Ներսիսյան դպրոց (Թիֆլիս)
Թիֆլիսի Ներսիսյան դպրոց (հայտնի նաև որպես Թիֆլիսի Ներսիսյան հայ առաքելական ճեմարան)՝ հայկական միջնակարգ դպրոցների մեջ ամենանշանավորն է և բացառիկ դեր է խաղացել հայ ժողովրդի կյանքում։ Ներսիսյան դպրոցը մեկ դարի ընթացքում տվել է շուրջ 2000 շրջանավարտ, որոնց մեջ մեծ թվով գրողներ, գիտնականներ, հասարակական-քաղաքական ու պետական գործիչներ, հայտնի մանկավարժներ և այլք։
Ներսիսյան դպրոց | |
---|---|
Տեսակ | դպրոց |
Հիմնադրված է | 1824 |
Լուծարված է | 1924 |
Հիմնադրիր | Ներսես Ե Աշտարակեցի |
Երկիր | Ռուսական կայսրություն, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն, ԽՍՀՄ, Վրացական ԽՍՀ և Անդրկովկասյան ԴՖՀ |
Տեղագրություն | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, Կովկասի փոխարքայություն և Թիֆլիսի նահանգ |
Հասցե | Atoneli street, Tbilisi և 1 Paata Saakadze street, Tbilisi |
Պատմություն
խմբագրելԴեռևս 1815 թվականից Թիֆլիսում Վանքի տաճարի տարածքում գործել է հայկական դպրոց՝ տեղի թեմի կողմից հովանավորվող, որտեղ սովորում էր շուրջ 20 աշակերտ։ 1824 թվականին այդ օրերին Վրաստանի հայոց թեմի առաջնորդ Ներսես Աշտարակեցու նախաձեռնությամբ ու ջանքերով հիմնադրվել է ապագայում Ներսիսյան անունը ստացած դպրոցը[1]՝ այն օրերին Վանքի փողոցում (այժմ Անտոնելի փողոց)։ 19-րդ դարում դպրոցը ունեցել է երկու շենք։ Ըստ Ալեքսանդր Երիցյանի՝ առաջին շենքը կառուցվել է Վանքի պարիսպների դիմացը՝ հյուսիսի-արևմտյան կողմում՝ հին գերեզմանոցի տեղում՝ հավանաբար Բոլշայա Վանքսկայա (այժմ՝ Ատոնելի փողոց) և Կուրնայա փողոցների հատման տեղում։ Երկրորդ շենքը Բառոնսկայա փողոցի վրա է եղել (այժմ Անտոն Փուրցելաձե փողոց)։ Շինության նախագծի հեղինակը եղել է պետերբուրգցի ճարտարապետ Լազարևը։ Ի սկզբանե բացի հոգևոր կրթությունից, ուսուցանում էին նաև աշխարհիկ գիտություններ։ Սակայն 1837 թվականին ցարական իշխանությունների պնդմամբ այն վերափոխվում է Վրաստանի հայոց թեմի արական հոգևոր ճեմարանի[2]։
1899-1900 ուսումնական տարվա սկզբին դպրոցում կար 601 աշակերտ, 6 հիմնական ու 3 նախապատրաստական դասարան։ Վերջիններիս մի մասը ունեին զուգընթաց բաժանմունքներ, որոնց հետ միասին դպրոցում գործում էր 15 դասարան։ Աշակերտների մոտ 65%-ը Թիֆլիսի նահանգից էին։ Մնացածը եկել էին Երևանից, Գանձակից, Քութայիսիից, Բաքվից, Կարսից, Հյուսիսային Կովկասից, Ղրիմից ու Բեսարաբիայից, Թուրքիայից ու Պարսկաստանից։ Դասերից հետո կազմակերպվել են գրական երեկոներ, աշակերտական ներկայացումներ` «Մեծապատիվ մուրացկաններ», «200,000՝ Մադոյի կտակը» և «Ճարահատյալ դերասան»։ Կրթսեր աշակերտները կազմակերպել են ներկայացում մոգական լապտերներով։ Դպրոցում աջակցել են չքավոր աշակերտների, ապահովել նրանց կրթաթոշակով, սնունդով, գրքերով, շորերով ու դեղերով։ Այդ տարի դպրոցին պատկանել մի շարք անշարժ գույք, կրպակներ ու հողակտորներ՝ ընդհանուր առմամբ մոտ 60,000 ռուբլի արժողությամբ[3]։
