Անուշ (օպերա)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անուշ (այլ կիրառումներ)
Անուշ, հայ ժողովրդական երաժշտական լեզվով գրված առաջին լիավարտ օպերան, որ ազգային օպերային գրականության մեջ ստեղծեց նոր ոճական ուղղություն։ Երաժշտությունը և լիբրետոն Արմեն Տիգրանյանի (ըստ Հովհաննես Թումանյանի համանուն պոեմի)։ «Անուշ» օպերան գրվել է 1908-1912 թվականների ընթացքում, բայց հետագա 30 տարիների ընթացքում կոմպոզիտորը բազմաթիվ ուղղումներ և լրացումներ է կատարել տեքստի մեջ: Արմեն Տիգրանյանը հիմնականում աշխատում էր իր հայրենի Ալեքսանդրապոլում: Դեռ ամենասկզբում, 1908 թվականին առանձին հատվածներ ներկայացվել են Թիֆլիսում՝ Ներսիսյան դպրոցի սաների ուժերով[1]:
![]() Սոպրանո երգչուհի Անահիտ Մխիթարյանը Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերայի գլխավոր դերում | |
Տեսակ | օպերա |
Կոմպոզիտոր | Արմեն Տիգրանյան |
Լիբրետտոյի հեղինակ | Արմեն Տիգրանյան |
Սյուժեի աղբյուր | Անուշ |
Գործողությունների քանակ | 5 (7 նկար) |
Գործողության տեղ | Տաշիր (գավառ) |
Գործողության ժամանակ | 19-րդ դար |
Ստեղծման տարեթիվ | 1912 |
Առաջնախաղի տարեթիվ | օգոստոսի 4 (17), 1912 |
Առաջնախաղի վայր | Ալեքսանդրապոլ |
Հրատարակման տարեթիվ | 20-րդ դար |
Պրեմիերան կայացավ 1912 թվականի օգոստոսի 4-ին: Սարոյի դերակատարն էր Շարա Տալյանը, իսկ Անուշին մարմնավորում էր Աստղիկ Մարիկյանը: Քաղաքի համերգային դահլիճը լեփլեցուն էր: Նրանք, ում չէր հաջողվել դահլիճ մտնել, օպերան լսում էին բաց պատուհանների մոտ կանգնած: Այդ տարիներին գրեթե միջոցներ չկային պատշաճ բեմադրություն ստեղծելու համար: Վատն էր ակուստիկան, 12 երաժշտից բաղկացած փոքրիկ նվագախումբ էր, հագուստն ու դեկորացիան խիստ համեստ էին: Նվագախումբի երաժիշտները շատ երիտասարդ էին, որոնք թեկուզ լավ էին կատարում, բայց չունեին համապատասխան մասնագիտական հմտություններ: Եվ չնայած այս բոլոր բացթողումներին, հանդիսատեսը կարողացավ զգալ օպերայի ուժն ու շքեղությունը:
Ներկայացումից հետո մարդկանց բազմությունը ջահերով դուրս եկավ փողոց: Նրանք օպերայից հատվածներ էին երգում և այնքան սրտանց էին կատարում, որ արտացոլվում էր Թումանյանի հերոսների բնավորությունն ու Լոռվա բնությունը: Հենց այդ ժամանակ պարզ դարձավ, որ «Անուշ» օպերան մեծ ապագա կունենա:
Ալեքսանդրապոլում օպերան բեմադրվեց ևս մի քանի անգամ, իսկ հետո սկսվեց նրա հաղթական արշավն այլ քաղաքներով: Շուտով Արմեն Տիգրանյանն՝ իր փոքրիկ թատերախմբի հետ միասին, շրջագայեց Հայաստանի, Ռուսաստանի և Անդրկովկասի քաղաքներում: Օպերան հիացմունքով ընդունվեց Երևանում, Մոսկվայում, Թբիլիսիում ու Բաքվում:
Իսկ արդեն նվագախմբի լրիվ կազմով, պրոֆեսիոնալ կատարողներով «Անուշ»-ը ներկայացվել է Հովհաննես Թումանյանի ծննդյան 50-ամյակի առթիվ 1919 թվականին՝ Թիֆլիսի Արտիստական թատրոնում և Արմեն Տիգրանյանի ղեկավարությամբ:
Դրանից հետո օպերան ներկայացվեց նաև արտասահմանի բազմաթիվ հայաշատ բնակավայրերում՝ թափանցելով ժողովրդի կենցաղի մեջ: 1970-ական թվականներին «Անուշը» դիտեցին նաև Փարիզում և Մարսելում:
Մի առիթով Տիգրանյանն ասել է. «Մի բան պարզ էր՝ հայկական օպերան չպետք է կրկներ եվրոպականը: Նա պետք է լիներ յուրօրինակ, ազգային և մոտ ժողովուրդին»:
Օպերան մշտապես ընդգրկված է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի խաղացանկում: Գլխավոր դերում՝ Մերի Մովսիսյան:[2]
- Անուշ օպերայի առաջին ներկայացումների պաստառները
ԲեմականացումներԽմբագրել
- 1908 - առանձին հատվածներ աշակերտների ուժերով ներկայացվել են Թիֆլիսում։
- 1912 - առաջին բեմադրությունը Ալեքսանդրապոլում, սիրողական դերակատարներով։
- 1913 - Առաջին բեմադրությունը Երևանում, Երեւանի Ջանփօլադեան թատրոնում, Արմէն Տիգրանեանի բեմադրութեամբ եւ ղեկավարութեամբ[2]:
- 1919 - Թիֆլիսի Արտիստական թատրոնում, ներկայացվել է Հ. Թումանյանի 50-ամյակին։
- 1920- Երկրորդ եւ երրորդ բեմադրությունը Երևանում, Երեւանի Ջանփօլադեան թատրոնում, 25 եւ 28 յունիսին, Արմէն Տիգրանեանի բեմադրութեամբ եւ ղեկավարութեամբ [3]:
- 1935 -Չորրորդ բեմադրությունը Երևանում։ Հետագայում ներկայացվել է 1000-ից ավել անգամ։
- 1939 - Վերաբեմադրվել է Երևանում։
- 1939 - Երևանյան ներկայացումը Մոսկվայում։
- 1941 - Ադրբեջանի օպերայի և բալետի թատրոնում։
- 1956 - Վերաբեմադրվել է Երևանում։
- 1956 - Երևանյան ներկայացումը Մոսկվայում։
- 1956 - Ադրբեջանի օպերայի և բալետի թատրոնում։
- 1959,1962 - Երևանյան ներկայացումը Բաքվում
- 1963,1979,1987 - Երևանյան ներկայացումը Թբիլիսիում
- 1969 - Երևանյան ներկայացումը Մոսկվայում։
- 1970 - Մարսելում,
- 1971 - Երևանյան ներկայացումը Սոչիում
- 1972 - Փարիզում։
- 1976 - Երևանյան ներկայացումը Մոսկվայում
- 1978 - Երևանյան ներկայացումը Կիևում
- 1978 - Երևանյան ներկայացումը Ռոստով-Դոնում
- 1979 - Երևանյան ներկայացումը Լենինգրադում
- 1989 - Երևանյան ներկայացումը ԱՄՆ-ում
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Հայկական Սովետական Հանրագիտարան
- ↑ https://www.youtube.com/watch?v=1ec77-_bLnY
3. «Յառաջ», Բ. տարի, թիւ 131, 24 յունիս 1920, Երեւան, էջ 1: