Տիգրան Նալբանդյան (շախմատիստ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տիգրան Նալբանդյան (այլ կիրառումներ)
Տիգրան Վահանի Նալբանդյան (հունիսի 5, 1975, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ շախմատիստ, գրոսմայստեր (2004), մարզիչ։ Որպես Հայաստանի տղամարդկանց հավաքականի մարզիչ դարձել է Թուրինի համաշխարհային օլիմպիադայի (2006) հաղթող։
Նալբանդյան Տիգրան Վահանի | |
---|---|
Տիգրան Նալբանդյան | |
![]() Տիգրան Նալբանդյանը 2010-ին Դորտմունդում | |
Պետություն(ներ) | ![]() |
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 5, 1975 (47 տարեկան) |
Ծննդավայր | Երևան |
Կոչում | Գրոսմայստեր (2004) |
Առավելագույն վարկանիշ | 2527 (հոկտեմբեր, 2005) |
Ներկայիս վարկանիշ | 2434 (հուլիս, 2013) |
ՖԻԴԵ համար | 13300245 |
365chess | Tigran_Nalbandian |
Chesstempo համար | 146337 |
ICCF համար | 146337 |
Մասնակցել է | Շախմատային օլիմպիադա 1996[1] |
Պարգևներ և մրցանակներ | Մովսես Խորենացու մեդալ |
![]() |
Շախմատիստի գործունեությունԽմբագրել
1984 - 1993-ին եղել է Հայաստանի տարբեր տարիքային խմբերի բազմակի չեմպիոն։
1985 - 1988-ին եղել է ԽՍՀՄ «Դինամո» մարզական ընկերության կանանց աշխարհի չեմպիոն Մայա Չիբուրդանիձեի անվան համամիութենական դպրոցի դասընթացների ամենակրտսեր մասնակիցը։
1990-ին հաղթել է Մոսկվայում կայացած ԽՍՀՄ տարածքում պատանիների առաջին միջազգային մրցաշարում՝ Բելավենեցի հուշամրցաշարում։
1991-ին Ալմա Աթայում դարձել է ԽՍՀՄ մինչև 16 տարեկան պատանիների առաջնության բրոնզե մեդալակիր։ Ելույթ է ունեցել մինչև 18 տարեկանների ԽՍՀՄ առաջնության եզրափակիչ փուլում։ Արժանացել է ԽՍՀՄ սպորտի վարպետի կոչման։
1992 և 1993 թվականներին Մոսկվայի միջազգային մրցաշարում երկու անգամ լրացրել է միջազգային վարպետի նորմա։
1992-ին Հայաստանը ներկայացրել է Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում, իսկ 1994-ին և 1995-ին մասնակցել է նույն տարիքային խմբի աշխարհի առաջնությանը։
1996-ին Հայաստանի 2-րդ հավաքականի կազմում մասնակցել է Երևանում կայացած շախմատի համաշխարհային օլիմպիադային` 11 հնարավորից վաստակելով 5 միավոր[2]։
1993-ին Սմբատ Լպուտյանի և Գիորգի Բագատուրովի հետ բաժանել է 2—3-րդ տեղերը Պրոտվինոյում կայացած աշխարհի տղամարդկանց առաջնության փնջային մրցաշարում` իրավունք նվաճելով մասնակցելու աշխարհի առաջնության միջփնջային մրցաշարին, նաև 1 միավորով գերակատարելով միջազգային վարպետի նորման։
Նույն թվականին Վոսկրեսենսկի միջազգային մրցաշարում ևս մեկ անգամ գերակատարել է միջազգային վարպետի նորման և ՖԻԴԵ-ի կողմից արժանացել այդ կոչմանը։
1996-ին Երևանում կայացած միջազգային բաց մրցաշարում բաժանել է 3-րդ տեղը։
1998-ին Երևանում նվաճել է Հայաստանի փոխչեմպիոնի կոչումը՝ 9 հնարավորից վաստակելով 6 միավոր[3]։ Այդ առաջնությունում նա առաջին անգամ լրացրել է գրոսմայստերի նորմա։
2000-ին Թեհրանի բաց մրցաշարում բաժանել է 1 - 6-րդ տեղերը։
