Ավատատիրություն
Ավատատիրություն կամ ֆեոդալիզմ (գերմ.՝ Feudalismus, ֆր.՝ feodalite, ուշ լատիներեն, feodum, feudum ֆեոդ), համաշխարհային պատմության զարգացման մեջ ստրկատիրական հասարակարգին (մի շարք երկրներում՝ նախնադարյան համայնական հասարակարգին) հաջորդող և կապիտալիզմին նախորդող դասակարգային հակամարտ հասարակարգ։ Երբեմն կոչվում էր նաև ճորտատիրական հասարակարգ, կամ ճորտատիրություն՝ այնտեղ գոյություն ունեցած ճորտատիրական իրավունքի, այսինքն՝ ճորտի նկատմամբ ճորտատիրոջ բացահայտ անմարդկային իշխանության անունով։
Ֆեոդալական հասարակարգի հիմնական դասակարգերն են՝ իշխող ֆեոդալ, հողատերերը և կախյալ գյուղացիները։ Ֆեոդալական սեփականության կողքին գոյություն է ունեցել գյուղացիների ու արհեստավորների միանձնյա սեփականություն՝ աշխատանքի գործիքների և անձնական աշխատանքի վրա հիմնված մասնավոր տնտեսության արդյունքների նկատմամբ։ Դա առաջ է բերել անմիջական արտադրողի որոշ շահագրգռվածություն աշխատանքի արտադրողականության բարձրացման մեջ, որը պայմանավորել է ֆեոդալիզմի առաջադիմական բնույթը նախորդ հասարակարգերի համեմատությամբ։ Ֆեոդալիզմին բնորոշ է ագրայրային էկոնոմիկան, բնատնտեսությունը, մանր անհատական արտադրությունը, ագրոտեխնիկայի դանդաղ զարգացումը և ավանդույթի մեծ ուժը։ Միջին դարերի բովանդակությունը կազմող ֆեոդալիզմը որպես համաշխարհային պատմության դարաշրջան, ընդգրկում է V դարից վերջից մինչև XVII դարի կեսը։ Չնայած աշխարհի մեծ մասում ֆեոդալական հարաբերությունները ոչ միայն պահպանվել, այլև շարունակել են տիրապետել նաև հաջորդ դարաշրջանում, վերջինիս բովանդակությունն արդեն հարաճուն կերպով որոշվել է ամրապնդվող կապիտալիստական հարաբերություններով։ Ֆեոդալիզմը անցել է զարգացման տարբեր փուլեր՝ ծննդի (գենեզիսի), զարգացած ֆեոդալիզմի և ուշ ֆեոդալիզմի, որոնց ժամանակագրության շրջանակները աշխարհի զանազան շրջանների և երկրների համար տարբեր են։
Ֆեոդալիզմն Եվրոպայի երկրներում
խմբագրելՖեոդալիզմի ծնունդ
խմբագրելԱրևմտյան Եվրոպայի երկրներում ֆեոդալիզմը ձևավորվել է ժողովուրդների մեծ գաղթի ընթացքում՝ բարբարոսների (գլխավորապես գերմանների՝ ֆրանկների, վեստգոթերի, բուրգունդների, լանգոբարդների և ուրիշների) նվաճած Արևմտյան Հռոմեական կայսրության ավերակների վրա, V դ. վերջից մինչև X-XI դարեր։
Մարքսիստական պատմագիտությունը մինչ ֆեոդալական կարգերից ֆեոդալիզմին անցումը դիտում է որպես հեղափոխական պրոցես։ Նախկին Արևմտյան Հռոմեական կայսրության տարածքում այդ անցումը տեղի է ունեցել քայքայվող ստրկատիրական (ուշ շրջանի անտիկ) և նախնադարյան համայնական (գերմանական, բարբարոսական) հարաբերությունների համադրության (սինթեզի) ձևով, որը հանգեցրել է որակապես նոր կարգի ստեղծմանը։ Բարբարոսական հասարակությունների՝ դեպի ֆեոդալիզմ աստիճանական զարգացման վճռորոշ գործոն է դարձել ազատ, լիիրավ հողագործներին միավորող գյուղացիական համայնքի