Հայկական երաժշտություն
Հայկական երաժշտություն, հայ ժողովրդի դարավոր երաժշտական մշակույթը։ Այն սկիզբ է առնում մ.թ.ա. II հազարամյակում։ Պատմական տվյալները մեզ են հասել հնադարյան հայ պատմիչներ Մովսես Խորենացու և Փավստոս Բյուզանդի աշխատությունների շնորհիվ[1]։
Հնադար և միջնադար
խմբագրելՔ.ա. III հազարամյակում ձևավորվել էր հայկական երաժշտության որակային յուրահատկությունը։ Մովսես Խորենացին հիշատակում է «փանդիռ», «փող», «փմբուկ» երաժշտական գործիքները։ Փավստոս Բյուզանդը հիշատակում է թմբուկը, սրինգը, քնարը և շեփորը[2]։ Պահպանվել են մինչքրիստոնեական Հայաստանի երգերի տեքստերի հատվածներ, օրինակ՝ Գողթան երգերը։ Հեթանոսական ժամանակների ասքերը կոչվում են «Գողթան երգեր»՝ Մեծ Հայքի Գողթն գավառի անունով։ Ամենայն հավանականությամբ, դրանք երգվում էին հայ գուսանների կողմից՝ փանդիռների նվագակցությամբ։ Բարեբախտաբար հին հայկական երաժշտական մշակույթի գանձերից թեկուզ մի քանի փշրանք պահպանվել են Մովսես Խորենացու «Հայոց պատմության» շնորհիվ։ Դրանք պատմում են Հին Հայոց և օտար ազգերի աստվածների, արքաների, թագուհիների, արքայադուստրերի, զորավարների և այլոց՝ այդ թվում Վահագնի, Արա Գեղեցիկի, Շամիրամի, Արտաշես թագավորի, Սաթենիկ թագուհու, Արտավազդի, Արգամի, Տիգրանի, Տիգրանուհու, Աժդահակի, Երվանդի, Սմբատ Բագրատունու և մի շարք այլ կիսաառասպելական ու կիսապատմական վիպական հերոսների մասին։ Հայոց հնագույն երգերից մեկը, որը վերաբերում է Ք.ա. II դարին, պատմում է երկու արիական ազգերի՝ հայերի և ալանների պատերազմի ու հաշտության, հայոց քաջարի արքա Արտաշեսի և ալանաց գեղանի արքայադուստր Սաթենիկի մասին։ Ահա այդ հնագույն երգից Խորենացու գրառած երկու գեղեցիկ հատված․
|
|
Հնագույն հայկական փառահեղ օրհերգերից մեկը՝ Վահագնի ծնունդը, որը նվիրված է Հին Հայոց Ամպրոպի, Կայծակի և Ռազմի աստված Վահագնին, նույնպես պահպանվել է որպես Մովսես Խորենացու Պատմության մեջ ներառված Գողթան երգերից մի հատված․
|
301 թվականից, երբ Հայաստանը, աշխարհում առաջինը լինելով, պետականորեն ընդունեց քրիստոնեությունը որպես պաշտոնական կրոն, հիմք է ստեղծվում հայկական քրիստոնեական եկեղեցական երաժշտության զարգացման համար։ Ագաթանգեղոսը հայտնում է, որ IV դարի վերջից բարձրագույն դպրոցներում երգեցողություն են ուսուցանել։ Միևնույն ժամանակ հայտնի է հայկական հոգևորականության բացասական վերաբերմունքը հեթանոսական երաժշտական ժառանգության հանդեպ։
Հայ հնադարյան երաժշտության զարգացմանը նպաստում է նաև ավատատիրության՝ ֆեոդալիզմի ձևավորումը։ Սակայն գուսանական արվեստը ենթարկվում է հալածանքների (այդուհանդերձ շարունակելով իր զարգացումը)։
Հայ եկեղեցական երաժշտության զարգացմանը նպաստեց 405 թ-ին Մեծ Հայքի վերջին Արշակունի արքաներից մեկի՝ Վռամշապուհի հրամանով իր քարտուղար Մեսրոպ Մաշտոցի կողմից հայկական այբուբենի ստեղծումը (կամ, հավանական է, պարզապես կորսված հայկական այբուբենի վերականգնումը)։ Վարդապետարաններում (հայկական դպրոցներում, որոնք, ինչպես հայտնում է Մովսես Խորենացին, առաջին անգամ հիմնադրում է Մեսրոպ Մաշտոցը), ուսուցանվում են երաժշտություն և երգ։
