում են Ալբանիայի տարածք և միջցեղային պատերազմում սատարում են տոպիա ցեղին ընդդեմ բալշեյ ցեղի։ Թուրքերն ալբանացիներին անվանում էին առնաուտներ։ XV դ. կեսին թուրքերին դիմադրություն էր ցույց տալիս ազգային հերոս Սկանդերբեգը։ Ունը, իսկ ապա Ալբանիայի անկախությունը Թուրքիայից։ Առաջին աշխարհամարտի տարիներին Ալբանիան վերածվեց ռազմական գործողությունների թատերաբեմի։

1571 թվական վերջին թուրքերը վենետիկցիներին վերջնականապես դուրս են մղում Ալբանիայի տարածքից։ Լեռնային հյուսիսը պահպանում է որոշ ինքնավարություն։ Ալբանիայում աստիճանաբար տարածվում է Իսլամը։ Օսմանյան տիրապետությունը պահպանվեց մինչև XX դարի սկիզբը, երբ Առաջին Բալկանյան պատերազմի ընթացքում Ալբանիայի տարածքը օկուպացվեց չեռնոգորական, սերբական և հունական զորքերի կողմից։

1912 թվական նոյեմբերի 28-ին Վլյոռայում հռչակվեց անկախությունը։ 1912-1913 թվականներ Ավստրո-Հունգարիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանը և Ֆրանսիան ճանաչեցին սկզբում ինքնավարությունը, հետագայում նաև անկախությունը՝ 1913 թ Լոնդոնի համաժողովի ընթացքում։

1915 թվական ապրիլին Անտանտի երկրներն ու Իտալիան ստորագրեցին գաղտնի պայմանագիր, որը վերացնում էր Ալբանիայի անկախությունը։ Պատերազմի ավարտին նրա տարածքն օկուպացված էր իտալական, սերբական և հունական զորքերի կողմից։ 1920 թվական հունվարի 21-31-ին ալբանական ազգային կոնգրեսը կրկին հռչակեց երկրի անկախությունը և պետության մայրաքաղաք հռչակեց Տիրանան։ Երկրում իշխանության եկավ ավատական-հողատիրական Զոգուի խմբավորումը, ով ճնշեց դեմոկրատական շարժումը և սկզբում իրեն հռչակեց նախագահ, իսկ 1928 թվական հունվարի 1-ին՝ Ալբանիայի թագավոր։

1946 թվական հունվարի 11-ին հռչակվեց Ալբանիայի ժողովրդական սոցիալիստական հանրապետությունը, որի ղեկավարն էր Էնվեր Խոջան։ Ալբանիան 1949-1962 թվականներին հանդիսանում էր Տնտեսական համագործակցության խորհրդի անդամ, իսկ 1955-1968 թվականներ նաև Վարշավյան պայմանագրի անդամ, որոնց կազմից դուրս եկավ ԽՍՀՄ-ի հետ հարաբերությունները սրվելու պատճառով։ Դրանից հետո Ալբանիան մերձեցավ Չինաստանի հետ, սակայն 1970-ական թվականներ կեսերին վերջինիս ռեժիմը ևս հայտարարվեց ռևիզիոնիստական։ 1945-1990 թվականներ Ալբանիան իրենից ներկայացնում էր Եվրոպայի ամենառեպրեսիվ ռեժիմը։ Ալբանիան իրեն հռչակել էր աշխարհում ամենաառաջին աթեիստական պետությունը, ինչպես նաև այն աշխարհի ամենամեկուսացված երկրներից մեկն էր։