1909 թվականին վանքի դիմացի լանջին՝ Սվանեթիս-ուբանի տարածքում Ալեքսանդր Մանթաշյանցը Մարիամ Թումանյանից գնել է մեծ հողակտոր, ու տեղում հիմնադրվել է դպրոցի նոր շենքը։ Ճարտարապետներն են եղել Պողոս Զուրաբյանը ու Միխայիլ Նեպրինցևը, իսկ նախագծի բյուջեն կազմել է 250 հազար ռուբլի[2]։ Շենքը բացվել է 1911 թվականին ու ստացել Խրամգեսսկայա փողոց 1 հասցե (այժմ՝ Պաատա Սաակաձե 1)։ Շենքում 2004 թվականին բացվել է Թբիլիսիի Կովկասյան համալսարանը։
1924 թվականի հունիսի 13-ին Թիֆլիսում մեծ շուքով նշվել է ճեմարանի 100-ամյակը, որին մասնակցել է այս օրերին ԽՍՀՄ Կրթության կոմիսար Անատոլի Լունոչարսկին։ Նույն տարի ճեմարանի գործունեությունը կասեցվել է[2]։
2005 թվականից դպրոցի նոր շենքը դարձել է Թբիլիսիի Կովկասյան Համալսարանի սեփականություն, որտեղ այն տեղափոխվել է 2017 թվականին՝ երկարամյա վերակառուցումից հետո[4]։
Ուսուցիչները
խմբագրելՆերսիսյան դպրոցի ուսուցիչները բացառիկ մեծ դեր են կատարել ինչպես դպրոցի, այնպես էլ հայ մշակույթի ու գիտության զարգացման, հայ առաջադեմ հասարակական մտքի ձևավորման գործում։ Բացառիկ կարևոր դեր է խաղացել Ներսիսյան դպրոցը գրական նոր լեզվի ձևավորման ու զարգացման հարցում։ Խաչատուր Աբովյանի, Ստեփանոս Նազարյանի, Միքայել Նալբանդյանի, Ռափայել Պատկանյանի և այլոց տարածած սերմերը աշխարհաբար գրական լեզվի ստեղծման ուղղությամբ բարենպաստ հող են գտել դպրոցի միջավայրում։ Այդ դպրոցում էին սովորում Կովկասի տարբեր անկյուններից եկած սաներ, որոնց բազմազան բարբառներից պիտի հարստանար ու ձևավորվեր արևելահայ աշխարհաբարը։
Առաջին տեսուչն է եղել հայ ականավոր գրող և մանկավարժ Հարություն Ալամդարյանը։
1899 թվականին դպրոցի հոգաբարձուների խորհրդի կազմն էր՝ Գևորգ արքեպիսկոպոս Սուրենյանց, Ալեքսանդր Մելիք-Ազարյանց, Հովհաննես Ալիխանյանց, Հովսեփ Ամիրխանյանց, Իսահակ Բուղդանյանց, Նազարեթ Տիգրանյանց, Ալեքսանդր Քալանթար ու Կարապետ Քոչարյանց[3]։
1906 թվականին դպրոցի հոգաբարձուների խորհրդի կազմն էր՝ Գարեգին եպիսկոպոս Սաթիունյանց (նախագահող), վարդապետ Գ․ Խազարյանց, վարդապետ Գ․ Աղանյանց, Հովհաննես Ալիխանյանց, Հովսեփ Ամիրխանյանց, կոմս Արամ Բեբուտով, Ալեքսանդր Մելիք-Ազարյանց, տնօրեն Գերասիմ Ստեփանյանց և Հովսեփ Տիգրանյան[2]։
1913 թվականին այդ օրերին գրանցված «Թիֆլիսի Ներսիսյան հայ առաքելական ճեմարան»-ի հոգաբարձուների կազմն էր՝ Մեսրոպ եպիսկոպոս Տեր-Մովսիսյան (նախագահող), Ղազար Տիգրանյան, Հովսեփ Ամիրխանով, Հովհաննես Իգիթյան, Նիկոլայ Կաչկաչյանց, Գաբրիել Ղաֆիև, Սահակ Լիսիցյան, Ալեքսանդր Պապովյան, Լևոն Քալանթարյան, Համբարձում Մելիքյան, Ռուբեն Իոննեսյան, ռեկտորը՝ Հովսեփ Խունունց[2]։