քայքայումը։ Անհատական-ընտանեկան գյուղացիական աշխատանքային տնտեսության՝ որպես հասարակական արտադրության հիմքի, տիրապետությունը եղել է ֆեոդալիզմի ծննդի հիմնարար սոցիալ-տնտեսական նախադրյալը։ Ֆեոդալականացման հետևանքով գյուղացին ամրացվել է հողին, ավատատիրոջ օգտին կատարել զանազան ֆեոդալական պարտավորություններ։ Ֆեոդալականացումը գաղափարախոսության ոլորտում ուղեկցվել է քրիստոնեության տարածմամբ։
Զարգացած ֆեոդալիզմ
խմբագրելԶարգացած ֆեոդալիզմի փուլը Եվրոպայում (XI-ХII դարեր) բնութագրվում է ֆեոդալական հասարակարգի բազիսի և վերնաշենքի ձևավորման ավարտով։ Բենեֆիցիումը փոխակերպվել է ժառանգական և արտոնյալ տիրույթի՝ ֆեոդի, որը պահպանել է պայմանագրի և ծառայական բնույթը։ Այդ փուլում գյուղացիների զգալի մասը գտնվել է խիստ կախյալ վիճակում (սերվերը՝ Ֆրանսիայում և Իտալիայում, վիլլաները՝ Անգլիայում և այլն)։ Ալլոդային հողատիրությունից ֆեոդալիզմին անցումը քաղաքացիական վերնաշենքում ուղեկցվել է ֆեոդալական մասնատվածության առաջացմամբ։ 11-12-րդ դարերում արագորեն աճել են միջնադարյան քաղաքները՝ որպես արհեստների և առևտրի կենտրոն, ի հայտ է եկել նոր հասարակական խավ՝ քաղաքացիները, զարգացել է պարզ ապրանքային արտադրությունը։ Տնտեսության դոմենային համակարգը, դրա հետ մեկտեղ՝ նաև կոռը Արևմտյան Եվրոպայում սկսել են տեղը զիջել բահրային, դրամ, ռենտային։ XIV-XV դարերում խիստ նվազել է ֆեոդալի տնտեսության դերը, և ֆեոդալական ռենտայի արտադրության կենտրոն է դարձել գրեթե բացառապես գյուղացիական տնտեսությունը։ Բողոքի տեղային դրսևորումների կողքին սկսվել են գյուղացիական խոշոր ապստամբություններ (Դոլչինոյի ապստամբությունն Իտալիայում՝ 1304-1307 թվականներին, Ժակերիան Ֆրանսիայում՝ 1358 թվականին, Ուոտ Թայլերի ապստամբությունը 1381 թվականին՝ Անգլիայում, Հուսյան հեղափոխական շարժումը՝ Չեխիայում և այլն)։ Զարգացած ֆեոդալիզմի ժամանակաշրջանում ձևավորվել է ասպետությունը, որի հիման վրա՝ ազնվականությունը։ Բարձր և միջին հոգևորականությունը կազմել է մյուս տիրապետող դասը։ Երրորդ՝ անիրավահավսսար դասի մեջ միավորվել են մնացած «հասարակ» մարդիկ։ Տնտեսական կապերի ծավալմամբ սկսվել է ազգային շուկայի ձևավորումը։ Դասային միապետության՝ կենտրոնացված ֆեոդալական պետության շրջանակներում վերջնականապես համախմբվել են ֆեոդալական ժողովուրդները, ձևավորվել ազգային լեզուներն ու գրականությունը։
Ուշ ֆեոդալիզմ
խմբագրելՈւշ ֆեոդալիզմի փուլում քայքայվել է ֆեոդալան ֆորմացիան, որի ընթացքում առաջացել են կապիտալիստական արտադրաեղանակի տարրեր։ XIV-XV դարերում անձնական կախումից գյուղացիների ազատագրումն ստեղծել է կապիտալաստական արտադրության կարևորագույն նախադրյալներից մեկը՝ աշխատավորի անձնական ազատությունը։ Կապիտալի նախասկզբնական կուտակման ընթացքում առաջացել է երկրորդ անհրաժեշտ նախադրյալը՝ հողազրկվել է գյուղացին (այդ պրոցեսն ավարտվել է միայն Անգլիայում)։ Ֆեոդալիզմի քայքայման ժամանակաշրջանում ֆեոդալական դասակարգի տիրապետությունն ընդունել է բացարձակ միապետության ձև։ Ֆեոդալական հասարակության հոգևոր զարգացումը հակասական բնույթ է կրել, կաթոլիկությանը հարված է հասցրել Ռեֆորմացիան։ Ձևավորվել է Վերածննդի աշխարհիկ մշակույթը և հումանիստական գաղափարախոսությունը։ Ծագել է փորձնական իմացության վրա հիմնված գիտությանը։
XVI-XVIII դարերում տեղի են ունեցել մի շարք բուրժուական հեղափոխություններ։ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի որոշ երկրներում ուշ ֆեոդալիզմի փուլը տևել է մինչև XIX դարի կեսը, որից հետո պահպանվել են ֆեոդալիզմի մնացուկներ (հատկապես ագրարային հարաբերություններում և քաղաքացիական վերնաշենքում)։
Ֆեոդալիզմն Արևելքի երկրներում
խմբագրելԱրևելքում ֆեոդալականացման պրոցեսը տևել է մ.թ.ա. I հազարամյակի վերջից մինչև մ.թ. I հազարամյակի վերջը - II հազարամյակի սկիզբը։ Ստրկատիրական ֆորմացիայից ֆեոդազմին անցումը վկայող փոփոխությունները (Հնդկաստան, Չինաստան) համընկել են «բարբարոսների» հարձակումներին և բուդդայականության տարածմանը։ Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում ֆեոդալիզմի ֆորմացիայի սկիզբը նշանավորող իրադարձություններ են իսլամի ծագումը և արաբական նվաճումները։ Արևելյան ֆեոդալիզմին բնորոշ է մասնավոր ֆեոդալական շահագործման ասպարեզում արտատնտեսական հարկադրանքի համեմատաբար փոքր դերը, ինչպես նաև, որպես կանոն, ֆեոդալական խոշոր կոռային տնտեսության բացակայությունը։
Նախաֆեոդալական տարրերը կրոնագաղափարախոսական վերնաշենքին հաղորդել են առանձնահատուկ պահպանողականություն։ Արևելքում ֆեոդալիզմի քայքայման ընթացքն զգալիորեն փոխակերպվել է եվրոպական կապիտալիզմի ազդեցությամբ։ Ուշ ֆեոդալիզմի ժամանակաշրջանը Չինաստանում, Հնդկաստանում, Իրանում և մի շարք այլ երկրներում սկսվել է հավանաբար XIX դ.։ Արևելքի երկրների գաղութային ստրկացումն ուղեկցվել է ֆեոդալական հարաբերությունների պահպանմամբ և, նույնիսկ (որոշ շրջաններում)՝ ծավալմամբ։ Այդ երկրներում կապիտալիստական շահագործման մեթոդները զուգակցվել են ֆեոդալական, իսկ առանձին բնագավառներում կապիտալիստական հարաբերությունների ձևավորումը եղել է օտարերկրյա կապիտալի ներդրման արդյունք։
Ասիայի և Աֆրիկայի գրեթե բոլոր երկրներում ֆեոդալիզմն որպես անցյալի մնացուկ, փոխակերպված ձևով պահպանվել է մինչև երկրորդ համաշխարհային պատերազմը։
Ֆեոդալիզմը նախկին ԽՍՀՄ-ի երկրներում
խմբագրելՆախկին ԽՍՀՄ տարածքում ֆեոդալական հարաբերություններն անցել են զարգացման երկարատև ուղի։
Հարավային Կովկասում ֆեոդալիզմի ձևավորումն սկսվել է մ.թ. I հազարամյակի սկզբին, Միջին Ասիայում՝ V-VIII դդ., արևելյան սլավոնների մոտ՝ VI-VIII դդ., Մերձբալթիկայում՝ IX—XI դդ.։ Անդրկովկասի և Միջին Ասիայի ժողովուրդները ֆեոդալիզմին անցել են ստրկատիրական հարաբերությունների քայքայման և ստրկատիրական պետությունների անկման հետևանքով։ Այդ անցումն ուղեկցվել է օտարերկրյա նվաճողների (Իրան, Հին Հռոմ, Բյուզանդիա, Արաբական խալիֆայություն և այլն) դեմ տեղի ժողովուրդների ազատագրական պայքարով։ Նոր հասարակարգի գաղափարախոսության հիմնավորմանն են ծառայել քրիստոնեությունը և իսլամը։
Եկեղեցին ամենուրեք դարձել է խոշոր ֆեոդալական կազմակերպություն։ Արևելյան սլավոնները ֆեոդալիզմին անցել են անմիջականորեն նախնադարյան համայնական հասարակարգից։ Սոցիալական և գույքային շերտավորումը նախադրյալներ են ստեղծել ֆեոդալական հարաբերությունների և պետականության ձևավորման համար։ Վերջինիս քայքայումից հետո, XII դ. երկրորդ քառորդից սկսվել է ֆեոդալական մասնատվածության ժամանակաշրջանը։ Ձևավորվել են նոր պետական կազմավորումներ՝ Ռոստով-Սուզդալյան (հետագայում՝ Վլադիմիր Մուզդալյան), Գալիցիա-Վոլինյան իշխանությունները, Նովգորոդի ֆեոդալական հանրապետությունը և այլն։ XIII դ. ֆեոդալական հարաբերությունների զարգացումը Միջին Ասիայում, Անդրկովկասում և Ռուսիայում դանդաղել է մոնղոլ-թաթարական, իսկ Մերձբալթիկայում փոխակերպվել՝ գերմանական ներխուժումների հետևանքով։ Անդրկովկասում (XV-XVIII դդ.) և Միջին Ասիայում (XVII դ. սկսած) դրսևորվել է տնտեսական լճացում, չեն կազմավորվել կայուն կենտրոնացված պետություններ։ Մերձբալթիկայում հաստատվել է վաղֆեոդալական և զարգացած ֆեոդալական հարաբերությունների համադրության գերմանա-բալթյան ձևը, XVI դ. ավարտվել է սակավահող և անհող գյուղացիների ճորտացումը։
XV—XVI դդ. Ուկրաինայում և Բելառուսիայում աճել է ֆեոդալակա խոշոր տնտեսությունների՝ ֆոլվարկների թիվը։ XIV-XV դդ. Մոսկովյան մեծ իշխանությունը դարձել է ռուսական հողերի միավորման կենտրոն։ Բոյարների և մյուս ֆեոդալնելի հողատիրության հիմնական ձև է եղել վոտչինան, որի կողքին աճել է պայմանական հողատիրությունը։ XIV դ. կեսից աճել են քաղաքները։ XV-XVII դդ. զարգացել է պետական կալվածային համակարգը, ձևավորվել տիրապետող դասակարգի բարձակալությամբ կարգավորվող աստիճանակարգությունը, առաջացել են յուրահատուկ դասային-ներկաացուցչական հաստատություններ՝ Զեմստվային ժողովները։
1649-ի Ժողովային օրենսգրքով իրավաբանորեն ձևակերպվել է Ռուսաստանում ճորտատիրական իրավունքի համակարգը։ ճորտատիրության և սոցիալական ճնշման ուժեղացումը XVII-XVIII դդ. առաջացրել է մի շարք գյուղացիական զինված ելույթներ (գյուղացիական ապստամբություն Ի. Ի. Բոչոտնիկովի առաջնորդությամբ 1606-07, Գյուղացիական պատերազմ Ստեփան Ռազինի առաջնորդությամբ 1670-67 թթ., Գյուղացիական պատերազմ Եմելյան Պուգաչովի գլխավորությամբ 1773-1775)։
XVII դ, ուժեղացել են աոևտրատնտեսական կապերը երկրի տարբեր մասերի միջև, աճել է ապրանքային արտադրությունը, ի հայտ են եկել առաջին մանուֆակտուրաները, սկսել է ձևավորվել համառուսաստանյան շուկան և այլն։ XVII-XVIII դդ. Ռուսսատսնում զուգահեռ զարգացել են ճորտատիրական և սաղմնավորվող կապիտալիստական հարաբերությունները։ XIX դ. երկրորդ քառորդում ակնառու է դարձել կալվածատիրական տնտեսության անկումը։ Ճորտատիրական իրավունքի վերացումից հետո, ավելի քան կես դար, պահպանվել են ֆեոդալիզմի մնացուկները՝ կալվածատիրական հողատիրությունը և ինքնակալությունը։
Բոշլևիկների հոկտեմբերյան ՙսոցիալիստական՚ հեղաշրջման հաղթանակից հետո սովետների II համագումարի 1917-ի հոկտոմբերի 25-ին ընդունած «Հողի մասին» դեկրետով ընդմիշտ ոչնչացվել է կալվածատիրական հողատիրությունը և այդպիսով Ռուսաստանում, իսկ հետո՝ նաև ԽՍՀՄ կազմի մեջ բռնի մտցված մյուս երկրներում վերջ դրվել երկրում ֆեոդալիզմի մնացուկներին։ ԽՍՀՄ տարածքում հիմք է դրվել չեկիստա–բյուրոկրատական բոլշևիկյան կուսակցապետությանը՝ Պարտոկրատիային։ Վերջինս իր տիրապետության պահպանման համար մշտաես օգտվել է հատկապես ռուս ժողովրդի հոգու մեջ խորապես ներթափանցած ճորտական հոգեբանության առկայությունից։
Ֆեոդալիզմը Հայաստանում
խմբագրելՀայաստանում ֆեոդական կացութաձևն արտադրության հիմնական եղանակ է դարձել III դարում (I - II դդ. ընդունված է համարել անցման ժամանակաշրջան)։ Հայ Արշակունիները, կենտրոնական իշխանության թուլացման և արտաքին քաղաքական բարդ իրադրության պայմաններում աշխատել են հողերը շնորհել ոչ թե որպես «Հայրենիք», այլ՝ պարգևական, սակայն վերջիններիս տերերը ջանացել են պայմանական տիրույթը վերածել ժառանգական պայմանականա ավատի, իսկ այնուհետև՝ ժառանգական սեփականության։ Հողի պայմանական տիրապետումը բնորոշ է եղել հատկապես ազատների դասին և գյուղացիական հոգևորականությանը։ Ֆեոդալական հարաբերությունների ձևավորման ընթացքում համայնքի անդամ ազատ շինականն ընկել է ֆեոդալական կախման մեջ և հավասարեցվել հողին ամրացված հողագործ մշակներին, ծառաներին։
V դ. վերջին «շինական» տերմինն արդեն նշանակել է կախյալ գյուղացի։ Այնուհետև ամբողջ միջնադարում այդպես են անվանել գյուղացի հողագործ բնակիչներին։ Ֆեոդալիզմի գաղափարախոսական հիմնավորմանն է ծառայել 301-ին Հայաստանում որպես պետական կրոն ընդունված քրիստոնեությունը։ Խոշոր հողատիրության ընդլայնման հետևանքով հզորացել է նախարարների դասը, թուլացել պետական իշխանությունը։ Խորացել են հակասությունները արտադրական նոր հարաբերությունների և Արշակունիների՝ պետական կառավարման հելլենիստական համակարգի միջև, որը փոխարինվել է իշխանության նախարարական մարմնով։ Քաղաքների, արհեստների և առևտրի անկման հետևանքով տիրապետող է դարձել բնատնտեսությունը, որն արագացրել է հայկական վաղ ֆեոդալական միասնական պետության տրոհումը նախարարությունների։ Դրանով ավարտվել է ֆեոդալակամ հարաբերությունների հասունացումը, և սկսվել տնտեսվարման ու քաղաքական իշխանության նախարարական համակարգի ժամանակաշրջանը։ 387-ին Մեծ Հայքի միասնական թագավորությունը բաժանվել է Սասանյան Իրանի և Հռոմեական կայսրության միջև։ Ինքնին առաջադիմական ֆեոդալականացման պրոցեսը արտաքին վտանգի առկայության պայմաններում հանգեցրել է երկրի քաղաքական անկախության կորստին։
