Կոստանդին Ե
Կոստանդին Ե (1324 - մարտ 1373), Հայոց թագավոր Կիլիկիայում 1365 թվականից։ Կիլիկիահայոց Նղրյանների իշխանական տոհմից՝ մեծ մարաջախտ Բաղդինի եղբայր Հեթում իշխանի որդին։ Հաջորդել է իր հորեղբորորդի Կոստանդին Դ–ին։ Կոստանդնի օրոք երկրի զգալի մասը գաղթել էին մամլուքներն ու թուրքմենները։ Ֆրանկամոլ հայ իշխանները, Կոստանդին Դ–ի այրի Մարիունի գլխավորությամբ, կամենում էին տապալել Կոստանդնին և գահը հանձնել Կիպրոսի Պետրոս I թագավորին։ Վերջինս նույնիսկ դրամ է հատել՝ «Պետրոս, Ամենայն Հայոց թագավոր» մակագրությամբ։ Պետրոսի նվաճողական քաղաքականությունից հիասթափված՝ Կոստանդինը չի մասնակցել Եգիպտոսի սուլթանության դեմ արկածախնդիր կռիվներին։ 1369 թվականին Պետրոսը Նիկոսիայում սպանվել է։ Սակայն ֆրանկամոլ ունիթոռների կուսակցությունը, հակառակելով Կոստանդնին, շարունակել է բանակցել պապի հետ՝ սրելով Եգիպտոսի թշնամանքը։ 1369 թվականի վերջին սուլթանության զորքերը ասպատակել են Կիլիկիան և պաշարել Սիսը։ Երկարատև կռիվներից հետո չկարողանալով գրավել Կոստանդնի գլխավորությամբ հերոսաբար դիմադրող միջնաբերդը՝ թշնամին հրդեհել է քաղաքը և նահանջել։ Եգիպտոսի հետ Կոստանդնի հաշտության նոր փորձը խափանելու համար ունիթոռները դավանաբար սպանել են նրան և գահը հանձնել Լևոն Զ Լուսինյանին։
Կոստանդին Ե | |
---|---|
![]() | |
Իշխանություն | 1365 - 1373 |
Թագադրում | 1365 |
Լրիվ անուն | Կոստանդին Ե |
Ծնվել է՝ | 1324 |
Մահացել է՝ | մարտ 1373 |
Ազգություն | հայ |
Հաջորդող | Լևոն Զ |
Տոհմ | Հեթումյաններ |
գերիշխան | |
Հայր | Հեթում Հեթումյան |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 614)։ ![]() |