Միքայել Չամչյան

հայ լեզվաբան, պատմաբան

Միքայել (Կարապետ) Աբրահամի Չամչյան, (դեկտեմբերի 4 (15), 1738[1], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1] - նոյեմբերի 30 (դեկտեմբերի 12), 1823[1], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1]), հայ ականավոր պատմաբան, քերական, լեզվաբան, աստվածաբան և մանկավարժ, Մխիթարյան միաբանության անդամ (1762 թվականից), վարդապետ, Բասրայի և Բաղդադի հայ կաթոլիկական համայնքի հոգևոր առաջնորդ (1769):

Միքայել Չամչյան
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 4 (15), 1738[1]
ԾննդավայրԿոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1]
Մահացել էնոյեմբերի 30 (դեկտեմբերի 12), 1823[1] (84 տարեկան)
Մահվան վայրԿոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1]
Ազգությունհայ
ԿրթությունՄխիթարյան վարժարաններ
Մասնագիտությունպատմաբան, քերական, լեզվաբան, աստվածաբան և ուսուցիչ
 Mikayel Chamchian Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Միքայել Չամչյանը ծնվել է 1738 թվականի դեկտեմբերի 4 (15)-ին Կոստանդնուպոլսում։ Սկզբնական կրթությունը ստացել է իր ծննդավայրում, այնուհետև սովորել Սուրբ Ղազարի Մխիթարյան վարժարանում։ Տիրապետել է բազմաթիվ հին և նոր լեզուների, մասնավորապես հունարենին, լատիներենին, եբրայերենին, ասորերենին, պարսկերենին, թուրքերենին, ֆրանսերենին, գերմաներենին, իտալերենին, սանսկրիտին։ 23 տարեկան հասակում մեկնում է Վենետիկ և 1762 թվականին դառնում Մխիթարյան միաբանության անդամ։ Նա Մխիթարյան միաբանության դպրոցում դասավանդում է հայոց լեզու և քերականություն։ 1769 թվականին օծվել է վարդապետ և նշանակվել Բասրայի և Բաղդադի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդ։ 1774 թվականին վերադառնալով Վենետիկ՝ Մ. Չամչյանը իրեն նվիրում է մանկավարժական և գիտական գործունեությանը։ 1776-1789 թվականներին վարել է Սբ. Ղազարի, 1789-1791 թվականներին՝ Տրանսիլվանիայի Եղիսաբեթուպոլիս քաղաքի հայկական վարժարանների վերատեսչի, 1795-1823 թվականներին՝ Կոստանդնուպոլսի Մխիթարյան միաբանության մեծավորի պաշտոնները, եղել միաբանության վարչական մարմնի խորհրդական։ 1795 թվականին մեկնում է Կոստանդնուպոլիս, որտեղ անց է կացնում իր հետագա կյանքը և մահանում 1823 թվականին՝ 85 տարեկան հասակում[2]։

Մ. Չամչյանի գրչին են պատկանում շուրջ մեկ տասնյակ, հիմնականում բազմահազարանոց աշխատություններ, որոնցից մի քանիսը ունեն կրոնական բովանդակություն և առանձին հետաքրքրություն չեն առաջացրել։ Նա կազմել է նաև հայկական դպրոցների ուսումնական և բարոյակրթական կանոններ և ծրագրեր, կարևորել է հայկական դպրոցը եվրոպականացումը և ժողովրդի շահերին ծառայեցնելը։ Ծավալել է հայագիտական բուռն գործունեություն։ Նրան աշակերտել են Մկրտիչ և Հարություն Ավգերյանները, Մանվել Ջախջախյանը, Ղուկաս Ինճիճյանը և ուրիշներ[3]։

Գրական ժառանգություն

խմբագրել

«Պատմութիւն Հայոց ի սկզբանէ աշխարհի մինչեւ ցամ Տեառն 1784»

խմբագրել

Մ. Չամչյանի գրական ժառանգության մեջ արժեքավորներից մեկը «Պատմութիւն Հայոց» եռահատոր աշխատությունն է, որը լույս է տեսել 1784-1786թթ.: Աշխատությունը Հայաստանի քննական պատմություն ստեղծելու առաջին փորձն էր հայ պատմագիտության մեջ։ Հեղինակը գրքի առաջաբանում նշում է այն դժվարությունները, որոնց հանդիպել է աշխատությունը շարադրելիս։ Դրանք էին՝ պատմիչների երկերում առկա հակասական տեղեկությունները, գրչական աղավաղումները, ընդմիջարկությունները, ժամանակագրության և սկզբնաղբյուրների մատնանշման բացակայություն և այլն։ Հեղինակը առանձնացնում է նաև իր հետազոտական աշխատանքի հիմնական փուլերը։

Չամչյանին հաջողվել է տարբեր ձեռագրերի համեմատության հիման վրա կատարել բնագրական աղճատումների սրբագրություն, մատենագրական հուշարձաններում առկա հակասությունների վերլուծության ճանապարհով հասնել իրական եղելությունների բացահայտման, հասնել բնագրեր ներմուծված պատահական կամ կանխամտածված ընդմիջարկությունների մաքրման, օտարալեզու սկզբնաղբյուրների, հիշատակարանների և այլ օժանդակ նյութերի հիման վրա համալրել հայ պատմիչների երկերից բացակայող տեղեկությունները, Հայաստանի պատմությունը համադրել Պարսկաստանի, Հունաստանի և Հռոմի պատմությունների հետ, սահմանել Հայաստանի պատմության ճշգրիտ ժամանակագրությունը՝ հիմք ընդունելով տարբեր աշխարհակալների գահակալության տարիները և նրանց օրոք տեղի ունեցած եղելությունները, ինչպիսիք են Կյուրոսը, Դարեհը, Ա. Մակեդոնացին և ուրիշներ։ Այս եռահատոր աշխատության յուրաքանչյուր հատորը բաղկացած է երկու գրքից, որոնց կցված են ընդարձակ մեկնաբանություններ։ Այդ մենկաբանություններում ներկայացված են զանազան մատենագիրների ցուցումներ, տարբեր գիտնականների կարծիքներ։ Աշխատության լուսանցքներում նշված են պատմական իրադարձությունների ժամանակը և այն աղբյուրները, որոնց հենքի վրա շարադրված է տվյալ բաժինը։ Չամչյանը պատմության շարադրանքը սկսել է ոչ թե Հայկ Նահապետից, ինչպես Խորենացին, այլ Ադամից, որը նրա կարծիքով հայության իսկական նախահայրն է։

Նրա պատմության առաջին գիրքը տոգորված է ազգային ռոմանտիկական հայեցողությամբ և արժեքավոր է զուտ նրանով, որ հետաքրքրություն է ներկայացնում հայ ժողովրդի ծագման հարցի վերաբերյալ։ Գիրքը չունի գիտական վերլուծության խորքայնություն՝ համակարգված պատմական արժանահավատ իրողություններով և փաստերով։

Երկրորդ գրքում արժեքավոր է հայկական գրերի գյուտին, Մաշտոցի, Սահակ Պարթևի և նրանց աշակերտների լուսավորական, մատենագրական և թարգմանչական գործունեությանը տրված գնահատականները։

Երրորդ գրքում հանգամանորեն ներկայացված է հայ ժողովրդի ազատագրական պատերազմները պարսկական, բյուզանդական, արաբական նվաճողների դեմ, այդ պայքարին տրված է կրոնական բովանդակություն։

Չորրորդ գրքում շարադրված է հայկական պետականության վերականգնման պատմությունը։

Հինգերորդ գրքում՝ Կիլիկյան Հայաստանի պատմությունը։

Վեցերորդ գիրքն ընդգրկում է «անիշխանության շրջանը»։ Այս գրքի՝ 17-18-րդ դարերի պատմությանը վերաբերող հատվածները սկզբնաղբյուրի արժեք ունեն, քանի որ այստեղ նկարագրված դեպքերից շատերը չեն հանդիպում այլ աղբյուրներում։ 5-րդ և 6-րդ գրքերում ներկայացված է նաև հայկական գաղթավայրերի պատմությունը, որը հեղինակը չի կտրել ժողովրդի ամբողջական պատմությունից[4]։

«Քերականութիւն Հայկազեան լեզուի»

խմբագրել

1779 թվականին հրատարակել է «Քերականութիւն Հայկազեան լեզուի» աշխատությունը, որը 1801-1859 թվականներին վերահրատարակվել է 15 անգամ և շուրջ 100 տարի օգտագործվել՝ որպես գրաբարի քերականության լավագույն դասագիրք։ Նա մերժել է լատինաբան հեղինակների քերականությունները, նրանց նորամուծությունները, որոնք, կաղապարվելով լատիներենին, չեն ներկայացրել գրաբարի քերականության իրական նկարագիրը։ Նա վերջնական հարված է հասցրել լատինաբանությանը և նպաստել հայերենի քերականության նախնական վիճակը վերականգնելու և հայերենը օտար տարրերից մաքրելու գործին[5]։ Քերականությունը բաժանված է երեք մասի՝ «Յաղագս գործածութեան մասանց բանի», «Յաղագս որպէսութեան մասանց բանի», «Յաղագս համաձայնութեան մասանց բանի»։ Այդ բաժիններում հանգամանորեն վերլուծում և բացատրում է բառերի հոլովումը, միջարկությունների գործածության կանոնները, շաղկապների, կանոնները, ուղղագրության և այլ քերականական օրենքներ[2]։

«Վահան ուղղափառութեան»

խմբագրել

Մ. Չամչյանը մեծ ներդրում ունի հայ աստվածաբանության ու մեկնողական գրականության զարգացման գործում։ Աստվածաբանության առաջին աշխատությունը «Վահան ուղղափառութեան» քառահատորյակն է, որը ցավոք չի պահպանվել։ Այն դավանաբանական վիճաբանություն է ընդդեմ Կ. Պոլսի Հակոբ Նալյան պատրիարքի «Գիրք կոչեցեալ վէմ հաւատոյ» և «Ճրագ ճշմարտութեան» հակակաթոլիկական երկասիրությունների[5]։

«Վահան հավատո...»

խմբագրել

18-րդ դարի երկրորդ կեսին մայր հայրենիքում և գաղթավայրերում հայ ժողովուրդը տարաբաժանված էր դավանական երկու հակամարտ խմբավորումների։ Մ. Չամչյանը գիտակցում էր, որ այդ դավանական անզիջում պայքարն ավելի է մասնատում ժողովրդին և նրան դարձնում անպաշտպան, ուստի փորձել է հաշտեցնել հակամարտ կողմերին և քարոզել եղբայրական սեր ու միություն։ Նա ձգտում էր Օսմանյան Թուրքիայում բնակվող հայ կաթոլիկների համար կայուն կացություն ստեղծել՝ Կ. Պոլսի հայոց պատրիարքության հովանավորությամբ և աջակցությամբ։ Նա դեմ է արտահայտվում հայերի շրջանում կաթոլիկ միսիոներների հավատափոխության գործունեությանը։ Մ. Չամչյանը հեղինակել է Հայ առաքելական եկեղեցու ուղղափառությունը հիմնավորելուն միտված դավանաբանական բնույթի աշխատություն։

Ավելի քան 40 տարի նա աշխատել է «Վահան հաւատոյ, յորում հաստատի ուղղափառութիւն Հայաստանեայց եկեղեցւոյ սկսեալ ի Սրբոյն Գրիգորէ Հայաստանեայց Լուսաւորչէ մինչև ցայսօր» ընդարձակ (շուրջ 900-1000 էջ) երկասիրության վրա։ Այս երկասիրության յուրաքանչյուր տասը գլուխներում հեղինակը մեկը մյուսի ետևից հերքել է Վատիկանի կողմից Հայ առաքելական եկեղեցուն ներկայացված տասը կարծեցյալ մոլորությունները։

