Հայաստանի զինանշան
Հայաստանի զինանշանի մասին օրենքն ընդունվել է Հայաստանի Գերագույն Խորհրդի կողմից 1992 թվականի ապրիլի 19-ին։ Վերականգնվել է Հայաստանի առաջին հանրապետության (1918-1920 թվականներ) զինանշանը, որի հեղինակներն են ճարտարապետ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը և նկարիչ Հակոբ Կոջոյանը։
Մանրամասնություններ | |
---|---|
Կրիչ | Հայաստան |
Հաստատված | ապրիլի 19, 1992 |
Վահան | Արարատ Բագրատունիներ Արշակունիներ Արտաշեսյաններ Ռուբինյաններ |
Վահանաբռնիչներ | Առյուծ և արծիվ |
Հիմք | Հացահատիկ, փետուր, շղթա, սուր, ժապավեն |
Այլ տարրեր | Պատկերված է Արարատ լեռը Նոյի տապանով |
Վաղ տարբերակներ | 1918-1920 թթ. Հայաստանի Առաջին Հանրապետություն |
Օգտագործում | Տարադրամի վրա, խորհրդարանում, պաշտոնական հաստատություններում, անձնագրերի և պաշտոնական փաստաթղթերի վրա |
Զինանշանի հեղինակ | Ալեքսանդր Թամանյան |
Նկարիչ | Հակոբ Կոջոյան |
2005 թվականի նոյեմբերի 27-ի ՀՀ Սահմանադրության բարեփոխումներից հետո, 2006 թվականի հունիսի 15-ին ընդունվել է «ՀՀ զինանշանի մասին» նոր օրենքը[1]։
Հայաստանի պետական զինանշանի կենտրոնական մասում՝ վահանի վրա, պատկերված են հայկական չորս թագավորական տոհմերի՝ Արտաշեսյանների, Արշակունիների, Բագրատունիների և Ռուբինյանների (Կիլիկյան թագավորություն) զինանշանները։ Դրանք բոլորում են բիբլիական Արարատ լեռան պատկերը, որի գագաթին ուրվագծվում է Նոյյան տապանը։
Վահանի երկու կողմից պատկերված են առյուծ և արծիվ, որոնք խորհրդանշում են ոգու, իշխանության, աննկունության և արիության ուժը։ Ներքևում պատկերված սուրը խորհրդանշում է հայ ժողովրդի պայքարը հանուն ազատության և անկախության, փետուրն ու հասկերը՝ հայ ժողովրդի ստեղծարար տաղանդը և խաղաղասիրությունը։
Սիմվոլիզմ
խմբագրելԶինանշանի կենտրոնում՝ վահանի վրա պատկերված են Արարատ լեռը՝ Նոյյան տապանով և պատմական Հայաստանի թագավորություններից չորսի՝ վերևից ձախ՝ Բագրատունիների, վերևից աջ՝ Արշակունիների ներքևից ձախ՝ Արտաշեսյանների, ներքևից աջ՝ Ռուբինյանների զինանշանները։ Վահանը պահում են արծիվը (ձախից) և առյուծը (աջից), իսկ վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա և ժապավեն։
Հայաստանի զինանշանի հիմնական գույնն է ոսկեգույնը, պատմական Հայաստանի թագավորություններինը՝ վերևից ձախ՝ կարմիր, վերևից աջ՝ կապույտ, ներքևից ձախ՝ կապույտ, ներքևից աջ՝ կարմիր, և կենտրոնում՝ վահանի վրա պատկերված Արարատ լեռը՝ նարնջագույն։ Նշված գույները խորհրդանշում են Հայաստանի դրոշի գույները[2]։
ՀՀ զինանշանի Արշակունիներին վերաբերվող խորհրդանշանի մասին (երկգլխանի արծիվ)