Շրջանավարտները
խմբագրելԻր գոյության հարյուր տարվա ընթացքում Ներսիսյան դպրոցն ավարտել է շուրջ 2000 շրջանավարտ։
Նրա առաջին շրջանավարտներն են եղել հայ նոր գրականության հիմնադիր, մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանը, «Հյուսիսափայլ»-ի խմբագիր-հրատարակիչ, հրապարակախոս Ստեփանոս Նազարյանը, հայ նոր թատրոնի ջատագովներից մեկը՝ Գալուստ Շերմազանյանը և ուրիշներ։ Այնտեղ սովորել են նշանավոր գրող Պերճ Պռոշյանը, գրող ու մանկավարժ Ղազարոս Աղայանը, հանճարեղ բանաստեղծ Հովհաննես Թումանյանը, աշխարհահռչակ նկարիչ-արձանագործ Երվանդ Քոչարը, ականավոր գրող Դերենիկ Դեմիրճյանը, հայտնի ազգագրագետ Երվանդ Լալայանը և հայ մշակույթի շատ ու շատ այլ ականավոր գործիչներ։
Դպրոցում են սովորել հերոս զորավար Գայը՝ Հայկ Բժշկյանը, հրետանու գեներալ-մայոր Հովհաննես Օվանօղլյանը և ուրիշներ։
Գրականություն
խմբագրելԳրքեր
խմբագրել- Ա. Երիցյան, «Պատմութիւն 75-ամեայ գոյութեան Ներսիսեան հայոց հոգևոր դպրոցի, որ ի Թիֆլիս (1824-1899)», Թիֆլիս, 1898։
- Ստ. Մալխասյան, «Համառօտ պատմութիւն Ներսիսեան հոգևոր դպրոցի», Թիֆլիս, 1900։
- Մուշեղ Սանթրոսյան, «Արևելահայ դպրոցը 19 դ. առաջին կեսին», Երևան, 1964։
- Անմոռաց դեմքեր (Ներսիսյան դպրոցի սաներ), Ե., «Հայաստան», 1968, 296 էջ։
- Հայ մշակույթի օրրանը, Ե., «Լույս», 1971։
- Գ. Գրիգորյան, Ներսիսյան դպրոց, Ե., «Հայաստան», 1975։
- Մուշեղ Սանթրոսյան, Ներսիսյան դպրոցի պատմություն, Երևան, 1981, 268 էջ։
Մամուլ
խմբագրել- «Արարատ», 1878, ԺԲ, 453։
- «Արարատ», 1917, էջ 620։
- «Կռունկ հայոց աշխարհի», 1861, Զ, էջ 482-487։
- «Նոր դպրոց», 1908, թիվ 2, էջ 63։
- «Նոր դպրոց», 1908, թիվ 3, էջ 86-89։
- «Նոր դպրոց», 1908, թիվ 5, էջ 84։
- «Փորձ», 1880, թիվ 2, էջ 128-143։
- «Փորձ», 1880, թիվ 4, էջ 140-171։
- «Փորձ», 1881, թիվ 2, էջ 119-127։
- «Փորձ», 1880, թիվ 11, էջ 50-87։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Khachaturian, Lisa (2009). Cultivating Nationhood in Imperial Russia: The Periodical Press and the Formation of a Modern Armenian Identity. New Brunswick, N.J.: Transaction Publishers. էջ 50. ISBN 9781412813723.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Бабаджанова, Аида (2010 թ․ հունիսի 4). «Возвращение... НЕРСЕСЯНОВСКАЯ СЕМИНАРИЯ». aidatiflis7.livejournal.com. Վերցված է 2020 թ․ մայիսի 16-ին.
- ↑ 3,0 3,1 Ներսիսեան հայոց հոգեւոր դպրոցի 1899-1900 ուսումնական տարուայ տարեգիրը. Թբիլիսի: 1901. էջ 12.
- ↑ «CU CAMPUS». Caucasus University (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 16-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ներսիսյան դպրոց (Թիֆլիս) կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 260)։ |