Գրիգոր Ղափանցյան

հայ լեզվաբան

Գրիգոր Այվազի Ղափանցյան (փետրվարի 17, 1887(1887-02-17), Աշտարակ, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - մայիսի 3, 1957(1957-05-03), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լեզվաբան-հայագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (1942), պրոֆեսոր (1930)։ ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1942)[1][2]։

Գրիգոր Ղափանցյան
Գրիգոր Ղափանցյան.jpg
Ծնվել էփետրվարի 17, 1887(1887-02-17)
Աշտարակ, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էմայիսի 3, 1957(1957-05-03) (70 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մասնագիտությունլեզվաբան, հայագետ և պատմաբան
Հաստատություն(ներ)Գևորգյան Հոգևոր Ճեմարան, Երևանի պետական համալսարան և ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ
Գործունեության ոլորտլեզվաբանություն և պատմություն
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի պետական համալսարանի արևելյան ֆակուլտետ
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (1942), պրոֆեսոր (1930) և ակադեմիկոս (1943)
Տիրապետում է լեզուներինհայերեն
Պարգևներ
Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ և Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ
Երեխա(ներ)Արփենիկ Ղափանցյան
Քաղվածքներ Վիքիքաղվածքում

Նկարչուհի Արփենիկ Ղափանցյանի հայրը[3]։

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է Աշտարակում։ Սովորել է տեղի երկդասյան դպրոցում։ Բարձրագույն կրթությունն ստացել է Պետերբուրգի համալսարանում, աշակերտել է Նիկողայոս Մառին։ 1913 թվականին ավարտել է Պետերբուրգի համալսարանի արևելյան ֆակուլտետի հայ-վրաց-պարսկական բաժինը և աշխատանքի անցել Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ 1914 թ. մասնակցել է Անիի Նիկողայոս Մառի կազմակերպած պեղումներին։ Միաժամանակ գրել է «Լեզվաբանական դիսցիպլինաներ և լեզու» գիտական գործը։ 1921 թվականին հրավիրվել է Երևանի համալսարան և մինչև 1954 թ. ղեկավարել է լեզվաբանության ամբիոնը [4]։

Զբաղվել է գիտամանկավարժական գործունեությամբ նախ՝ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, ապա ԵՊՀ-ում (1921-ից)։ Եղել է ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչ, ՀԽՍՀ ԳԱ լեզվի ինստիտուտի տնօրեն (1950-1956)։ 1930 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում, 1942 թվականին՝ գիտության վաստակավոր գործչի կոչում, ՀԽՍՀ ԳԱ հիմնադիր անդամներից է, եղել է նրա հասարակագիտական բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար, ունեցել է պատմաբանասիրական հետաքրքրություններ։ Տիրապետել է խեթերեն, ուրարտերեն, խուռիերեն և պալայերեն լեզուներին և պարզել է հայերենի և խեթերենի էթնիկական կապը։

Հայերենի ծագման և ցեղակցության վերաբերյալ զարգացրել է այն տեսությունը, թե նրա մեջ առկա է երկու շերտ՝ հնդեվրոպական և տեղական, ընդ որում հիմնականը տեղական շերտն է։ Տեղական ասելով նա հասկանում էր փոքրասիական և կովկասյան այն լեզվանստվածքը, որ, անվանի հայագետի կարծիքով, խոր արմատներ ունի հայերենում։

Իր մենագրություններում և բազմաթիվ հոդվածներում ուշագրավ դիտողություններ է արել տեսական լեզվաբանության, հայերենի զարգացման պատմության, հայժողովրդի կազմավորման ակունքների, նրա հնագույն լեզվաէթնիկական առնչությունների վերաբերյալ։

