Ավետ Տերտերյան
Ավետ (Ալֆրեդ) Տերտերյան (հուլիսի 29, 1929[2], Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - դեկտեմբերի 11, 1994[1], Եկատերինբուրգ, Ռուսաստան[1]), հայ կոմպոզիտոր։ ԽՍՀՄ (1991), ՀԽՍՀ (1984), ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1977)։ Ավետ Տերտերյանը համարվում է նոր սիմֆոնիկ ոճի հիմնադիրը։
Ավետ Տերտերյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Ալֆրեդ Տերտերյան |
Ծնվել է | 1929 հուլիսի 29 Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Երկիր | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մահացել է | դեկտեմբերի 11, 1994 Եկատերինբուրգ, Ռուսաստան[1] | (տարիքը 65)
Ժանրեր | օպերա, սիմֆոնիա և դասական երաժշտություն |
Մասնագիտություն | Կոմպոզիտոր |
Աշխատավայր | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, ԽՍՀՄ կոմպոզիտորների միություն և Urals Mussorgsky State Conservatoire? |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1957) |
Անդամակցություն | ԽՍՀՄ կոմպոզիտորների միություն |
Ամուսին | Իրինա Գևորգի Տիգրանյան |
Պարգևներ | |
Կայք | terterian.org |
Երաժշտագետ Ռուբեն Տերտերյանի հայրը։
Կենսագրություն
խմբագրելԱվետ Տերտերյանը ծնվել է Բաքվում։ Հայրը եղել է բժիշկ, հանդես է եկել նաև որպես երգիչ։ Մայրը, չունենալով պրոֆեսիոնալ երաժշտական կրթություն, հանդես է եկել որպես երգչուհի[3]։ 1948 թվականին Տերտերյանը սկսել է ուսումը Բաքվի երաժշտական ուսումնարանում, 1951 թվականին տեղափոխվել է Երևան, Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան։ 1952 թվականին Տերտերյանը ընդունվում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիտորական բաժին, Էդվարդ Միրզոյանի դասարան։ 1985 թվականից Տերտերյանը դասախոսել է կոնսերվատորիայում։ Վախճանվել է 1994 թվականին։ Հուղարկավորված է Երևանի քաղաքային պանթեոնում։
Երևանի Դավթաշեն համայնքի 4-րդ թաղամասում գործում է Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցը։
Երաժշտությունը
խմբագրելՏերտերյանի երաժշտությունը բազմազան չէ։ Նա առավելապես հայտնի է իր սիմֆոնիկ երաժշտությամբ։ Նրա սիմֆոնիաները իրենց նորարարական մեծ խիզախությամբ և հայկական հոգևոր երաժշտության մոնոդիաների ինքնատիպ կիրառմամբ նոր խոսք էին ոչ միայն հայկական կոմպոզիտորական արվեստում, այլև խորհրդային և համաշխարհային երաժշտության մեջ (որոշ սիմֆոնիաներում Տերտերյանը օգտագործել է դուդուկ, զուռնա, թառ և այլն)։ Կոնսերվատորիայում սովորելու տարիներին Ավետ Տերտերյանը ստեղծել է հիմնականում վոկալ և գործիքային ստեղծագործություններ, թավջութակի սոնատ, որը բարձր գնահատվեց մոսկովյան երիտասարդ կոմպոզիտորների ստուգատեսում։ Տերտերյանի դիպլոմային աշխատանքը «Հայրենիքը» հինգմասանի շարք է նվագախմբի սոպրանոյի և բարիտոնի համար (Հ. Թումանյանի և Հ. Շիրազի խոսքերով)։ «Հայրենիք», այնուհետև «Հեղափոխություն» վոկալ-սիմֆոնիկ շարքերին հետևեց լարային կվարտետի ստեղծումը։ Այստեղից է սկիզբ առել կոմպոզիտորի ուրույն գրելաոճը։ Նա հրաժարվել է դասական հարմոնիայի համակարգից և նրա պարտադիր կանոններից։ Նրա ոճը միաձուլված է արտասահմանյան ավանգարդիզմի և ազգային երաժշտության հետ։ Տենրտերյանի համար մեկ հնչյունը ամբողջ թեմայի նշանակություն ունի, երաժշտությունը կարող է ստեղծել և ապրեցնել այդ մեկ հնչյունով։
Տերտերյանի երաժշտական մտածողությունը
խմբագրելՏերտերյանը սիմֆոնիստ էր իր երաժշտական մտածողությամբ։ Իր սիմֆոնիաներում կարծես փորձել է տալ մակրո և միկրո կոսմոսների փոխհարաբերությունը, այսինքն՝ փոքրագույն և մեծագույն աշխարհների՝ մեկը մյուսի հանդեպ ունեցած դիրքը, մարդու դիրքը, նրա զգայությունների հավերժի այդ ճանապարհին։
Սիմֆոնիաները
խմբագրելԳրել է 8 սիմֆոնիա։ Այստեղ նա կիրառել է ժամանակակից գրելաոճեր՝ ալեոտորիկա, սոնորայնություն, ատոնալություն, ձայնագրման մեխանիկական միջոցների օգտագործում և այլն։ 1969 թվականին ստեղծեց իր առաջին սիմֆոնիան, որն իր մտահղացման ու իրականացման սկզբունքներով յուրատիպ ուղի բացեց հայկական երաժշտության մեջ։ Սիմֆոնիան գրված է անսովոր նվագախմբային կազմի համար՝ պղնձյա փողայիններ, տարբեր հարվածային գործիքներ, երգեհոն և բաս կիթառ։ Կիրառվող արտահայտչամիջոցները ստեղծում են անսովոր այլ հնչողություն։
1972 թվականին գրեց 2-րդ սիմֆոնիան՝ մեծ նվագախմբի, չմշակված արական ձայնի և խառը երգչախմբի համար։ 2-րդ սիմֆոնիայի դրամատուրգիական կենտրոնը արդեն իր մեջ բովանդակում էր հայացք դեպի անցյալը, ներկան և ապագան։
1975 թվականին՝ 3-րդ սիմֆոնիա։ Այստեղ նվագախմբի կազմում նա մտցրել էր զուռնա և դուդուկ։ Այս սիմֆոնիան մարդկային կյանքի ունայնության, լինել-չլինելու հավերժ հարցի շուրջ մտորումների ամբողջություն է։ Այս 3 սիմֆոնյաներում նա պահպանել է եռամաս և քառամաս կառուցվածք։
4-րդ սիմֆոնիայում Տերտերյանը կիրառել է ալեոտորիկայի սկզբունքը, որի համաձայն հնչյունների տևողությունը, դինամիկան կատարման ժամանակ որոշում է դիրիժորը։ 4-րդ սիմֆոնիան ձայնային այնպիսի համակարգ ունի, որտեղ միաձուլվում են կիստոնային ձայնաշարեր, որոնք բացում են ճանապարհ դեպի քառորդ տոներ, դեպի նորագույն ժամանակի պարամետրեր։ Այս սիմֆոնիայում է, որ Տերտերյանը անցնում է այն գիծը, որը Մալերի և նրա հետնորդների ուղղությունն էր։ Կոմպոզիտորի ասելով այս սիմֆոնիան․
отставляет слушателя наедине с самым собой и здесь наинается познания собствинного "я" ерез звук и тактику, музыку космоса и земли. |
4-րդ սիմֆոնիայում արմատապես փոխվում է ժամանակի և տարածության ձայնատարբերումը։ 4-րդ սիմֆոնիան դարձավ այն սահմանագիծը, որտեղ առաջին անգամ լսվում է տիեզերքի վիբրացիան։ Տերտերյանն այսպես է ասել.
