Դավիթ Դավթյան
Դավիթ Գրիգորի Դավթյան (1880, Տրապիզոն, Օսմանյան կայսրություն - ապրիլի 25 (մայիսի 8), 1911, Մարզվան, Սեբաստիայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն), հայ ջութակահար։
Դավիթ Դավթյան | |
---|---|
Ծնվել է | 1880 Տրապիզոն, Օսմանյան կայսրություն |
Երկիր | ![]() |
Մահացել է | ապրիլի 25 (մայիսի 8), 1911 Մարզվան, Սեբաստիայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Մասնագիտություն | ջութակահար |
Գործիքներ | ջութակ |
Կրթություն | Մուրադ-Ռափայելյան վարժարան, Վենետիկի Բենեդետտո Մարչելլոյի անվան կոնսերվատորիա և Բրյուսելի թագավորական կոնսերվատորիա (1900) |
ԿենսագրությունԽմբագրել
Սովորել է Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանում, երաժիշտ Տիգրան Կյուրեղյանի դասարանում, ապա՝ Վենետիկի կոնսերվատորիայում։ 1900 թվականին ավարտել է Բրյուսելի կոնսերվատորիան, աշակերտել Ց. Թոմսոնին, տարբեր ժամանակներում նաև Օ. Շևչիկին, Յա. Կուբելիկին, Պ. Սարասատեին։ 1904 թվականին Բրյուսելի Միջազգային մրցույթում արժանացել է առաջին մրցանակի, հրավիրվել է Բրյուսելի կոնսերվատորիա՝ որպես ջութակի դասարանի պրոֆեսոր։ 1905 թվականին համերգներ է տվել Բրյուսելում, Փարիզում, Լոնդոնում, Ամստերդամում և Եվրոպայի այլ քաղաքներում, Եգիպտոսում։ 1906 թվականից համերգներով հանդես է եկել Թիֆլիսում, Երևանում, Վաղարշապատում, Կարսում, Ռուսաստանի քաղաքներում։ Համերգացանկում ընդգրկել է Բախի, Բեթհովենի, Շումանի, Գրիգի, Պագանինիի, Սեն-Սանսի, Սարասատեի, Էռնեստի, Բացինիի, Վյոտանի ստեղծագործությունները, ինչպես և հայ ժողովրդական երգեր։ 1908 թվականին դասավանդել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, սերտ կապի մեջ եղել Կոմիտասի, Արմեն Տիգրանյանի, Ռոմանոս Մելիքյանի և այլ երաժիշտների հետ։ Գրել է «Հայու հոգին», «Կիլիկիոյ արցունքներ», «Անուշ յիշատակներ», «Մահուան քայլերգ», մանրանվագներ, բանաստեղծություններ, հոդվածներ։ Դավթյանի վերջին ելույթը տեղի է ունեցել Թուրքիայի Մարզվան քաղաքում, ուր և 24 ապրիլի 1911 թվականին 31 տարեկանում մահացել է սրտի կաթվածից[1][2]։
ՄրցանակներԽմբագրել
- Բրյուսելի միջազգային մրցույթի դափնեկիր
ԾանոթագրություններԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 298)։ |