«Վահան հավատո...»-ը դավանական հաշտության կոչ էր հատկապես Կ. Պոլսի առաքելական և կաթոլիկ հայկական համայնքներին։ Չամչյանը ընդգծել է, որ Կաթոլիկ եկեղեցին և Հայ եկեղեցին լիիրավ և համահավասար անդամն են Ընդհանրական քրիստոնեական եկեղեցու՝ ապացուցելով Հայ եկեղեցու ուղղափառությունը, մերժելով լատինամոլների կողմից ներկայացված հերետիկոս որակումները։ Նա որոշակիորեն վերապահությամբ է մոտեցել նաև պապական գերիշխանության հիմնահարցին։ Գիրքը գաղտնի է պահվել, քանի որ Չամչյանը և իր գաղափարակիցները չեն համարձակվել քարոզել այդ գրքում առկա գաղափարները։ 1815 թվականի մարտին գիրքը հայտնաբերվել է Վատիկանի գործակալների կողմից, որից հետո ուղարկվել է Հռոմ։ Այնուհետև Հավատաքննության ատյանի կողմից 1819 թվականի մայիսի 5-ին ճանաչվել է որպես վտանգավոր, մոլորական ու հերետիկոսական աշխատություն, որից հետո էլ այն և ոչնչացվել է։ Այժմ հայտնի է «Վահան հավատո…»-ի համառոտ մեկ տարբերակ, որից հետագայում առաջացել են բազմաթիվ գրչագիր օրինակներ, որոնք գտնվում են տարբեր մատենադարաններում։ Այդ օրինակներից մեկը տպագրվել է 1873 թվականին Կալկաթայում՝ «Վահան հաւատոյ ուղղափառութեան Հայաստանեայց եկեղեցւոյ» վերնագրով[5]։

Կոնստանդնուպոլսի հայ առաքելական և կաթոլիկ համայնքները համախմբելու ուղղությամբ Չամչյանը դիմել է նաև գործնական քայլերի՝ բանակցություններ վարելով հայոց պատրիարքներ Հովհաննես Չամաշրճյանի և Պողոս Գրիգորյանի հետ։ Հրավիրվել են խորհրդակցություններ, պատրաստվել «Հրավեր սիրոյ» հատուկ շրջաբերականը, սակայն՝ արդյունք չեն տվել։ Միութենական այդ քայլերը Էջմիածնի և Վատիկանի կողմից դատապարտվել են[3]։

Սաղմոսարանը և հայերեն թարգմանությունները

խմբագրել

Մ. Չամչյանի գործունեության մեջ առանձնացվում են մեկնողական գրականության զարգացման ուղղված աշխատությունները։ Նրա աշխատալից գործունեության արդյունքն են սաղմոսների Ավագ օրհնություններին նվիրված «Նուագարան օրհնութեանց...» (1801) երկասիրությունը և սաղմոսները մեկնող «Մեկնութիւն սաղմոսաց»-ը։ «Մեկնություն սաղմոսաց» (10 հատոր, 1815–23 թթ.) երկասիրությունը հանդիսանում է հայ մեկնողական գրականության գլուխգործոցներից մեկը։ Մ. Չամչյանը ճշգրտումներ է իրականացրել՝ սաղմոսների հայերեն թարգմանությունները համեմատելով ասորերեն, հունարեն, լատիներեն, եթովպերեն, արաբերեն թարգմանությունների, նաև եբրայերեն բնագրի հետ։ Հեղինակը վերացրել է թարգմանական աղավաղումները, մեկնաբանել սաղմոսների գեղագիտական, իմաստասիրական, գեղարվեստական արժեքները։

Չամչյանը ներկայացրել է սաղմոսների հայերեն հնագույն թարգմանությունների նախնական օրինակները, որոնց կցված են մանրամասն ծանոթագրություններ և բացատրություններ։ Այս տեսանկյունից արժեքավոր է նաև Չամչյանի նույն եղանակով մեկնված «Մեկնութիւն Ավետարանին Յովհաննու» աշխատությունը, որը ներկայումս գտնվում է Վենետիկի Մխիթարյանների ձեռագրատանը[5]։

Աշխատություններ

խմբագրել
 
Միքայել Չամչյանի «Պատմութիւն Հայոց» աշխատության տիտղոսաթերթը
 
Միքայել Չամչյանի «Պատմութիւն Հայոց» գրքերը

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 663—664.
  2. 2,0 2,1 Հայ մշակույթի նշանավոր գործիչները V- XVIII դարեր. Երևան: Երևանի համալսարանի հրատարակչություն. 1976. էջ 523.
  3. 3,0 3,1 «Չամչյան Միքայել». Հայկական հանրագիտարան. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 10.02.2023-ին.
  4. Սարուխանյան, Նորայր (2013). Հայ պատմագիտությունը 19-ր դարում և 20-րդ դարասկզբին. Երևան: ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն. էջեր 14–15. ISBN 978-5-8080-1045-1.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Ութուջյան Ա. «Չամչյան Միքայել». ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ. Վերցված է 10.02.2023-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միքայել Չամչյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 663