Творество- особый дар, отражение сверхуственного мира. Это погружениен в некое состаяние, в котором человек, обладающий даром принимать звуки, начинает слушать неслышимое- вибрацию Земли и Космоса. |
Այստեղից է գալիս սիմֆոնիայի հզոր ռիթմը երաժշտության ձայնային մելոսը։ Օգտագործելով սիմֆոնիկ նվագախմբի գործիքները Տերտերյանը օգտագործում է նրանց հնարավորությունները ստեղծելու զարմանալի էֆեկտիվ երաժշտական ստրուկտուրա՝ «տեմբրոձայն» կամ «տեմբրոտարածություն»։ Օրինակ՝ 4-րդ սիմֆոնիայում՝ նվագախմբում հայտվում է մեղմ բազմաձայն ակորդ, բաղկացած 57 հնչյունից։ «Տեմբրոտարածքը» ժամանակ առ ժամանակ փոխում է իր երանգը, աստիճանաբար սեղմվելով՝ նա վերափոխվում է Դո-մաժորային եռահնչուն, ապա, աստիճանաբար ընդլայնվելով, վերադառնում է հիմնական «ակորդ-տարածքը»։ Դա ստեղծում է զարմանալի հնչյունային խմբակցություններ։
5-րդ սիմֆոնիան մեկմասնի է։ Գրված է սիմֆոնիկ նվագախմբի, քամանչայի և զանգերի համար։ Այս սիմֆոնիայում քամանչայի հնչողությունը հակադրվում է սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Սիմֆոնիայի կառուցողական հիմքում ընկած է շերտային պոլիֆոնիան՝ ինտերվալային, ակորդային, կլաստերային, մագնիտոֆոնային և ռիթմային։ Սիմֆոնիան իր կառուցվածքով ֆուգա է։ Շատ հետաքրքիր է զարգանում ռիթմային շերտը։ Կոմպոզիտորը ստեղծել է հատուկ ռիթմային ֆորմուլա, որը զարգանում է իմիտացիոն ձևով։
6-րդ սիմֆոնիան հորինվել է կամերային նվագախմբի և կամերային երգչախմբի համար, որտեղ հնչում է նաև ֆոնոգրամի միջոցով մեծ սիմֆոնիկ նվագախմբի հնչողությունը։ Դրամատուգիայի հիմքում ընկած է տամ-տամի հարվածները։ Լարայինների, վալտորնայի, չեմբոլայի, ֆլեյտայի, կլառնետի հնչյունները միաձուլվում են զանգերի ղողանջների, խորալի հետ։ Խորալը երգում է հայկական այբուբենը, որտեղ իր ասկետիկ զսպվածությամբ առանձնանում է տենորի մեներգը։ Այս սիմֆոնիայում միաձուլվում է Արևելքը և Արևմուտքը։ 6-րդ սիմֆոնիան հեղինակն անվանեց տիեզերական մեսսա, ուր Տերտերյանն արդեն շոշափում է կյանքի, մահվան, ծննդյան գաղափարները։ Այս սիմֆոնիայում է, որ հնչյունը ստանում է բացարձակ խորհրդանիշի իմաստ։ Տերտերյանն այսպես է արտահայտվել.
7-րդ սիմֆոնիան - գրված է սիմֆոնիկ նվագախմբի համար, մենակատար դափի և մագնիտոֆոնային ձայնագրության համար։ Այս սիմֆոնիան սկսվում է ծիսերգային նախաբանով։ 7-րդ սիմֆոնիայում Տերտերյանը ստեղծագործական վերերկրային կացությունից վերադառնում է դեպի մարդը, դեպի գոյության ռեալությունը, որում հաղթանակողը բանականությունն է։
7-րդ սիմֆոնիան ամենաինքնակենսագրականն է։ Դա է հաստատում ինքը՝ կոմպոզիտորը.
Վերջին՝ 8-րդ սիմֆոնիան, մեկմասանի է (1989)։ Անսովոր է գործիքային կազմը՝ մեծ սիմֆոնիկ նվագախումբը, 2 կանացի ձայն (սոպրանո և ալտ) և մագնիտաֆոնային հնչողության մեջ 2 սոպրանո, սինթեզատոր, զանգեր։ Այս սիմֆոնիայում Տերտերյանը օգտագործում է ձայնի տեմբրային ամբողջ ուժը՝ անհանգստություն, գրգռավածություն առաջացնող հնչողությունից սկսած մինչև բացառիկ գեղեցկություն ունեցող հնչողություն։
Ավետ Տերտերյանի սիմֆոնիաները կատարել են Հայաստանում, Ռուսաստանում՝ հատկապես Եկատերինբուրգում (Սվերդլովսկ), Եվրոպայում՝ Գերմանիայում։
Օպերաները
խմբագրելԱվետ Տերտերյանը ստեղծել է 2 օպերա։ Իր առաջին օպերայում՝ «Կրակե օղակում» նա «շեղվեց» ազգային արվեստում օպերային ավանդական ձևի մասին կայունացած պատկերացումից՝ կարողանալով կերտել իր սեփական ոճը, ժամանակակից մտածողությանը հատուկ հարմոնիկ միջոցները, օրատորիայի ոճին բնորոշ շարադրանք։ «Կրակե օղակում» օպերայի լիբրետոյի հեղինակ Վ. Շահնազարյանը Բ. Լավրենևի «Քառասունմեկերորդի» սյուժետային գիծը յուրովի կապեց Ե. Չարենցի «Ամբոխները խելագարված» և «Սոմա» պոեմների առանձին հատվածների հետ։ Նման միահյուսումն առանձին երանգ հաղորդեց լիբրետոյին։ Օպերայի կուռ դրամատուրգիայի ապահովման նախադրյալները նվագախմբի ելևէջային դարձվածքներից սկիզբ առած լայտմոտիվներն են և դրանց զարգացման ու ձևափոխման հնարամտությունները։ Կոմպոզիտորը հրաժարվում է ասերգից, դիմում է երկխոսությունների, երաժշտության ընթացքին դինամիզմ հաղորդում։ Երգչախումբը հանդես է գալիս մեկնաբանի, կարեկցողի, համակրողի, խորհրդատուի դիրքերից, նպաստում է սյուժեի լարված ընթացքին։ «Երկրաշարժ» օպերան գրվել է Հայնրիխ ֆոն Կլայստի նովելի հիման վրա։ Լիբրետոյի հեղինակներ են Ավետ Տերտերյանը և Գրետա Շտեխերը։ Օպերայի բազմաշերտ կառույցին բնորոշ է հոգեբանական գերլարված ընթացքը, իրադարձությունների բնութագրման ոչ ավանդական ձևը, որը հատկապես երգչախմբի մոտ օրատորիալ գծեր է ձեռք բերում։ Ամբողջ օպերան գրված է ասերգացային ձևով, սաղմոսային ժանրով։ Օպերայի գործողությունը կատարվում է միջնադարում 1647 թ և այստեղից էլ ծագում է հոգևոր երաժշտության կարևորությունը։ Օպերայի երաժշտական լեզուն հիմնված է հայկական մոնոդիկ երաժշտական լադերի կվարտ-կվինտակորդների վրա։ Սեկունդաները, որոնք առաջանում են հայկական մոնոդիայի դիատոնիկ ձայնաշարում, կիրառվել են հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների մեջ՝ Կոմիտասի, Ն. Տիգրանյանի, Ռ. Մելիքյանի, Ա. Խաչատրյանի, Էդ. Միրզոյանի, հարմոնիկ ինտերվալների ձևով, ակորդային գոյացուներով։ Իսկ Տերտերյանի մոտ այդ սեկունդաները «քարացած» են։ Հեղինակն արտահայտչամիջոցների համակարգում լայնորեն օգտագործել է մարդկային ձայնը՝ շշունջից մինչև ճիչ, ասերգից մինչև հուզական մեղեդի։ Օպերայի պրեմիերան տեղի է ունեցել 16 մարտի 2013 թ Մյունխենում։ Գերմանացի հանդիսատեսը ցնցված էր այդ օպերայի երաժշտության ազդեցությունից։ Տերտերյանը ստեղծել է մեկ բալետ Շեքսպիրյան «Ռիչարդ Գ» ողբերգության հիման վրա «Ռիչարդ Երրորդի մենախոսությունները»։ Խուսափելով կայունացած բալետային ձևերից՝ կոմպոզիտորն առաջին հերթին հրաժարվել է տիպական պարային ռիթմաբանաձևային գոյացումներից։ Ավետ Տերտերյանին չվիճակվեց իրակացնել հաջորդ մեծ մտահղացումը։ Անավարտ մնացին 9-րդ սիմֆոնիան և «Վարդանանք» միստերիան։ Նա վախճանվեց 1994 թ-ին Եկատերինբուրգում։
Ստեղծագործություններ
խմբագրել- 1948 - «Սոխակը և վարդը», Ձայնի և դաշնամուրի համար։ Խոսք՝ Ա. Լուշկինի։ Նվիրված՝ Անժելա Հարությունյանին։
- 1950 - Պրելյուդ դաշնամուրի համար։
- 1951 - Պիես ջութակի և դաշնամուրի համար։ Նվիրված՝ Գեորգի Աճեմյանին։
- 1953 - «Դնեպր»։ Բաս-բարիտոնի և դաշնամուրի համար։ Խոսք՝ Տ. Շևչենկոյի։ Ռուսերեն թարգմանությունը՝ Մ. Իսակովսկու, հայերեն թարգմանությունը՝ Ա. Պողոսյանի։
- 1953 - «Միայնակ ծառը»։ Չորս ձայնանի ակապելլա երգչախմբի համար։ Խոսք՝ Հ. Շիրազի։
- 1954 - Պիես թավջութակի և դաշնամուրի համար։ Նվիրված՝ Մեդեա Աբրահամյանին։
- 1954 - «Ամեն գիշեր իմ պարտեզում»։ Ձայնի և դաշնամուրի համար։ Խոսք՝ Ա. Իսահակյանի։
- 1954 - «Ուռենի»։ Սոպրանոյի և դաշնամուրի համար։ Խոսք՝ Ա. Իսահակյանի։
- 1955 - Սոնատ թավջութակի և դաշնամուրի համար։ Երեք մասով։
- 1956 - «Ինչ լավ է այստեղ»։ Էքսպրոմտ ձայնի և դաշնամուրի համար։ Խոսք՝ Ա. Տոլստոյի։
- 1957 - «Թերթելով տարեթվերը»։ Սոպրանոյի և դաշնամուրի համար։ Խոսք՝ Ս. Շչիպաչովի։
- 1957 - «Կանչիր, ես կգամ»։ Տենորի կամ սոպրանոյի և դաշնամուրի համար։ Խոսք՝ Հ. Շիրազի։
- 1957 - «Հայրենիք»։ Վոկալ-սիմֆոնիկ շարք՝ սոպրանոյի. բարիտոնի և սիմֆոնիկ նվագախմբի համար։ Խոսք՝ Հ. Շիրազի (մասեր 1,2,3,5) և Հ. Թումանյանի (մաս 4)։ Հինգ մասով։ Նվիրված՝ Էդվարդ Միրզոյանին։
- 1958 -«Երգեր»։ Երգչախմբի և փողային նվագախմբի համար։ Խոսք՝ Է. Մանուչարյանի։ Նվիրված՝ Երաժշտական դպրոց-գիշերօթիկի սաներին։
- 1959 - «Էստրադային երգ»։ Ձայնի և էստրադային նվագախմբի համար։
- 1960 - «Հեղափոխություն»։ Վոկալ-սիմֆոնիկ շարք սոպրանոյի, բարիտոնի և մեծ սիմֆոնիկ նվագախմբի համար։ Խոսք՝ Ե. Չարենցի։ Հինգ մասով։
- 1962 -«Ե՛կ»։ Ձայնի և էստրադային նվագախմբի համար։ Խոսք՝ Վ. Հարությունյանի։
- 1962 -«Կապույտ աչքեր»։ Ձայնի և էստրադային նվագախմբի համար։ Խոսք՝ Հ. Ղուկասյանի։
- 1963 - Լարային քառյակ։ Երկու ջութակի, ալտի և թավջութակի համար (Դո մաժոր)։ Երկու մասով։ Նվիրված Իրինա Տիգրանովային։
- 1963 -«Միայն դու գիտես»։ Ձայնի և էստրադային նվագախմբի համար։ Խոսք՝ Հ. Ղուկասյանի։
- 1964 -«Ոսկեզօծ դաշտում»։ Բարիտոնի դաշնամուրի համար։ Խոսք՝ Հ. Շիրազի։
- 1964 - «Միգուցե վաղը»։ Ձայնի և էստրադային նվագախմբի համար։ Խոսք՝ Ա. Վերդյանի։
- 1964 -«Ես կրկին սպասում եմ քեզ»։ Ձայնի և էստրադային նվագախմբի համար։ Խոսք՝ Ա. Վերդյանի։