Սասանյան Իրանի զավթած նախարարական Հայաստանում յուրաքանչյուր տիրույթ ժառանգական սկզբունքով գլխավորել է հանրային-իրավական իշխանությամբ օժտված «տերը» կամ «նախարարը» (սենիորը)՝ արքայից արքայի վասալը, որը հավաքել է հարկերը, լուծել դատական հարցեր, ունեցել իր զորքը, տոհմական զինանշանն ու դրոշը։
Ֆեոդալիզմի հետագա զարգացմանը զուգընթաց նախարարական տիրույթները մասնատվել են նրանցից վասալական կախման մեջ գտնվող մանր կալվածների։ Կախյալ գյուղացիները՝ շինականները, ենթարկվել են կրկնակի շահագործման, նրանք Սասանյաններին վճարել են հողային հարկ («հաս») և գլխահարկ, իսկ նախարարներին ու եկեղեցուն՝ բազմաթիվ տուրքեր, կատարել կոռ, զանազան պարհակներ։ Խորացել է գյուղական համայնքի սոցիալական շերտավորումը, որի ներսում VII դ. սկզբին ի հայտ է եկել գյուղացիների երեք շերտ՝ ունևորներ («թուանիկ»), «տառապյալներ» և «վարելահող ու խաղողի այգի չունեցող» գյուղացիներ։ Ֆեոդալական շահագործման սաստկացումը սրել է գյուղացիների դասակարգային պայքարը։ Ծավալվել է Պավլիկյան շարժումը։ V-VII դդ. զարգացել է Հայաստանի ֆեոդալակամ մշակույթը՝ հելլենիստական զգալի տարրերով հանդերձ։ Արաբական նվաճումը Հայաստանում մի ամբողջ հարյուրամյակ կասեցրել է ֆեոդալական հարաբերությունների զարգացումը։ Նախարարական տների մի մասը ոչնչացվել է, շատերն ապաստանել են Բյուզանդական կայսրությունում, իսկ երկրում մնացածները՝ զգալիորեն իրավազրկվել։ Հողազրկված գյուղացիներն աշխատել են ստրկակական պայմաններում։ Սաստկացել է հարկային լուծը։ Հակաոակ նախարարականին՝ ամրապնդվել է եկեղեցական հողատիրությունը։ Հայ ժողովրդի ազատագրական պայքարի շնորհիվ IX դ. 2-րդ կեսին վերականգնվել է հայկական ֆեոդալակա պետականությունը (Բագրատունիների թագավորությունը), և Հայաստանը թևակոխել է զարգացած ֆեոդալիզմի ժամանակաշրջանը (IX-XIII դդ.)։
Վերականգնվել և զարգացել է ժառանգական հողատիրությունը։ Ի հայտ են եկել ֆեոդալական խոշոր տիրույթներ, կազմավորվել է ֆեոդալական մասնատիրական խոշոր կալվածը, որի վրա հողատերերը և վանքերը վարել են սեփական ընդարձակ տնտեսություն։ Դրա հետևանքով IX դ. վերջին և X դ. սկսվել է գյուղացիների մի մասի ամրացումը հողին, որը Հայաստանում թույլ է դրսևորվել և կրել է սահմանափակ բնույթ։ Նշանակալից երևույթներ են եղել ֆեոդական քաղաքի ձևավորումը, քաղաքային արհեստագործությունը, մասամբ՝ գյուղատնտեսական արտադրության ապրանքային բնույթ ստանալը, առևտրափոխանակային, վաշխային հարաբերությունների զարգացումը, քաղաքային դասի և մեծատունների առաջացումը։ Սրվել է դասակարգային հակամարտությունը, ծավալվել է Թոնդրակյան շարժումը, գյուղացիական ապստամբություններ են տեղի ունեցել Սյունիքում և Այրարատում։
