Սուրբ Հովհաննես եկեղեցի (Մաստարա)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հովհաննես եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Հովհաննես եկեղեցի, կանգուն հայկական եկեղեցի է Հայաստանի Արագածոտնի մարզի Մաստարա գյուղում, միջնադարյան Հայաստանի հնագույն ու ամենակատարյալ կառույցներից մեկը։ Եկեղեցին առանձնանում է իր ճարտարապետական ոճով և նրա նման եկեղեցիներին կոչում են «մաստարայատիպ» եկեղեցիներ։
Սուրբ Հովհաննես եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Մաստարա[1] |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Արագածոտնի թեմ |
Հիմնական ամսաթվերը | 6-րդ դար |
Ներկա վիճակ | կանգուն |
Կազմված է | Խաչքար |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[1] |
Նվիրված | Հովհաննես Մկրտիչ |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Հիմնադրված | 6-րդ դար |
St. John of Mastara Վիքիպահեստում |
Ճարտարապետություն
խմբագրելԵկեղեցու աղոթասրահը քառանկյունի է (12 մ X 11,20 մ), անկյուններում ձգված հսկա տրոմպներն այն վեր են ածում ութանկյան, երկրորդ շարքի տրոմպները՝ տասնվեցանկյան, որի վրա բարձրացող թմբուկն ավարտվում է 16 փոքր տրոմպների շարքով, դառնալով գմբեթի հիմքը։ Թմբուկը դրսից ութանիստ է, անկյունները հատված են եռանկյունաձև խորշերով։ Գմբեթածածկ քառանկյունի ծավալի նիստերին կցված են խորաններ՝ ներսից պայտաձև, դրսից հնգանիստ։ Արևելյան խորանի երկու կողմում, խորանի ծավալից զգալի ցածր, փոքր սենյակներ են։
Եկեղեցու վեղարը կոնաձև է, սալածածկ (նախնականը եղել է կղմինդրյա, կորագիծ նկարվածքով), ունի մուտքեր արևմտյան և հարավային խորաններից, ութ լուսամուտ թմբուկի, ինը՝ աղոթարանի ծավալի վրա։
Սուրբ Հովհաննես եկեղեցին բացառիկ է իր ներսի տարածության լուծմամբ, առավել ամբողջական է, ընդարձակ, գմբեթի և ցածի ծավալների կատարյալ հավասարակշռությունն աղոթարանի կերպարին հաղորդում է վեհ անդորրություն, իսկ լայնաթոիչք գմբեթն ու այն կրող զորեղ տրոմպները՝ հզորություն և առնականություն։ Եկեդեցու կառուցվածքը պլաստիկ մակերեսներով ստեղծված մոնոլիտ համակարգ է՝ իրականացված քարով, աշխատում է որպես շրջված զանգ, որի ծանրության կենտրոնը բարձրության 1/3-ի վրա է։ Կառուցվածքի այս համակարգով է պայմանավորված եկեղեցու բացառիկ կայունությունն ու սեյսմակայունությունը, որը միաժամանակ նրա գեղարվեստական արտահայտչականության հիմնական միջոցն է։ Մաստարայատիպ են Ոսկեպարի (6-րդ դ.), Արթիկի Մեծ (7-րդ դ.), Հառիճի վանքի (7-րդ դ.) և Կարսի Առաքելոց (10-րդ դ.) եկեղեցիները։
Վերանորոգումներ
խմբագրելՄաստարայի եկեղեցին բազմիցս վերանորոգվել է, հատկապես մեծ վերանորոգում է եղել 7-րդ դարում։ Եկեղեցու նախնական շարվածքը իրականացված է շագանակամանուշակագույն մեծ չափերի քարերով (շարքի բարձր.՝ 0,62 մ -0,77 մ), վերանորոգվել է նարնջադեղնավուն ոչ մեծ չափի քարերով (շարքի բարձր.՝ 0,47 մ–0,60 մ)։ Եկեղեցին վերանորոգվել է նաև 10-13-րդ դարերում։ 18-րդ դարում եկեղեցին շրջապատված է եղել բարձր պարիսպներով, որը 1889 թվականին գյուղի քահանան քանդել է տվել և վերանորոգել հուշարձանը (արձանագրությունն ավագ խորանի հարավային մույթի սվաղի վրա է)։
Թվագրման որոշում
խմբագրելԵկեղեցու վրա պահպանվել են ոմն Գրիգորաս վանականի երեք արձանագրությունները, որոնցում նա իրեն անվանում է եկեղեցու շինող։ Արձանագրությունները թվագրված են 7-րդ դար, ըստ որի թվագրվել է նաև եկեղեցին։ Սակայն եկեղեցու ուսումնասիրությամբ պարզվել է, որ հիշյալ արձանագրությունները վերաբերում են նրա 7-րդ դարվա վերանորոգմանը, և որ այն կառուցվել է 5-րդ դարում, որի ապացույցն են ճարտ. խիստ արխաիկ հատկանիշները՝ պատերի մեծ հաստությունը (1,30 մ), խորանների, կամարների ու գմբեթի պայտաձևությունը, նախնական քարերի մեծ չափերը, անկյունային սենյակների մուտքերի բարավորների հավասարաթև արխաիկ խաչերը, քերովբեների գծաքանդակները, արևմտյան ճակատի խաչքանդակը զույգ թռչուններով, կամարակապ պսակն ավարտող աղավնիների բարձրաքանդակները և այլն, որոնք բնորոշ են 4-5-րդ դարերին։ Այս թվագրումը հաստատում է նաև հուշարձանի հնագույն շարքի վրա պահված հունարեն արձանագրությունը։ Եկեղեցու թվագրման վերաբերյալ կան նաև այլ տեսակետներ (6-րդ դ., 7-րդ դ.)։
Պատկերներ
խմբագրել-
Սուրբ Հովհաննես եկեղեցի, ընդհանուր տեսք
-
Սուրբ Հովհաննես եկեղեցի, մուտքի վերևի քանդակն և արձանագրությունը
-
Սուրբ Հովհաննես եկեղեցի, գմբեթը
-
Սուրբ Հովհաննես եկեղեցի
-
Մաստարայի Սուրբ Հովհաննես եկեղեցին
-
Սուրբ Հովհաննես եկեղեցին Մաստարայում
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
Գրականություն
խմբագրել- Թորամանյան Թ. Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, (հ.) 1-2, Ե.,1942-48
- Токарский Η. Μ, Архитектура Армении ΙV-XIV вв, Е., 1961; Еремян А
- О взаимоотношениях армянской и византийской архитектуры IV-VII вв., Е, 1978
- Strzygowski J., Die Baukunst der Armenier und Europa.., t. 1-2, Wienn, 1918.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սուրբ Հովհաննես եկեղեցի (Մաստարա) կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |