Բուսական աշխարհ, ֆլորա (նոր լատ․՝ flora, լատ․՝ Flora՝ ծաղիկների և գարնան աստվածուհի), որոշակի աշխարհագրական տարածքում աճող բուսատեսակների ամբողջություն, որը կազմավորվել է երկրաբանական վաղ անցյալում, համապատասխանում է ներկա բնակության պայմաններին և սերտ ու կայուն փոխհարաբերությունների մեջ է գտնվում մերձակա տարածքների ֆլորաների հետ։ Ֆլորան ընդգրկում է այս կամ այն տարածքի բոլոր բուսատեսակները։ Սակայն գործնականում այդ անվան տակ հաճախ հասկացվում են միայն բարձրակարգ սերմնավոր և պտերանման բույսերը, իսկ ստորակարգ և այլ սպորավոր բույսերի ֆլորա նշվում է լրացուցիչ կամ կոնկրետ անվանումներով (ջրիմուռների ֆլորա կամ ալգոֆլորա, քարաքոսերի ֆլորա կամ լիխենոֆլորա և այլն)։

Աշխարհագրական միավորների բուսական աշխարհ

խմբագրել

Շատ տարածված է առանձին պետությունների, հանրապետությունների ֆլորաների կազմումը, ինչպես, օրինակ, Հայաստանի ֆլորա, Վրաստանի ֆլորա և այլն։ Կազմվում են նաև ավելի խոշոր աշխարհագրական միավորների (Կովկաս, Միջին Ասիա, Եվրոպա, Ամերիկա, Արկտիկա) ֆլորաներ։ Յուրաքանչյուր վայրի ֆլորայի կազման հիմքը տեսակային կազմի բացահայտումն է կամ տեսակագրումը, որը սովորաբար զուգակցվում է համապատասխան փաստացի նյութերի՝ հերբարիումների ստեղծման հետ։ Սովորաբար կատարվում է նաև ֆլորայի էկոլոգա-ցենոտիկական վերլուծություն։ Բացահայտվում է կենսաձևերի տոկոսային կազմը, նրանց պատկանելությունը առանձին բուսատիպերի, էկոլոգիական պայմանների, կատարվում է ֆլորայի ժամանակագրական վերլուծություն (երիտասարդ, հնաբնակ, ռելիկտային բուսատեսակներ)։ Օգտագործվում են նաև հնէաբուսաբանական տվյալները։

Ֆլորայի հատկանիշները

խմբագրել

Յուրաքանչյուր ֆլորայի կարևորագույն հատկանիշներից մեկը նրա կարգաբանական կատեգորիաների՝ տեսակների, ցեղերի և ընտանիքների քանակական փոխհարաբերությունների, ինչպես նաև միայն այդ վայրին բնորոշ աբորիգեն կամ զուտ տեղական բույսերի՝ էնդեմների բացահայտումն է։ Օրինակ, Հայաստանին բնորոշ էնդեմներից են նաիրյան նշենին, Թախտաջյանի կաթնուկը, Թամամշյանի օշանը, Տիգրանի թանթրվենին, Կոմարովի պայթակենին, հայաստանյան արոսենին, արարատյան վայրի ցորենը և այլն։

Բուսական աշխարհը և ֆլորիստիկ շրջանացումը

խմբագրել

Տարբեր երկրների ֆլորաների ուսումնասիրման և համեմատական վերլուծության արդյունքները հիմք են ծառայում ֆլորիստիկ շրջանացման համար։ Երկրագնդի ֆլորայի լավագույն շրջանացումը կատարել է Ա․ Թախտաջյանը։ Ֆլորաներում համառոտակի տրվում են նաև բույսերի տարածման արեալները տվյալ շրջանում, ընդհանրապես էկոլոգիական պայմանները և օգտագործման բնագավառները։ Հայաստանը գտնվում է միմյանցից խիստ տարբերվող երեք խոշոր ֆլորիստիկական մարզերի ու ենթամարզերի (Ցիրկումբորեալ, Իրանա-Թուրանական, Առաջավոր Ասիական) և հինգ նահանգների (Անատոլիական, Ատրպատականյան, Կովկասյան, Հայկական և Իրանա-Հայկական) շփման վայրում։ Վերոհիշյալ ֆլորիստիկական մարզերի, ենթամարզերի և նահանգների ազդեցությունների, ինչպես նաև երկրի բնապատմական պայմանների բազմազանության պատճառով Հայաստանի ֆլորան ունի արտակարգ հարուստ և խայտաբղետ տեսակային կազմ։

Հայաստանի ֆլորան

խմբագրել

Հայաստանումում աճում է շուրջ 3200-3500 տեսակ ծաղկավոր բույս, այսինքն յուրաքանչյուր 1000 կմ-ին համապատասխանում է 107 տեսակի բույս։

Յուրաքանչյուր լեռնային երկրում (Հայաստանում նույնպես) բուսականության հիմնական տիպերի աշխարհագրական տեղաբաշխումը պայմանավորված է վերընթաց գոտիականությամբ։ Նրա ուրույն ֆլորան և բուսական ծածկույթը հիմք են հանդիսացել Կովկասի և Հայաստանի բուսաաշխարհագրական շրջանացման յուրահատուկ սխեմաների մշակման համար։

Առաջին անգամ Հայաստանում է նկարագրվել բույսերի 400 տեսակ, որոնցից 185-ը տարբեր ժամանակներում հայտնաբերվել է նաև հարևան երկրներում, իսկ մնացած 115-ը հանդիպում է միայն Հայաստանում։ Հայաստանի առավել մեծ հետաքրքրություն ներկայացնող էնդեմիկներից են Հայաստանի արոսենին, նաիրյան նշենին, Թախտաջյանի կաթնուկը, Թամամշյանի օշանը, Ուրարտուի ցորենը, Տիգրանի թանթրվենին, Մաղաքյանի ստելերոպսիսը և այլն։ Մնացորդային բույսերի մեծ մասը՝ ունաբին, կենին, սոսին, արջատխլենին, խնկենին, գիհին, գայլահատը, մրտավարդը, պարիյյակը, սովորական բաղեղը և այլն, ծառեր ու թփեր են։ Կան նաև մնացորդային խոտաբույսեր՝ ծովոսպը, սպիտակ և դեղին ջրաշուշանները, ենթալպյան բարձրախոտերը, բոլոր տեսակի պտերները, ոչխարի շյուղախոտը և այլն։

ՀՀ-ում պահպանվել են նաև անցյալ երկրաբանական ժամանակաշրջանների բազմաթիվ բույսերի մնացորդներ՝ բ