- 1964 -«Աշնանային բլյուզ»։ Ձայնի և էստրադային նվագախմբի համար։ Խոսք՝ Ա. Վերդյանի։ Նվիրված՝ Յար-Կրավտչենկո Անատոլի Նիկիֆորովիչին։
- 1964 -«Արի, պարենք»։ Ձայնի և էստրադային նվագախմբի համար։ Խոսք՝ Ա. Վերդյանի։
- 1965 -«Որորոցային իմ քաղաքին»։ Ձայնի և էստրադային նվագախմբի համար։ Խոսք՝ Ա. Վերդյանի։
- 1965 -«Չե՛մ հավատում ես»։ Ձայնի և էստրադային նվագախմբի համար։ Խոսք՝ Ա. Վերդյանի։
- 1967 - «Կրակե Օղակ»։ Օպերա երկու գործողությամբ, ութ պատկերով։ Լիբրետտո՝ Վ. Շահնազարյանի՝ ըստ Բ. Լավրենևի «Քառասունմեկերորդը» պատմվածքի և Ե. Չարենցի բանաստեղծությունների մոտիվների։
- 1967 -«Շարական»։ Խառը երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի համար (հատված «Կրակե Օղակ» օպերայից)։
- 1967 -«Որտեղի՞ց քեզ իմանալ»։ Ձայնի և էստրադային նվագախմբի համար։ Խոսք՝ Ա. Վերդյանի։
- 1968 -«Կանաչ աչքերով կինը»։ Մեցցո-սոպրանոյի և դաշնամուրի համար։ Խոսք՝ Գ. Էմինի (թարգմանությունը՝ Ե. Եվտուշենկոյի)։
- 1968 -«Էստրադային երգ»։ Ձայնի և էստրադային նվագախմբի համար։
- 1969 -Սիմֆոնիա։ Պղնձյա փողայինների, հարվածայինների, դաշնամուրի, երգեհոնի և բաս-կիթառի համար։ Չորս մասով։ Նվիրված՝ Ռուբեն Բորիսի Տերտերյանին։
- 1972 -Երկրորդ սիմֆոնիա։ Մեծ սիմֆոնիկ նվագախմբի, արական ձայնի և խառը երգչախմբի համար։ Երեք մասով։ Նվիրված՝ Կարմեն Հովսեփի Տերտերյանին։
- 1972 -Սիմֆոնիկ պատկեր թիվ 1։ Մեծ սիմֆոնիկ նվագախմբի համար։
- 1974 -«Ֆանֆարներ»։ Փողային և հարվածային գործիքների համար։
- 1974 -Երաժշտություն երկու դաշնամուրի, շեփորի, հարվածայինների և ջութակների համար։
- 1975 -Երրորդ սիմֆոնիա։ Մեծ սիմֆոնիկ նվագախմբի, դուդուկների և զուռնաների համար։ Երեք մասով։ Նվիրված՝ Գերման Ռուբենի Տերտերյանին։
- 1975 -Սիմֆոնիկ պատկեր թիվ 2։ Մեծ սիմֆոնիկ նվագախմբի համար։
- 1975 -Երաժշտություն փողային և հարվածային գործիքների, օրգանելլայի և երկու դաշնամուրի համար։
- 1976 -Չորրորդ սիմֆոնիա։ Մեծ սիմֆոնիկ նվագախմբի համար։ Մեկ մասով։ Նվիրված՝ Դավիդ Խանջյանին։
- 1977 -«Հիմն»։ Կանտատ խառը երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի համար։ Խոսք՝ Գ. Էմինի։
- 1978 -Հինգերորդ սիմֆոնիա։ Մեծ սիմֆոնիկ նվագախմբի, քամանչայի և մեծ զանգերի (զանգակատան) համար։ Մեկ մասով։ Նվիրված՝ Գենադի Ռոժդեստվենսկուն։
- 1979 - «Ռիչարդ III-ի մենախոսությունները»։ Բալետ երկու մասով։ Լիբրետտո՝ Հ. Ղափլանյանի և Վ. Գալստյանի՝ ըստ Վ. Շեքսպիրի «Ռիչարդ III» ողբերգության։
- 1981 -Վեցերորդ սիմֆոնիա։ Կամերային նվագախմբի, կամերային երգչախմբի և ինը ձայնագրությունների համար։ Մեկ մասով։ Նվիրված՝ Իրինա Գեորգիի Տիգրանովային։
- 1981 - «Խաղում են տղան ու աղջիկը»։ Ռոմանս ձայնի և կամերային նվագախմբի համար։ Խոսք՝ Ա. Իսահակյանի։