V - VI դարերում ստեղծվում են առաջին հոգևոր երգերը, որոնց հեղինակներն են՝ Մեսրոպ Մաշտոցը, Սահակ Պարթևը, Հովհաննես Ա Մանդակունին, Ստեփանոս Սյունեցին, Կոմիտաս Ա Աղցեցին։ Եկեղեցական երաժշտության զարգացման ընթացքում ձևավորվում են շարականները (V դար)։ VII դարում երաժիշտ Բարսեղ Ճոնը կազմում է շարականների առաջին ժողովածուն։ 7-րդ դարի հիմնադիրներից հայտնի է նաև կաթողիկոս Սահակ Գ Ձորոփորեցին։ Ձայների երկրորդ համակարգումը կատարեց Ստեփանոս Սյունեցին՝ 8-րդ դարի առաջին կեսին։ Վերջինս եկեղեցական երաժշտության մեջ ներմուծեց նաև կանոնը։ Հին հայկական երաժշտության զարգացման մեջ նոր ձեռքբերում էր երաժշտական նոտագրության՝ խազերի ստեղծումը 8-9-րդ դարերում։ Խազերի հնագույն ձեռագիրը վերաբերում է 9-րդ դարին։ Ընդհանուր առմամբ պահպանվել է խազերի ավելի քան 2000 ձեռագիր։ Հնադարյան Հայաստանի երաժշտական մշակույթի մասին հայտնում է նաև Դավիթ Անհաղթը (V - VI դդ)։
Հայկական երաժշտությունը նշանակալիորեն զարգանում է զարգացած ֆեոդալիզմի դարաշրջանում՝ 10-13-րդ դարերում։ Դրան նպաստում է հայկական ազգային պետության վերականգնումը IX դարի կեսերին։ X դարում ստեղծվում է պրոֆեսիոնալ երաժշտության նոր ուղղություն՝ տաղը։ Տաղերը խոշոր հասարակական կամ հոգևոր վոկալ պիեսներ են, որոնք ունեն դրամատիկական, վիպական, ինչպես նաև քնարական բնույթ։ Այդ ստեղծագործություններն իրենց սկզբնաղբյուրներով սերում էին գուսանական և գյուղական երաժշտությունից։ Տաղերի առավել հայտնի հեղինակներից են Գրիգոր Նարեկացին (X դար), Խաչատուր Տարոնեցին (XII դար) և այլք։ Հայկական Վերածննդի գուսանական գաղափարները արտացոլված էին ինչպես տաղերում, այնպես էլ «Սասունցի Դավիթ» էպոսում, որը վերջանականապես ձևավորվեց IX - X դարերում։ Հայկական երաժշտական մշակույթի հիմնական զարգացումը կապված է հենց տաղերի հետ։ Երաժշտական նոտագրության համակարգը կատարելագործվում է 11-րդ դարում՝ խազերի ի հայտ գալով։ Այն թույլ էր տալիս ավելի ճշգրիտ ֆիքսել մեղեդին։ Ստեղծվում են «Խազգիրք» ժողովածուները, որոնք հանդիսանում էին նաև յուրօրինակ ուսումնական ձեռնարկներ։ Հին հայկական երաժշտության զարգացման գործում մեծ դեր խաղաց Ներսես Շնորհալին (XII դար), ով գրեց բազմաթիվ երգեր, տաղեր և շարականներ։ Հովհաննես Իմաստասերը (XI - XII դարեր), Հովհաննես Երզնկացին (XIII դար) և այլք իրենց աշխատություններում ուսումնասիրում էին երաժշտա-գեղագիտական բնույթի թեմաներ։ Առաքել Սյունեցին, Հակոբ Ղրիմեցին գրել են տվյալ ժամանակաշրջանի երաժշտական գործիքների մասին։ Մեծ արժեք են ներկայացնում Կիլիկիայի թագավորությունում ստեղծված պատմական երգերի բառերը (Հեթում Ա արքայի որդի Լևոնի գերեվարության մասին և այլն)։ XIV դարից հասարակական տաղերը զգալիորեն դուրս են մղում շարականներին և այլ հոգևոր ստեղծագործություններին։ Հատկապես սկսած XVI դարից՝ Հայաստանի՝ Թուրքիայի և Իրանի միջև բաժանվելուց հետո, ամրապնդվում են սոցիալական թեմաները և գերակայում են ողբերգական երգերը։
Միջնադարյան երգերի ժողովածուներից են Շարակնոցը, Գանձարանը, Մանրուսմունքը և Տաղարանը[4]։
Հին հայկական երաժշտական նոտագրություն
խմբագրելԸստ 5-րդ դարի պատմիչ Ղազար Փարպեցու՝ հայերը սկզբնապես օգտագործում էին այբուբենի տառերը՝ երաժշտությունը ֆիքսելու համար[5]։ Հին հայկական երաժշտական նոտագրությունը՝ խազերը, ստեղծվել են VIII-IX դարերում։ [6] Խազերի ստեղծման նախաձեռնողը հավանաբար Ստեփանոս Սյունեցին է եղել[7]։ XII դարից խազերը զարգանում էին նաև Կիլիկիայում[6], Ներսես Շնորհալին, Գրիգոր Խուլը (XII դար), Գևորգ Սկեռացին (XIII դար) և այլք բարելավում էին խազերի համակարգի և դրանց նշանների կատարման մեկնաբանման տեխնոլոգիան[7]։ Հայտնի են ավելի քան 40 հիմնական և մինչև 20[6] կամ 30[7] լրացուցիչ, ինչպես նաև բազմաթիվ ածանցյալ նշաններ։ Խազերը բաժանվում են 3 հիմնական կատեգորիաների[7]։ Բացի այդ հայկական խազերը պալեոբյուզանդական նշանային համակարգից տարբերվում էին նաև իրենց գրաֆիկական գրելաձևով, անվանումներով և նշանների փոխհարաբերությամբ[7]։ Պահպանվել են ծավալուն ձեռագիր հատորների հսկայական քանակություն, որոնք պարունակում են միջնադարյան հասարակական և հոգևոր ստեղծագործությունների խազային գրառումներ։ IX դարից հայտնի են նաև ձեռագրեր է հնչյունական նոտագրությամբ[5]։
Երգերի ժողովածու, 1322 թ | Երգերի ժողովածու, 1332 թ | Երգերի ժողովածու, 1342 թ |
Հին հայկական երաժշտական ժանրերը և բնութագիրը
խմբագրելԳուսանական երաժշտություն
խմբագրելԳուսանները հայ ժողովրդական երգիչներն են։ Նրանց ստեղծագործությունները բացարձակապես հասարակական բնույթ են կրում։ Նախաքրիստոնեական Հայաստանում հելլենիզմի դարաշրջանում գուսանները ծառայում էին Գիսանե աստվածուհու տաճարում, մասնակցում էին ֆարսերի և երգիծական ներկայացումներին։ Գուսանական երաժշտությունը սերում է ստրկատիրական ժամանակաշրջանի Հայաստանի «վիպասանների» ստեղծագործություններից։ Ֆեոդալիզմի ժամանակաշրջանում նոր զարգացում ապրեց «գուսանների» արվեստը, ինչպես նաև ի հայտ եկան «վարձակները»։ Գուսանական երգերի մասին վկայում են 5-րդ դարի հայ պատմիչներ Ագաթանգեղոսը, Փավստոս Բյուզանդը, Մովսես Խորենացին, Եղիշեն և այլք։ Ժողովրդական երգիչներ գուսանները երգերը կատարում էին հիմնականում խնջույքներին, հարսանիքներին և այլն։ 301 թվականից հետո հայկական եկեղեցին հետապնդում էր գուսաններին։ Սակայն, նույնիսկ եկեղեցական բարձր, անգամ բարձրագույն դասի մեջ կային մարդիկ, այդ թվում Հայոց կաթողիկոսի թոռները, որոնք կերուխում էին անում՝ իրենց սեղանակից դարձնելով գուսաններին, ինչպես նաև երգչուհիներին, պարուհիներին ու մարմնավաճառներին։ Քրիստոնյա պատմիչ Փավստոս Բյուզանդը, ով ապրել է IV - V դարերում, նկարագրելով IV դարի իրադարձությունները, քամահրանքով գրել է․
«Մի անգամ նրանք Տարոնում էին՝ Աշտիշատ եկեղեցական ավանում, որտեղ առաջին անգամ եկեղեցի էր կառուցվել իրենց նախապապ Գրիգոր Լուսավորչի կողմից։ Երկու եղբայրները՝ Պապը և Աթանագինեսը, ժամանեցին այդ գյուղ։ Խիստ հարբած՝ նրանք սկսեցին ծաղրել աստծո տաճարը․ երկու եղբայրները մտան եպիսկոպոսական հանգստավայր և սկսեցին այնտեղ գինի խմել մարմնավաճառների, երգչուհիների, պարուհիների, գուսանների հետ»։ [8]
Հին գուսանական արվեստը գոյատևեց մինչև XV-XVI դարերը։ Այդ ժամանակաշրջանի հայտնի պոետ-գուսաններն էին Գրիգոր Խլաթեցին և Նահապետ Քուչակը՝ հայրենների հեղինակները։
Շարական
խմբագրելՇարականները հոգևոր երգերն են[9]։ Պահպանվել են V - XV դարերի մեծ քանակությամբ շարականներ։ Հին հայկական հոգևոր երաժշտությունը կազմված է 4 հիմնական ժանրերից՝ կցուրդ, կացուրդ, կանոն և տաղ[9] Շարականները հին հայկական մշակույթի՝ մասնավորապես պոեզիայի, երաժշտության և պրոֆեսիոնալ երգարվեստի սինթեզն է։ Արդեն VII դարում Բարսեղ Ճոնը կաթողիկոս Ներսեսի հանձնարարությամբ կազմեց «Շարակնոց» ժողովածուն։ Համաձայն Կիրակոս Գանձակեցու․ «Այդ ժամանակ Հայաստանում այնքան շատ էին կանոնավոր եկեղեցական երգերը, որ մի թեմի երգիչները չգիտեին մյուս թեմի երգերը»[10]։ Վարդան Արևելցին գրում է․
|
Շարականների բազմադարյա արվեստը միշտ գտնվում էր հասարակական երաժշտության և պոեզիայի ուժեղ ազդեցության տակ և հազարավոր տարիների ընթացքում զգալի էվոլյուցիա ապրեց[9]։ Շարականների տեքստերի հիմնական բանաստեղծական չափը բարդ չորսոտնյա յամբ է (4+4+4+4)։ Հանդիպում են նաև այլ չափեր, որոնց մեջ հաճախակի են լինում չորսոտնյա անապեստները (З+З+З+З)[9]։ Շարականների երաժշտությունը վերաբերում է տների սկզբունքին։ Շարականները գրվում էին որպես ամբողջական երաժշտա-բանաստեղծական ստեղծագործություններ[9]։
Շարականները հավաքված են «Շարակնոց» ժողովածուի մեջ[5], որտեղ ներառված են ավելի քան 1166 երգեր։
Տաղ
խմբագրելՏաղերը, շարականների պես, երաժշտական և բանաստեղծական արվեստի սինթեզ են[12]։ Տաղը պրոֆեսիոնալ երաժշտության յուրահատուկ ժանր է։ Դրանք համեմատաբար ծավալուն մոնոդիաներ են, որոնք իրենց բովանդակությամբ և մեղեդայնությամբ հիշեցնում են հաջորդող դարաշրջանի վոկալ և գործիքային արիաները։ Տարբերակվում են հոգևոր և աշխարհիկ տաղերը։ Առաջիններն ավելի ծավալուն են, քան աշխարհիկները։ Տաղը, որպես երաժշտական ժանր, հիմնականում զարգացել է X դարում՝ գլխավորապես Գրիգոր Նարեկացու շնորհիվ։ Հոգևոր տաղերը ի տարբերություն շարականների՝ կանոնավոր երգեր չէին․ տոնախմբություններին և արարողություններին կատարվում էին տվյալ իրադարձությանը ավելի տոնական տեսք տալու համար։ Աշխարհիկ տաղն ավելի ցայտուն կերպով զարգանում է Ֆրիկի ստեղծագործություններում (XIII դար)։ Տաղերի ուշ միջնադարյան հեղինակներից հայտնի են Հովհաննես Թլկուրանցին, Մկրտիչ Նաղաշը, Մինաս Թոխատեցին, Պետրոս Կապանցին, որոնց ստեղծագործություններից մի քանիսը պահպանվել են խազերի տեսքով։ Ամենահայտնի աշխարհիկ տաղերից մեկը՝ «Կռունկ»-ը, որը ստեղծվել է ուշ միջնադարում, պահպանվել է XVII դարի տեքստերում։ Կրոնական տաղերի և գանձերի ուշ միջնադարյան հեղինակներից առավել հայտնի են Առաքել Սյունեցին, Մատթեոս Ջուղայեցին, Գրիգոր Խլաթեցին, Առաքել Բաղիշեցին և այլք։ Աշխարհիկ տաղերի միջնադարյան ժողովածուն տպագրվել է Վենետիկում 1513 թվականին։
XVII—XVIII դարեր
խմբագրելՏաղերի ականավոր կատարողներից մեկը Պետրոս Կապանցին էր։ Նրա ստեղծագործություններն իրենց արմատներով կապված են զարգացած ֆեոդալիզմի ժամանակաշրջանի հայկական երաժշտական մշակույթի ավանդույթների հետ։ Այդ ժամանակաշրջանում շատանում են թե՛ երաժիշտները, թե՛ երաժիշտ-կատարողները։ Միևնույն ժամանակ XVII-XVIII դարերի հայ գիտնականները շարունակում էին ուսումնասիրել միջնադարյան ձեռագրերի և բնագրերի երաժշտական ժառանգությունը։ Այդ շրջանի ճանաչված երաժշտական տեսաբաններից էին Ավետիք Բաղդասարյանը, Զենե-Պողոսը, Խաչատուր Էրզրումցին և Մխիթար Սեբաստացին։ Հին հայկական երաժշտության ուսումնասիրությանը զուգընթաց՝ Գրիգոր դպիր Գապասկալյանը (4 երաժշտագիտական աշխատությունների հեղինակ[13]) փորձում է ստեղծել խազերի նոր համակարգ։