1996 թվական համընդհանուր ընտրությունների ժամանակ Դեմոկրատական կուսակցությունը կեղծեց քվեարկության արդյունքները, որպեսզի ստանա խորհրդարանի տեղերի մեծամասնությունը։ 1997 թվական երկրում տեղի ունեցան զանգվածային ըմբոստություններ, որոնց պատճառը բնակչության խնայողությունների կորուստն էր։ «Ալբա» գործողության շրջանակներում երկիր մտցվեցին Իտալիայի և մի շարք այլ պետությունների ոստիկանական ուժերը։ Նրանց խնդիրն էր նպաստել կարգ ու կանոնի հաստատմանը և հսկել Ալբանիա գնացող մարդասիրական բեռները։ Տիրող անիշխանության ֆոնին 1997 թվական հերթական ընտրություններում հաղթանակ տարավ հետկոմունիստական Սոցիալիստական կուսակցությունը։ Միայն 2005 թվական այն կրկին զիջեց խորհրդարանի տեղերի մեծամասնությունը Դեմոկրատական կուսակցությանը։

Ֆիզիկաաշխարհագրական բնութագիրը խմբագրել

 
Ալբանիայի քարտեզ
 
Ալբանիայի քարտեզ

Ալբանիան գտնվում է Եվրոպայի հարավում՝ Բալկանյան թերակղզու արևմտյան մասում և զբզղեցնում է 28 748 կմ²[6]։ Հյուսիս-արևմուտքից նրա ափերը ողողվում է Ադրիատիկ ծովի, իսկ հարավ-արևմուտքից՝ Հոնիական ծովի ջրերով։ Երկու ծովերն էլ կազմում են Միջերկրական ծովի մասերը։ Արևմտյան մասը հարթավայրային է, մնացածը՝ մոտ 70%–ը՝ լեռնային և անտառապատ տարածքներ են։

Երկրի տարածքը գտնվում է հյուսիսային լայնության 42-րդ և 39-րդ զուգահեռականների, ինչպես նաև արևելյան երկայնության 21-րդ և 19-րդ միջօրեականների միջև։ Ալբանիայի ամենահյուսիսային կետը Վերմոշի գյուղն է(հս․ լ․ 42°35՛)[7]։ Ծայր հարավային քաղաքը Կոնիսպոլն է (հս․ լ․39 ° 40՛): Երկրի արևմտյան ծայրկետը Սազանի անմարդաբնակ կղզին է (արլ․ ե․ 9°16՛), ծայր արևելքում՝ Վերնիկ գյուղը (արլ․ ե․ 21°1՛)[8]։ Առանձին լեռնագագաթներ հասնում են 2500 մ-ի։ Ալբանիայի ամենաբարձր գագաթը Կորաբ լեռն է 2764 մ բարձրությամբ։ Երկարությունը արևելքից արևմուտք ընդամենը 148 կմ է, հյուսիսից հարավ՝ 340 կմ։

 
Գիպե կանիոն, գտնվում է Ադրիատիկ և Հոնիական ծովերի միախառնման վայրում

Ալբանիայի մեծ մասը զբաղեցնում են լեռներն ու բլուրները, որոնք երկրի ողջ երկարությամբ և լայնությամբ ձգվում են տարբեր ուղղություններով։ Ամենախոշոր լեռնաշղթաները հյուսիսում տարածվող Հյուսիս–Ալբանական Ալպերն են, արևելքում՝ Կորաբի լեռները, հարավ-արևելքում՝ Պինդոսի լեռները, իսկ կենտրոնում՝ Սքենդերբեգի լեռները։ Ալբանիայի կարևորագույն առանձնահատկություններից է բազմաթիվ և մեծ լճերի առկայությունը։ Կան բազմաթիվ (150) մանր լճեր։ Երկրի հյուսիս-արևմուտքում, Չեռնոգորիայի հետ սահմանին գտնվող Շկոդրա լիճն ամենամեծն է Հարավային Եվրոպայում[9]։ Նրա մեկ երրորդ մասը և 57 կմ ափը պատկանում է Ալբանիային։ Հարավ-արևելքում՝ բարձրադիր վայրում, գտնվում է Օհրիդ լիճը (կիսվում է Հյուսիսային Մակեդոնիայի հետ), գոյություն ունեցող աշխարհի հնագույն լճերից մեկը[10][11]։ Այն ունի 289 մ խորություն և յուրահատուկ բուսական ու կենդանական աշխարհ, ինչի պատճառով էլ գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտպանության ներքո։ Ավելի հարավ գտնվում են Մեծ Պրեսպա և Փոքր Պրեսպա լճերը, որոնք Բալկանների ամենաբարձր լճերից են։ Ալբանիայի գետերը սկիզբ են առնում հիմնականում երկրի արևելքից, իսկ արևմուտքում թափվում են Ադրիատիկ ծով։ Ալբանիայի ամենաերկար գետը, ակունքից գետաբերան, հավանաբար Դրինն է, որը սկիզբ է առնում իր երկու վերին հոսանքների՝ Սև և Սպիտակ Դրինի միախառնումից և հոսում երկրի հյուսիս։ Վյոսան Եվրոպայի վերջին մաքուր խոշոր գետային համակարգերից մեկն է։ Ալբանիայի մյուս կարևոր գետերը ներառում են Մատի, Շկումբինին և Սեմանին են։

