Գրիգոր Խուլ (ծննդյան և մահվան թվանները անհայտ են), XII-XIII դարերի հայ գիտնական-երաժիշտ, խազագետ, տեսաբան։ Գործել է Սսում։ Ըստ ավանդության Խուլ է կոչվել այն պատճառով, որ «մոմով խցանել» է ականջները՝ երաժշտության աշխարհիկ նորաձևային այլազան արտահայտություններից չգայթակղվելու hամար։ Մեծարվել է որպես հոգևոր երգաստեղծության մեղեդիական ազգային-ավանդական մաքրության պաշտպաններից մեկը։ XIII դարի առաջին տասնամյակներից վերանայել, կազմել ու խմբագրել է դասական երգաստեղծությունը ներկայացնող կարևորագույն մատյաններից մեկը՝ «Շարակնոց»֊, որը հայտնի է «Խլկցի» անունով և մի շարք գրչագրերի նախօրինակ է հանդիսացել, ընդօրինակվել ընդհուպ մինչև XVIII դար։ Գրիգոր Խուլի «Շարակնոց»-ը Ներսես Շնորհալու շրջանից հետո ստեղծված առավել ամբողջական և պաշտոնապես վավերացված ժողովածուն է և հիմք է ծառայել Գևորգ Սկևռացու իրագործած խմբագրության համար։ «Խլկցի» նախօրինակից ընդօրինակված, գիտությանը հայտնի հնագույն «Շարակնոց»՝ Վիեննայի Մխիթարյան մատենադարանի հայերեն ձեռագրերի հավաքածուի 1269 թվականի №145 գրչագիրն Է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 216)։