Եղիա Տնտեսյան

երաժիշտ, տեսաբան

Եղիա Տնտեսյան (մարտի 29 (ապրիլի 10), 1834, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - ապրիլի 23 (մայիսի 5), 1881, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն), երաժիշտ, տեսաբան։

Եղիա Տնտեսյան
Ծնվել էմարտի 29 (ապրիլի 10), 1834
Ստամբուլ, Օսմանյան կայսրություն
Երկիր Օսմանյան կայսրություն
Մահացել էապրիլի 23 (մայիսի 5), 1881 (47 տարեկան)
Ստամբուլ, Օսմանյան կայսրություն
Մասնագիտությունկոմպոզիտոր

Կենսագրություն խմբագրել

Նախնական ընդհանուր և երաժշտական պատրաստությունն ստացել է Կ. Պոլսի Միջագյուղ թաղի դպրոցում։ 1848 թվականից որպես աշակերտ-տպագրիչ աշխատել է «Սրապյան» տպարանում, հետագայում Հ. Մյուհենտիսյանի ղեկավարությամբ կատարելագործել է արհեստը, մասնագիտացել նաև հայկական և եվրոպական նոտատպության գործում։ Երուսաղեմում և Սուրբ Էջմիածնում ուսումնասիրել է երգվող շարականները և դրանց խազագրությունը։ 1864 թվականին Կ. Պոլսում հրատարակել է «Բովանդակութիւն նվագաց Հայաստանեայցս ս. եկեղեցւոյ» «տետրը», որտեղ, եվրոպական հեղինակների (Յո. Շրյոդեր, Շ. Վիլլոտո, Հ. Պետերման) հրապարակումներից հետո, առաջին անգամ խորագիտակորեն ներկայացրել է շարականների սկսվածքները (ձայնեղանակների լադա-ելևէջային խտացված բանաձևերը) և հատընտիր շարականներ։ Տնտեսյանը եռանդուն մասնակցություն է ունեցել ազգային հոգևոր երաժշտությունը վերաձայնագրելու, կարգավորելու և հետագա խեղաթյուրումներից զերծ պահելու, ինչպես նաև ժողովրդի երաժշտագիտական լուսավորման նպատակով Կ. Պոլսում տարվող աշխատանքներին։ 1869–1871 թվականներին հայկական նոտաներով գրառել է Շարակնոցն ամբողջությամբ, կազմել հայկական նոտագրության համառոտ ձեռնարկ՝ «Տարերք երաժշտության» (հրատարակվել է 1933)։

1872 թվականից Կոստանդնուպոլսում սեփական տպարանում տպագրել է Գարեգին Սրվանձտյանի, Հակոբ Պարոնյանի և այլոց գործեր։ Տնտեսյանը մասնակցել է ազգային հոգևոր երաժշտությունը վերաձայնագրելու և կարգավորելու աշխատանքներին։ Մինչկոմիտասյան շրջանի հայ երաժշտագիտության կարևորագույն նվաճումներն է ամփոփում նրա «Նկարագիր երգոց Հայաստանեայցս ս. եկեղեցւոյ...» (1874) գիրքը։ Տնտեսյանը հրատարակել է նաև «Նուագք Հայկականք» պարբերականը (1879)։ Տնտեսյանի գործունեությունը նշանակալից հետք է թողել հայ երաժշտության տեսության բնագավառում։ Հատկապես կարևոր են հոգևոր երաժշտության մոնոդիկ (մեներգեցողության) էության ընկալումն ու հետազոտումը՝ կապված այդ երաժշտության հնչյունաշարի տեմպերացիայի առանձնահատկությունների և հայկական ձայնեղանակային համակարգի (տես Ութձայն) ամբողջականության հետ։ Տնտեսյան գիտահետազոտական և գործնական ձեռնարկումներն ուղղված են եղել ազգային երաժշտության ինքնուրույնության ու ինքնատիպության հաստատմանն ու պահպանմանը։

Տնտեսյանը 1880-ական թվականներին Արևմտյան Հայաստանում ծավալված համիդյան բռնությունների առաջին զոհերից է։ Իր «Նոր երգարան հայոց» ժողովածուում Միքայել Նալբանդյանի «Ազատություն», ազատախոհ այլ բանաստեղծություններ, ինչպես նաև ֆրանսերեն «Մարսելյեզը» տպագրելու առիթով բանտարկվել է և բանտում էլ մահացել[1][2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  2. «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002, էջ 1020-1021.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 38