Բուսական և կենդանական աշխարհ խմբագրել

 
Բերկուտ — Ալբանիայի ազգային խորհրդանիշն ու կենդանին

Միջերկրական ծովի մեջտեղում գտնվելու իր աշխարհագրական դիրքի և կլիմայական, երկրաբանական և ջրաբանական պայմանների բազմազանության շնորհիվ Ալբանիան ունի բացառիկ հարուստ և խիստ հակասող կենսաբազմազանություն[12][13].: Այն երկրում պաշտպանված է 14 ազգային պարկերի, 1 ծովային պարկի, 4 Ռամսարի տեղանքների, 1 կենսոլորտային արգելոցի և տարբեր կատեգորիաների 786 բնության հատուկ պահպանվող տարածքների առկայության շնորհիվ[14]։ Իր հեռավորության պատճառով Ալբանիայի լեռներն ու բլուրները ծածկված են անտառներով, ծառերով և խոտերով, որոնք անհրաժեշտ են ամենաբազան կենդանիների ապրելու համար. ներառյալ երկրի երկու կարևորագույն վտանգված տեսակները (լուսան և գորշ արջ), ինչպես նաև վայրի կատուն, գորշ գայլը, աղվեսը, սովորական սովորական շնագայլը, գիշանգղը և բերկուտը՝ երկրի ազգային կենդանին[15][16][17][18]։

Ալբանիայի էստուարները, ճահիճները և լճերը բնակավայրեր են վարդագույն ֆլամինգոյի, փոքր ջրագռավի և չափազանց հազվագյուտ և, հավանաբար, երկրի ամենանշանավոր թռչունի՝ գանգրափետուր հավալուսնի համար[19]։ Երկրի կենդանական աշխարհի համար առանձնահատուկ նշանակություն ունեն միջերկրածովյան ճերմակափոր փոկը, գորշ կրիան և կանաչ կրիան, որոնց համար ափամերձ ջրերը նպաստավոր են ձագերին բազմացնելու համար։

 
Ծովային պարկ Կարաբուրուն-Սազան

Բուսական աշխարհագրության մեջ Ալբանիայի տարածքը մտնում է Հոլարկտիկ թագավորության մեջ։ Այն պայմանականորեն բաժանվում է Պալեարկտիկական էկոգոտու չորս ցամաքային էկոշրջանների՝ իլիրական սաղարթավոր անտառներ, բալկանյան խառը անտառներ, պինդիական խառը անտառներ և դինարական խառը անտառներ[20][21]։ Ալբանիայում կարելի է գտնել մոտ 3500 տարբեր բուսատեսակներ, որոնք հիմնականում պատկանում են միջերկրածովյան և եվրասիական ֆլորային։ Երկիրը զարգացրել է ժողովրդական բժշկության հարուստ ավանդույթներ՝ օգտագործելով բուժիչ բույսեր։ Տեղում աճող առնվազն 300 բույս օգտագործվում է բուժիչ դեղաբույսերի և դեղամիջոցների պատրաստման համար[22]։ Եղևնին, կաղնին, հաճարենին եւ սոճին Ալբանիայի անտառների հիմնական ծառատեսակներն են։

Օգտակար հանածոներ խմբագրել

Երկրի ընդերքը հարուստ է քրոմիտի (պաշարներով և արդյունահանմամբ առաջինն է Եվրոպայում), երկաթի, նիկելի, պղնձի, նավթի, բիտումի, գորշ ածխի պաշարներով։

Կլիմա խմբագրել

Կլիման միջերկրածովային է․ ամառը շոգ է, ձմեռը՝ մեղմ ու խոնավ, օդի ջերմաստիճանը 0օC-ից չի իջնում։ Լեռներում զով ու խոնավ է, ձնածածկույթը պահպանվում է մի քանի ամիս։ Հունվարի միջին ջերմաստիճանը +8-9 °C է, հուլիսինը՝ +24-25 °C։ Տեղումները՝ տարեկան 800-2000 մմ։

Երկրի առափնյա (արևմտյան) մասի կլիման միջերկրածովյան է՝ արևելքից վերածվելով ցամաքայինի։ Հուլիսի միջին ջերմաստիճանը ափին տատանվում է +28-ից +32 °C, հունվարին՝ +8-ից +10 °C։ Ամառային բարձր ջերմաստիճանը ափին անընդհատ փոխվում է Միջերկրականից փչող զեփյուռի պատճառով։

Զբոսաշրջային սեզոնը տևում է մայիսից սեպտեմբեր, բայց դրսում գտնվելու համար հարմարավետ է նաև ապրիլին և հոկտեմբերին։ Տարեկան արևոտ օրի թիվը մոտ 300 է։ Անձրևները տեղում են գալիս վաղ գարնանը և ուշ աշնանը։ Ալբանիայի լեռներում կլիման շատ ավելի ցուրտ է. ձմռանը ջերմաստիճանը կարող է իջնել մինչև -20 °C:

Վարչական բաժանում խմբագրել

Ալբանիայի Հանրապետությունը բաժանվում է 12 շրջանների (ալբ․՝ qark - տյարկ), որոնք իրենց հերթին բաժանվում են 36 օկրուգների (ալբ․՝ rreth)։ Եվ այդ օկրուգները բաժանվում են 309 կոմունաների (ալբ․՝ komunë ) և 65 քաղաքի։

 
Ալբանիայի շրջաններ
Գույն Շրջան Կենտրոն Բնակչություն
2010 Հունվարի 1[23]
Տարածք
(կմ²)[24]
Խտություն
/կմ²)
Օկրուգներ Ծան-ներ
Բերատ Բերատ 170,845 1,802 159 Բերատ, Կուչովա, Սկրապար
Դիբար Պեշկոպիա 140,002 2,507 58 Բուլկիզա, Դիբար, Մատի
Դուրրաս Դուրրաս 310,499 827 367 Դուրրաս, Կրույա
Էլբասան Էլբասան 343,115 3,278 105 Էլբասան, Գրամշի, Լիբրաջի, Պեկինի
Ֆիերի Ֆիերի 374,074 1,887 198 Ֆիերի, Լյուշնյա, Մալակաստրա
Գիրոկաստրա Գիրոկաստրա 102,549 2,883 36 Գիրոկաստրա, Պերմետի, Տեպելենա
Կորչա Կորչա 257,576 3,711 69 Դեվոլ, Կոլոնյա, Կորչա, Պոգրադեց
Կուկաս Կուկաս 79,303 2,373 33 Հաս, Կուկաս, Տրոպոյա
Լեժա Լեժա 158,829 1,581 100 Կուրբին, Լեժա, Միրդիտա
Շկոդեր Շկոդեր 246,060 3,562 69 Մալսի է Մադի, Պուկա, Շկոդեր
Տիրանա Տիրանա 800,347 1,586 491 Կավայա, Տիրանա
Վլյորա Վլյորա 211,773 2,706 67 Դելվինա, Սարանդա, Վլյորա

Պետական կառուցվածք խմբագրել

 
Ալբանիայի նախագահ Բույար Նիշանին ձախից
 
Ալբանիայի խորհրդարանի շենքը

Երկրի ղեկավարը նախագահն է։

Երկրի խորհրդարանը միապալատանի Ազգային ժողովն է (140 տեղ)։ 100 պատգամավորներ մեկ մանդատանի շրջաններում ընտրվում են մեծամասնական համակարգով (երկու փուլով), 40-ը՝ կուսակցական ցուցակներով՝ չորս տոկոսանոց շեմով։ Պատգամավորների լիազորությունների ժամկետը 4 տարի է։

Ալբանիայի առաջին խորհրդարանը ստեղծվել է 1920 թ.՝ անկախության համար և Փարիզի պայմանագրով նախատեսված Հունաստանի, Իտալիայի և Հարավսլավիայի միջև երկրի բաժանման դեմ պայքարի ընթացքում։

1928 թ. խորհրդարանը լուծարվեց, Ալբանիան հռչակվեց թագավորություն։ 1939 թ. ապրիլին Իտալիան օկուպացրեց Ալբանիան, թագավոր Զոգ Ահմեդը փախավ երկրից։

Դիմադրողական շարժումը գլխավորեցին կոմունիստամետ ուժերը։ 1941-ի նոյեմբերին ստեղծվեց ԱԿԿ-ի միասնական մարմինը, որը պետք է գլխավորեր ազատագրական պայքարը։ 1942-ի սեպտեմբերին Մեծ Պեզայում կայացավ օկուպացիայի դեմ ելույթ ունեցող առաջադեմ ուժերի համագումար։ Ստեղծվեց ազգային-ազատագրական գերագույն խորհուրդ, որը պետք է ստանձներ ազատագրական շարժման ղեկավարությունը։ Այն դարձավ ազգային-ազատագրական ճակատի ղեկավար մարմինը։ 1943-ի հուլիսին ազգային-ազատագրական ճակատի գերագույն խորհուրդը որոշում կայացրեց ազգային-ազատագրական բանակի գլխավոր շտաբի կազմակերպման մասին։ 1944-ի մայիսին I հակաֆաշիստական ազգային-ազատագրական կոնգրեսում ձևավորվեց հակաֆաշիստական-ազգային-ազատագրական կոմիտեն, որին տրվեցին ժամանակավոր կառավարության գործառույթներ։ 1944 թ. մտցվում է համընդհանուր ընտրական իրավունք։ 1945 թ. անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ, որոնցում ձայների 97,7 % ստացավ կոմունիստների գլխավորած Դեմոկրատական ճակատը (մյուս քաղաքական ուժերը ընտրություններին չմասնակցեցին)։ Աստիճանաբար իշխանությունն իր ձեռքում կենտրոնացրեց Էնվեր Հոջան, ով դաժան հաշվեհարդար էր տեսնում իր քաղաքական հակառակորդների հետ։ Մինչև 1956 թ. Ալբանիան հարաբերություններ էր վարում ԽՍՀՄ հետ, ի հակակշիռ Հարավսլավիայի, սակայն ԽՄԿԿ XX համագումարից հետո ընտրվեց քաղաքական մեկուսացման կուրս։

Վերջին շրջանում, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, Ալբանիայում նույնպես սկսել են ուղի հարթել ժողովրդավարական ուժերն ու սկզբունքները։ Երկրի հիմնական բնակչությունն ալբանացիներն են (96 %). բնակվում են նաև հույներ, վալախներ, գնչուներ։ Ալբանիայում կան մետաղաձուլական, քիմիական, մեքենաշինական, նավթարդյունաբերական, թեթև և սննդի արդյունաբերության ձեռնարկություններ։ Կառուցված են ջրա և ջերմաէլեկտրակայաններ։

Գյուղատնտեսության առաջատար ճյուղը բուսաբուծությունն է։ Ծովափնյա հարթավայրերում և միջլեռնային գոգավորություններում մշակում են հացահատիկային բույսեր (եգիպտացորեն, ցորեն, բրինձ, գարի, վարսակ), շաքարի ճակնդեղ, ծխախոտ։ Աճեցնում են նաև կարտոֆիլ, բամբակենի, խաղող, ցիտրուսներ, ձիթենի, թուզ և այլն։ Բուծում են կովեր, ձիեր, էշեր, գոմեշներ, խոզեր, այծեր ու ոչխարներ։ Զբաղվում են նաև ձկնորսությամբ։ Ալբանիան արտահանում է հիմնականում նավթ, ասֆալտ, բոքսիտներ, ծխախոտ, գորգեր, դեղաբույսեր, մեղր, թարմ և պահածոյած մրգեր ու բանջարեղեն։ Ներմուծում է տարբեր մեքենաներ, փոխադրամիջոցներ, գյուղատնտեսական տեխնիկա։

Հնուց ի վեր Ալբանիայում տարածված են եղել արհեստները, որոնցից ամենահատկանշականը արծաթի գեղարվեստական մշակումն է։ Զարգացած է նաև գորգագործությունը։ Երկրում պահպանվել են թուրքական խոհանոցի սովորույթները, մսից պատրաստված ճաշատեսակներ՝ կծու սոուսով։ Ընդունված է արևելյան սուրճը։ Պահպանվում է ազգային տարազը, որի հիմնական գույներն են սպիտակը, սևն ու կարմիրը։ Մինչև 20-րդ դարի կեսերը Ալբանիայի քաղաքներում գերակշռում էին երկհարկանի քարե տները՝ կղմինդրե ծածկով։ Ժամանակակից կառույցները բազմահարկ են։

Մայրաքաղաք Տիրանան խոշոր արդյունաբերական և մշակութային կենտրոն է։ Այնտեղ գործում է համալսարան։

Բնակչություն խմբագրել

Բնակչության թիվը 3 620 000 մարդ (2012 թ․), հայերի թիվը՝ մոտ 400։ Բնակչության միջին խտությունը՝ 126 մարդ։ Կյանքի միջին տևողությունը՝ 76,4 տարի։ Ազգային կազմը՝ ալբանացիներ (95%), հույներ (3%), վալախներ, հայեր (0,01%), գնչուներ։ Ուրբանիզացմսն մակարդակը՝ 53,7%: Պետական լեզուն՝ ալբաներեն։

Տնտեսություն խմբագրել

Ալբանիան գյուղատնտեսական արդյունաբերական երկիր է։ Զարգացած են արդյունաբերության հանքարդյունահանող (քրոմիտներ, նավթ, ածուխ և այլն), մետաղաձուլական, քիմիական, թեթև և սննդի ճյուղերը։ Գյուղատնտեսության առաջատար ճյուղը բուսաբուծությունն է։ Ծովափյա հարթավայրերում և միջլեռնային գոգավորություններում մշակում են հացահատիկային բույսեր (վարսակ, եգիպտացորեն, գարի, ցորեն, բրինձ), շաքարի ճակնդեղ, ծխախոտ։ Աճեցնում են նաև կարտոֆիլ, բամբակենի, խաղող, ցիտրուսներ, թուզ և այլն։ Բուծում են կովեր, ձիեր, գոմեշներ, խոզեր, այծեր ու ոխարներ։ Զբաղվում են նաև ձկնորսությամբ։ Արտահանում է նավթ, ասֆալտ, բոքսիտներ, ծխախոտ, գորգեր, դեղաբույսեր, մեղր, թարմ և պահածոյած մրգեր ու բանջարեղեն։ Ներմուծում է մեքենաներ, փոխադրամիջոցներ, գյուղատնտեսական միջոցներ։ Առևտրական գլխավոր գործընկերներն է՝ Չինաստան, ԱՄՆ, ԵՄ երկրներ, Թուրքիա։ ՀՆԱ–ն՝ մեկ շնչի հաշվով 9443 ԱՄՆ դոլար։ Ազգային արժույթը՝ լեկ (միջազգային նշանակումը՝ ALL)։