- 1984 - «Երկրաշարժ»։ Օպերա երկու մասով։ Լիբրետտո՝ Գերտա Շտեխերի և Ավետ Տերտերյանի՝ ըստ Հայնրիխ ֆոն Կլայստի՝ «Երկաշարժ Չիլիում» նովելի (գերմաներեն լեզվով)։
- 1985 - Երգչախումբ ակապելլա։ Քառաձայն երգչախմբի համար։
- 1987 -Յոթերորդ սիմֆոնիա։ Մեծ սիմֆոնիկ նվագախմբի, դափի և ձայնագրությունների համար։ Մեկ մասով։ Նվիրված՝ Ալեքսանդր Լազարևին։
- 1989 - Ութերորդ սիմֆոնիա։ Մեծ սիմֆոնիկ նվագախմբի, երկու ձայնի (սոպրանո) և ձայնագրությունների համար։ Մեկ մասով։ Նվիրված՝ Մուրադ Աննամամեդովին։
- 1991 - Երկրորդ լարային քառյակ։ Երկու ջութակի, ալտի և թավջութակի համար։
- 1994 - Իններորդ սիմֆոնիա (անավարտ)։ Մեծ նվագախմբի, երգչախմբի և ձայնագրությունների համար։
Երաժշտություն կինոյի համար
խմբագրել- 1973 -«Երևանյան օրերի խրոնիկա»։ Գեղարվեստական կինոնկար։ Ռեժիսոր՝ Ֆրունզե Դովլաթյան։ Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի արտադրություն։
- 1985 -«Ձիավոր, որին սպասում են» («Պարոն ավազակ»)։ Վ. Ռուբաշևսկու հետ համագործակցությամբ։ Գեղարվեստական կինոնկար՝ երկու մասով։ Ռեժիսոր՝ Դ. Կեսայանց։
Տերտերյանի երաժշտությունը օգտագործվում է բազմաթիվ կինոնկարներում՝
- 1988 -«Մեր զրահապատ գնացքը» (ռեժիսոր՝ Մ. Պտաշուկ, Մինսկ, Բելառուսիա)
- «Երազահան» (ռեժիսոր՝ Լ. Սահակյանց, Երևան, Հայաստան)
- 1989 – «Ըստ Է. Նեիզվեստնիի ստեղծագործական ուղու և Ավետ Տերտերյանի երաժշտության» (Ռեժիսոր՝ Վ. Բոնդարև, Մոսկվա, ԽՍՀՄ),
- 1990 – «Ազգի թշնամին» (ռեժիսոր՝ Լ. Մարյագին, Մոսկվա, ԽՍՀՄ)
- 1991 - «Ձայնն աղաղակող» (ռեժիսոր՝ Վիգեն Չալդրանյան, Երևան, Հայաստան)
- «Թագավորների ուղին» (ռեժիսոր՝ Ե. Շիֆֆերս, Լենինգրադ, ԽՍՀՄ)
- 1991 - Վերադարձ ավետյաց երկիր (ռեժիսոր՝ Հարություն Խաչատրյան, Երևան, Հայաստան)
- 1993 - «Հին աստվածներ» (ռեժիսոր՝ Ալեքսանդր Քաջվորյան, Երևան, Հայաստան)
- 1993 – 1995 – ռեժիսոր և լրագրող՝ Ցվետլանա Պասկալևայի ֆիլմերը՝ Լեռնային Ղարաբաղի (ԼՂՀ) իրադարյությունների վերաբերյալ
- 1994 - «Վերջին կանգառ» (ռեժիսոր՝ Հարություն Խաչատրյան, Երևան, Հայաստան)
- 1996 - «Հայր մեր» (ռեժիսոր՝ Ալեքսանդր Քաջվորյան, Երևան, Հայաստան)
- 1996 - «Ցասման հացը», (ռեժիսոր՝ Ալեքսանդր Քաջվորյան, Երևան, Հայաստան)
- 2009 - «Կայացում» (ռեժիսոր՝ Գ. Հարությունյան, Երևան, Հայաստան)
- 2010 - «Դեպի Արարատ» (ռեժիսոր՝ Տիգրան Խզմալյան, Երևան, Հայաստան)
Գրականություն
խմբագրել- Մարգարիտա Ռուխկյան, «Ավետ Տերտերյան», Երևան, 2002 թ. (ռուս.)
- Ռուբեն Տերտերյան, «Զրույց Ավետ Տերտերյանի հետ», Երևան, 1989 թ. (ռուս.)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Deutsche Nationalbibliothek Record #123354064 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ http://www.terterian.org/index.php?option=com_content&task=view&id=28&Itemid=46