Հայաստանում ֆեոդալիզմի բնականոն զարգացումը խաթարել են թուրքական, այնուհետև մոնղոլ-թաթարական հորդաների ավերիչ հարձակումներն ու տիրապետությունը։ Անկում են ապրել քաղաքները, քայքայվել են գյուղացիական տնտեսությունները, ոչնչացվել նյութական և հոգևոր մշակույթի բազում հուշարձաններ։ XV դ. հայ աշխարհիկ ֆեոդալները, հիմնականում, դուրս են մղվել քաղաքական ասպարեզից։ Պահպանվել է հայ եկեղեցու հողատիրությունը։ Հայաստանում ֆեոդալիզմի հետագա զարգացումն ընթացել է այն զավթած թուրք-պարսկական տերությունների սոցիալ-տնտեսական և քաղաքական կարգերի շրջանակներում։ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացվելուց հետո, XIX դ. 40—50-ական թթ. այնտեղ խորացել է ֆեոդալական հարաբերությունների ճգնաժամը, աշխուժացել են քաղաքային կյանքը, արհեստներն ու աոետուրը, աստիճանաբար զարգացել են բուրժուական հարաբերությունները։ Երկրամասի սոցիալ-տնտեսական, մասնավորապես՝ կա պիտալիզմի զարգացմանը նպաստել է այնտեղ անցկացված ռեֆորմը։
Հայաստանում ֆեոդալիզմի մնացուկները վերջնա կանապես վերացվել են խորհրդային կարգերի հասաատմամբ։
Հայկական ավատատիրության առանձնահատկությունը
խմբագրելՀայկական ավատատիրության առանձնահատկությունն այն էր, որ, ի տարբերություն արևմտաեվրոպական ավատատիրության՝ Հայաստանում հողային ավատը պատկանում էր տոհմին, այլ ոչ թե անհատին։ Ավատի սեփականատեր Հայաստանում դառնում էր ԸՆՏԱՆԻՔԻ, գերդաստանի կամ ավելի ճիշտ՝ ՏՈՀՄԻ ավագը, որը կարող էր լինել ոչ թե տվյալ վախճանված ավատատիրոջ որդին, այլ ՏՈՀՄԻ կողմնային ճյուղի ավագը, որը տվյալ պահին ավագն էր ամբողջ ՏՈՀՄՈՒՄ[1]։ Մեծ Հայքի թագավորությունում Արշակունիների ժամանակվանից մինչև Բագրատունիները իշխող այս կարգը փոխվեց Կիլիկյան Հայաստանում, որտեղ ավատատիրությունը նման էր Արևմտյան Եվրոպայի ավատատիրական կարգերին[2]։
Հայկական ավատատիրության այլ առանձնահատկությունն այն էր, որ՝ ի տարբերություն ցարական Ռուսաստանից, հայկական ավատատիրական համակարգում գյուղացիները մնում էին ազատ։ Նախ քան 1861 թվականը, Ռուսաստանում գյուղացիության զգալի մասը ավատատերերի ճորտեր էին և համարվում էին ավատատիրոջ սեփականությունը. ավատատերը կարող էր ճորտին գնել, վաճառել, պարտվել, փոխանակել և այլը։ Հայաստանում ավատատերերի (իշխանների-մելիքների և կալվածատերերի) համաբերությունները գյուղացիների հետ այլ էին և հիշեցնում էին հպատակության կարգը, ըստ որի, գյուղացին, լինելով տիրոջ հպատակ, այն ու ամենայինվ մնում էր անհատապես ազատ։
Գրականություն
խմբագրել- Ադոնց Ն., «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում» ((ռուս.), 1908, (անգլ.), 1969, (հայ.), 1987),
- Մարքս Կ., Կապիտալիստական արտադրությանը նախորդող ձեերը, Ե., 1941։
- Մարքս Կ., Կապիտալ, հ. 1—3, Ե., 1933—49։
- Մարքս Կ., Էնգելս Ֆ., Կոմունիստական կուսակցության մանիֆեստը, Ե., 1973։
- Էնգելս Ֆ., Ընտանիքի, մասնավոր սեփականության և պետության ծագումը, Ե., 1965։
- Լենին Վ. Ի., Կապիտալիզմի զարգացումը Ռուսաստանում, Երկերի լիակատար ժողովածու, հ. 3։
- Լենին Վ. Ի., Ի՞նչ են «ժողովրդի բարեկամները» ինչպե՞ս են նրանք մարտնչում սոցիալ-դեմոկրատների դեմ, Ե., հ. 1։
- Լենին Վ. Ի., Պետության մասին, Ե., հ. 39։
- Լենին Վ. Ի., Ճորտատիրական տնտեսությունը գյուղում, Ե., հ. 25։
- Մանանդյան Հ., Ֆեոդալիզմը հին Հայաստանում, Երկ., հ. 4, Ե., 1981։
- Պոդոսյան Ս. Պ., Գյուղացիների ճորտացումը և գյուղացիական շարժումները Հայաստանում IX - XIII դդ., Ե., 1956։
- Բաբայան Լ. Հ., Հայաստանի ֆեոդալիզմի դարաշրջանի պատմության ուսումնասիրությունը սովետահայ պատմագրության մեջ, Ե․, 1970։
- Джавахишвили И․, Государственный строй древней Грузии и Армении, СПБ, 1905;
- Петрушевский И․ П․, Очерки по истории феодальных отношений в Азербайджане и Армении в XVI—нач․ XIX вв․, JTT․, 1949;
- Еремян С․ Т․, Опыт периодизации истории Армении эпохи феодализма, «ВИ», № 7, 1951;
- История СССР с древнейших времен до наших дней, т․ 1—6, М․, 1966)—68; Новосельцев А․ П․, Пашута В․ Т․, Черепнин Л․ В․,
- Пути развития феодализма (Закавказье, Средняя Азия, Русь, Прибалтика), М․, 1972
- Блок М. Феодальное общество. — М.։ Издательство имени Сабашниковых, 2003. — 504 с. — 4000 экз.
- Андерсон П. Переходы от античности к феодализму = Passages from Antiquity to Feodalism / Пер. с англ. Артем Смирнов. — М.։ Территория будущего, 2007. — 288 с. — (Университетская библиотека Александра Погорельского). — 1000 экз. — ISBN 5-91129-045-6
- Илюшечкин В. П. Теория стадийного развития общества. — М.։ Издательская фирма «Восточная литература» РАН, 1996. — 406 с. — 700 экз
- Bloch, Marc, Feudal Society. Tr. L.A. Manyon. Two volumes. Chicago։ University of Chicago Press, 1961 ISBN 0-226-05979-0
- Brown, Elizabeth, 'The Tyranny of a Construct։ Feudalism and Historians of Medieval Europe', American Historical Review, 79 (1974), pp. 1063–8.
- Cantor, Norman F., Inventing the Middle Ages։ The Lives, Works, and Ideas of the Great Medievalists of the Twentieth century. Quill, 1991.
- Ganshof, François Louis (1952). Feudalism. London; New York։ Longmans, Green. ISBN 0-8020-7158-9.
- Guerreau, Alain, L'avenir d'un passé incertain. Paris։ Le Seuil, 2001. (Complete history of the meaning of the term.)
- Poly, Jean-Pierre and Bournazel, Eric, The Feudal Transformation, 900–1200., Tr. Caroline Higgitt. New York and London։ Holmes and Meier, 1991.
- Reynolds, Susan, Fiefs and Vassals։ The Medieval Evidence Reinterpreted. Oxford։ Oxford University Press, 1994 ISBN 0-19-820648-8
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավատատիրություն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 607)։ |