Աշուղական երաժշտություն
խմբագրելԱշուղական երաժշտությունը հանդիսանում է երաժշտական և գրական մշակույթի սինթեզ, որն առաջացել է XVI դարում[14][15] Աշուղները ժողովրդական երգիչ-պոետներ են[16],, ովքեր մեծ դեր են խաղացել հայկական երաժշտության պատմության մեջ[16]։ Աշուղական արվեստի հիմնական զարգացումն սկսվում է XVII դարում։ XVII-XVIII դարերի նշանավոր հայ աշուղներից էին Էգազը, Գուլ Հարությունը, Ղազարի որդի Բաղերը և այլք[15]։ Աշուղական երաժշտությունը հիմնված է ժողովրդական արվեստի բազմադարյա ավանդույթների վրա։ Սովորելով միջնադարյան տաղասացների ավանդույթները՝ հայ աշուղներն իրենց ստեղծագործությունների համար ստեղծում էին յուրօրինակ մեղեդիներ։ Արդեն XIX դարի երկրորդ կեսից այդ մեղեդիները գրառվեցին եվրոպական երաժշտական նոտագրությամբ։ Այդ երգերի տեքստերը նվիրվում էին սիրային, հասարակական, երգիծական և այլ թեմաներին։ Չնայած այս արվեստի յուրօրինակությանը՝ աշուղական երաժշտությանը հատուկ են նաև ընդհանուր գծեր։ Աշուղական մեղեդին ավելի զգացմունքային է, ճկուն է ռիթմապես։ Երգեցողությունն ուղեկցվում է սազի կամ քամանչայի հնչյուններով[16]։ Աշուղների հիմնական երաժշտական գործիքները լարային կսմիթահար գործիքներն են՝ սազը և չոգուրը։ XVII-XVIII դարերի հայ ականավոր աշուղներից են Նաղաշ Հովնաթանը, Բաղդասար Դպիրը և Սայաթ-Նովան։ XVIII դարում աշուղական արվեստը «կլանում» է տաղասացների արվեստը։
XIX դար - XX դարի սկիզբ
խմբագրելԺողովրդական երաժշտություն
խմբագրել19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի հայտնի աշուղներից են Ջիվանին, Շիրինը, Շերամը, Հավասին։ 1870-ական թվականներից հայկական երաժշագետներ Ս․ Ամատունին, Քրիստափոր Կարա-Մուրզան, Նիկողայոս Տիգրանյանը, Կոմիտասը և այլք սկսում են հավաքել և գրառել ժողովրդական երգերը (1913 թվականից գրառվում են նաև սարքավորումների միջոցով)։ Ամենամեծ ավանդն այս գործում պատկանում է Կոմիտասին, ով գրառել է ավելի քան 2000 ժողովրդական երգ։ 19-րդ դարի վերջին Կարա-Մուրզան Հարավային Կովկասի տարբեր ծայրերում և Ռուսաստանի հարավում ստեղծում է ավելի քան 90 հայկական ժողովրդական երգչախմբեր։ 20-րդ դարի սկզբին է ստեղծագործել քամանչիստ Ալեքսանդր Օհանյանը։
Դասական երաժշտություն
խմբագրելՀամբարձում Լիմոնճյանը 1813-1815 թթ ստեղծում է հայկական նոր նոտագրություն[17]։ Այդ ժամանակ գրառվեցին ինչպես ժողովրդական երաժշտության նմուշներ, այնպես էլ հոգևոր՝ մասնավորապես Նիկողայոս Թաշչյանը հին հայկական հոգևոր երաժշտական ստեղծագործությունների 3 հատոր գրեց։ Երաժշտական մշակույթի նոր վերելք նկատվեց 19-րդ դարի երկրորդ կեսին, որը պայմանավորված էր նաև ազգային-ազատագրական գաղափարներով։ Թե՛ Արևելյան և թե՛ Արևմտյան Հայաստանում, ինչպես նաև Թուրքիայում, վերածնվում է հայկական երաժշտահասարակական կյանքը։ Հրատարակվում են երգերի բազմաթիվ ժողովածուներ (Ռափայել Պատկանյանի երգերի ազգային ժողովածուն, 1856 թ, Սանկտ Պետերբուրգ), ստեղծվում են երաժշտական համայնքներ։
Նիկողայոս Թաշչյանը (1878), Վենետիկի Մխիթարյանները (1882) և այլք երաժշտական տեսության և երաժշտական գրագիտության դասագրքեր են ստեղծում։ Այդ ժամանակաշրջանի կարևոր մշակութային ձեռքբերումը դառնում է հայկական երաժշտական պարբերականը։ Դեռևս 1857 թ Գաբրիել Երանյանը և Ա. Հովհաննիսյանը հրատարակում են երաժշտական «Քնար արևելյան» ամսագիրը։ 1879 թվականից լույս է տեսնում նաև Ե. Տնտեսյանի «Նվագ հայկական» ամսագիրը։ Բազմաթիվ խոշոր հայկական պարբերականներում տպագրվում են երաժշտական թեմաներով հոդվածներ։
Հայկական երաժշտական մշակույթի զարգացման գործում մեծ դեր խաղացին Լազարյան ճեմարանը, Ներսեսյան դպրոցը, Գևորգյան ճեմարանը։ 19-րդ դարի կեսերին ձևավորվում է նաև համերգային կյանքը։ Բացի աշուղների, դուդուկ, քամանչա նվագողների, ժողովրդական երգիչների միությունների ստեղծումից, հայտնվում են ինչպես ռուսական, այնպես էլ արևմտյան կոնսերվատորիաներ ավարտած առաջին երաժիշտները։ Ստեղծվում են նաև գործիքային համույթներ և սիմֆոնիկ նվագախմբեր, որոնց մեջ նշանակալի էր Սինանյանի նվագախումբը (1861-1896)։
Ե. Տնտեսյանի, Ն. Թաշչյանի, Գ. Կորգանովի, Տ. Չուխաճյանի և Գ. Երանյանի ստեղծագործություններում զարգանում էր երգչախմբային և անհատական երգի, ռոմանսի, Չուխաճյանի և Կորգանովի մոտ՝ նաև գործիքային երաժշտության ժանրը։ 1860-ական թվականներից շարունակում են ստեղծվել հայրենասիրական երգեր։ 19-րդ դարի երկրորդ կեսում է ստեղծվում նոր ազգային կոմպոզիտորական դպրոցը։
Պատմական նշանակություն ուներ 1868 թվականին Տիգրան Չուխաճյանի կողմից ստեղծված առաջին հայկական օպերան՝ «Արշակ II»-ը[18]։ 1891 թվականին Չուխաճյանը գրում է «Զեմիրե», 1897 թվականին՝ «Ինդիանա» օպերաները։ 1870-ական թվականներին գրում է 3 օպերետաներ, որոնցից ամենահայտնին «Լեբլեբիջի Հոր-հոր աղա»-ն է (1875)։ Սերովբե Բենկլյանի հետ միասին Չուխաճյանը ձևավորում է Մերձավոր Արևելքում առաջին մշտական գործող պրոֆեսիոնալ օպերետային թատերախումբ[19]։
-
Սինանյան հայկական սիմֆոնիկ նվագախումբը, որը գործել է 1861-1896 թվականներին
-
«Եփրատ» նվագախումբը, 1880-1910 թվականներին
-
Դասական նվագախումբ Արևմտյան Հայաստանից, 1900-ական թվականներ
-
Ադանայի հայկական նվագախումբ, 1902-1906 թթ
1880-ական թվականներից պրոֆեսիոնալ կոմպոզիտորներն սկսում են հավաքել և մշակել հին հայկական ժողովրդական երգերը։ Այդ կոմպոզիտորների թվում էին Մակար Եկմալյանը, Քրիստափոր Կարա-Մուրզան և Նիկողայոս Տիգրանյանը։ Այդ ժամանակաշրջանից սկսում է նաև իր գործունեությունը հայկական երաժշտության պատմության ամենակարևոր գործիչներից մեկը՝ Կոմիտասը, ով առանցքային դեր խաղաց ազգային երաժշտաոճի վերածնման գործում։ Նրա բազմակողմանի գործունեությունը որոշեց հաջորդ դարերի ողջ հայկական երաժշտության հետագա զարգացման ճանապարհը։ Ալեքսանդր Սպենդիարյանի գործունեությամբ սկսվում է հայկական նվագախմբի և վոկալ-նվագախմբային երաժշտության պատմության նոր շրջան (սյուիտներ, Ղրիմյան էսքիզներ, Երեք պալմաներ և այլն)։ Ռոմանոս Մելիքյանը հիմնականում աշխատում է ռոմանսի բնագավառում։ 1912 թ Արմեն Տիգրանյանի կողմից «Անուշ» օպերայի բեմադրմամբ զարգանում է նոր ոճային ուղղություն հայկական երաժշտական թատրոնում։ Ստեղծագործությունը մայրենի լեզվով է։ Նույն 1912 թ Ազատ Մանուկյանը գրում է առաջին հայկական մանկական օպերան՝ «Չարի վերջը»։ 20-րդ դարի սկզբին իրենց գործունեությունն սկսեցին Գրիգոր Սյունին, Ս. Բարխուդարյանը, Ա. Մայիլյանը, Ա. Տեր-Ղևոնդյանը, Դ. Ղազարյանը, Ե. Բաղդասարյանը, Մ. Միրզայանը։ Այդ դարաշրջանի ազգային երաժշտագիտությունը, որի գլխավոր ներկայացուցիչներից էին Կոմիտասը, Վ. Կորգանովը, Ե. Տնտեսյանը, հիմնականում կապված է ժողովրդական և միջնադարյան պրոֆեսիոնալ երաժշտության, ազգային երաժշտական ավանդույթների ընկալման հետ։ Կոմիտասի հետ մեկտեղ ժողովրդական երաժշտության հավաքագրմամբ զբաղվում էր նաև Ս. Մելիքյանը, ով 1912 թ ստեղծեց Հայկական երաժշտական միություն։ 1919 թ Թիֆլիսում ստեղծվեց հայկական երաժշտության տեսաբանների միություն։
Այդ ժամանակաշրջանում բուռն զարգացում էր ապրում վոկալային արվեստը։ Ռուսաստանի և Եվրոպայի բազմազան բեմերում հանդես էին գալիս Նադեժդա Պապայանը, Տիգրան Նալբանդյանը, Արմենակ Շահմուրադյանը (Գրանդ օպերայի մենակատար), Մարգարիտ Բաբայանը, Բեգլար Ամիրջանը, Կոնստանտին, Հովհաննես, Եղինե, Նունե և Մարիա Կորգանովները։ Արգասաբեր գործունեություն էին ծավալում նաև դաշնակահարներ Ստեփան Էլմասյանը, Կարոլ Միկուլին, Ադամյան քույրերը, դիրիժոր Ալեքսանդր Ասլանովը (1912-1918 թթ ղեկավարել է Մարիինյան թատրոնի նվագախումբը), ջութակահարներ Դավիթ Դավթյանը և Հովհաննես Նալբանդյանը։
Բազմաթիվ հայ կոմպոզիտորներ, երաժիշտներ, դիրիժորներ, ովքեր ստիպված էին արտագաղթել Հայոց ցեղասպանության ժամանակ, իրենց ազգային երաժշտական մշակույթը զարգացրեցին աշխարհի տարբեր երկրներում։
XX դար
խմբագրել1920 թ. վերջին Հայաստանի Առաջին Հանրապետությունը փաստացի բաժանվում է քեմալական Թուրքիայի և Խորհրդային Ռուսաստանի միջև։ Ձևականորեն դեռևս անկախ, բայց խորհրդային հանրապետություն համարվող, իսկ իրականում՝ խորհրդային Ռուսաստանի ենթակայության ներքո հայտնված Հայաստանում հայ ժողովուրդը նույնիսկ ամենածանր պայմաններում շարունակում էր զարգացնել իր մշակութային կյանքը, այդ թվում՝ երաժշտությունը։ 1921 թ. հիմնադրված Երևանի երաժշտական ստուդիան վերափոխվեց Երևանի պետական կոնսերվատորիայի։ Մեկ տարի անց կազմավորվում է Երևանի պետական կոնսերվատորիայի սիմֆոնիկ նվագախումբը, որի առաջին դիրիժորներից էին Ալեքսանդր Սպենդիարյանն ու Ալեքսանդր Մելիք-Փաշայանը։ Կարևոր պատմական նշանակություն ունեցան՝ 1932 թվականին Հայաստանի կոմպոզիտորների միության՝ և 1933 թվականին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հիմնադրումը։
1930 թ. բեմադրվում է Սպենդիարյանի «Ալմաստ» օպերան, 1935 թ-ին՝ Ա. Ստեփանյանի «Քաջ Նազար» երգիծական օպերան (1936 թ-ին Ա. Ստեփանյանը գրոում է «Սասունցի Դավիթ» օպերան); Օպերայի ժանրում ստեղծագործում են Ա. Մաիլյանը, Ա. Այվազյանը, Լ. Հոջա-Էյնաթովը, Ս. Բալասանյանը և ուրիշները։
1930 թվականից սկսվում է 20-րդ դարի խոշորագույն կոմպոզիտորներից մեկի՝ Արամ Խաչատրյանի ակտիվ երաժշտական գործունեությունը։
Հայ երաժշտարվեստի զարգացման համար իր ազդեցությունն ունեցավ Երկրորդ Համաշխարհային Պատերազմը։ Այդ տարիներին, ստալինյան դաժանագույն բռնատիրության պայմաններում, ելնելով քաղաքական իրավիճակից, ստեղծվում են Խորհրդային կարգերի և Ռուսաստանի հանդեպ հայ ժողովրդի հավատարմությունը հռչակող էստրադային երգեր, որոնց հեղինակներն են՝ Արամ Խաչատրյանը, Գրիգոր Եղիազարյանը, Մ. Միրզայանը, Ա. Այվազյանը, Արամ Մերանգուլյանը և ուրիշները, ինչպես նաև դասական ստեղծագործություններ (Ա. Խաչատրյանի II՝ և Ա. Ստեփանյանի I սիմֆոնիան, Գրիգոր Եղիազարյանի «Հայաստան» սիմփոնիկ պոեմը, Տ. Տեր-Մարտիրոսյանի ստեղծագործությունները և այլն)։
Ռոք
խմբագրելՋազ
խմբագրելՀայաստանում ջազ սկսել են կատարել 1920-ական թվականներից։ 1930-ական թվականներին հայտնվեցին համույթներ, որոնք նվագում էին հիմնականում ջազ երաժշտություն, որոնցից ամենահայնտի խումբը համարվում էր Ցոլակ Վարդազարյանի նվագախումբը, որը համերգային ելույթներ էր ունենում «Մոսկվա» կինոթատրոնում։ Պաշտոնապես առաջին ջազային կոլեկտիվը հանդիսանում է 1938 թ. կազմավորված Հայաստանի պետական ջազային նվագախումբը՝ կոմպոզիտոր և թավջութակահար Արտեմի Այվազյանի գլխավորությամբ, իսկ դիրիժորն էր Ցոլակ Վարդազարյանը։
Արտաքին հղումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «History of Armenia by Vahan Kurkjian • Chapter 45». penelope.uchicago.edu (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ Ա․ Հովհաննիսյան «Հին Հայաստանի երաժշտությունը», էջ 65, 1973 թ
- ↑ 3,0 3,1 3,2 Մ․ Խորենացի «Արտաշես արքայի մասին»
- ↑ Քեն Փերի «The Blackwell Companion to Eastern Christianity»
- ↑ 5,0 5,1 5,2 Դոն Մայքլ Ռանդեր «Երաժշտության Հարվարդ բառարան», էջ 56, 4-րդ հրատարակություն, 2003 թ
- ↑ 6,0 6,1 6,2 «ХАЗЫ в музыкальном словаре». www.music-dic.ru. Արխիվացված է օրիգինալից 2013-10-11-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 «Хазы - это... Что такое Хазы?». Словари и энциклопедии на Академике (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ Փավստոս Բյուզանդ «Հայաստանի պատմություն», գիրք 3, գլուխ XIX
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 «Сурен Золян - Шаракан». armenianhouse.org. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ Կիրակոս Գանձակեցի «Համառոտ պատմություն», գլուխ 1
- ↑ Վարդան Արևելցի «Համընդհանուր պատմություն»
- ↑ Էդվարդ Ֆոլի «Worship music: a concise dictionary», էջ 20, 2000 թ
- ↑ «Նիկողոս Թագմիզյան «Երաժշտության տեսությունը Հին Հայաստանում»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 12-ին.
- ↑ «Armenia | Geography & History». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ 15,0 15,1 Հայկական Սովետական Հանրագիտարան, էջ 494-495
- ↑ 16,0 16,1 16,2 Լևոն Մսերիանց «Աշուղներ», էջ 290, հատոր 1, 1930 թ
- ↑ Լ․ Հակոբյան Հայկական նոտագրություն
- ↑ Warrack, John; West, Ewan (1996 թ․ մարտի 7). The Concise Oxford Dictionary of Opera (անգլերեն). Oxford University Press, USA. ISBN 9780192800282.
- ↑ «Театральная энциклопедия(18)». www.booksite.ru. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 27-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայկական երաժշտություն» հոդվածին։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի՝ {{{1}}} թվականի {{{2}}} շաբաթվա հոդված։ |