1939 թվականին գրել է «Ընդհանուր լեզվաբանություն» աշխատությանը, որտեղ լեզուն բնորոշել է որպես պատմահասարակական երևույթ։ Նշանավոր աշխատություններն են «Ուրարտուի պատմությունը», «Լեզվական ընդհանուր տարրեր ուրարտական և խեթական լեզուների միջև», «Հին Հայաստանի տեղանունների պատմա-լեզվաբանական նշանակությունը», «Խեթական աստվածները հայերի մոտ», «Ածանցները և ածանցված բառերը հին Փոքր Ասիայի տեղանուններում», «Հայերենի և լազո-մեգրելական լեզուների փոխհարաբերության մասին», «Հայասան՝ հայերի բնօրրան » և այլն։ Վերոհիշյալ աշխատություններում Ղափանցյանը քննել է հայերի և դրացիների քաղաքական և մշակութային կապերը, ձգտել է որոշել վերջիններիս դերը հայ ժողովրդի և հայոց լեզվի կազմավորման գործընթացում։ Միաժամանակ նա փորձել է տեսականորեն հիմնավորել լեզուների խաչավորման տեսությունը՝ հայոց լեզվի միջոցով, այն համարելով ոչ միայն հնդեվրոպական, այլև ասիա-կովկասյան լեզու։ Ղափանցյանի վերջին աշխատությունը «Հայոց լեզվի պատմությունն է», որտեղ քննության են առնված հայ ժողովրդի կազմավորման հարցերը, հայոց լեզվի հնդեվրոպական նստվածքը։

Վախճանվել է Երևանում[5]։

ՀիշատակԽմբագրել

1987 թվականից Աշտարակի Գրիգոր Ղափանցյանի անվան № 4 դպրոցում գործում է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ հանդիսացող Գրիգոր Ղափանցյանին նվիրված թանգարան։

Ղափանցյանի բրոնզաձույլ կիսանդրին տեղադրված է Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի նախասրահում[6]։

ԵրկերԽմբագրել

  • Լեզվաբանական դիսցիպլինա և լեզու, 1914։
  • Ընդհանուր լեզվաբանություն, Երևան, 1937-39։
  • Ուրարտուի պատմությունը, 1940[7]։
  • Հայասա՝ հայերի բնօրրան (ռուսերեն), 1947։
  • Հայերենի և լազրոմեգրելական լեզուների փոխհարաբերությունների մասին (ռուսերեն), Երևան, 1952։
  • Հայոց լեզվի պատմություն, Երևան, 1961։
  • Историко-лингвистеческие работы, 1-2, Е., 1956-1975[8]։

ՄամուլԽմբագրել

  • Հոդվածների մատենագիտություն[9]

ԳրականությունԽմբագրել

  • Գրիգոր Այվազի Ղափանցյան (գիտական գործունեության համառոտ ակնարկ), Երևան, 1959։
  • Է. Բ. Աղայան, Հայ լեզվաբանության պատմություն, հ. 2, Երևան, 1962։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ»։ Վերցված է 2023-06-08 
  2. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007։
  3. «Ղափանցյան Գրիգոր | armenianlanguage.am»։ www.armenianlanguage.am։ Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 13-ին։ Վերցված է 2019 թ․ փետրվարի 17 
  4. «AV Production - Գրիգոր Ղափանցյան»։ avproduction.am։ Վերցված է 2019 թ․ փետրվարի 17 
  5. Հ. Զ. Պետրոսյան (1987)։ Հայերենագիտական բառարան։ Երևան: «Հայաստան»։ էջ 448 
  6. «ԳՐԻԳՈՐ ԱՅՎԱԶԻ ՂԱՓԱՆՑՅԱՆ»։ www.ysu.am։ Վերցված է 2019 թ․ փետրվարի 17 
  7. Ղափանցյան Գրիգոր Այվազի (1940)։ Ուրարտուի պատմությունը (հայերեն)։ ԵՊՀ հրատ. 
  8. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Գրիգոր Ղափանցյան»։ Վերցված է 2023-06-08 
  9. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ»։ Վերցված է 2023-06-08