խմբագրելՑավոք մենք չունենք 1920 թ. ընդունված զինանշանի բլազոնը՝ հերալդիկ պաշտոնական նկարագրությունը, ուստի զինանշանի մասին տեղեկությունները քաղում ենք Ս. Վրացյանի «Հայաստանի Հանրապետություն» գրքից, որտեղ նա ներկայացնելով դրա ընդունման քննարկումներից մանրամասներ, նշում է դեռ այն ժամանակ կառավարության, հանձնաժողովի անդամների մեջ եղած տարաձայնությունների մասին։ Հարցերի թվում են եղել նաև Արտաշիսյանների զինանշանի արծիվները, երկգլխանի արծվի հիմնավորվածությունը և այլն։ 1920 թ. դրությամբ երկգլխանի արծիվն իրապես նորություն էր հիշյալ զինանշանների համեմատությամբ, սակայն արդյո՞ք այն խորհրդանշում էր միայն Արշակունյաց հարստությունը։ Ի տարբերություն Արտաշիսյանների պետության կամ Կիլիկիայի հայկական թագավորությունից մեզ հասած ժառանգության, առայժմ հայտնաբերված չեն Արշակունիների շրջանին պատկանող դրամներ, թագավորական խորհրդանշաններ պարունակող բարձրաքանդակներ, խճանկարներ և այլն, որոնք առավել համոզիչ կերպով թույլ տկային պատկերացում կազմել Հայաստանում մ.թ. 1-5 դդ. կիրառված արքայական նշանների մասին։ Անկախ տեղեկությունների սակավությունից, կարելի է փաստել, որ Արշակունյաց արքունիքում և դրան մոտ կանգնած հայկական տոհմերի, մասնավորապես Մամիկոնյանների կողմից կիրառվել են արծվի-վարուժանի պատկերներ ունեցող զինանշաններ։ Հայ Արշակունիների անկումից հետո Մամիկոնյանները շարունակել են մեծ դերակատարություն ունենալ Հայաստանի կյանքում, իսկ նրանց վերագրվող հերալդիկ հորինվածքով պատկերաքանդակները հուշում են, որ այս հարստության գոնե Տաշիրում հաստատված ճյուղը կիրառել է երկգլխանի արծվի պատկերն իր տիրույթներում։ Պատմական Գուգարքում, այժմ Դսեղ գյուղի կենտրոնում և Դսեղից 2 կմ հյուսիս-արևելք կառուցած Բարձրաքաշ Սուրբ Գրիգորի վանքի ճակատային մասերում պահպանվել են Մամիկոնյան զինանշանի օրինակները՝ երկգլխանի արծիվ, որի թևերը վերնամասում պարույրաձև իջնում են մինչև ճանկերը, որոնք բռնում են խոցված գառան մարմինը։ Երկգլխանի արծվի պատկերների համեմատաբար ավելի հաճախ հանդիպում ենք 11-14-րդ դարերի հայկական մանրանկարչության մեջ (օրինակ՝ Մատենադարանի Սեբաստիայի Ավետարան, 1066 թ.): Այսօր դժվար է ասել, թե երբ է ձևավորվել ավանդույթը երկգլխանի արծիվը որպես Գրիգոր Լուսավորչի նշան համարելու մասին, բայց արդեն 12-րդ դարից մենք ունենք մի շարք օրինակներ Հայոց եկեկեղեցում այն որպես կաթողիկոսական և պատրիարքական աստիճանի խորհրդանշան օգտագործելու վերաբերյալ։ Այսօր այն Հայոց Կաթողիկոսի նշանն է։
Հաշվի առնելով այս ամենը՝ կարելի է եզրակացնել, որ 1920 թ. հուլիսին ժամանակավոր ընդունված զինանշանի վահանի Արշակունիներին վերաբերվող դաշտի երկգլխանի արծիվը, արտահայտում է ոչ միայն արքայական այդ հարստությունը, այլ հանդիսանում է նաև Մամիկոնյանների ու Հայ առաքելական եկեղեցու միասնական խորհրդանշանը՝ մարմնավորելով Արշակունյաց Հայաստանի զինվորական և հոգևոր փառքը[3]։
Արարատ լեռը և Նոյի տապանը Հայաստանի զինանշանում
խմբագրել1780-ական թթ. Հովսեփ Արղությանի (Արգուտինսկու) և Հովհաննես Լազարյանի (Իվան Լազարև) գլխավորած հայ հասարակական և քաղաքական շրջանակները Ռուսաստանում կազմեցին Հայաստանի ազատագրման նոր նախագիծ, որը ստացավ «Միության պայմանագիր երկու ժողովուրդների՝ ռուսների և հայերի միջև» անունը։ Այն հայտնի է նաև «Հյուսիսային» անվանմամբ իր 18 հոդվածներով, որն նախատեսում էր Հայաստանի ազատագրում Ռուսաստանի պրոտեկտորատի ներքո։ Նախագծի 10-րդ հոդվածում նշվում էր պետական բարձրագույն պարգևի հաստատման անհարաժեշտության մասին։ Նրա կենտրոնում պետք է լիներ Նոյի տապանի խորհրդանշանը ու կապվեր կարմիր, կանաչ և կապույտ գծերից բաղկացած եռագույն ժապավենով։ Արարատի գագաթին Նոյի տապանի՝ որպես Հայաստանի խորհրդանիշի, գաղափարը տեղ գտավ նաև Վրաց թագավոր Հերակլ II- ի (1762-1798) օրոք կնքված Գեորգիևյան դաշնագիր կոչվող պայմանագրի կնիքում։ Կնիքի վրա վրացական հողերի հին խորհրդանիշերի հետ տեսնում ենք հայկական հողերը ներկայացնող Նոյի տապանն Արարատի վրա և եռագմբեթ եկեղեցին, որը խորհրդանշում էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։
Դրանից հետո Արարատի վրա Նոյի տապանի խորհրդանշանը շարունակաբար առկա է Հայաստանի զինանշանների գրեթե բոլոր նմուշներում, իսկ 19-րդ դարի երկրորդ կեսից այն առանձին դաշտով դրվում էր վահանի կենտրոնում։ 1833 թվականին հաստատված Հայկական մարզի զինանշանը՝ կրկնում էր այդ գաղափարը։ 1849 թվականին Ռուսական կայսրությունում վերանայվեցին քաղաքների զինանշաններն ու վերամշակվեցին պետական մակարդակով։ Այս ժամանակաշրջանից մեզ հասած զինանշանների վրա Արարատ լեռն արդեն ընդունում է երկու գագաթներով հայտնի տեսքը։ Դրանից առաջ Արարատը Հայաստանի թագավորության զինանշանում մշտապես գծված էր մեկ բլուր ունեցող բարձր լեռան տարբերակով։
Արարատ լեռը առանց Նոյի տապանի 1920-ին զբաղեցրեց Հայաստանի զինանշանի կենտրոնական մասը, իսկ այնուհետև դարձավ ՀՍՍՀ զինանշանի գլխավոր պատկերը։ 1992 թվականից հաստատված Հայաստանի զինանշանի վահանի վրա վերականգնվեց Նոյի տապանն Արարատի վրա[4]։
Հայաստանի նախկին զինանշանները
խմբագրելՀայաստանի առաջին հանրապետության զինանշան | |
Հայկական ԽՍՀ զինանշան |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հայաստանի պետական խորհրդանշանները - Գրադարան - Հայաստանի Նախագահ». president.am. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ «ԱԺ,15.06.2006,ՀՕ-148-Ն ՀՀ օրենքը ՀՀ զինանշանի մասին». www.arlis.am. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ «Ավետիսյան Վահե, ՀՀ զինանշանի արշակունիներին վերաբերվող խորհրդանշանի մասին (երկգլխանի արծիվ), Հայկական բանակ ամսագիր, N 2, 2020, էջ 91-100» (PDF).
- ↑ Аветисян Ваэ, Геральдика армянских земель в составе Российской империи.- Ер.:Ав. издание, 2018, с. 53-58, 63, 82-83, 134-135, 153.