Գրիգոր Խլաթեցի (Ծերենց)

(Վերահղված է Գրիգոր Խլաթեցիից)

Գրիգոր Խլաթեցի (Վկայասեր, Ծերենց, Բզնունեցի) (1349, Խլաթ, Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Բզնունիք գավառ – 1425 թ. մայիսի 27, Ցիպնավանք), նոր վկա, մատենագիր, մանկավարժ, բանաստեղծ, երաժիշտ, հասարակական գործիչ, րաբունապետ։

Գրիգոր Խլաթեցի
Դիմանկար
Ծնվել է1349[1][2]
ԾննդավայրԽլաթ[1][2]
Մահացել էմայիսի 27, 1425[1][2]
Մահվան վայրՑիպնավանք, Արծկե, Բիթլիսի մարզ, Թուրքիա[1]
Ազգությունհայ
ԿրթությունՑիպնավանք[1] և Որոտնավանք (1386)[1]
Մասնագիտությունմատենագիր, ուսուցիչ, բանաստեղծ, երաժիշտ և հասարակական գործիչ
 Grigor of Ahlat Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1349 թվականին Խլաթում։ Նախնական կրթությունն ստացել է Խլաթում։ Սովորել է Ցիպնավանքի Վարդան Ճգնավորի դպրոցում (1361–1367 թթ.)։ 1367–1377 թվականներին զբաղվել է քարոզչությամբ։ 1378–1386 թվականներին Ապրակունյաց դպրոցում Գրիգոր Տաթևացու հետ աշակերտել է Հովհան Որոտնեցուն, 1386–1388 թվականներին Խառաբաստավանքի դպրոցում՝ Սարգիս Վարդապետ Ապրակունեցուն։ 1388 թվականից դասավանդել է նույն դպրոցում, այնուհետև մեկնել է Սալնապատ, որտեղ 1406 թվականից որպես րաբունապետ հաջորդել է մեծ ճգնավոր Վարդան վրդ. Հոգոցեցուն։

Հետևելով Գրիգոր Տաթևացուն՝ 1408 թվականին տեղափոխվել է Մեծոփավանք (1410 թվականից՝ րաբունապետ)։ Կարճ ժամանակ անց առանձնացել է Ցիպնավանքում, հիմնել իր դպրոցը, շարունակել գիտամանկավարժական, գրչական գործունեությունը։ Նրա աշակերտներից են Հովհաննեսը, Կարապետը, Թովման, Ստեփանոսը, Առաքել Բաղիշեցին։ Վերջինս ուսուցչի մահից հետո տաղ է ձոնել նրան։ Գրիգոր Խլաթեցին արտագրել է ձեռագրեր, գրել և խմբագրել ժողովածուներ, շարադրել վարքեր, մեկնություններ, պատմական երկեր։ Հիշատակության արժանի է 1422 թվականին նրա գրած Գանձարանի չափածո հիշատակարանը, որն ընդգրկում է 1386–1422 թվականների պատմական իրադարձությունները Հայաստանում։ Միջնադարում բարձր է գնահատվել Հայսմավուրքի խմբագրման Գրիգոր Խլաթեցու շուրջ կեսդարյա աշխատանքը։ Հայսմավուրքը նա լրացրել և հարստացրել է պատմագրքերից վերցված՝ հայ ժողովրդի կյանքին վերաբերող նյութերով, գրել և լրացումներ արել նոր վկաների մասին, որի համար արժանացել է Վկայասեր անվանը։ Նրա շնորհիվ Հայսմավուրքը մասամբ ձեռք է բերել հայ ժողովրդի պատմության սկզբնաղբյուրի արժեք։

Գրիգոր Խլաթեցին 70 տարեկան հասակում ուխտի է գնացել Երուսաղեմ։ 1391 թվականին ընդօրինակել է Ոսկեփորիկ գիրքը, 1399–1400 թվականներին՝ խմբագրել Գանձարան ժողովածուն, 1404–1406 թվականներին՝ Ճառընտիրը (Մատենադարան, ձեռ. դդ 1520, 1521)։ Նրա բանաստեղծություններից հայտնի է «Յիշատակարան աղէտից»-ը, որտեղ որպես ականատես և ժամանակակից անդրադարձել է 1386–1422 թվականների քաղաքական իրադարձություններին։

Գրիգոր Խլաթեցին եղել է նաև մանրանկարիչ։ Նրա ինքնագրերով մեզ են հասել տասնյակ ձեռագրեր, որոնց մի մասը (Մատենադարան, ձեռ. դդ 1520, 1521, 3714) նկարազարդված է իր իսկ ձեռքով։ Գրիգոր Խլաթեցին վայելել է հմուտ երգիչ կատարողի համբավ։ Եղել է երաժիշտ, գանձասաց, տաղասաց։ Հավաքել է մոռացության մատնված և ժամանակակիցների շատ ստեղծագործություններ, որպես խազագետ-գրիչ և տեսաբան-խմբագիր կազմել երգարաններ։ Նրա գրական գործերից երաժշտածիսագիտական նշանակություն ունեն «Խրատ ժամատեղաց» և «Գովութիւն Սաղմոսի» գրվածքները։ Հայ միջնադարյան հոգևոր երգարվեստի պատմական հեղաշրջման որոշ հարցերի լուսաբանման համար կարևոր են նրա կազմած Գանձարանները (Մատենադարան, ձեռ. դդ 8366, 4011 և 5328)։ Գրիգոր Խլաթեցին տվել է Գանձարանի նոր խմբագրություն (նաև խազավորման իմաստով), ավելացրել նոր միավորներ, ստեղծել գանձ-մեղեդի-տաղ-հորդորակ նոր շարքեր, կորստից փրկել մի շարք հին գործեր։

Աշխատություններ

խմբագրել

Գրականություն

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 216  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո:  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգոր Խլաթեցի (Ծերենց)» հոդվածին։