Մշակույթ խմբագրել

Հնուց ի վեր Ալբանիայում տարածված են եղել արհեստները, որոնցից ամենահատկանշականը արծաթի գեղարվեստական մշակումն է։ Զարգացած է նաև գորգագործությունը։ Երկրում պահպանվել են թուրքական խոհանոցի սովորույթները, մսից պատրաստված ճաշատեսակներ՝ կծու սոուսով։ Ընդունված է արևելյան սուրճը։ Պահպանվում է ազգային տարազը, որի հիմնական գույներն են սպիտակը, սևն ու կարմիրը։

Մինչև 20-րդ դարի կեսերը Ալբանիայի քաղաքներում գերակշռում էին երկհարկանի քարե տները՝ կղմինդրե ծածկով։ Ժամանակակից կառույցները բազմահարկ են։ Մայրաքաղաք Տիրանան խոշոր արդյունաբերական և մշակութային կենտրոն է։ Այնտեղ գործում է համալսարան։

Բնություն խմբագրել

Լեռնալանջերը հիմնականում պատված են ասեղնատերև և լայնասաղարթ կաղնու և հաճարենու անտառներով և թփուտներով, ավելի վեր ալպյան մարգագետիններով։ Անտառներում կան գայլեր, բորենիներ, վայրի խոզեր։ Ափամերձ ջրերում և լճերում՝ ջրային բազմազան թռչուններ։

Խոհանոց խմբագրել

Ալբանիայի խոհանոցը, ինչպես միջերկրական և բալկանյան շատ երկրների խոհանոց, իր երկրի պատմության մեծ ազդեցությունն է կրում իր վրա։ Տարբեր ժամանակահատվածներում այն տարածքը, որը զբաղեցնում է ժամանակակից Ալբանիան, համարվում էր կամ զբաղեցված էր Հունաստանի, Սերբիայի, Իտալիայի և Թուրքիայի կողմից։ Այդ բոլոր ազգերը թողել են իրենց հետքը ալբանական խոհանոցի վրա։ Ալբանացիների հիմնական ճաշի ժամն է կեսօրվա նախաճաշը։ Այն սովորաբար մատուցվում է թարմ բանջարեղեններից բաղկացած աղցանից՝ լոլիկից, վարունգից, կանաչ պղպեղից և ձիթապտղից, որոնք համեմվում են ձիթապտղի յուղով, քացախով և աղով։ Նախաճաշը հիմնականում բաղկացած է գլխավոր մսային[25] և բանջարեղենային ճաշատեսակից։ Ծովային ուտեստները նույնպես սովորական ճաշացանքի մի մաս են կազմում ծովափնյա քաղաքներում ինչպիսիք են, օրինակ, Դուրրասը և Վլյորան։ Բարձրավանդակներում ապխտաց միսն ու թթու դրած բանջարեղենները մեծ համբավ են վայելում։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Popullsia e Shqipërisë» (PDF) (ալբաներեն). Instituti i Statistikës (INSTAT). 2020 թ․ մարտի 26. էջ 1. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 21-ին.
  2. «Population and Housing Census 2011» (PDF). Instituti i Statistikës (INSTAT). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 21-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «World Economic Outlook Database, October 2019». International Monetary Fund. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 21-ին.
  4. Հայաստանի կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե, «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ (2012). Աշխարհի պետությունների և տարածքների համառոտ տեղեկատու-բառարան. Երևան: «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ. էջ 6. ISBN 978-99941-2-663-7.
  5. Աշխարհագրական և պատմական անձնանունների բառարան
  6. Eftimi, R. «Some Considerations on Seawater-freshwater Relationship in Albanian Coastal Area» (PDF) (անգլերեն). ITA Consult. Արխիվացված (PDF) օրիգինալից 2011 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 4-ին.
  7. Կաղապար:Карта
  8. «Tregues Sipas Qarqeve Indicators by Prefectures» (PDF) (ալբաներեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 24-ին.
  9. Bolevich, Maria (2017 թ․ հունվարի 3). «Largest lake in southern Europe under threat from "eco-resort"». newscientist.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 4-ին.
  10. «Natural and Cultural Heritage of the Ohrid region». whc.unesco.org (անգլերեն). էջեր UNESCO. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 4-ին.
  11. «Lake Ohrid; Invest in Macedonia – Agency for Foreign Investments of the Republic of Macedonia». InvestInMacedonia.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 5-ին.
  12. «Mediterranean Basin Biodiversity Hotspot» (PDF). cepf.net (անգլերեն). 2017-07. էջեր 1–339. Արխիվացված (PDF) օրիգինալից 2020 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 5-ին.
  13. «BIODIVERSITY IN ALBANIA REPORT ON NATIONAL SITUATION OF BIODIVERSITY IN ALBANIA» (PDF). macfungi.webs.com (անգլերեն). էջ 2. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 5-ին.
  14. «Albania's Biodiversity and Protected Areas An Executive Summary» (PDF). al.undp.org (անգլերեն). Արխիվացված (PDF) օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 5-ին.
  15. Ministry of Tourism and Environment. «FIFTH NATIONAL REPORT OF ALBANIA TO THE UNITED NATIONS CONVENTION ON BIOLOGICAL DIVERSITY (CBD)» (PDF). cbd.int (անգլերեն). էջ 4. Արխիվացված (PDF) օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 5-ին.
  16. UNECE. «Albania Environmental Performance Reviews» (PDF). unece.org (անգլերեն). էջ 141. Արխիվացված (PDF) օրիգինալից 2019 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 5-ին.
  17. «On the status and distribution of the large carnivores (Mammalia: Carnivora) in Albania» (PDF). catsg.org (անգլերեն). Tirana. էջ 4. Արխիվացված (PDF) օրիգինալից 2019 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 5-ին.
  18. «Die potentielle Verbreitung der Wildkatze (Felis silvestris silvestris) in Österreich als Entscheidungsgrundlage für weitere Schutzmaßnahmen» (PDF). wildkatze-in-oesterreich.at (գերմաներեն). Salzburg. էջ 19. Արխիվացված (PDF) օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 5-ին.
  19. Protection and Preservation of Natural Environment in Albania. «Albanian Nature». ppnea.org (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 5-ին.
  20. NaturAL. «Albania towards NATURA 2000». natura.al (անգլերեն). Tirana. էջ 1. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 5-ին.
  21. «The National Parks Of Albania The fifteen national parks in Albania encompass an area of 210,668.48 hectares which accounts for about 3.65% of the overall territory of the country». worldatlas.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 5-ին.
  22. Ministry of Environment. «GAP ANALYSIS FOR NATURE PROTECTION LEGAL ACTS ON WILD FAUNA CONSERVATION AND HUNTING (Albania)» (PDF). al.undp.org (անգլերեն). էջեր 86–99. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 6-ին.
  23. «Population by prefectures, 2010 Հունվարի 1». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 24-ին.
  24. «Johan van der Heyden. GeoHive: Global Statistics». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 3-ին.
  25. [1](չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 144