Կցուրդ, հայ հոգևոր երգի հնագույն տեսակ։ Անունը ստացել է աստվածաշնչյան սաղմոսներին և օրհնություններին կցված լինելու և որպես դրանց հավելված կատարվելու պատճառով։ Կցուրդը ծագել է 4-5-րդ դարերում որպես ասորական madhrase-ի և հունական τροπάριον-ի հայկական նմանակ։

4-րդ դարում ստեղծված առանձին նմուշներ մինչև գրերի գյուտը հարատևել են բանավոր ավանդությամբ։ Գրերի գյուտից անմիջապես հետո սկսվել է կցուրդների բուռն զարգացման շրջանը։ Առաջին կցուրդները հիմնականում երեքական տնից բաղկացած փոքր երգեր էին, հորինված դավթյան սաղմոսների, մարգարեական օրհնությունների, ինչպես և ավետարանական պատումների հարասությամբ։

Կցուրդների անդրանիկ հեղինակներ Մեսրոպ Մաշտոցն ու Սահակ Պարթևը, առաջինը՝ Հին կտակարանի, երկրորդը՝ Նոր կտակարանի հայերեն թարգմանություններին հատուկ բանաստեղծական կերպարներն ու լեզվաոճական հարստությունները զարգացնելուց բացի, տոգորված են եղել հայ հոգևոր նորաստեղծ երգը պատմականորեն կարճ ժամանակամիջոցում ասորականի և հունականի տեխնիկա-գեղարվեստական մակարդակին բարձրացնելու գաղափարներով։ Այդ գործը հաջողությամբ ավարտեցին նրանց ավագ և կրտսեր աշակերտները, ինչպես և հետագա դարերի բանաստեղծ-երաժիշտները։ Հետզհետե բազմանալով` կցուրդներն ամփոփվեցին «կցուրդարան» կոչված ժողովածուում։ Պատմական զարգացման ընթացքում կցուրդները ձևով և բովանդակությամբ ավելի անկախ, ինքնուրույն են դարձել, ծավալով ավելի մեծ՝ պահպանելով Սահակ-Մեսրոպյան շրջանից ուրվագծված կերպարային, երկու միմյանց լրացնող ոլորտներին հատուկ գծերը։ 12-րդ դարի սկսած` կցուրդները կոչվել են շարական, իսկ կցուրդարանը՝ շարակնոց։ Կցուրդներն անցյալում երբեմն նույնացվել են կցորդին (հայ հին մատենագրության մեջ ոչ հազվադեպ հանդիպում է կցորդ-սաղմոս ձևով)։ Կցուրդի հետ չպետք է շփոթել նաև կացուրդը, որ նշանակում է ակրոստիքոսով գրված տոնական մեծ երգ, հաճախ ընկալվում է որպես հունական κοντάκιον-ի հայկական նմանակը, որ երբեմն անվանվում է նաև ուղղակի «կոնդակ»։

Տես նաև խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 703