2002-ին Դորտմունդում (Գերմանիա) նա դարձել է Schachtage Dortmund բաց մրցաշարի հաղթող, իսկ 2003-ին ևս երկու անգամ լրացրել է գրոսմայստերական նորմա՝ Կապել լա Գրանդում (Ֆրանսիա) և Ալուշտայում (Ուկրաինա) կայացած մրցաշարերում։ Վերջին մրցաշարում Նալբանդյանը դարձել է միանձնյա հաղթող[4]։ 2004-ին ՖԻԴԵ-ն Նալբանդյանին շնորհեց միջազգային գրոսմայստերի կոչում։
Նույն թվականին 3-րդ տեղն է բաժանել Երևանում կայացած Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարում։
2007-ին Լև Գուտմանի և 2010-ին Թոմաս Հենրիխի ու Միխայիլ Զայցևի հետ դարձել է Դորտմունդի ավանդական մրցաշարի հաղթող։
Կարիերայի ընթացքում առավելագույն անհատական վարկանիշը եղել է 2005-ի հոկտեմբերին` 2527[5]։ Այդ պահին նա Հայաստանի շախմատիստների շարքում 11-րդն էր։
Մարզչական գործունեությունԽմբագրել
Մարզչական գործունեությունը սկսել է 2001-ին` համալրելով աշխարհի 14-րդ չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի մարզչական շտաբը, որտեղ աշխատում է մինչ օրս։ Նրա հետ մասնակցել է տարբեր մրցախաղերի, մրցաշարերի, կարևորագույն շախմատային միջոցառումների և մարզական հավաքների։
2004 - 2008-ին եղել է Հայաստանի տղամարդկանց հավաքականի մարզիչը, որի հետ մասնակցած թիմային մրցաշարերից 4-ում վերադարձել է մեդալներով. 2004` համաշխարհային օլիմպիադա (Մալյորկա, Իսպանիա)` «բրոնզ», 2005` աշխարհի թիմային առաջնություն (Բեեր Շևա, Իսրայել)` «բրոնզ», 2006` համաշխարհային օլիմպիադա (Թուրին, Իտալիա)` «ոսկի», 2007` Եվրոպայի թիմային առաջնություն (Կրետե, Հունաստան)` «արծաթ»։ 2006-ի օլիմպիադայում հաղթելու համար Տիգրան Նալբանդյանն ու հավաքականի մյուս անդամները պարգևատրվել են Մովսես Խորենացու մեդալով[6]։
2009-ին եղել է Հայաստանի պատանեկան հավաքականի մարզիչ, որի հետ պատանիների համաշխարհային օլիմպիադայում նվաճել է բրոնզե մեդալ։
Տիգրան Նալբանդյանը նաև անվանի տարբեր շախմատիստների մարզիչն է. 2006-ից՝ Զավեն Անդրիասյանի, 2009-ից՝ Սամվել Տեր-Սահակյանի, 2010-ից՝ Հովհաննես Գաբուզյանի և Ռոբերտ Աղասարյանի, 2003 - 2006 և 2011-ին՝ Էլինա Դանիելյանի, 2009? - 2011-ին՝ Վահե Բաղդասարյանի (այդ ժամանակահատվածում Վահե Բաղդասարյանը լրացրել է 4 միջազգային նորմաներ՝ 2-ը միջազգային վարպետի և 2-ը միջազգային գրոսմայստերի)։
Ներկայումս մարզիչ է աշխատում Երևանի «Կաիսա» շախմատի դպրոցում[7]։
Վարկանիշի փոփոխության գրաֆիկԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ OlimpBase
- ↑ Տիգրան Նալբանդյանի ելույթները համաշխարհային օլիմպիադաներում
- ↑ 1998 թ. Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության արդյունքները
- ↑ Alushta Autumn 2003 մրցաշարի արդյունքները
- ↑ Տիգրան Նալբանդյանի վարկանիշի տատանումները
- ↑ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ՊԱԳՐԵՎԱՏՐՎԵՑԻՆ ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ՄԵԴԱԼՈՎ
- ↑ ««Կաիսա» շախմատի դպրոց»։ Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 3-ին։ Վերցված է 2013 թ․ հուլիսի 5
- ↑ Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org