Ռոմանոս Մելիքյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մելիքյան (այլ կիրառումներ)
Ռոմանոս Հովակիմի Մելիքյան (հոկտեմբերի 1, 1883[1][2], Ղզլար, Kizlyarsky Otdel, Թերեքի մարզ, Ռուսական կայսրություն - մարտի 30, 1935[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ և Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ, թաղված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում), հայ երգահան, երաժշտագետ, խմբավար և մանկավարժ։
Ռոմանոս Մելիքյան | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | հոկտեմբերի 1, 1883[1][2] Ղզլար, Kizlyarsky Otdel, Թերեքի մարզ, Ռուսական կայսրություն |
Երկիր | ![]() ![]() |
Մահացել է | մարտի 30, 1935[1][2] (51 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ կամ Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Գերեզման Ռոմանոս Մելիքյանի |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դիրիժոր, երաժշտության ուսուցիչ և դաշնակահար |
Գործիքներ | դաշնամուր |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Ռոմանոս Մելիքյանը ծնվել է Ռուսական կայսրության Դաղստանի Ղզլար քաղաքում։ Նախնական կրթությունը ստացել է տեղի ծխական դպրոցում։ 1900 թվականին ստանձնել է Նոր Նախիջևանի Սուրբ Գևորգ եկեղեցու երգչախմբի ղեկավարի պաշտոնը։ Դպրոցն ավարտելուց հետո, ընդունվել է Ռոստովի երաժշտական ուսումնարան։ Ուսումնառության տարիներին հայկական ժողովրդական երգեր և շարականներ է մշակել երգչախմբի համար։ 1902 թվականին ավարտել է Նոր Նախիջևանի թեմական դպրոցը, որտեղ նրա երաժշտության առաջին ուսուցիչը Գևորգ Չորեքչյանն էր (1945–1954 թվականներին՝ Գևորգ Զ Ամենայն հայոց կաթողիկոս)։ 1905 թվականին մեկնել է Մոսկվա և մեկ տարի մասնավոր դասեր ստանալուց հետո, ընդունվել ժողովրդական կոնսերվատորիա՝ Բ. 3ավորսկա դասարան։ Մոսկվայում ղեկավարել է Լազարյան ճեմարանի երգչախումբը, որի համար մշակել է մի շարք ժողովրդական երգեր՝ «Վարդ կոշիկս», «Արազը հեշտացել է», «Գնաց գարուն» և այլն։ Վատառողջությունը մի կողմից, նյութական ծանր վիճակը՝ մյուս, նրան ստիպել են անավարտ թողնել ուսումը և վերադառնալ Նոր Նախիջևան, ապա՝ Թիֆլիս։ Աշխատել է Հովնանյան դպրոցում՝ որպես երաժշտության ուսուցիչ։ 1908 թվականին իր շուրջն է համախմբել դպրոցների հետ կապված երիտասարդ երաժիշտներին և ստեղծել «Եա» ընկերությունը։ 1912 թվականին, նրա աջակցությամբ, Ազատ Մանուկյանը հրատարակել է «Փնջիկ» մանկական երգերի ժողովածուն և հրատարակել է «Երաժշտական այբբենարանի» առաջին մասը։ Ուսանողության համար գրել է «Աշուն» և «Վարդը» երգ-ռոմանսները, «Ուռենի» զուգերգը և այլն։
1910-1914 թվականներին սովորել է Պետերբուրգի կոնսերվատորիայում։ Գրել է ռոմանսներ, որոնց թվում՝ «Աշնան տողեր» շարը, «Բալլադը», «Մուրիկի վիշտը» երգը, մշակել է վեց հայկական ժողովրդական երգ։ 1920 թվականին Թիֆլիսում կայացել է նրա հեղինակային անդրանիկ համերգը։ 1921 թվականին Հայաստանի կառավարությունը նրան հրավիրել է Երևան` երաժշտական ստուդիա հիմնելու, որն էլ 1923 թվականին դարձել է կոնսերվատորիա։ 1924 թվականին մեկնել է Ստեփանակերտ` երաժշտական ուսումնարան հիմնել, ապա՝ Թիֆլիս, ուր երկու տարի գլխավորել է «Հայարտան» երաժշտական սեկցիայի և երաժշտական ստուդիայի աշխատանքները, որից հետո՝ կրկին Երևան, ուր բարեկամական հարաբերություններ են ստեղծվել նրա և Ալեքսանդր Սպենդիարյանի միջև։ Մասնակցել է Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի բեմադրության աշխատանքներին և Երևանի օպերային թատրոնի հիմնադրմանը։ Առաջ է քաշել Կոմիտասի երաժշտական ժառանգությունը Հայաստանում կենտրոնացնելու գաղափարը։ 1928 թվականին հղկել ու հրատարակության է հանձնել «Զմրուխտի» երգաշարը, ավարտել է «Զառ-վառ» երգաշարը, հրատարակել երկու ժողովածու՝ «Մանկական երգեր» և «Պիոներական երգերը» և այլն։ Նրա անունն է կրում Երևանի երաժշտական ուսումնարաններից մեկը։ Մահացել է Թիֆլիսում։
ԳրականությունԽմբագրել
- Գյոդահյան Գ., Ռոմանոս Մելիքյան։ Կյանքը և ստեղծագործությունը, Երևան, 1960։
- Թոռջյան Խ., Ռոմանոս Մելիքյան, Երևան, 1960։
- Ռոմանոս Մելիքյան։ Հոդվածներ, նամակներ, հուշեր (կազմ.՝ Ք., Գրիգորյան), Երևան, 1977։
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 საქართველოს ბიოგრაფიული ლექსიკონი (վրաց.) — 2001.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Grove Music Online — OUP. — ISBN 978-1-56159-263-0
Արտաքին հղումներԽմբագրել
- Ռոմանոս Մելիքյանի մասին Հայկական հանրագիտարանում
- Ռոմանոս Մելիքյան Archived 2016-03-04 at the Wayback Machine.
- Ռոմանոս Մելիքյան